Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/41

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

զարկ տալ սեբաստացիների խնդրանքով Հայաստանում հիմնադրված Նոր Սեբաստիա ավանի շինարարությանը և օժանդակել ներգաղթին։ Երկրորդ համաշխ․ պատերազմի ժամանակ միությունը մասնակցել է խորհրդ․ բանակի օգնության ֆոնդի հանգանակությանը, պատերազմից հետո զգալի միջոցներ տրամադրել ներգաղթի կազմակերպմանը։ Սերտ կապերի մեջ է Նոր Սեբաստիայի հետ․ 1960_70-ական թթ․ Հայաստանի տարբեր հիմնարկների նվիրել է բազմատեսակ սարքավորումներ, Նոր Սեբաստիայում նախաձեռնել է 1915-ին նահատակված սեբաստացիների հուշաղբյուրի կառուցումը (բացվել է 1970-ին)։ Հ․վ․մ․ մասնաճյուղեր ունի ԱՄՆ-ի, Ֆրանսիայի մի շարք քաղաքներում, Մերձ․ Արլ-ի երկրներում։ Միությունը հրատարակել է «Նոր Սեբաստիա» պաշտոնաթերթը։ 1974-ին լույս է տեսել «Պատմագիրք հուշամատյան Սեբաստիո և գավառի հայության» պատմաազգագր․ գրքի 1-ին հատորը (հեղինակ՝ Առաքել Պատրիկ)։


ՀԱՄԱՍՊՐԱՄ (Melandrium), մեխակազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։ ՀՀ-ում հանդիպում է մեկ տեսակ՝ Բուասսիեի Հ․ (M․ boissieri), որի ցողունի բարձր․ 40_80 սմ է։ Տերևները ձվաձև են, ծաղիկները՝ սպիտակ, խմբված կիսահովանոցավոր ծաղկաբույլերում։ Պտուղը տուփիկ է։ Աճում է Տավուշի, Սյունիքի, Լոռու և այլ մարզերի կանաչ լեռնալանջերին։ Միջին որակի կերաբույս է։


ՀԱՄԱՍՏԵՂ [Կելենյան Համբարձում Հովհաննեսի, 1895, գ․ Փերչենճ (Արմ․ Հայաստանի Խարբերդի գավառում) _26․11․1966, Լոս Անջելես, թաղվել է Բոստոնում], գրող։ Սկզբ․ կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա ավարտել Մեզրեի Կեդրոն․ վարժարանը (1911)։ 1913-ին մեկնել է ԱՄՆ, սովորել Կոլումբիայի և Հարվարդի համալսարաններում։ Հ-ի առաջին բանաստեղծությունները տպագրվել են «Փյունիկ» հանդեսում։ Հայ արձակի նվաճումներից են


Հ-ի «Գյուղը» (1924) և «Անձրև» (1929) պատմվածքների ժող-ները, որոնց հատուկ են հոգեբ․ ռեալիզմը, փիլ․ խոր ընդհանրացումները։ Լույս են տեսել Հ-ի «Սպիտակ ձիավորը» (հ․ 1_2, 1952) վեպը, «Քաջն Նազար և 13 պատմվածքներ» (1955), «Աղոթարան» (1957), «Այծետոմար» (1960), «Առաջին սերը» (1966) ժող-ները։ Ինքնատիպ ոճով ու աշխարհայեցողությամբ Հ․ իր ուրույն տեղն ունի հայ գրակ․ մեջ։

Երկ․ Սփյուռքահայ պատմվածք (ժող․), Ե․, 1984։ Հայաստանի լեռներու սրնգահարը, Ե․, 1989։

Գրկ․ Չոպանյան Ա․, Համաստեղ և գյուղը հայ գրականության մեջ, Փարիզ, 1929։ Շահինյան Գ․, Համաստեղ, Բեյրութ, 1961։ «Համաստեղ․ 1895_1966» _ Հուշամատյան (հիսնամյա հոբելյան Համաստեղի գրական գործունեության), Նյու Յորք, 1966։


ՀԱՄԱՍՏԵՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ, աստեղատներ, երկնոլորտը պայմանականորեն բաժանող տիրույթներ՝ աստղային երկնքում դյուրին կողմնորոշվելու համար։ Հնում Հ․ են անվանել երկնքում պայծառ աստղերով առանձնացվող բնորոշ պատկերները։


