ՀԱՄԲԱՐՁՈՒՄ, քրիստոնեական տոն։ Սահմանվել է ի հիշատակ Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի (ըստ քրիստ․ եկեղեցու ուսմունքի՝ Քրիստոսը խաչելությունից 3 օր անց հարություն է առել և իր աշակերտներին 40 օր այցելելուց հետո, համբարձվել երկինք)։ Հ․ պատկանում է շարժական տոների թվին, ունի 35 օրվա շարժականություն (ապրիլի վերջից մինչև հունիսի սկիզբը), տոնվում է Զատկի 40-րդ օրը, հինգշաբթի։ Ծագումով կապվում է նախաքրիստ․ տոնացույցին (արտահայտել է մեռնող և հառնող Աստծու, բնության զարթոնքի, վերածնության գաղափարները)։ Հայաստանում Հ․ վերածվել է ժող․ տոնակատարության․ երիտասարդ տղաներն ու աղջիկները Հ-ման առթիվ հավաքում են 7 գույնի ծաղիկ, կժի մեջ լցնում 7 աղբյուրի ջուր, իրենց նշանները գցում ջրի մեջ և Հ-ման գիշերը «աստղունք» դնում, այսինքն՝ դրանք հանձնում աստղերի խորհրդին, որից հետո, ըստ այդ նշանների՝ կատարում գուշակություններ։ Հ-ման կիրակի օրը տոնականորեն զարդարված երիտասարդներն ու աղջիկները կազմակերպում են տոնախմբություններ՝ Հ-մանը նվիրված երգերի, պարերի (հատկապես վերվերիների՝ որպես հասակի աճի հետ կապված հմայական պարերի), խաղերի ու մրցույթների զուգակցությամբ։
ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ Գոհար Համազասպի [28․6(10․7)․1907, Թիֆլիս _ 26․6․1979, Երևան], մաթեմատիկոս։ Ֆիզմաթ գիտ․ թեկնածու (1938), դոցենտ (1939), ՀԽՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1967), Վ․Հ․Համբարձումյանի քույրը։ Ավարտել է Լենինգրադի պետ․ համալսարանը (1929)։ Մինչև 1946-ն աշխատել է նույն համալսարանում։ 1966_67-ին՝ ԵՊԻ կիրառական մաթեմատիկայի, 1967_79-ին՝ ԵՊՀ հավանականությունների տեսության և մաթ․ վիճակագրության ամբիոնների վարիչ։ Աշխատանքները վերաբերում են Բեռնուլիի բաշխմանը ենթարկվող անհայտ թվով փորձերի մեջ ինֆորմացիայի քանակի որոշմանը, մարկովյան գծային պրոցեսների և ինֆորմացիայի տեսության հարցերին։
Երկ․ Հավանականությունների տեսության խնդրագիրք, Ե․, 1973 (համահեղինակ)։ Պատահական պրոցեսներ, Ե․, 1974։ Հավանականությունների տեսություն, 3-րդ վերամշկ․ և լրց․ հրտ․, Ե․, 1977։
ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ Գևորգ Ալեքսանդրի (5․11․1915, Ալեքսանդրապոլ _ 10․10․1978, Երևան), ճարտարագետ-հիդրոտեխնիկ։ Տեխ․ գիտ․ դ-ր (1978)։ Ավարտել է ԵՊԻ (1940)։ 1949_78-ին՝ ջրային պրոբլեմների և հիդրոտեխնիկայի ԳՀԻ հիդրոտեխնիկայի լաբորատորիայի վարիչ։ 1961-ից դասախոսել է ԵՊԻ-ում։ Աշխատանքները վերաբերում են հիդրավլիկ․ անջրպետներով ափապաշտպան կառույցների հետազոտման և մշակման հարցերին։ Մշակել է հիդրավլիկ․ անջրպետով միջանցիկ կարճապատնեշների նոր կոնստրուկցիաներ։
ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ Դավիթ Գրիգորի (24․6․1956, Կապան _ 8․1․1992, Երևան), մարզիկ (ջրացատկորդ)։ Սպորտի վաստ․ վարպետ․ (1984)։ Ավարտել է Ֆիզ․ կուլտուրայի հայկ․ պետ․ ինստ-ը (1978)։ 1985_87-ին՝ ՀԽՍՀ ջրացատկի հավաքականի մարզիչ, 1987_92-ին՝ ՀԽՍՀ սպորտպետկոմի նախագահի տեղակալ։ Մոսկովյան օլիմպ․ խաղերի (1980) և աշխարհի գավաթի խաղարկության (1983) բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն (1981, 1983) և գավաթի գավաթակիր (1984), ԽՍՀՄ բազմակի չեմպիոն (1972_ 84) և գավաթակիր (1975, 1977, 1984), ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադաների հաղթող (1975, 1983)։ 1993-ից Հ-ի անունով է կոչվում ՀՀ օլիմպիական հերթափոխի ջրացատկի մանկապատանեկան դպրոցը։
ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ Համազասպ Ասատուրի [25․9․1880, գ․ Բասարգեչար (այժմ՝ ք․ Վարդենիս, ՀՀ Գեղարքունիքի մարզում) _ 3․2․1965, Երևան, թաղված է Բյուրականում], թարգմանիչ, գրականագետ։ Բանասիր․ գիտ․ դ-ր (1953), պրոֆ․ (1954)։ ՀԽՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1962)։ Վ․ Համբարձումյանի հայրը։ Ավարտել է Պետերբուրգի համալսարանի իրավաբ․ ֆակ-ը (1908)։ Անտիկ գրակ․ է դասավանդել ԵՊՀ-ում։ Լույս են տեսել նրա «Արյուն էջեր» (1903), «Անհունի էջերում» (1904), «Հպարտ հոգու երգերից» (1905) և այլ գրքեր։ Թարգմանել է եվրոպ․ և ռուս․ բանաստեղծների, հին հուն-ից՝ «Հույն ողբերգակներ» (1950, ժող․), Հոմերոսի «Իլիականը» (1955)։ Հ-ի անվ․ դպրոց կա Վարդենիսում։
Երկ․ Բանաստեղծություններ, հ․ 1_3, Վնն․, 1927_29։ Մտորումներ Հոմերոսի մասին, Ե․, 1964։
Գրկ․ Համազասպ Համբարձումյան։ Կենսամատենագիտություն, Ե․, 1980։
ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ Համբարձում Միրոնի (ծ․ 29․11․1919, Կիսլովոդսկ), հրետանու գեներալ-լեյտենանտ (1968)։ Ավարտել է Սևաստոպոլի հրետ․ ուսումնարա