Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/348

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

եկեղեցու ազգ-մշակութ․ իրավունքների վերաբերյալ ցար․ կառավարության կանոնադրությունը («Պոլոժենիե»)։ Հ․ Ը Կ․ հայ կաթողիկոսներից առաջինն էր, որին տրվել է թվահամար-մակդիր (Հովհաննես Ութերորդ)․ նրա ժամանակ էլ ընդունվել է հայոց կաթողիկոսներին թվահամար-մակդիրով տարբերակելու սկզբունքը։ Հ․ Ը Կ-ու օրոք կառուցվել է Էջմիածնի Սինոդի շենքը։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹԼԿՈՒՐԱՆՑԻ (ծ․ և մ․ թթ․ անհտ․), XIV դարի 2-րդ և XV դարի 1-ին կեսի քնարերգու։ Ծնվել է Միջագետքի Թլկուրան ավանում։ Գրել է տաղեր և ինքն էլ եղանակավորել ու երգել դրանք։ Նրանից մեզ են հասել սիրո և բնության, խրատաբարոյախոս․, վիպ․ տաղեր, կրոն․ ոտանավորներ։ Բնության և սիրո տաղերում, ի տարբերություն իր նախորդ բանաստեղծների (Գրիգոր Նարեկացի, Կոստանդին Երզնկացի), նա երգում ու փառաբանում է սերն ու բնությունն առանց այլաբանության։

Բանաստեղծի համար կինը սիրո մարմնացումն է, մի զորություն, որ «հրով այրէ զերկիր ամեն», «ի յետ բերէ զելած հոգին»։ Սիրո ուրախ ու զվարթ երգը նրա ստեղծագործության մեջ միահյուսված է բնության երգին («Տաղ գարնան»)։ Սակայն նրա կենսախինդ տաղերը վերջանում են զղջում արտահայտող տողերով, որ հանդերձյալ կյանքի ու մահվան նկատմամբ ունեցած վախի արտահայտություն է։ «Վասն քահանայից և առաջնորդաց ասացեալ», «Իմ սիրտ, լսէ՚ւ ականջ արա» խրատ․ տաղերում բանաստեղծը հիասթափված է մարդկային փոխհարաբերություններից, իր շրջապատից․ նրա հոռետեսությունը, սակայն, անձնական չէ, այլ՝ ընդհանրական և ունի սոց․ բովանդակություն։

Հայ միջնադարյան տաղերգության մեջ բացառիկ տեղ ունեն Հ․ Թ-ու վիպ․ տաղերը։ Նա առաջին հայ տաղերգուն է, որ մշակել է ժող․ բանահյուսությունից քաղված թեմաներ․ այդպիսիք են կիլիկյան հայ զորավար Լիպարիտի, Գրիգոր Նարեկացու և Ալեքսիանոսի վերաբերյալ ժող․ զրույցների ու ավանդությունների մշակումները։ Հ․Թ-ու ստեղծագործություններն աչքի են ընկնում նուրբ, բազմերանգ ու գրավիչ արվեստով․ տաղերգուն օգտագործել է բանահյուսությանը հատուկ արտահայտչ․ ձևեր, պատկերներ։ Նրա ստեղծագործությամբ հայ տաղերգությունը հավաստել է աշխարհիկ ոգու հաղթանակը քնարերգության մեջ։ Հ․Թ-ու տաղերը թարգմանվել են ռուս․, անգլ․ ու ֆրանս․։

Երկ․ Հովհաննես Թլկուրանցին և յուր տաղերը, հրտ․ Կ․ Կոստանյան, Թ․, 1892։ Տաղագիրք, հրտ․ Ն․ եպս․ Ծովական, Երուսաղեմ, 1958։ Տաղեր, աշխատասիր․ Էմ․ Պիվազյանի, Ե․, 1960։ Yovhannes Tlkuranci and the Mediaeval Armenian Liric Tradition, by James R․ Russell (Universty of Pennsylvania, Armenian Texts and Studies, 1987)․


ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒԹՈՒՆՋԻ, Վանեցի, Արեվելցի (ծ․թ․անհտ․, Վան - 1703, Տրապիզոն), հայ ազատագրական շարժման գործիչ և եկեղեցական։ 1663-ին՝ Կ․Պոլսի հայոց պատրիարք։ Գժտվելով կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցու հետ՝ հարել է նրա հակառակորդ Եղիազար Ա Այնթափցուն։ 1664-ին հեռացվել է պաշտոնից, այնուհետև Վասպուրականում վարել Վարագի, Սալնապատի և Հոգյաց վանքերի առաջնորդությունը։ 1665-67-ին՝ վերստին Կ․Պոլսի հայոց պատրիարք, 1670-72-ին՝ Աղթամարի կաթողիկոս։ 1666-ին կազմակերպել է Մահտեսի Մուրատ Բաղիշեցու առաքելությունը Ֆրանսիա՝ վերջինիս աջակցությամբ հայ-հուն․ հակաթուրք․ ապստամբություն բարձրացնելու ծրագրով։ 1678-80-ին եղել է Եթովպիայում (հավանաբար այդ երկիրը Լյուդովիկոս XIV-ի ձեռնարկած հակաթուրք․ կոալիցիայում ընդգրկելու նպատակով), հետագայում շարադրել իր ուղևորության նկարագրությունը։ 1682-83-ին Փարիզում պաշտոն․ տեսակցություններ է ունեցել Հայաստանի ազատագրության և Մարսելի հայոց տպարանին առնչվող հարցերով։


ՀՈՎՀԱՆՆԵՍ ԽԻԶԱՆՑԻ (ծ․ և մ․ թթ․ անհտ․), XIV դարի վերջի - XV դարի սկզբի գրիչ և մանրանկարիչ, Վասպուրականի մանրանկարչության դպրոցի ամենաբեղուն ներկայացուցիչներից։ Ստեղծագործել է Խիզան քաղաքում։ Ուսուցիչներն են եղել Խիզանի Գամաղիելի վանքի առաջնորդներ Հովհաննես Րաբունին և Կիրակոս վարդապետը։ Հ․Խ-ու պատկերազարդած ձեռագրերը ընդօրինակել է նաև եղբայրը՝ Զաքարիան։ Հ․Խ-ու ընդօրինակած և պատկերազարդած ձեռագրերից 12-ը պահվում են Մատենադարանում՝ ձեռ․ №№ 346 (1390-1400 թթ․), 3717 (1392 թ․), 898 (1401 թ․), 8904 (1401 թ․), 4283 (1401 թ․), 5562 (1402 թ․), 5727 (1404 թ․), 4684 (1407 թ․), 5444 (1417 թ․), 1875 (XIV-XV դդ․), 5458 (XV դ․), 8897 (XV դ․), որոնցից յոթն Ավետարան է, մյուսները՝ Նարեկ, Մաշտոց, Աստվածաշունչ, Հայսմավուրք և Ճաշոց։ Արտասահմանում գտնվող առավել հետաքրքիր ձեռագիրը Վենետիկի Մխիթարյան մատենադարանում պահվող 1368-ի Ավետարանն է։ Հ․Խ․ պահպանել է Վասպուրականի պատկերագրության ավանդական ձևերը։ Տոնական համարվող շարքից զատ պատկերել է ավետարանական պատմությունների հետ կապված միջանկյալ, ինչպես նաև ծիսական զանազան թեմաներ։ Վասպուրականի մանրանկարչության «խորհրդանշական ֆոլկլորային» բնույթը նոր որակ է ստացել նրա ստեղծագործություններում։ Նրա գիծն արտակարգ սահուն է, ճկուն, որը հարաբերվելով հյութեղ գուներանգին, կերպարներին կենդանություն է հաղորդում։

Գրկ․ Հովսեփյան Գ․, Խաղբակյանք կամ Պռոշյանք հայոց պատմության մեջ, մաս 1, Վաղ-պատ, 1928։ Հակոբյան Հ․, Հովհաննես Խիզանցի, «Էջմիածին», 1974 № 11։ Никольская Е.А., Иллюстрации рукописей мастера Ованеса из Гизана, Харьков, 1928․


ՀՈՎՀԱՆՆԵՍ ԾԱՐԵՑԻ, Հովհաննիսիկ Ծարեցի (1560 - մ․թ․ անհտ․), ժամանակագիր։ Եղել է Արտազի Ս․Թադեի վանքի միաբան, աշակերտել Ներսես