Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/135

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ավազանում, Կապուտջուղից արևմուտք։ 76 բն. (1971), հայեր, ադրբեջանցիներ։ Բիստ և Նասիրվազ գյուղերի հետ կազմում են Բիստի գյուղսովետը և միավորված են մեկ կոլտնտ. մեջ (տես Բիստ

ԱԼԱՀՎԵՐԴԻ ԽԱՆ (ծն. թ. անհտ. – 1614), Սեֆյան շահ Աբբաս անվանի զորավարներից, Ֆարս նահանգի բեգլարբեկի (կառավարիչ), 1603–08-ի թուրք–պարսկական պատերազմների մասնակից, ազգությամբ հայ։ Մեծ դեր է խաղացել ղզլբաշների նոր բանակի կազմավորման գործում։ 1604-ին Ա. խ. արշավել է մինչև Արճեշ՝ խստագույնս հրահանգելով իր զինվորներին չդիպչել խաղաղ բնակչությանը։ 1605-ին Թավրիզի մոտ պարտության է մատնել Ջղալ–օղլի Սինան փաշայի բանակը և հալածել մինչև Վան։ Ա. խ. իր բեգլարբեկության շրջանում կատարել է շինարարական աշխատանքներ Շիրազում և Սպահանում (կամուրջ Սպահանի Զայենդերուդ գետի վրա ևն)։ Մահացել է Սպահանում և թաղվել Մաշհադի իմամ–Ռիզայի սրբավայրին կից կառուցված հատուկ դամբարանում։

Գրկ. Առաքել Դավրիժեցի, Պատմութիւն, Վաղ–պատ, 1896։


ԱԼԱՀՎԵՐԴՅԱՆ Հակոբ Հովսեփի (1848 – մոտ 1912), հայ բանահավաք, մանկավարժ, հասարակական գործիչ։ Ծնվել է Կ. Պոլսում։ 1880–82-ին եղել է ուսուցիչ Զեյթունում։ Գրել է «Ուլնիա կամ Զեյթուն» (1884) ազգագրական–բանահյուսական ուսումնասիրությունը, ուր տրված են զեյթունցիների կյանքն ու կենցաղը, բերված են նմուշներ նրանց բանահյուսությունից և բարբառից։ Հեղինակել է նաև «Անձնապանի մը բողոքը» (1909) ինքնակենսագրական և «Համայնասնունդ և սեղան ի քառակերպն» (1911) մանկավարժական բնույթի գրքույկները։


ԱԼԱՄԱՆ, գյուղ Մեծ Հայքի Այրարատ նահանգի Շիրակ գավառում, Ալաջա լեռան հարավային ստորոտում, Անիից հարավ–արևմուտք։ Հայտնի է Ս. Անանիա եկեղեցով, որը կառուցել են (637) իշխան Գրիգոր Եղուստրը և նրա կին Մարիամը։ Ոչ մեծ, եռաբսիդ, խաչաձև եկեղեցի է, արևտյան ուղղանկյուն թևով։ Աբսիդները ներսից կիսաշրջանաձև են, դրսից՝ բազմանիստ, մուտքերը՝ արևմտյան և հարավային ճակատներում։ Թմբուկի փոխանցումը գմբեթի տրոմպային է, երկշարք։ Թմբուկը ներսից շրջագծային է, դրսից՝ ութանիստ։ Քիվերի ձևերը, պսակների դեկորատիվ հարդարանքը կրկնում են VII դ. ընդհանրացած մոտիվները։

Նկարում` Ալաման։ Ս. Անանիա եկեղեցին։ 637։

Նկարում` Հ. Մ. Ալամդարյան։


ԱԼԱՄԴԱՐՅԱՆ Հարություն (Գևորգ) Մանուկի (1795–1834), հայ բանաստեղծ, մանկավարժ, հասարակական–քաղաքական և եկեղեցական գործիչ։ Ծնվել է հունվարի 14(25)–ին, Աստրախանում, արհեստավորի ընտանիքում։ Ավարտել է Աղաբաբյան դպրոցը։ 1813-ին հրավիրվել է Մոսկվա. եղել է դպիր՝ Լազարյանների մոտ, ապա՝ Լազարյան ճեմարանի առաջին տեսուչը և ուսուցիչ։ Միաժամանակ դասախոսություններ է լսել Մոսկվայի համալսարանում։ 1824–30-ին Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի տեսուչն էր. այդ տարիները դպրոցի պատմության մեջ հայտնի են «դար Ալամդարյան» անունով։ Ռուս–պարսկական պատերազմի ժամանակ Ա. օգնել է հայ կամավորական գումարտակի կազմակերպմանը (1827)։ Ա. ուներ ռուսական կողմնորոշում, բայց պաշտպանում էր հայ եկեղեցական և ազգային–լուսավորական հաստատությունների ինքնուրույնությունը՝ փաստորեն դիմադրելով ցարիզմի ձուլման քաղաքականությանը։ Մեղադրվել է որպես Ներսես Աշտարակեցու գաղափարակից, և Ի. Պասկևիչի թելադրանքով Էջմիածնի Սինոդը նրան աքսորել է Հաղպատ (1830)։ Կյանքի վերջին տարիներին ապրել է Նոր Նախիջևանի Ս. Խաչ վանքում (1832–34), որտեղ և դավադրաբար սպանվել է մայիսի 25 (հունիսի 6)–ին։

