Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/188

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

1000 տուն հայ։ Հետագա դարերում հայերի թիվը բազմապատկվել է բռնագաղթի, աշխատանք որոնող պանդուխտների հաշվին (հիմնականում Սեբաստիայից, Ակնից, Կիլիկիայից, Կովկասից, Պարսկաստանից, Կեսարիայից են)։ XIX դ. սկզբին Կ-ում ապրել է 150 հազար, 1840-ական թթ. 222 հազար, 1880-ական թթ.՝ շուրջ 250 հազար հայ։ 1880-ական թթ.. Աբդուլ Համիդ ll-ի օրոք, արգելվել է հայերի մուտքը Կ., իսկ 1896-ի օգոստ. կազմակերպվել է տեղի հայերի զանգվածային կոտորած (զոհվել է շուրջ 10 հազար հայ)։ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին Կ-ում բնակվում էր 150 հազար հայ, որոնց մի մասը (հիմնականում մտավորականները) դարձել է Մեծ Եղեռնի զոհ։

Կ-ի հայ համայնքի ղեկավարը հայոց պատրիարքն էր։ 1844-ին ստեղծվել է Կ-ի համայնքի ներքին կյանքը կարգավորող մարմին ազգային ժողովը. 1847ին ազգային հոգևոր և գերագույն ժոդովները, իսկ 1860-ին ընդունվել է Ազգային սահմանադրությունը (հաստատվել է 1863-ին)։ Դրանցից զատ համայնքի հասարակական կյանքը կազմակերպել են ազգային, մշակութային, բարեգործ, միություններն ու ընկերությունները։ XIX դ. վերջին և XX դ. սկզբին գործել են նաև հայ ազգային կուսակցությունները։ Կ-ի առաջին կանոնավոր դպրոցը (ուր պատրաստվել են ուսյալ եկեղեցականներ) հիմնվել է XVIII դ. սկզբին։ 1859-ին Կ-ում կար 42 վարժարան, 1871-ին 48. 1893-ին 39, 1902-ին 40։

Կ. հայ տպագրության խոշոր կենտրոն էր։ Առաջին հայկական տպարանը հիմնվել է 1565-ին։ XIX դ. 1-ին կեսին գործել է 25, 2-րդ կեսին՝ շուրջ 30 տպարան։ Տպագրվել են հայկական գրքեր, պարբ-ներ։ Ցայսօր լույս է տեսել 334 անուն հայերեն պարբերական։

Կ-ում ձևավորվել ու զարգացել են արևմտահայ մանկավարժությունը, հրապարակախոսությունը, արևմտահայ գրակ. լեզուն, թատրոնը։ Հայ մտավորականներն ու գործարար մարդիկ նշանակալի դեր ու ավանդ ունեն Օսմանյան կայսրության մշակույթի ու տնտեսության զարգացման մեջ։

