Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/346

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ռակությունները։ Հ․Դ-ու պատմությունը լույս է տեսել ֆրանս․ (1841) և վրաց․ (1965) թարգմանությամբ։

Երկ․ Շարից հայրապետացն Հայոց (տես Սամուել Անեցու «Հաւաքմունք ի գրոց պատմագրաց» երկում, Վաղ-պատ, 1893, էջ 272-277)։ Պատմութիւն Հայոց, Թ․, 1912։


ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՆԿԱՐՈՂ (ծ․ և մ․ թթ․ անհտ․), XVI դարի քարգործ վարպետ։ ՀՀ Կոտայքի մարզի Առինջ գ․ հս․ մասում, ավերակ բերդի պարսպի մեջ ագուցված է մեծ, սև սալաքար, որի վրա քանդակված է գեղեցիկ արծիվ, շուրջը՝ վարպետի անունը՝ Հովհաննես Եպիսկոպոս Նկարող, և թվականը՝ ՋԾ (1501)։

Գրկ․ Բարխուդարյան Ս․, Միջնադարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ, Ե․, 1963։


ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՐԶՆԿԱՑԻ, Ծործորեցի (մոտ 1270-ական թթ․, Մեծ Հայքի Եկեղյաց գավառ, հավանաբար՝ Երզնկայում - 1338, ենթադրվում է, որ շիրիմը գտնվում է Հաղպատի վանքում), փիլիսոփա, մեկնիչ, քերական, բանասեր, եկեղեցական։ Նախն․ կրթությունը ստացել է Եկեղյաց գավ․ դպրատներում։ Գործել է Գլաձորի համալսարանում, եղել Եսայի Նչեցու գործընկերը։ Հետագայում տեղափոխվել է Արտազ՝ Ծործորի վանք։ Գրել է գիտափիլ․ երկերի առաջաբաններ, մեկնություններ, քարոզներ, թղթեր, բանաստեղծություններ, ընդօրինակել մի շարք իմաստասիր․ երկեր։ Նպաստել է Հայաստանում կաթոլիկության տարածմանը, մասնակցել 1316-ի Ադանայի ժողովին, սերտ կապեր պահպանել Բարդուղիմեոս Բոլոնիացու հետ։ 1321-ին թարգմանել է Թովմա Աքվինացու «Գիրք խորհրդոց եկեղեցւոյ» աշխատությունը։

Լինելով հայ ունիթորության՝ միարարության ներկայացուցիչ՝ կրել է Թովմա Աքվինացու ազդեցությունը (այն մասամբ արտահայտվել է գիտության և հավատի սահմանազատման, գիտությունը հավատին ենթարկելու նրա փորձի մեջ)։ Շարունակելով հայ մտածողների առաջադիմ․ հայացքները՝ ամեն ինչ համարել է փոփոխելի և հաս․ ու բնական կյանքում դրսևորվող հակադրությունների («ներհակությունների») գոյության ու միասնության արդյունք։

Ըստ Հ․Ե-ու՝ աշխարհը ճանաչելի է։ Իրականությունը ճանաչվում է երեք ձևով՝ բնազդով, փորձով և բանականությամբ։ Հ․Ե․ առանձնացնում է իմացության երկու՝ տես․ և գործնական մակարդակներ։ Տես․ իմացության նպատակը ճշմարտության հանգելն է, իսկ գործնականինը՝ այն ի կատար ածելը։ Քննադատելով հոգու և մարմնի փոխհարաբերության պլատոնյան ըմբռնումը՝ հոգին համարել է բնության մաս, իսկ մարդուն՝ հոգու և մարմնի ներդաշնակ ամբողջություն։

«Համառօտ տեսութիւն քերականի» աշխատության մեջ Հ․Ե․ տվել է քերակ․, գրակ․, գրականագիտ․ հասկացությունների սահմանումներ (միջնադարյան ըմբըռնումով), կատարել իր նախորդների թարգմանությունների պատմաբանասիր․, բնագրային ճշգրտումներ (հմմտ․ հայ․ և լատ․ բնօրինակների հետ), իմաստասիր․, լեզվական ստուգաբանություններ։ Գրակ․ ստեղծագործության ասպարեզում հետևել է Ներսես Շնորհալուն (քննել և շարունակել է Մատթեոսի Ավետարանի՝ նրա կատարած մեկնաբանությունը)։ Հ․Ե-ու չափածոն (գանձեր, երգեր, շարականներ, խրատական ոտանավորներ, հանելուկներ) քնարական և պատմող․ ստեղծագործություն է՝ գրված ազատ չափ ու հանգով, դյուրըմբռնելի լեզվով։