Ա. գրել է քնարական–սիրային բանաստեղծություններ, ձոներ, առակներ, պատմական ողբերգություն («Հռադամիզդ և Զենոբիա», 1824–28, անավարտ)։ Մեզ հասած բանաստեղծություններից առաջինը գրել է կնոջ մահվան ազդեցությամբ, ողբացել իր վաղանցիկ սերը («Նազելւոյս դէմքն էր ճերմակ ու կարմիր», 1821)։ Նման տրամադրությամբ են համակված նաև «Կոծ», «Սուգ», «Ողջոյն հրաժեշտի զաւակաց իմոց» և այլ բանաստեղծություններ։ Ա. օգտագործել է «վարդի ու սոխակի» ավանդական մոտիվը, բացահայտել թշվառ մարդու տառապանքը («Թշուառութիւն սոխակի», «Վարդակորոյս», «Կոկովանք վարդի», «Սոխակ ի յոգնարս», «Պարերգութիւն»)։ Ա. գրել է կրոնական տաղեր, որտեղ միստիկ մտածողության հետ առկա է նաև բողոքը ճակատագրի դեմ։ Հին կտակարանի մոտիվներով գրված բանաստեղծություններում արտացոլել է մարդկային ողբերգությունը, ըմբոստացել մահվան դեմ («Աղոթք», «Կողկողանք առ խաչ Փրկչին», «Ողբերգութիւն Իսրայելի» ևն)։ Ա. հայկական կլասիցիզմից դեպի սենտիմենտալիզմ և ռոմանտիզմ անցման շրջանի բանաստեղծ է։ Թողել է բազմաթիվ նամակներ, ճառեր, հոդվածներ, թարգմանել հատվածներ Տ. Տասսոյի «Ազատագրված Երուսաղեմ»–ից, զբաղվել բառարանագրությամբ և լեզվի հարցերով, կարևոր է համարել ռուսաց լեզվի ուսուցումը («Համառօտ բառարան ի ռուսաց լեզուի ի հայ», 1821, «Ռուս–հայերէն գործնական համառօտ քերականութիւն», 1814–16, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարան, ձեո. № 3754)։ Ա–ի համոզմամբ մանկավարժը ոչ թե «վարձկան» պաշտոնյա է, այլ «անձնուրաց հովիվ»։ Նա առաջարկել է դաստիարակության առաջադեմ ուղիներ, մերժել է ծեծը, աշակերտին կոպտելը համարել ուսուցչի անզորության հետևանք։ Ա. գտնում էր, որ երեխայի ընդունակությունները պետք է զարգացնել աստիճանաբար՝ գնալով պարզից բարդը և առարկաների տեսական իմացությունն ամրապնդել գործնականորեն։ Նա մշակել է Ներսիսյան դպրոցի վարչական, ուսումնական և բարոյակրթական աշխատանքների կանոններ («Առաջարկութիւնք դպրոցական կարգադրութեանց ի պէտս հայկական ուսումնարանին Տփխիս քաղաքի», 1825)։ Ա–ին աշակերտել են Խ. Աբովյանը, Ս. Նազարյանցը, Ս. Ներսիսյանը, Մ. Մսերյանը և ուրիշներ։

Երկ. Չափաբերականք, ՍՊԲ, 1884։

Գրկ. Շավարշյան Ա., Հայ մանկավարժներ, գիրք 1, Ե., 1956։ Նազարյան Շ., Հ. Ալամդարյանի գործունեության մոսկովյան տարիները, «ԲՄ», 1960, № 5։ Հայ նոր գրականության պատմություն, հ. 1, Ե., 1962։ Շ. Ալամդարյան


ԱԼԱՄԵՔ, Ալամենց, հայաբնակ գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Դատվանի գավառակում, Բիթլիս գետի հովտում։ Բնակիչների հիմնական զբաղմունքն էր այգեգործությունն ու երկրագործությունը։ Ա–ի մոտ են գտնվում «Ալամենց խան» հայտնի իջևանատան ավերակները։ Իջևանատունը, որ քարակերտ և կամարակապ եռահարկ շենք էր օժանդակ սենյակներով և գավթով, գոյություն է ունեցել արաբական տիրապետության ժամանակներից (VII–IX դդ.)։ Ա. ավերվել է 1915-ին։


ԱԼԱՄՈՆԻԿ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Շապին–Գարահիսար գավառում, Շապին–Գարահիսարից 15 կմ հեռավորության վրա։ XX դ. սկզբին ուներ 30 տուն՝ 240 հայ բնակիչներով, որոնք զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և այգեգործությամբ։ Գյուղն ուներ Ս. Լուսավորիչ անունով եկեղեցի և վարժարան։ Ա–ի հայերի մի մասը զոհ գնաց Մեծ եղեռնի ժամանակ, փոքր մասին հաջողվեց ապաստանել օտար երկրներում:


ԱԼԱՅԱԶ, գյուղ Հայկական ՍՍՀ Եղեգնաձորի շրջանում, Եղեգնաձոր–Գյուլլիդուզ խճուղու վրա, շրջկենտրոնից 22 կմ հյուսիս–արևմուտք։ 879 բն. (1970), ադրբեջանցիներ։ Կոլտնտեսության զբաղմունքն է անասնապահությունը, այգեգործությունը, ծխախոտի մշակությունը։ Ունի ութամյա դպրոց, մշակույթի տուն, գրադարան, բուժկայան։

Ա. հնում հայտնի էր Եղեգիս կամ Եղեգիք անվամբ և Սյունյաց նահանգի Վայոց ձոր գավառի հնագույն բնակավայրերից էր, IX դ. սկսած՝ Սյունյաց գահերեց իշխանների նստավայրը։ XI դ., երբ կենտրոնը տեղափոխվեց Կապան, Եղեգիսն