Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/349

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Գնունեցուն։ Վարդապետ․ աստիճան ստանալուց հետո հավաքել, նորոգել, ընդօրինակել է տվել ձեռագրեր։ Նրա ջանքերով կառուցվել է Սյունյաց Սոդք գավառի Աղքիլիսա գ․ Ս․ Աստվածածին եկեղեցին։ Հ․ Ծ-ու ժամանակագրությունն ընդգրկում է 1572-ից 1600-ի անցքերը։ Ուշագրավ տեղեկություններ կան 1578-ին դեպի Անդրկովկաս թուրք․ արշավանքի ու ասպատակությունների, 1579-ի մեծ սովի և համաճարակի, օսմ․ Թուրքիայի դեմ վրաց ժողովրդի՝ 1580-90-ական թթ․ ազատագր․ պայքարի ևնի մասին։ Հ․Ծ․ իր նկարագրած դեպքերի ժամանակակիցն է, մասամբ նաև ականատեսը։

Գրկ․ Մանր ժամանակագրություններ XIII-XVIII դդ․, հ․ 2, Ե․, 1956, էջ 235-255 (կազմ․ Վ․Հակոբյան)։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԿԱՄԵՆԱՑԻ (ծ․ և մ․ թթ․ անհտ․), XVII դարի պատմիչ։ Ապրել և գործել է Կամենեց-Պոդոլսկում (այժմ՝ Ուկրաինայում)։ Հոր՝ տեր Հակոբի հանձնարարությամբ շարադրել է «Պատմութիւն պատերազմին Խոթինու» երկը (գրված է գրաբարով), որն արժեքավոր տվյալներ է պարունակում Խոթին ք․ մոտ թուրք նվաճողների դեմ լեհ-ուկր․ զորքերի հաղթական ճակատամարտի (1621), զինադադարի կնքման, այլ իրադարձությունների մասին։ Բաղկացած է առաջաբանից, 18 գլխից և հիշատակարաններից։ Վերջին գլխում նկարագրված է Օսման II սուլթանի սպանությունը (1622) Կ․Պոլսում։ Հ․Կ․ օգտվել է Օքսենտ Կամենացու հայատառ ղփչաղերեն «Ժամանակագրությունից», այլ աղբյուրներից։ Մի շարք դեպքերի մասին գրել է որպես ականատես և ականջալուր հեղինակ։ Հ․Կ-ու աշխատության ձեռագիրը (ուշ շրջանում կատարված երրորդ ընդօրինակությունը) 1953-ին հայտնաբերվել է Մատենադարանում (ձեռ․ № 2644)։ Առաջին անգամ հրատարակվել է ռուս․, 1958-ին (ՊԲՀ), № 2։ Բնագիրը լույս է տեսել 1964-ին։

Երկ․ Պատմութիւն պատերազմին Խոթինու, Ե․, 1964։


ՀՈՎՀԱՆՆԵՍ ԿԱՐԱՊԵՏԻ ՎԱՆՔ, վանքային համալիր, ճարտարապետական հուշարձան ՀՀ Արարատի մարզում, այժմ լքյալ Զնջռլու գյուղի կողքին, Ուրծի լեռների հս․ փեշին, Վեդի-Լուսաշող ճանապարհի աջ կողմում։ Վանքի Սպիտակավոր Ս․Աստվածածին եկեղեցին, ըստ արձանագրության, 1301-ին կառուցել է Բուտ ճարտ-ը։ Այն մեկ զույգ որմնամույթերով, խորանի երկու կողմում ուղղանկյուն, երկհարկ ավանդատներով, գմբեթավոր դահլիճ է, որի սլացիկ, գլանաձև թմբուկով գմբեթը պսակված է հովանոցաձև ծածկով։ Միակ արմ․ շքամուտքի բարավորին և նրանից վեր` բարձրարվեստ հարթաքանդակներ են, որոնց հեղինակը Սարգիս վարդապետ նկարիչն է։ Եկեղեցուց հվ-արմ․, ուղղանկյուն հատակագծով, թաղածածկ (այժմ՝ քանդված) ժամատունն է (XIV դ․), որին արմ-ից կից է երկհարկ եկեղեցի-դամբարանը (ավերված է զանգակատան ռոտոնդան)։ Միաբանության շենքերը (1896) կից են վանքի ուղղանկյուն պարսպին (1897)։ Պահպանվել են ջրմուղի և ջրամբարի մնացորդները։ Վանքի գերեզմանոցում կան հարուստ, նուրբ մշակված զարդաքանդակներով խաչքարեր և կենցաղ․ պատկերներով գերեզմանաքարեր։


