Գրկ․ Դրամփյան Տ․Ս․, Ֆրանսահայ կոմունիստները դիմադրության տարիներին, 1941_1944, Ե․, 1967։
ՀԱՅ ԱՇԽԱՏԱՎՈՐԱԿԱՆ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ, 1927-ի օգոստոսին Երևանում հիմնել են Հայաստանի պրոլետարական գրողների ասոցիացիայի մեջ չմտնող, բայց խորհրդային կարգերը համակրող գրողներն ու գրաքննադատները, որոնց անվանում էին «ձախ ուղեկիցներ»։ Նրա գործուն անդամներն էին Դ․Դեմիրճյանը (նախագահ), Ս․Զորյանը (քարտուղար), Վ․Թոթովենցը, Մ․Մանվելյանը, Ա․Խոնդկարյանը, Ս․Հակոբյանը, Ա․Տերտերյանը, Խ․Սարգսյանը, Տ․Հախումյանը և ուր․։ 1929-ի ապրիլին Հ․ա․գ․մ-յան և Հայաստանի պրոլետ․ գրողների ասոցիացիայի միավորումով ստեղծվել է Հայաստանի խորհրդ․ գրողների ֆեդերացիան։ Սակայն Հ․ա․գ․մ-յան ինքնուրույն գոյությունը դադարել է 1931-ի հուլիսին։
«ՀԱՅ ԱՇԽԱՐՀ», պատմության և մշակույթի ամսաթերթ։ Բելգիայի հայ կաթոլիկների հրատ․։ Լույս է տեսել 1937_ 39-ին, Բրյուսելում, հայ․ և ֆրանս․ (վերջում՝ միայն ֆրանս․)։ Տնօրեն-խմբագիր՝ Հ․Նալբանդյան։ Ծանոթացրել է հայ եկեղեցու պատմությանը, նրա նշանավոր գործիչներին, ֆրանս․ ներկայացրել հայոց պատմությունը, ավանդույթները ևն։ Ինքնուսույց վարժություններով օգնել է սովորել հայ․։ Հատվածներ է տպագրել նաև Հոլանդիայի և Բելգիայի հայ գաղութների մասին։
«ՀԱՅ ԱՇՈՒՂՆԵՐ», համույթ, ստեղծվել է 1927-ին, Երևանում, երգիչ Շ․Տալյանի ղեկավարությամբ։ Կազմը՝ երգիչներ Հ․Տալյան (Շ․Տալյանի եղբայրը) և Հ․Տրդատյան, թառահար Ս․ Թարիվերդյան, քամանչահար Վ․Խշտոյան։ Համույթի ելույթներին մասնակցել է նաև երգչուհի Մ․Սեդմարը։ «Հ․ա․» համույթի գործունեությանը նպաստել է աշուղագետ Գ․ Լևոնյանը (երգեր է սովորեցրել, համերգներին հանդես եկել ներած․ խոսքով)։ Համույթի կատարողացանկն ընդգրկել է հիմնականում Սայաթ-Նովայի, Շիրինի, Ջիվանու, Խայաթի, Շերամի և ուր․ աշուղների երգեր, որոնց մի մասը ձայնագրվել է ձայնասկավառակի վրա։ Համերգներով ելույթներ է ունեցել Անդրկովկասում, Մոսկվայում, Խարկովում և այլուր։ Գոյատևել է մինչև 1931-ը։
Գրկ․ Տալյան Շ․, Դեպքեր, դեմքեր, մտքեր, Ե․, 1973։
ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ՔՈԼԵՋ, երկսեռ երկրորդական վարժարան։ Հիմնվել է 1923-ին, Բեյրութում։ Մինչև 1933-ը կոչվել է Հայ մանչերու ավետարանական բարձրագույն վարժարան, 1933-ին՝ Հայուհյաց ամերիկյան վարժարանի հետ միանալուց հետո՝ Հայ ավետարանական երկսեռ բարձրագույն վարժարան, 1950-ից՝ Հ․ա․ք․։ Ուսման տևողությունը 12 տարի է՝ նախակրթական, միջնակարգ և երկրորդական բաժիններով։ Ունի մանկամսուր և մանկապարտեզ։ Ուսուցումն անգլ․ է։ Դասավանդվում են նաև հայոց լեզու և գրակ․, հայոց պատմություն, կրոն։ Մինչև 1975-ի քաղաքացիական պատերազմի բռնկումը Լիբանանում, 1974_75-ին քոլեջն ունեցել է 794 աշակերտ, 1997_98-ին՝ միայն 138 աշակերտ։ Դպրոցում գործում են աշակերտական ակումբներ, հրատարակվում աշակերտական պարբերականներ, կա հարուստ գրադարան։
