Jump to content

Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/91

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

պատերազմի սկզբում թուրք, մարզերում մահապատիժներից, սպանություններից, սովից, հյուծախտից, հրդեհներից, գաղթի ճանապարհներին ու անապատներում զոհվել է ավելի քան մեկ միլիոն հայ (այլ աղբյուրները նշում են մինչև 2.000.000 մարդ)» ("Летопись…", 2 հրտ., 1940, էջ 115)։ «Էմիլ Վերհառնը Հայաստանի մասին» հոդվածում Բ. քննել է բելգիացի պոետի «Պատերազմի կարմիր թևերը» (1916) ժող., որտեղ դատապարտվում է իմպերիալիստական պատերազմը, խոսվում խոշտանգված Հայաստանի մասին, մերկացվում նաև Գերմանիայի քաղաքականությունը, որը Թուրքիայի իշխանությունների հետ կազմակերպել է հայերի ցեղասպանությունը։ «Ինչպես դադարեցնել պատերազմը» (1917) գրքում Բ., խոսելով հաշտություն կնքելու անհրաժեշտության մասին, գտնում է, որ քննարկման և արդար լուծման ենթակա առաջնահերթ հարցերից է արևմտյան Հայաստանի ճակատագիրը, որը «զրկվել է հիմնական բնակչությունից»։

Երկեր Летопнсь историческинх судеб армянского народа (от VI в. до р. Хр. по наше время ), Е, 1989; Об Армении и Армянской культуре, Е, 1963.

Գրականություն

Амирханян М. Д., Русская художественная литература и геноцид армян, Е, 1988; Брюсов и Армения, кн. 1-2, Е, 1988-89.

Ա. Զաքարյան

ԲՈՒԼԱՆԸԽ, Բ ու լ ա ն ը կ, գավառակ արևմտյան Հայաստանի Բիթլիսի նահանգի Մշո գավառում, Արածանի (Մուրադ) գետի և նրա վտակներ Քոռսուի (պատմ. Կորոձոր) ու Լիգի հովտում, ներառում է նաև Խաչլի (Խազան) քաղցրահամ լճակը։ Բլեջան փոքրիկ լշղթայով բաժանվում էր 2 մասի՝ Վերին Բ. (արլ.) և Ներքին Բ. (արմ.)։ Համապատասխանում է Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Հարք գավառին։ Կենտրոնը Կոփ (Կոպ) ավան։

Օսմ. թուրքերի նվաճումը և քրդական ցեղերի մուտքը խախտել են Բ-ի էթնիկ, անաղարտությունը։ Կրոն, և ազգային ճնշումը, միջցեղային ընդհարումները բազմաթիվ հայ ընտանիքների ստիպել են գաղթել։ «Ղըշլաղային համակարգի» (իրենց հոտերով հայկական գյուղերում քոչվորների ձմեռելը) հետևանքով XIX դ. 1-ին քառորդին արդեն Բ-ի մի շարք բնակավայրեր վերջնականապես լքվել են։ Այստեղ 1830-40-ական թթ. մշտապես հաստատվել են քրդեր (հատկապես Ներքին Բ-ում)։ 1870-ական թթ. վերջին - 1880-ական թթ. սկզբին թուրք, կառավարությունը, քաղաքական նկատառումներով, Բ-ի որոշ գյուղերում բնակեցրել է նաև հյուսիսկովկասյան լեռնականների բարձրացնելով մահմեդականների տեսակարար կշիռը։ Չնայած այս ամենին, Բ. Բիթլիսի նահանգի ամենահայաշատ գավառակներից Էր։ Վանի ռուս, փոխհյուպատոսարանի տվյալներով, 1880-ական թթ. կեսին հայերը կազմել են Բ-ի բնակչության 67 %-ը (ավելի քան 20 հազար մարդ)։ Չնայած հետագայում, հատկապես 1895- 96-ի հայկական կոտորածների ժամանակ, չընդհատվող բռնությունների պատճառով հայերի արտագաղթը շարունակվել է, սակայն ընդհուպ մինչև առաջին համաշխարհային պատերազմը նրանք կազմում էին բացարձակ մեծամասնություն։ Մշո առաջնորդարանի տվյալներով, 1915-ին Բ-ի 27 գյուղերում ապրում էին 25267 հայեր (բնակչության ավելի քան 62 %-ը)։ Հայաշատ Էին հատկապես Կոփ ավանը (4513 մարդ), Թեղուտ, Կարաղըլ, Համզաշեյխ, Յոնջալու, Շեյխ-Յաղուբ, Շիրվանշեյխ, Ոտնչոր, Քաքառլու (Վերին Բ.), Լիզ, Խոշգյալդի (Ներքին Բ.) գյուղերը։

