Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/329

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տեմբերյան հեղափոխության 15-ամյակի և Հայաստանի խորհրդայնացման 12-րդ տարելիցի առթիվ։ Տարեգրքում զետեղված են նմուշներ դասական և ժամանակակից հայ գրողների ստեղծագործություններից, Խորհրդ․ Հայաստանի կերպարվեստին, թատրոնին, կինոյին, ճարտարապետությանը նվիրված հոդվածներ և տնտեսությանը վերաբերող նյութեր։

ՀՈՂ, բնական գոյացություն՝ կազմված ծագումնաբանորեն իրար հետ կապված հորիզոններից, որոնք ձևավորվել են երկրի կեղևի մակերեսային շերտերի վերափոխման հետևանքով՝ ջրի, օդի և կենդանի օրգանիզմների ներգործության շնորհիվ։ Հ․ անընդհատ զարգանում և փոփոխվում է։ Բնութագրվում է բերրիությամբ՝ բույսերին մատչելի սննդանյութերով և ջրով ապահովելու ունակությամբ, որի շնորհիվ այն դառնում է արտադրամիջոց, աշխատանքի առարկա, նյութ․ բարիքների աղբյուր։ Հ․ գյուղատնտ․ արտադրության հիմն․ միջոցն է․ ագրոտեխ․, ագրոքիմ․ ու բարելավող միջոցառումների կիրառմամբ այն կարելի է դարձնել առավել արդյունավետ, որի ցուցանիշը բույսերի բերքատվությունն է։

ՀՀ տարածքի հողային ծածկույթը համեմատաբար երիտասարդ է։ Այստեղ հողագոյացումը հիմնականում սկսվել է պլիոցենում և շարունակվել չորրորդական ժամանակաշրջանում։ Ռելիեֆի դրական տարրերում, որտեղ քայքայման և հողատարման պրոցեսներն ավելի ուժեղ են ընթանում, զարգացել են սակավազոր, քարքարոտ, հողմահարման ու հողագոյացման նյութերից աղքատ հողառաջացնող ապարներ, որոնց վրա ձևավորվել են թույլ զարգացած, կմախքային սակավազոր Հ-եր։ Գոտիական հողատիպերից առավել զարգացում են ստացել հրաբխ․ բարձրավանդակի տարածքում կիսաանապատային գորշ, շագանակագույն, մարգագետնատափաստանային և լեռնամարգագետնային, իսկ Փոքր Կովկասի անտառային մարզում՝ անտառային դարչնագույն, ճմակարբոնատային, անտառային գորշ և մարգագետնատափաստանային հողատիպերը։ Գոտիական հողատիպերից բացի, ռելիեֆի բացասական ձևերում, գերխոնավացման պայմանների և մարդու գործունեության հետևանքով զարգացել են գոտիական մարգագետնային գորշ ոռոգելի (կուլտուր-ոռոգելի), մարգագետնասևահողային, գետահովտադարավանդային, աղուտ-ալկալի, պալեոհիդրոմորֆ, ալկալի լճամերձ թույլ զարգացած Հ-եր։ Մարդու տնտ․ գործունեության հետևանքով փոխվում է հողագոյացման ինտենսիվությունը, զարգանում են միջին և ցածր կարգի նոր հողառաջացումներ։

Լեռնամարգագետնային Հ-երը զբաղեցնում են ՀՀ տարածքի 13,3 %-ը (346 հզ․ հա), մարգագետնատափաստայինը՝ 10,8 %-ը (283 հզ․ հա), անտառային գորշը՝ 50 %-ը (133 հզ․ հա), ճմակարբոնատայինը՝ 0,6 %-ը (15 հզ․ հա), անտառային դարչնագույնը՝ 21,6 %-ը (564 հզ․ հա), լեռնային սևահողերը՝ 27,5 %-ը (718 հզ․ հա), մարգագետնասևահողայինը՝ 0,5 %-ը (13 հզ․ հա), լեռնային շագանակագույնը՝ 9,2 %-ը (242 հզ․ հա), կիսաանապատային գորշը՝ 5,8 %-ը (152 հզ․ հա), ոռոգելի մարգագետնային գորշը՝ 2,0 %-ը (53 հզ․ հա), պալեոհիդրոմորֆ կապկցված ալկալիացածը՝ 0,1 %-ը (2,3 հզ․ հա), գետահովտադարավանդայինը՝ 1,8 %-ը (48 հզ․ հա), հիդրոմորֆ աղուտ ալկալի՝ 1,1 % (29 հզ․ հա), հողագրունտներ՝ 0,7 % (18 հզ․ հա)։ ՀՀ Հ-երն ունեն կավային, կավավազային, ավազակավային մեխ․ կազմ։ Հ-ի ջրային ռեժիմը պայմանավորված է ջրի կուտակման, շարժման, օգտագործման ամբողջականությամբ։ Օդային ռեժիմը կանոնավորում է գազային շրջանառությունը Հ-ի մեջ և ջերմային ռեժիմի հետ պայմանավորում նրա ջերմային հատկությունները։ ՀՀ-ում, վարելահողերի գնահատման սանդղակների համաձայն, ամենաբարձր (100) բալ ունեն Արարատյան դաշտի մնացորդային-մարգագետնային գորշ ոռոգելի Հ-երը, ամենացածր՝ մարգագետնատափաստանայինը և բաց գորշ անջրդին (34 և 41 բալ)։ Բարձր բերք ստանալու նպատակով կիրառվում են Հ-ի մշակության առաջադիմ․ համակարգեր, օրգ․ և հանք․ պարարտացում, բարելավում, պայքար էրոզիայի դեմ, ցանքաշրջանառություն ևն։

Գրկ․ Почвы Армянской ССР, Е., 1976․


«ՀՈՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ, ԱԳՐՈՔԻՄԻԱՅԻ ԵՎ ՄԵԼԻՈՐԱՑԻԱՅԻ ԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ», պետական փակ բաժնետիրական ընկերություն, ՀՀ գյուղատնտեսության նախարարության գիտական հիմնարկ։ Կազմակերպվել է 1998-ին Հողագիտության և ագրոքիմիայի ԳՀԻ-ի (1958) հիմքի վրա։ Ունի (1999) հողերի ծագման և աշխարհագրության, մելիորացիայի, էրոզիայի, ագրոքիմիայի, ինֆորմացիայի բաժիններ, փորձամելիորատիվ կայան՝ Երասխահունում, հողաէրոզիոն կայաններ՝ Սպիտակում, Սիսիանում, Կոտայքում, ագրոքիմ․ հենակետեր՝ Հրազդանում և Արթիկում, ասպիրանտուրա։ Զբաղվում է հողերի ծագման, զարգացման, աշխարհագր․ տեղաբաշխվածության օրինաչափությունների բացահայտման, հողատարման պրոցեսների, հանքաբան․ առանձնահատկությունների, հողաբարելավման, հողի կենսաքիմիայի, բերրիության բարձրացման, պարարտացման և այլ խնդիրներով։

Ինստ-ը հրատարակում է գիտ․ աշխատությունների ժող․ (1959-99, պրակ 1-30)։


ՀՈՂԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, գիտություն հողի, նրա բաղադրության, հատկությունների, ծագման, զարգացման, աշխարհագրական տարածվածության, արդյունավետ օգտագործման մասին։ Ուսումնասիրում է հողը՝ որպես բնական մարմին, արտադրության միջոց և աշխատանքի