Հայկ․ լեռնաշխարհի բնակիչների՝ աստղային երկնքի նկատմամբ հետաքրքրության մասին են վկայում ավելի քան 3 հազարամյակի վաղեմության՝ Հ․ պատկերող բազմաթիվ ժայռապատկերներ։ Աստղագոտին, որով անցնում է Արեգակի տարեկան ուղին (խավարածիր), հին ժողովուրդները բաժանել են 12 Հ-ի (Խոյ, Ցուլ, Երկվորյակներ, Խեցգետին, Առյուծ, Կույս, Կշեռք, Կարիճ, Աղեղնավոր, Այծեղջյուր, Ջրհոս, Ձկներ)։ Հայերն աստղագոտին անվանել են Կենդանաշրջան, իսկ դրա Հ․՝ կենդանակերպ։ Անանիա Շիրակացու աշխատություններում բերված է յուրաքանչյուր կենդանակերպում երևացող աստղերի քանակը։ Միջնադարյան մի շարք թարգմանական և հայկ․ բնագրային աշխատություններում հեղինակները, հետևելով Պլատոնին, տվել են կենդանակերպի ու մարդու մարմնի մասերի «համապատասխանության» նկարներ և դրանց բացատրությունները (նկ․)։ Հայտնի է, որ միջնադարում բախտագուշակները պետությունների և մարդկանց ճակատագրերը, պատերազմների վախճանը և երկրային այլ երևույթներ կապել են Հ-ի և լուսատուների հետ։ Սակայն հայ տոմարագետ-աստղագետները (սկսած Անանիա Շիրակացուց, որն այդ բոլորը համարել է «բարբաջանք») հանդես են եկել աստղագուշակության դեմ։ Նրանք բացատրել են կենդանակերպի անունները՝ նկատի ունենալով, թե դրանցից յուրաքանչյուրում Արեգակի գտնվելը ինչ ազդեցություն է գործում Երկրի վրա։ Այսպես, ըստ Հակոբ Ղրիմեցու, Խոյ է կոչվում գարնան առաջին կենդանակերպը, քանի որ «խոյը ծննդական է», և Արեգակը, այդ կենդանակերպում գտնվելիս, «Երկիրը շարժում է ծննդականության»։ Առյուծ կենդանակերպում գտնվելիս Արեգակն այնպես է հզորանում, որ կարող է նույնիսկ վնաս պատճառել մարդկանց։ Արեգակի՝ Ձկներ կենդանակերպում գտնվելու ժամանակ, առատ ձնհալի հետևանքով Երկիրը ձկան նման լողում է ջրի մեջ ևն։ Երևանի Մատենադարանի ձեռագրերում պահպանվել են կենդանակերպերի նկարներ և այլ Հ-ի վերաբերյալ տեղեկություններ։ Հ-ի դիցաբան․ անուններն ունեն իրենց հայկ․ համարժեքները (Օրիոն՝ Հայկ, Հերկուլես՝ Վահագն ևն)։ Հ-ի փոխդասավորության, անվանումների և աստղերի աստղային մեծությունների մասին տեղեկություններ կան «Համատարած աշխարհացոյց» և «Աստղալից երկինք» քարտեզներում։

Գրկ․ Աբրահամյան Ա․Գ․, Անանիա Շիրակացու մատենագրությունը, Ե․, 1944։ Թումանյան Բ․Ե․, Հայ աստղագիտության պատմություն, հ․ 1, Ե․, 1964։ Մարտիրոսյան Հ․Ա․, Գիտությունն սկսվում է նախնադարում, Ե․, 1978։


«ՀԱՄԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՐՀԱՑՈՅՑ» (մեծ), երկրի կիսագնդերի հայերեն առաջին տպագիր քարտեզը։ Հրատարակվել է 1695-ին, Ամստերդամում, Վանանդեցիների տպարանում։ Կազմել են Թովմա (եպիսկոպոս), Ղուկաս և Միքայել Վանանդեցի Նուրիջանյանները, Մատթեոս Վանանդեցի Հովհաննիսյանը։ Պղնձի վրա փորագրել են Ադրիանոս և Պետրոս Սքոնբեկ (Շոնբեկ) եղբայրները։ Քարտե