պտտական կյանքը մասամբ աշխուժացավ, բայց 866-ին արաբները նորից ասպատակեցին։ Բյուզանդական Վասիլ և Լևոն կայսրերը (սկսած 867-ից) պաշտպանեցին ու արտոնեցին աթոսաբնակներին։
Նիկեփոր II Փոկաս կայսեր (963–969) խորհրդով նրա ազգական Աթանասը (ծն. 920 – մահ. 1011) Սդուդիոնի Սուրբ Հովհաննես վանքում ուսանելուց հետո հաստատվել է Ա–ում, կոչվել Աթանաս Աթոսացի, հիմնել նոր միաբանություն, առաջին հոյակապ Մեծ Լավրա (Meghiste Lavra) վանքը, սահմանել վանական կյանքի «կանոնադրությունը և պարտադրել կապվել մայրաքաղաք Բյազանդիոնին։ Աթանաս Աթոսացու գործունեությամբ վանական կյանքի մեծ վերելք սկսվեց։ Ուղղադավան տարազգի (հույն, հայ, սլավոն, վրացի, ասորի են) վանքերի ընդհանուր ղեկավարությունն իրացնում էր վարչությունը՝ պրոտոսի գլխավորությամբ (ներքին կյանքը մանրամասն նկարագրված է Հովհան Չմշկիկի «Սահմանք»–ում)։ Աթոսացի հայ քաղկեդոնականները հիմնականում Տայքից էին։ XIII դ. նրանք գործակցել են սլավոն վանականների հետ (այստեղ գրված սլավոնական մի ձեռագիր ունի հայատառ պրակակալ)։ Նշանավոր կառույցներից է Աթանաս Աթոսացու տաճարը (Մեծ Լավրան, կառուցվել է 963–1004), որ տեղադրված է Ա–ի արևելյան ծայրում՝ նվիրված նրա հիմնադիր Աթանաս Աթոսացուն։ Շրջապատված է աշտարակավոր պարիսպներով, նրանց հարած՝ դեպի բակը բացվող օժանդակ շինություններով։ Ներքին ազատ տարածության գլխավոր առանցքի երկարությամբ շարված են կաթողիկեն, գավիթը, կամարաշար նախասրահը, կողմերում՝ կաթողիկեի տիպով երկու մեծ մատուռներ։ Նախասրահի առջև սուրբ ջրի աղբյուրն է և խաչաձև հատակագծով սեղանատունը։ Կաթողիկեն քառաբսիդ է (մուտքի խորշը հավանաբար վերացվել է հետագայում՝ գավիթը կառուցելիս), կենտրոնական սրահը քառակուսի է և ունի գմբեթակիր չորս ազատ մույթեր։ Հատակագծային ու ծավալային այս օրինակով կառուցվել են Ա–ի մյուս վանքերի մի քանի եկեղեցիներ, ինչպիսիք են՝ Վատոպեդին (X դ. վերջ), Խիլինտարը, վրացական Իվիրոնը, ռուսական Քսիլիրգուն (մինչև 1016), Պանտելեյմոնը ևն։ Քառաբսիդ, գմբեթակիր չորս մույթերով կառուցվածքը ճարտարապետական մոնումենտալ այն ձևերից է, որ սկիզբ է առել Հայաստանում (Բագարան, 624–630), նախատիպ եղել Կ. Պոլսի կայսերական պալատի Նեա մատուռի (IX դ․), Միլանի Սան Սատիրո (868–881), Ֆրանսիայի Ժերմինի–լե–Պրե (IX դ. սկիզբ) և աթոսյան եկեղեցիների համար (X դ. սկսած)։ Տաճարներում կան որմնանկարներ, խճանկարներ (վաղ օրինակները XI դ. ևն)։ Վանքերը բազմիցս վերանորոգվել և վերականգնվել են։ Նրանցում պահպանվում են 10 հազարից ավելի հունարեն, սլավոներեն և այլ լեզուներով ձեռագրեր (այդ թվում՝ Աթանաս Աթոսացու «Կանոնադրության» բնագիրը, միակ ընդօրինակումը Լենինգրադում է), սրբապատկերների, դեկորատիվ–կիրառական արվեստի առարկաների հարուստ հավաքածու։
