Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/52

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Համագումարն իր պարտքն է համարել նաև «եղբայրական ջերմ ողջույններ» ուղարկել Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս նրա տեսնելով «վեց հարյուր տարի ի վեր առաջին անգամ վերազարթնող հայ ազատության հրճվառիթ պատկերը» և հոտնկայս իր խորին հարգանքն ու պաշտամունքը հայտնել «բազմաչարչար նահատակների և այն հազարավոր մարտիկների հիշատակին, որոնք իրենց հերոսական պայքարով նախապատրաստեցին հայկական դատի հաղթանակը»։

1920-ի մայիսի 5 _ հուլիսի 13-ին Փարիզում տեղի է ունեցել երկրորդ համագումարը, 24 պատգամավորների մասնակցությամբ (առանձին նիստերի ներկա են եղել նաև հայ եկեղեցու ներկայացուցիչներ)․ կայացել է 31 նիստ։ Նստաշրջանի նախագահ է ընտրվել Գաբրիել Նորատունկյանը, փոխնախագահ՝ Գրիգոր Սնապյանը։ Բացման խոսքում Գաբրիել Նորատունկյանը կոչ է արել միության և համերաշխության՝ որպես Հայկական հարցի լուծման հաջողության գերագույն պայմաններ։ Ողջույնի խոսք է ասել Պողոս Նուբար փաշան։


Համագումարը քննարկել է օրակարգով նախատեսված հարցերը՝ Ազգային պատվիրակության զեկուցումը, պատվիրակության բժշկական, քարոզչական, ելևմտական (ֆինանսական) և կազմակերպչական կանոնագրի հանձնաժողովների տեղեկագիրը և Ազգային պատվիրակության վերակազմությունը։

Ազգային պատվիրակության զեկուցումն արել է Արշակ Չոպանյանը․ պատվիրակությունը գործել է Հայաստանի Հանրապետության պատվիրակության հետ համատեղ․ Փարիզի կոնֆերանսի մասնակից պետություններին համատեղ ներկայացրել են դիմումներ, հուշագրեր, վարել բանակցություններ, գործադրել ջանքեր «Հայոց ազգային ծրագրին իրականացման համար»։ Լուսաբանվել է այն նոր իրադրությունը, որն անհուսալի է դարձրել ԱՄՆ-ի հովանավորությամբ միավորված Հայաստանի ստեղծումը (տես Հայաստանի մանդատ 1920) և ստիպել միացյալ պատվիրակությանը «ազգային պահանջները պատշաճեցնել իրերի նոր կացությանը»։

Ազգային պատվիրակությունն աշխատանք է տարել հայ-պոնտական (հունական) հարաբերություններ հաստատելու, հայ-քրդական համաձայնություն կայացնելու և այլ հարցերի ուղղությամբ։ Սան Ռեմոյի կոնֆերանսում բանակցություններ են վարվել Վրաստանի և Ադըրբեջանի պատվիրակությունների հետ՝ տարածքային և այլ հարցերի շուրջը։

Մի քանի նիստեր նվիրվել են Կիլիկիայի կացությանը և ձեռնարկվելիք միջոցառումներին։ Ընտրվել է հանձնաժողով Թուրքիայի հետ կնքվելիք հաշտության պայմանագրի նախագիծը ուսումնասիրելու համար։ Պատրաստվել է հուշագիր, որը միացյալ (ամբողջական) Հայաստանի պատվիրակությունը ներկայացրել է դաշնակից երկրների Գերագույն խորհրդին։


Հուլիսի 3-ի նիստում գաղտնի քվեարկությամբ ընտրվել է Ազգային պատվիրակության նոր կազմ (Պողոս Նուբար փաշա, Գրիգոր Սնապյան, Լևոն Մկրտչյան և Հակոբ Նևրուզ)։


Համագումարն ընդունել է ուղերձներ Հայաստանի Հանրապետության կառավարությանն ու բանակին, Կիլիկիայի հայությանը, Մերձավոր Արևելքի նպաստամատույց հանձնախմբի նախագահին՝ հայ ժողովրդին օգնելու համար։

Գրկ․ Վրացյան Ս․, Հայաստանի Հանրապետություն, Փարիզ, 1928, էջ 242_ 247։ Hovannisian R․G․, The Republic of Armenia, v․ 1, 1918_1919, Berkeley- L․, A․-L․, 1971, p․ 454_59։


ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ՃԱԿԱՏ (ՀԱՃ), հայ հայրենասերների հակաֆաշիստական ընդհատակյա կազմակերպություն (1942_45-ին)։ Ստեղծվել է ֆրանսահայ կոմունիստների նախաձեռնությամբ։ Միավորում էր ֆրանսահայ համայնքի հայրենասերներին։ Կազմակերպիչներն էին Հանրի Մարմարյանը, Մեսրոպ Ասատուրյանը, Դավիթ Դավթյանը, Շահե Տատուրյանը, Սիրակ Բաղդասարյանը, Մելքոն Գեղունին, Կարապետ Քյուրեջյանը, Սարգիս Ալթունյանը և ուր․։ Գերմ․ օկուպացիայից Ֆրանսիայի ազատագրման պահին ՀԱՃ-ի շարքերում կար ավելի քան 10 հզ․ հայ հայրենասեր։ 1943-ին ՀԱՃ-ի նախաձեռնությամբ ստեղծվել է Երիտասարդ ֆրանսահայ հայրենասերների ճակատը։ Հայ հայրենասերները գերմ․ օկուպանտների դեմ պայքարում էին մատչելի բոլոր միջոցներով։ ՀԱՃ ընդհատակում հրատարակել է թերթեր, թռուցիկներ, Սովինֆորմբյուրոյի հաղորդագրություններ ևն։ Ֆրանս․ և հայ․ պարբ-ներն իրենց էջերում ընդգծում էին այն միտքը, որ հայ հայրենասերները, մասնակցելով և օգնելով ֆրանս․ Դիմադրության շարժմանը, դրանով իսկ կատարում են իրենց պարտքը հեռավոր հայրենիքի՝ Հայաստանի նկատմամբ։ ՀԱՃ կազմակերպել է նաև նյութ․ օգնություն Ֆրանսիայի ազատագրման ֆոնդին (միայն 1943_44-ին՝ 7 մլն ֆրանկ)։ Զգալի գումար է հանգանակել «Սասունցի Դավիթ» տանկային շարասյան կազմակերպման ֆոնդին։ 1944-ի ամռանը, Ֆրանսիայում Ազգ․ ապստամբության օրերին, ՀԱՃ աջակցել է հայ պարտիզան․ և հայրենասիր․ միլիցիայի ջոկատների ստեղծմանը։ Ակտիվորեն մասնակցել է Փարիզի և Ֆրանսիայի այլ քաղաքների ու շրջանների ազատագրմանը։ ՀԱՃ-ի նման կազմակերպություններ երկրորդ համաշխ․ պատերազմի տարիներին գործել են նաև հայկ․ այլ համայնքներում (ԱՄՆ, Անգլիա, Ռումինիա, Բուլղարիա, Եգիպտոս, Սիրիա, Կիպրոս ևն)։ Իրենց գործունեությամբ այդ կազմակերպությունները զգալի ավանդ են մուծել հակաֆաշիստ․ պայքարի ընդհանուր գործում։