Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/100

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

իր նպատակների համար։ Կ. Պոլսում գերմ. դեսպանությունը ընկերության ղեկավարությանն առաջարկեց ազդել արևմտահայերի վրա՝ լոյալ դիրք գրավելու թուրք, կառավարության նկատմամբ։ Ընկերության ղեկավարությունը համաձայնեց դրա հետ՝ պատերազմի ավարտից հետո արևմտյան Հայաստանում նախատեսված ռեֆորմների իրականացման համար գերմ. կառավարությունից պաշտոնական երաշխիք ստանալու պայմանով։ Պարտավորության (որը, սակայն, մնաց թղթի վրա) տակ ստորագրեց Գերմանիայի արտաքին գործերի պետական քարտուղարի օգնական Ցիմերմանը։ Երբ Թուրքիայի ղեկավարները սկսեցին հայերի ջարդն ու տեղահանությունը, ընկերության նախագահ Յո. Լեփսիուսը մեկնեց Կ. Պոլիս, հանդիպեց էնվեր փաշայի հետ. պահանջեց դադարեցնել հայերի զանգվածային կոտորածները, բայց ստացավ կտրական մերժում։ Վերադառնալով Բեռլին՝ 1915-ի հոկտ. 9-ին Գ-հ.ը-յան ժողովում հաղորդում տվեց արևմտահայության ցեղասպանության և տեղահանության մասին։ ժողովի մասնակիցները նամակ հղեցին Գերմանիայի կանցլերին՝ խնդրելով արգելել հայության նկատմամբ կիրառվող վայրագությունները։ Սակայն խնդրանքը մնաց անպատասխան, գերմ. կառավարությունը չձեռնարկեց որևէ միջոց։ 1918-ի ապրիլի 22-ին ընկերությունը դիմում հղեց ոայխստագին՝ պահանջելով ձեռք առնել անհրաժեշտ միջոցներ հայերի ցեղասպանությանը վերջ տալու համար։ Այս դիմումը ևս մնաց անհետևանք։

Գ-հ.ը. նշանակալի գործ կատարեց՝ հավաքելով և հրապարակելով փաստաթղթեր Թուրքիայում հայերի կացության, ցեղասպանության, այդ խնդրում Գերմանիայի դերի ու դիրքորոշման վերաբերյալ։ Ընկերությունը գոյատևեց մինչև երկրորդ համաշխարհային պատերազմը։

Գրականություն

Lepsius J, Zum Gedachtnis, Potsdam, 1926.

Ս. Ստեփանյան

ԳԵՐՄԱՆԻԱՆ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ։ Գերմանիայի արտաքին քաղաքականության մեջ XIX դ. 70-ական թվականներից մինչև 1918-ը Հայկական հարցը սոսկ երկրորդական տեղ է զբաղեցրել՝

որպես համապարփակ Արևելյան հարցի մի մաս։ XIX դ. արևելյան հարցի սրումը պայմանավորված էր Օսմանյան կայսրության ակնհայտ թուլությամբ, ինչպես նաև եվրոպական տերությունների զավթողամոլական ձգտումներով։ Գերմա նիան, ի տարբերություն ռազմական տեսակետից ավելի հզոր «աոաջին կարգի» տերությունների՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի, քիչ թե շատ նշանակալի գաղութներ չուներ։ Իրատեսորեն գնահատելով Գերմանիայի հնարավորությունները՝ ռայխսկանցլեր Օ. Բիսմարկը հիմնականում սահմանափակվում էր մայրցամաքային քաղաքականությամբ ու արտաքին քաղաքական զսպվածությամբ Արևելքում։ Դրա հետ մեկտեղ նա կարևոր էր համարում անգլո-ոուս. դիմակայության պահպանումը։ Հենց այդ պատճառով էլ, երբ 1877-78-ի ոուս-թուրքական պատերազմում Ռուսաստանի հաղթանակից հետո Անգլիայի հետ երկկողմ համաձայնազրի հնարավորություն ստեղծվեց, Գերմանիան համառորեն պահանջեց վերանայել 1878-ի Սան Ստեֆանոյի պայմանագիրը։ Այդ նպատակով հրավիրվեց 1878-ի Բեռլինի կոնգրեսը. որի նախագահն էր գերմանական կանցլերը։ Արևմտահայերի համար Բեռլինի կոնգրեսը նշանակում էր Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածով թուրքերի կողմից տրված վարչական բարենորոգումների ու քրիստոնյա բնակչության պաշտպանության խոստումների ճակատագրական թուլացում և Ռուսաստանի հովանավորությունը պետությունների «համատեղ պատասխանատվությամբ» փոխարինում, որոնք այդպես էլ չկատարեցին Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածի պայմանները։