1915- ին, Մեծ եղեռնի ժամանակ, Բի հայերը ևս ենթարկվել են զանգվածային կոտորածների։ Ներքին Բ-ի 12 գյուղերի 7000-ից ավելի հայերից փրկվել են ընդամենը 582-ը, հիմնականում կանայք և երեխաներ։ Բ-ի հայ բնակչությունը մեծ մասամբ փրկվել Է՝ գաղթելով ռուս, բանակի գրաված Մանազկերտ, թեև այստեղ էլ որոշ գյուղերում եղել են կոտորածներ (Կարաղըլ, Համզաշեյխ և Շիրվանշեյխ գյուղերի 3777 հայերից փրկվել է հազիվ 1/3-ը)։ Փրկվածները գաղթել են արևելյան Հայաստան։ Ըստ թուրք, մարդահամարի, երբեմնի հայաշատ և խիտ բնակեցված Բ-ում 1927-ին ապրում էր ընդամենը 5297 մարդ։

Գրականություն

Ա Դո, Վանի, Բիթլիսի և էրզրումի վիլայեթները, Ե., 1912։ Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում, Մ. Գ. Ներսիսյանի խմբ., Ե., 1991։ Колюбакин А. М., Материалы для военно-статистического обозрения Азиатской Турции, т. 8, ч. 2, Т., 1890.

Գ. Բա դա լյան


ԲՈՒԼՂԱՐԱՑԻ ԳՐԻԳՈՐ (Կյոզեյան Գրիգոր) (՞ ), ազգային-ազատագրական շարժման մարտիկ։ Ծնվել է Կարինում։ Ծնողների հետ գաղթել է Բուլղարիա։

Երիտասարդ հասակում անցել է արևելյան Հայաստան, Ալեքսանդրապոլում, Հառիճում և Գանձակում զբաղվել զինագործությամբ ազատագրական պայքարի համար զենք պատրաստելու նպատակով։ Ցարական իշխանությունների հետապնդումից խուսափելով՝ անցել է Ղարաբաղ, ապա՝ Վան։ 1915-ի Վանի ինքնապաշտպանության ժամանակ որպես զինվորական մարմնի անդամ մասնակցել է թուրք, հրոսակախմբերի դեմ մարտական գործողություններին, ձուլել 3 թնդանոթ։ 1918-ին, Վանից հայերի վերջին գաղթից հետո, անցել է Պարսկաստան, ապա՝ Իրաք։

Հ. Պողոսյան

ԲՈՒԼՂՈՒՐՃՅԱՆ Նեփդե (ծ. 1948), պատմաբան, պրոֆեսոր (Արգենտինա)։ Ավարտել է Բուենոս Այրեսի համալսարանի պատմության ֆակուլտետը (1973)։ Դասախոսել է տարբեր վարժարաններում և համալսարաններում։ 1987-ից Պատմաբանների արգենտինյան ընկերության անդամ է։ Զբաղվում է հայ ժողովրդի պատմությամբ (ժամանակակից շրջան), մասնավորապես՝ Արգենտինայի հայ գաղութի պատմությամբ։ Բուենոս Այրեսի Հայ կենտրոնի նախաձեռնությամբ ղեկավարել է գիտաշխատողների մի խումբ, որն զբաղվել է հայկական հարցի, հայերի ցեղասպանության (1890-1923) վերաբերյալ արգենտինյան մամուլի վկայությունների հավաքմամբ։ Փաստաթղթերի ժող-ի 1-ին հատորը, որն ընդգրկում է 1890-1900-ի Ժամանակաշրջանը, լույս է տեսել 1988-ին, իսպ., «Հայկական ցեղասպանությունը արգեն