Հ․Ե-ու ձեռագրերը պահվում են Երեվանի Մատենադարանում («Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարանի», հ․ 1-2, 1965-70)։

Երկ․ Մեկնութիւն սուրբ Աւետարանին․․․, ԿՊ, 1825։

Գրկ․ Քյուրտյան Հ․, Երիզա և Եկեղյաց գավառ, հ․ 1, Վնտ․, 1953։ Սրապյան Ա․, Հովհաննես Երզնկացի, Ե․, 1958։ Խաչիկյան Լ․, Արտազի հայկական իշխանությունը և Ծործորի դպրոցը, ԲՄ, 1973, № 11։


ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՐԶՆԿԱՑԻ Պլուզ[1] (1230, Մեծ Հայքի Եկեղյաց գավառ - 1293, Կիլիկիա, Ակների վանք, շիրիմը՝ Երզնկայում), փիլիսոփա, մեկնիչ, քերական, արվեստաբան, տաղերգու, հայ փիլիսոփայության բնագիտական ուղղության խոշորագույն ներկայացուցիչ։ Սովորել է Երզնկայի դպրատներում (մասնավորապես՝ Ս․Մինասի անապատում), հետագայում աշակերտել Վարդան Արեվելցուն։ 1268-ին ստացել է վարդապետ․ աստիճան։ 1270-80-ին՝ շրջել Հայաստանում, Կիլիկիայում, Երուսաղեմում, Տփղիսում, մասնակցել հայկ․ պետականության ամրապնդման պայքարին, մշակել եկեղեց․ հատուկ կանոններ ունիթորության դեմ պայքարելու համար։ Գրել է ավելի քան 100 չափածո և արձակ գեղ․ երկեր։ 1280-ին եղել է Երզընկայի «Եղբայրություն» կազմակերպության հոգևոր ղեկավարը։

Հ․Ե․ բնական և հաս․ երևույթները, դրանց առաջացումն ու զարգացումը բացատրել է գիտ․ դիրքերից։ Ընդունելով Աստծու առաջնայնությունը՝ նա գտնում է, որ Աստված նախ ստեղծել է չորս հակադիր նյութ․ տարրերը՝ կրակը, օդը, ջուրը և հողը, որոնք էլ կազմում են բազմաբնույթ աշխարհի առաջացման և զարգացման հիմքը։ Տարրերի զանազան քանակ․ միախառնումից առաջանում են նոր որակ․ բաղադրություններ, որտեղ նրանք կորցնում են իրենց սկզբ․ հատկությունները։ Յուրաքանչյուր գոյավոր նյութի և ձևի միասնություն է։ Գոյի բազմազանությունը պայմանավորված է ձևով։ Ողջ աշխարհը, այդ թվում՝ Երկիրը, գտնվում է անընդհատ շարժման մեջ, ինչը բերում է փոփոխություններ ինչպես բնության մեջ, այնպես էլ հաս․ կյանքում։ Նյութը մշտնջենական է, փոխվում է միայն նրա գոյաձևը։ Շրջապատող աշխարհը ճանաչելի է բանականությամբ, փորձով, զգայությամբ և հավատով։ Զգայական տվյալները փոխանցվում են բանականությանը, որը դրանց «ներտրամաբանական» մշակման միջոցով բացահայտում է գոյի էությունը, ճշմարտությունը։ Հ․Ե․ գիտելիքը բաժանում է արտաբնաբանական, բնաբանական (բնության մասին) և մաթ․ բնագավառների։ Առաջինը սոսկ բանականության և հավատի արդյունք է, երկրորդը՝ հիմնականում զգայարանների, երրորդը՝ հավասարապես զգայարանների և բանականության։ Մարդն ունի միտք և հոգի, միտքը հոգու հատկությունն է, հոգին անբաժանելի է մարմնից, նրա գոյության նախապայմանը նյութն է։ Հոգին զուրկ է որևէ բնածին

  1. Գրեթե ժամանակակից երկու մեծանուն Հովհաննես Երզնկացիների շփոթության և նույնացման վախը, ինչպես նաև զատորոշելու անհրաժեշտությունը առաջացել է դեռևս նրանց կենդանության օրոք, ուստի և նրանց բնորոշել են երկու հիմն․ մակդիրներով՝ Պլուզ (Կարճահասակ) և Ծործորեցի, և այնուամենայնիվ շփոթը շարունակվել է։ Նրանք վերջնականապես զատորոշվել են 1958-ին (տես Սրապյան Ա․, Հովհաննես Երզնկացի, 1958)։