ՀԱՅ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ (ՀԱՄ), հայ կերպարվեստագետների անդրանիկ միավորումը։ Հիմնադրվել է 1916-ին, Թիֆլիսում։ ՀԱՄ-ի կազմակերպմանը մասնակցել են Ե․Թադևոսյանը (նախագահ), Մ․Սարյանը, Փ․Թերլեմեզյանը, Ս․Խաչատուրյանը, Գ․Լևոնյանը և ուր․։
Միությունը համախմբել և ցուցահանդեսների մասնակից է դարձրել նաև Ռուսաստանում և արտասահմանում գործող հայ արվեստագետներին (Զ․Զաքարյան, Վ․Մախոխյան, Է․Շահին, Դ․Օքրոյան, Ս․Աղաջանյան, Հ․Գյուրջյան, Գ․Յակուլով, Ս․Ալաջալով և ուր․)։ «Պերեդվիժնիկներին» հարող դիրքերում կանգնած ՀԱՄ-ը ստեղծագործ․ մեթոդի համընդհանուր սկզբունքներ չի ունեցել, բացառությամբ «հայկ․ ոճի» տարածման կանոնադրական պարտավորությունը։ Միության առաջին պատվավոր անդամն էր ռուս նկարիչ Վ․Դ․Պոլենովը։ ՀԱՄ-ը գործակցել է ռուս․ և վրաց․ գեղ․ միությունների հետ՝ նպատակ ունենալով կազմակերպել հայ և այլազգի արվեստագետների գործերի պատկերահանդեսներ Անդրկովկասի, իսկ ցուցահանդեսներ՝ Ռուսաստանի քաղաքներում։ Կազմակերպել է 6 ցուցահանդես, ուր ներկայացվել են նաև Վ․Դ․Պոլենովի, Մ․Ա․Վրուբելի, Ի․Ի․Լևիտանի, Ա․Յա․Գոլովինի, Վ․Ե․ Բորիսով-Մուսատովի, Մ․Թոիձեի և այլոց կտավները։ 1921-ին ՀԽՍՀ կառավարության հանձնարարությամբ կազմակերպել է հայկ․ դրամանիշների էսքիզների մրցանակաբաշխություն, ցուցահանդեսներ՝ Երևանում և Կ․Պոլսում։ Երևանում Հայաստանի կերպարվեստից աշխատողների ընկերության հիմնադրումից (1923) հետո ՀԱՄ-ը վերածվել է Հայարտան սեկցիայի։
Գրկ․ Կանոնադրություն հայ արվեստագետների միության, Թ․, 1916։ Հարությունյան Վ․, Հայ կերպարվեստագետների անդրանիկ միավորումը, ՍԱ, 1955, դ 11։
ՀԱՅ ԲԱՆՎՈՐ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ, Կովկասի բանվորական հեղափոխական առաջին կազմակերպություններից։ Գործել է Թիֆլիսում, 1892_95-ին։ Հիմնադիրներ՝ Ա․Խումարյան, Ս․Խանոյան, Ս․Տեր-Ստեփանյան, Ս․Տեր-Սիմոնյան, Պ․Մնացականյան, Ս․Մարտիկյան և ուր․։ Ասոցիացիայի ծրագրով նախատեսվում էր գործարանները հանձնել բանվորներին, հողը դարձնել հանրային սեփականություն, վերացնել ազգ․ խտրականությունը, ձեռք բերել մամուլի, խոսքի, խղճի, ժողովների ազատություն, ապագա ազատ Հայաստանում ստեղծել դեմոկրատ․ հանրապետություն ևն։ Կազմակերպությունն ուներ ընդհատակյա տպարան և հրատարակում էր «Ազատ Հայաստան» թերթը։ 1894-ին կազմակերպությունը պառակտվել է երկու թևի՝ ազգայն․ և հեղ․։ 1895-ին ցար․ ոստիկանությունը