Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/134

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Երկաթուղային կայարան է։ Ունի ցեմենտի և շինանյութերի գործարաններ, կահույքի ֆաբրիկա։ Ա–ի շրջանում են գտնվում Սադոնի կապարի–ցինկի հանքերը։

ԱԼԱԳՅԱԶ (մինչև 1938՝ Մեծ Ջամշլու), գյուղ Հայկական ՍՍՀ Արագածի շրջանում, Քասաղ գետի աջ ափին, շրջկենտրոնից 9 կմ հյուսիս, Ապարան–Սպիտակ խճուղու վրա։ 675 բն. (1970), քրդեր, հայեր։ 1938–49-ին եղել է համանուն շրջանի կենտրոնը։ Ա–ի կաթնաանասնապահական սովետական տնտեսությունը զբաղվում է նաև հացահատիկի մշակությամբ։ Ունի պանրագործարան, միջնակարգ դպրոց, հիվանդանոց, դեղատուն, մշակույթի տուն, գրադարան, անասնաբուժարան, կապի բաժանմունք, կինո։ Հիմնադրվել է XIX դ. սկզբներին։


ԱԼԱԳՅԱԶԻ ՈՉԽԱՐԱԲՈՒԾԱԿԱՆ–ՏՈՀՄԱԲՈՒԾԱԿԱՆ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, գտնվում է Հայկական ՍՍՀ Թալինի շրջանում։ Կազմակերպվել է 1930-ին։ 1970-ին ունեցել է 11,3 հզ. գլուխ ոչխար (հիմնականում՝ արագածյան ոչխարի ցեղախումբ)։ Ընդհանուր հողային տարածությունը՝ 15,3 հզ. հա, որից 8,1 հզ. հա օգտագործվում է գյուղատնտեսական արտադրության համար, այդ թվում վարելահող՝ 1,6 հզ. հա։ Արտադրական բարձր ցուցանիշների համար տնտեսության բանվոր Մ. Առաքելյանն արժանացել է սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման։ Տես նաև Արագած ավան։


ԱԼԱԳՅՈԼԵՐ (Մեծ և Փոքր), անհոսք լճեր Ղարաբաղի բարձրավանդակի հյուսիս–արևմուտքում՝ Ալագյոլերի գոգավորությունում։ Մեծ Ալագյոլի բարձ. 2729 մ, մակերեսը՝ 5,3 կմ², ջրի ծավալը՝ մինչև 32,5 մլն. մ³։ Փոքր Ալագյոլի բարձ. 2743 մ, մակերեսը՝ 1,6 կմ², ջրի ծավալը՝ մինչև 9,4 մլն. մ³։ Սնումը խառն է, ջուրը՝ պարզ, մաքուր, օգտագործվում է անասուններին ջրելու համար։


ԱԼԱԳՅՈԼԵՐԻ ԳՈԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, միջլեռնային փակ գոգավորություն Ղարաբաղի բարձրավանդակի հյուսիս–արևմուտքում, բարձրությունը՝ 2729–2900 մ։ Երկարությունը՝ 20 կմ, լայնությունը՝ 8 կմ, տարածությունը՝ 140 կմ²։ Կազմված է նեոգենի և անթրոպոգենի դարաշրջանների հրաբխային ապարներից։ Փորակի երիտասարդ լավային հոսքերով բաժանվում է արևմտյան և արևելյան մասերի։ Ռելիեֆը ալիքավոր է, բլրապատ։ Լավային հոսքերի շրջանում տարածված են քարակարկառներ։ Ա. գ–ում են գտնվում Մեծ և Փոքր Ալագյոլ լճերը (տես Ալագյոլեր)։ Հարուստ է հորդառատ աղբյուրներով և ալպյան բուսականությամբ:


ԱԼԱԳՈԱՍ (Alagoas), նահանգ Բրազիլիայի արևելյան մասում, Ատլանտյան օվկիանոսի ափին։ Տարածությունը՝ 27,7 հզ․ կմ²։ Բնակչությունը՝ 1439 հզ. (1970)։ Վարչական կենտրոնը և գլխավոր նավահանգիստը՝ Մասեյո։ Ծովափնյա հարթավայրում զարգացած է շաքարեղեգի, իսկ Բրազիլական բարձրավանդակում՝ բամբակենու մշակությունը։


ԱԼԱԴԱԹՑԱՆ Նիկողայոս Հովհաննեսի (1833–1875), հայ դրամատուրգ։ Ծնվել է Թիֆլիսում։ Սովորել է Լազարյան ճեմարանում և Մոսկվայի համալսարանում։ Հայտնի է «Վա՜յ, իմ կորած հիսուն ոսկին» մեկ գործողությամբ վոդևիլով, որտեղ արտացոլել է XIX դ. կեսերի թիֆլիսահայ վաճառականների կյանքը։ Առաջին անգամ բեմադրել են Մոսկվայի համալսարանի հայ ուսանողները՝ հեղինակի մասնակցությամբ (27.1. 1859)։ Տպագրվել է «Հայկական աշխարհ» հանդեսում (1866, №№ 6–7)։ Մահացել է 1875-ի հուլիսի 25-ին։