Անատոլիական երկաթգծի (կոնցեսիան տրվեց 1888-ին) և Բաղդադի երկաթուղու (1903) շինարարությամբ աճեց Գերմանիայի տնտեսական և քաղաքական շահագրգռվածությունը Օսմանյան կայսրությունում։ Դա արտահայտվեց նաև գիտաքաղ. մի շարք ընկերությունների (Մյունխենի արևելյան ընկերություն. 1901, Գերմանա-ասիական ընկերություն, 1902, Մարդասիրության բարեկամների Բաղդադի գերմանական կոմիտե. 1903-16, Գերմանական առաջավորասիական կոմիտե, 1906-07 ևն) հիմնադրմամբ, որոնք հետամուտ էին ավելի ակտիվ արևելյան քաղաքականության։

Թուրքիայի հայերի 1894-96-ի կոտորածները մի որոշ ժամանակ մթագնեցին գերմանա-թուրքական հարաբերությունները։ Բայց շատ շուտով թուրքերի օգնությամբ «աոաջին կարգի համաշխարհային տերություն» դառնալու Գերմանիայի ցանկությունը գերակա դարձավ քրիստոնեական համերաշխության նկատմամբ։ Ռայխսկանցլեր Խ. Հոհենլոեն կասկած հայտնեց, թե արդյո՞ք Գերմանիան հայկական կոտորածների համար պետք է պատերազմի սուլթանի դեմ։ Արտգործնախարարությունը մամուլին հայտնեց, թե նա չի միջամտում Թուրքիայի քաղաքականությանը։ ժամանակի առավել հայտնի թուրքամետ հրապարակախոսներից Հանս Բարտը նույնիսկ ընդունեց «թուրքերի ինքնապաշտպանության իրավունքը» ընդդեմ հայերի։ Կայսր Վիլհելմ ll-ը Կ. Պոլիս կատարած իր այցելության ժամանակ ընդգծեց իր բարեկամությունը արյունարբու սուլթան Աբդուլ Համիդ ll-ի հետ։

Գերմ. հանրային կարծիքը հարյուրամյակի վերջում գերազանցապես թուրքամետ էր։ Դրան նպաստում էին ծանրակշիռ քաղաքական և տնտեսական շարժառիթները. որոնք տատանվում էին մեծ Գերմանիայի գաղութատիր. պատրանքների և ավելի զուսպ «անուղղակի համաշխարհային քաղաքականության» ու «լիբերալ» կամ «կուլտուրական իմպերիալիզմի» միջև, ինչպես ազգ-լիբերալ դիրքերից քարոզում էր ազդեցիկ բողոքական քահանա և քաղաքագետ Ֆրիդրիխ Նաումանը։ Կառավարական քաղաքականությունը ըստ էության հետևում էր 1899-ին Ֆ. Նաումանի առաջարկած թուրք, պետության ուժեղացման և աջակցության քաղաքական գծին։ Հեռանալով Անգլիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի՝ Թուրքիայի անդամահատման բացահայտ ծրագրերից՝ Գերմանիան Թուրքիային ներկայանում էր որպես նրա մշտական ու հավատարիմ դաշնակից։ Ելնելով այն համոզումից, որ Թուրքիայի ամեն մի թուլացում հակասում է գերմ. շահերին, գերմ. առա