Կ-ի հետ են կապված հայկական հարցի պատմության շատ իրադարձություններ։ Կ-ի հայոց պատրիարքությունը և հայ հաս-քաղաքական շրջանները ձգտում էին ազդել Բ. դռան վրա՝ կոչ անելով նրանց զսպել տեղական իշխանություններին, ապահովել արևմտյան Հայաստանի հայ բնակչությանը նրանց վայրագություններից, կամայականություններից ու ոչնչացումից։ XIX դ. կեսից, Թուրքիայում կապիտալիստ, հարաբերությունների զարգացմամբ, Կ-ում սկսեց ձևավորվել թուրք, ազգային բուրժուազիան, որը, հակամարտության մեջ մտնելով ոչ թուրք., առաջին հերթին հայ բուրժուազիայի հետ, ձգտում էր դուրս մղել նրան կայսրությունում զբաղեցրած առաջավոր դիրքերից։ Այս հակամարտությունն էլ դարձավ հետագայում Օսմանյան կայսրությունում իրագործված հայերի ցեղասպանության գլխավոր պատճառներից մեկը։ 1877-78-ի ռուս-թուրքական պատերազմից հետո Կ-ի հայոց պատրիարքության նախաձեռնությամբ Սան Ատեֆանոյի պայմանագրի մեջ մտցվեց հոդված (16-րդ) արևմտահայերի կացության վերաբերյալ։ Կ-ում է ձևավորվել 1878-ի Բեռլինի կոնգրես ուղարկված ազգային պատվիրակությունը, որը պաշտպանելու էր Թուրքիայի հայերի շահերը։ Բեռլինի վեհաժողովից հետո, որը չարդարացրեց հայերի հույսերը, Կ-ի հայերը բազմիցս փորձեցին եվրոպական տերությունների ուշադրությունը հրավիրել հայերի օրըստօրե վատթարացող վիճակի վրա, պարտադրել սուլթանին և նրա կառավարությանը՝ կատարել գոնե Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածի պայմանները։ 1890-ի հուլիսին Կ-ի Գում Գափու թաղամասում (որտեղ գտնվում է հայոց պատրիարքարանը) հայերը կազմակերպեցին բողոքի ցույց ընդդեմ սուլթանական կառավարության քաղաքականության։ Գում Գափուի ցույցը ցրվեց, ընդհարումների հետևանքով եղան զոհեր. իսկ թուրք, իշխանությունները առիթը օգտագործեցին՝ կազմակերպելով հայերի ջարդ։ 1895-ի սեպտ. հայերը նոր քաղաքական ցույց կազմակերպեցին Բաբ Ափում (սուլթանի պալատի մոտ) ի պաշտպանություն «Մայիսյան բարենորոգումների» (1895) նախագծի, մասնակցում էր շուրջ 4 հազար հայ։ Իշխանությունները դաժան հաշվեհարդար տեսան խաղաղ ցուցարարների հետ, կազմակերպեցին կոտորած, սպանվեց շուրջ 2 հազար հայ (տես Բաբ Ալիի ցույց 1895)։ 1896-97-ին Կ-ում տեղի ունեցավ եվրոպական տերությունների դեսպանների կոնֆերանսը, 1913-ի հուլիսին՝ դեսպանների խորհրդակցությունը, ուր քննարկվեց արևմտյան Հայաստանում Հայկական բարենորոգումների (1912-14) խնդիրը։

Առաջին համաշխարհային պատերազմի սկզբից երիտթուրքական կառավարությունը ձեռնամուխ եղավ հայերի՝ վաղօրոք ծրագրված բնաջնջման իրագործմանը. 1915-ի ապրիլի 24-ին Կ-ում ձերբակալվեցին հայ մտավորականության ներկայացուցիչները 800-ից ավելի մարդ, և աքսորվեցին, հետագայում Կ-ից աքսորվեցին ևս 10 հազար հայեր։ 1915-ի հունիսին Կ-ի սուլթան Բայազետի հրապարակում կախաղան բարձրացվեցին հնչակյան կուսակցության 20 գործիչներ (այդ թվում Փարամազը)։ Պատերազմում Թուրքիայի պարտությունից (1918) հետո, երբ Կ. մտան անգլ., ֆրանս., իտալ. զորքերը. Կ. լքած կամ աքսորված շատ հայեր վերադարձան քաղաք։ 1919-20-ին Կ-ում տեղի ունեցավ երիտթուրքերի դատավարությունը։ 1923-ին Թուրքիայի մայրաքաղաքը Կ-ից փոխադրվեց Անկարա։ 1994-ին Կ-ում բնակվում էր շուրջ 50 հազար հայ։ Համայնքը ղեկավարում է հայոց պատրիարքը. գործում է Գաղութի ժողովը, որը հենվում է թաղային խորհուրդների վրա։ Գործում են վարժարաններ, մշակութային, մարզական կազմակերպություններ, հրատարակվում են պարբ-ներ։

Գրականություն

Պետրոսյան Յոլ. Ա, Հինավուրց քաղաքը Բոսֆորի ափերին, ե., 1989։

Կ. Խուդավերդյան

ԿՈՎԱԼԵՎՍԿԻ Մաքսիմ Մաքսիմովիչ (1851-1916), ռուս պատմաբան, ազգագրագետ. սոցիոլոգ։ Աշխատություն