ՀՈՎՀԱՆՆԵՍ ԿԱՐՆԵՑԻ (մոտ 1750-ական թթ․, Կարին - 1820-ական թթ․ սկիզբ, Կարին), տաղասաց, մանկավարժ։ 1799-ին ճանաչված մանկավարժ էր, հայտնի՝ Արդար վարժապետ մականունով։ Թողել է վկայաբան-էպիկ․ 5 պոեմ («Յաղագս ումեմն Մըսըր կոչեցեալ Սահակ մանկան․․․», 1788, «Յաղագս Վառվառ անուն ումեմն արիասիրտ աղջկան․․․», 1810)։ Հ․Կ-ուց մեզ է հասել մոտ 130 տաղ, որոնց մեծ մասը սիրո տաղեր են, երգվել և տարածված են եղել Կարինում ու շրջակայքում («Տաղ սիրոյ», «Ի սէր սիրելոյդ», «Տապ սիրոյ քոյ զիս տոչորեաց», «Հայիմ սէրս, որ ճեմս առեալ․․․» ևն)։ Ունի նաև ժող․ խաղերի և ջանգյուլումների ձևով գրված քառյակներ, հոգևոր երգեր։ Գրել է նաև հայատառ թուրք․ տաղեր, թարգմանել հայ-ից թուրք․ (Կոմիտաս կաթողիկոսի շարականները, Ներսես Շնորհալու «Առաւոտ լուսոյ»-ն) և հակառակը։ Զբաղվել է նաև գրչությամբ։

Գրկ․ Հայոց նոր վկաները, աշխատությամբ Հ․Մանանդյանի և Հ․Աճառյանի, Վաղ-պատ, 1903։ Հովհաննես Կարնեցի, Տաղարան (աշխատասիր․ Շ․Նազարյանի), Ե․, 1962։


ՀՈՎՀԱՆՆԵՍ ԿՈԶԵՌՆ, Տարոնացի (ծ․ և մ․ թթ․ անհտ․), XI դարի 1-ին կեսի գիտնական, տոմարագետ։ Կրել է «Հայոց վարդապետ» պատվանունը։ 1022-ին Պետրոս Ա Գետադարձ կաթողիկոսի հետ այցելել է Տրապիզոն և Հայոց թագավորի անունից բանակցություններ վարել Բյուզանդիայի Վասիլ II կայսրի հետ՝ Հովհաննես Սմբատ Բագրատունու մահից հետո նրա թագավորության հողերը կայսրությանը հանձնելու շուրջը։ Մատթեոս Ուռհայեցու հավաստմամբ, Հ․Կ․ հեղինակել է «Գիր հաւատոց» և «Պատմութիւն Բագրատունեաց» երկերը (չեն պահպանվել)։ Գրել է նաև տոմարագիտ․ աշխատություններ («Մեկնութիւն տոմարի» ևն)։ Հ․Կ-ին է վերագրվել նաև «Տեսիլ» վերտառությամբ անվավեր գրվածքը, որը սակայն, ստեղծվել է նրա մահից հետո (այդ գործի իսկական հեղինակները շահարկել են Հ․Կ-ի անունը)։ Կյանքի վերջին տարիներին ապրել է Երևանում, ուր վախճանվել և թաղվել է Կոնդ թաղամասի հս-արմ․ ծայրամասի՝ հետագայում իր անունով («Կոզեռն») կոչված գերեզմանատանը։

Գրկ․ Մատթեոս Ուռհայեցի, Ժամանակագրություն, Ե․, 1973։ Քյուրդյան Հ․, Հովհաննես Կոզեռն, ՀԱ, 1967, № 1-3։ Марр Н.Я., Сказание о католикосе Петре и ученом Иоанне Козерне, "Восточные заметки", СПБ, 1895․


ՀՈՎՀԱՆՆԵՍ ԿՈԼՈՏ ԲԱՂԻՇԵՑԻ (1678, Բաղեշ - 13․2․1741, Կ․Պոլիս), Կ․Պոլսի