Գրկ. Порфирий [Успенский К. А.] Описание монастырей Афонских…, СПБ, 1848; Նույնի, История Афока, Т. 1-3, Киев, СПБ, 1877-92; Alpago Novello A., Grecia Bizantina, Milano, 1969 (ունի մատենագիտական ցանկ)։
ԱԺԱԵՎ Վասիլի Նիկոլաևիչ (1915-1968), ռուս սովետական գրող։ Ծնվել է հունվարի 30 (փետր. 12)–ին, Մոսկվայի նահանգի Սոցկոյե գյուղում։ Հայտնի է «Մոսկվայից հեռու» վեպով (1948, ՍՍՀՄ պետական մրցանակ, 1949, հայ. հրտ., Ե., 1950), որտեղ պատկերված են սովետական մարդկանց աշխատանքային սխրագործությունները Հայրենական պատերազմի տարիներին։ Մահացել է ապրիլի 27-ին, Մոսկվայում։
ԱԺԲԵ (Aẑbè) Անտոն (1862–1905), սլովեն նկարիչ։ Ծնվել է մայիսի 30-ին, Դոլենչիցեում (Սլովենիա)։ 1891-ին Մյունխենում հիմնել է գեղարվեստական դպրոց, որտեղ սովորել են գլխավորապես սլովեն և սերբ նկարիչներ, ինչպես և՝ Հ. Կ. Կոջոյանը, Ի. Է. Գրաբարը և ուրիշներ։ Ա–ի ռեալիստական գործերից են՝ «Ինքնանկար» (մոտ 1890), «Նեգրուհի» (մոտ 1895)։ Ա–ի ստեղծագործությունը կրել է իմպրեսիոնիզմի ազդեցությունը։ Մահացել է օգոստ. 6-ին, Մյունխենում։
Գրկ. Молева Н. М. и Белютин Э. М., школа Антона Ажбе, М., 1958.
ԱԺԴԱՀԱԿ (այլ անվամբ՝ Զոհակ, «Զենդ Ավեստա»–ում՝ Աժի Դահակ, արաբ. հնդկ. արտասանությամբ՝ Դահհակ, Ահիս Դասակա), պարսից առասպելական կերպար։ Երեք գլխանի, երեք բերանով և վեց աչքով ամպրոպային վիշապ, որին իբր ստեղծել է չար ոգին՝ մարդկային ցեղը ոչնչացնելու համար։ Ըստ առասպելի, դյուցազն Ֆրեդունը (հայերեն՝ Հրուդեն) դարբին Կավեի օգնությամբ հաղթել է նրան և գամել Դեմավենդ սարին, որտեղ մնալու է մինչև աշխարհի վերջը։ Ա–ի առասպելը ավանդել են Մովսես Խորենացին (V դ.), Ֆիրդուսին (X–XI դդ.)։ Ա–ի կերպարը հանդիպում է հայոց հին բանահյուսության մեջ որպես և՛ մարաց թագավոր, և՛ վիշապ (տես «Տիգրան և Աժդահակ»)։
Գրկ. Էմին Մ., Վեպք հնոյն Հայաստանի, Մ., 1850, էջ 50-75։ Ակինյան Ն., Դարձյալ Մազդակ և Մովսես Խորենացի, «ՀԱ», 1936, № 7–9։ Չուգասզյան Բ. Լ., Հայ–իրանական գրական առնչություններ, Ե., 1963։
ԱԺԴԱՀԱԿ, Գեղամա լեռնաշղթայի (ՀՍՍՀ) ամենաբարձր գագաթը (3598 մ) Հանգած հրաբխային կոն, 500 մ շրջագծով և 40–50 մ խորությամբ խառնարանով, որի հատակը ծածկված է ջրով։ Ա. առաջացել է վերին անթրոպոգենի դարաշրջանում՝ հրաբխային արտավիժումների և լավային արտահոսքի հետևանքով։ Կազմված է գորշավուն խարամներից, լյապիլներից և հրաբխային ռումբերից։ Տարվա մեծ մասը ձյունածածկ է։ Լանջերը լերկ են։