Գրկ. Նալբանդյան Մ., Երկ. լիակտ. ժող., հ. 1, Ե., 1945, էջ 392։


ԱԼԱԶԱՆ Վահրամ Մարտիրոսի (իսկական ազգանունը՝ Գաբուզյան, 1903– 1966), հայ սովետական գրող, գրական–հասարակական գործիչ։ Ծնվել է մայիսի 6(19)–ին, Վան քաղաքում։ 1914-ին գաղթել է Երևան, ընկել որբանոց։ 1922–30-ին աշխատել է տպարանում, խմբագրել «Տպագրական բանվոր» թերթը։ Եղել է Հայաստանի պրոլետգրողների ասոցիացիայի նախագահ (1923–32), Հայաստանի և Անդրֆեդերացիայի Կենտգործկոմների անդամ (1923–36), Հայաստանի գրողների միության վարչության առաջին քարտուղար (1933–36), «Գրական թերթ»–ի խմբագիր (1932–36)։ Ա–ի «Տարիների խաղը» (1922), «Երգեր կառուցման և հաղթանակի» (1930) և «Մաքառումներ» (1933) բանաստեղծությունների ժողովածուները նոր ձևավորվող սովետահայ գրականության ուշագրավ երևույթներից էին։ Արձակ գործերից են «Դասալիքը» (1927) վիպակը և արդյունաբերական թեմայով գրված «Վաթսուներորդ հորիզոնում» (1934) վեպը։ Ա. արձակ ու չափածո գործերում պատկերել է հեռավոր Սիբիրի կյանքը, մարդկանց աշխատանքային սխրանքները Հայրենական մեծ պատերազմի տարիներին։ խոհական–փիլիսոփայական բնույթի «Հորիզոններ» (1957) ժողովածուում դրսևորել է իր հավատամքը մարդու և արդարության հաղթանակի նկատմամբ։ Մահացել է մայիսի 17-ին, Երևանում։

Երկ. Բանաստեղծի սիրտը, Ե., 1954։ Հյուսիսային աստղ, 2 վերամշ. երտ., Ե., 1958։ Հուշեր, Ե., 1967։ Անտիպ երգեր, Ե., 1972։ Գրկ. Սովետահայ գրականության պատմության, հ. 1, Ե., 1961, էջ 558-62։


ԱԼԱԶԱՆ (վրաց. խոնավ վայր), գետ Վրացական ՍԱՀ–ում և Ադրբեջանական ՍԱՀ–ում (մասամբ հոսում է երկու հանրապետությունների ընդհանուր սահմանով)։ Երկարությունը՝ 351 կմ, ավազանը՝ 10800 կմ²։ Սկիզբ է առնում Մեծ Կովկասի Բորբսւլո գագաթից և թափվում Մինգեչաուրի ջրամբարը։ Վերին հոսանքում լեռնային է՝ արագահոս, Կախեթի հարթավայրում՝ դանդաղահոս։ Սնումը՝ խառը։ Ծախսը՝ մոտ 98 մ³/վրկ.։ Ընդունում է բազմաթիվ վտակներ, որոնցից ամենամեծը Աղրիչայն է։ Հորդանում է գարնան վերջին և ամռան սկզբին։ Օգտագործվում է ոռոգման համար։

Հայկական աղբյուրներում հայտնի է Աղուան անունով։


ԱԼԱԹԱՈՒՍՅԱՆ ՏԱՎԱՐԻ ՑԵՂ, կաթնամսատու ցեղ, ստացվել է Կիրգիզական ՍՍՀ–ում և Ղազախական ՍՍՀ–ում՝ տեղական տավարի, շվիցի և կոստրոմյան ցեղերի տրամախաչումից։ Հաստատվել է 1950-ին։ Հարմարված է լեռնային պայմաններին, ունի զարգացած ոսկրակազմ ու մկաններ, ամուր կճղակներ, լայն Ա խոր կուրծք, հիմնականում գորշ գույն։ Ցուլերի կենդանի քաշը՝ մոտ 800 կգ, կովերինը՝ 500–550, սպանդային ելքը՝ 54–62%, կաթնատվությունը՝ 4000–5000 կգ, կաթի յուղայնությունը՝ 3,8–3,9%:


ԱԼԱԹՈւՄԱՆ, գյուղ Վրացական ՍՍՀ Ախալքալաքի շրջանում, շրջկենտրոնից 25 կմ հյուսիս։ 1120 բն. (1969), հայեր։ Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կարտոֆիլի մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, գրադարան, բուժկայան, կինո։ Հիմնադրել են Էրզրումի վիլայեթի Կաղդարիչ գյուղից գաղթած հայերը 1830-ին։


ԱԼԱԽԱՁԵ, գյուղ Աբխազական ԻՍՍՀ Գագրայի շրջանում, Բզիր գետի ափին, Գագրայից 15 կմ հարավ–արևելք։ 4138 բն. (1968), հայեր, վրացիներ։ Կոլտնտեսության հիմնական զբաղմունքն է ծխախոտի, եգիպտացորենի մշակությունը, այգեգործությունը, բանջարաբուծությունը: Ա–ում կա թռչնաբուծական ֆաբրիկա։ Գյուղն ունի միջնակարգ դպրոց, ակումբ, բուժկայան, կինո։ Հայերը եկել են Սամսունից, 1913-ին։


ԱԼԱՀԻ, գյուղ Նախիջևանի ԻՍՍՀ Օրդուբադի շրջանում, շրջկենտրոնից 45 կմ հյուսիս–արևմուտք, Գիլանչայի վերին