ԱԼ, ալք (այլ անվամբ՝ օլ), առասպելական կենդանիներ կամ չար ոգիներ՝ մի շարք ժողովուրդների հին հավատալիքներում։ Պարսիկների պատկերացմամբ՝ կնոջ կերպարանքով ժանտատեսիլ կենդանիներ են, ըստ վրացիների՝ անտառային ոգի։ Ա–երը լինում են երկու սեռի, ինչպես հռոմեական ստրիգներն ու սիլվաները ևն։ Հայոց ժողովրդական հավատալիքներում Ա–երը բրդոտ են, կես–մարդկային, կես–կենդանական կերպարանքով, հրեղեն աչքով, պղնձե եղունգներով ևն։ Համարվել են թշնամի՝ առանձնապես ծննդկան կանանց և նորածինների։ Այս հավատքը ծագել է նախապատմական ժամանակներում՝ մարդու և շրջապատող աշխարհի մասին մութ պատկերացումներից։ Նույնչափ հին են այդ ոգիներից պաշտպանվելու հմայական միջոցները (օրինակ, ծննդկանի անկողնին կամ բարձի տակ երկաթե իրեր դնելը ևն)։ Պահպանվել են բերանացի «ծննդկանի աղոթքներ», գրավոր հմայեկներ («գիր պահպանության», «պահպանակ») ևն։ Ըստ ժողովրդական հավատալիքի, ծննդկանին օգնում են նաև բարի ոգիները՝ երկու աղջիկներ (Ուրբաթամուտն ու Չորեքմուտը) և նրանց կրտսեր եղբայրը (Կիրակմուտ կամ Հիշտեկ)։ Այստեղ նկատելի են ծննդկան կանանց խնամակալ Աստղիկ դիցուհու և նախնիների պաշտամունքի հետքերը։ Կան նաև զրույցներ Ա–երի մասին։ Այս հավատքը հայերից անցել է քրդերին «ալք» անվանումով։
Գրկ. Ալիշան Ղ., Հին հավատք կամ հեթանոսական կրոնք հայոց, Վնտ., 1895։ Աբեղյան Մ., Հայ վիպական բանահյուսություն, Երկ., հ. Ա., Ե., 1966, էջ 32 – 38։ Abeghian M., Der Armenische Volksglaube, Lpz., 1899.
ԱԼ (ադրբ. Ալագյոլ), անհոսք լիճ Հայկական ՍՍՀ և Ադրբեջանական ՍՍՀ սահմանագլխին, Ղարաբաղի բարձրավանդակի կենտրոնական մասում, բարձ. 2974 մ։ Մակերեսը՝ 0,53 կմ², միջին խորությունը՝ 1,88 մ։ Սնվում է գլխավորապես մթնոլորտային տեղումներով։ Ձմռանը սառչում է մինչև հատակը։ Ջուրը մաքուր է և պարզ, ամռանը միջին ջերմաստիճանը՝ 12°C։ Օգտագործվում է անասուններին ջրելու համար։
ԱԼԱԲԱՄԱ (Alabama), նահանգ ԱՍՆ–ի հարավում։ Տարածությունը՝ 133,7 հզ. կմ²։ Բնակչությունը՝ 3373 հզ. (1970, մոտ 30%՝ նեգրեր), այդ թվում 55%՝ քաղաքներում։ Վարչական կենտրոնը՝ Մոնտգոմերի։ Հարավային մասը ցածրադիր հարթավայր է։ Հյուսիսում և հյուսիս–արևելքում Ապալաչների հարավային վերջավորություններն են և նրանց նախալեռները։ Ա–ում զբաղվում են բամբակի, գետնանուշի, եգիպտացորենի մշակությամբ, անասնապահությամբ և թռչնաբուծությամբ։ Բիրմինհեմի շրջակայքում զարգացած է սև մետալուրգիան։ Արդյունահանում են՝ երկաթի հանքաքար, քարածուխ, կրաքար, նավթ, մարմար։ Թեննեսի գետի հովտի էլեկտրակայանների բազայի վրա ստեղծվել է ալյումինի, պայթուցիկ նյութերի, պարարտանյութերի խոշոր արտադրություն։ Կան նաև տեքստիլ, սննդի, ցեմենտի, փայտամշակման, հրթիռային արդյունաբերության ձեռնարկություններ։ Գլխավոր նավահանգիստը Մոբիլն է (Մեքսիկական ծոցի ափին)։
ԱԼԱԳԻՐ, քաղաք, Հյուսիս–Օսեթական ԻՍՍՀ Ալագիրի շրջանի վարչական կենտրոնը, Արդոն գետի ափին, Ռազմա–Օսեթական ճանապարհի վրա։ 18,2 հզ. բն. (1970)։