Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/136

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անշքացավ և մասամբ ավերվեց։ XIII–XV դդ., Օրբելյանների տիրապետության շրջանում, նորից վարչական կենտրոն էր։ XVII դ. Շահ–Աբբաս I բնակիչների մի մասին գաղթեցրեց Պարսկաստան։

Ա. հարուստ է պատմական հուշարձաններով։ Հյուսիսային կողմում գտնվում է Սմբատաբերդ ամրոցը, իսկ արևելյան եզրի բարձունքին՝ Ս. Ստեփաննոս կամ Զորաց եկեղեցին, որ XIV դ. կառուցել է Սյունյաց Տարսայիճ իշխանի թոռ Ստեփաննոսը։ Ս. Աստվածածին եկեղեցին կառուցվել է հնի ավերակների վրա, 1703-ին։ Գյուղի կենտրոնում են գտնվում թաղածածկ կաթողիկե փոքր եկեղեցու ավերակները, իսկ հարավային եզրին կանգնած է Ս. Նշան կամ Ս. Կարապետ քառանկյուն, գմբեթավոր փոքր եկեղեցին (XIII դ.)։ Նրանից ոչ հեռու գտնվել է Տարսայիճի ապարանքի մուտքի ճակատաքարը՝ արձանագրությամբ։ Ա–ից 4 կմ հյուսիս–արևելք կան վանքի ավերակներ, որ, հավանաբար, Վայոց ձորի Վերին Նորավանք կոչված վանքինն են։ Ա–ի սահմաններում է Հոստուն գյուղատեդին։ Այն պատմական Ոստինք գյուղն է, որը մատենագրության մեջ հիշատակվում է Ոստինք վանքի հետ։ Այժմ նրա տեղում պահպանվել է XVII – XVIII դդ. վերակառուցված եկեղեցին։ Հայտնի են նաև Ա–ի բարձրարվեստ խաչքարերը (XIII դ.)։ Հ. Հովսեփյան, Ա. Քալանթարյան

ԱԼԱՅԱՆ ԼԵՌՆԱՇՂԹԱ, Պամիրա–Ալայան լեռնային համակարգի լեռնաշղթա Կիրգիզական ՍՍՀ–ում և մասամբ՝ Տաջիկական ՍՍՀ–ում։ Երկարությունը՝ 400 կմ, բարձրությունը՝ մինչև 5539 մ։ Հյուսիսային լանջերը մեղմաթեք իջնում են դեպի Ֆերգանայի հովիտը, հարավային լանջերը՝ զառիթափ դեպի Ալայան հովիտը։ Կազմված է ավազակավերից և բյուրեղային թերթաքարերից։ Նախալեռները ծածկված են կիսաանապատային, լանջերը՝ տափաստանային բուսականությամբ և անտառով, ավելի բարձր՝ ալպյան մարգագետիններ են։ Կատարին, հատկապես արևմտյան բարձրադիր մասում՝ ձյուն և սառցադաշտեր (568 կմ²


ԱԼԱՅԱՆ ՀՈՎԻՏ, իջվածք Ալայան և Անդրալայան լեռնաշղթաների միջև, Կիրգիզական ՍՍՀ–ում։ Երկարությունը 150 կմ է, լայնությունը՝ 8–25 կմ, տարածությունը՝ 1700 կմ²։ Միջին բարձրությունը՝ 3000 մ։ Մակերևույթը տափարակ մորենաբլրային է, կլիման՝ խիստ ցամաքային, ցուրտ (ամռանը երբեմն ձյուն է տեղում)։ Ա. հ–ով է հոսամ Կզըլսու գետը։ Ունի լեռնա–տափաստանային բուսականություն և լավագույն լեռնային արոտավայր է։


ԱԼԱՆԱՑ ԴՈՒՌ, հին և միջին դարերում ռազմական կարևոր նշանակություն ունեցող կիրճ Գլխավոր Կովկասյան լեռնաշղթայում։ Հայերը, վրացիները և պարսիկները կայազոր են պահել այնտեղ՝ կովկասյան վաչկատուն ցեղերի ներխուժումները կասեցնելու համար։ Այդպես է կոչվել այնտեղով հաճախակի ներխուժած ալանների անունով։ Կիրճի հսկողության համար Բյուզանդիան Սասանյան Պարսկաստանին հարկ էր վճարում (տես Դարիալի կիրճ


ԱԼԱՆԴՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ, Ահվենանմա (շվեդ. Aland, ֆինն. Ahvenanmaa), արշիպելագ Բալթիկ ծովում, Բոտնիկ ծոցի մուտքի մոտ։ Պատկանում է Ֆինլանդիային. ապառազմականացված գոտի է։ Տարածությունը՝ 1481 կմ²։ Ավելի քան 6,5 հզ. կղզիներից մարդաբնակ է 150-ը։ Ամենամեծը Ֆաստա–Ալանդն է (640 կմ²)։ Ա. կ–ի մակերևույթը բլրային է (բարձրությունը՝ մինչև 132 մ), կլիման՝ ծովային, բարեխառն։ Ծածկված են անտառներով և մարգագետիններով։ Բնակչությունը՝ 22 հզ. (1968)։ Զբաղվում են ձկնորսությամբ, հողագործությամբ։ Գլխավոր քաղաքը և նավահանգիստը Մարիանհամինան (Մարիեհամն) է։


ԱԼԱՆԻ, արևելյան քաղցրավենի։ Հատուկ մշակված դեղձը լցոնվում է շաքարավազի, մանրած ընկույզի և համեմունքների խառնուրդով։ Հայաստանում պատրաստվում է հատկապես պտղաբուծական շրջաններում։


ԱԼԱՆԻՆ, α- ամինապրոպիոնաթթու,, ամինաթթու։ Լայնորեն տարածված է կենդանի բնության մեջ։ Հանդիպում է L -շարքի իզոմերների α-Ա. և β-Ա. ձևերով։ α-Ա. պարունակում են գրեթե բոլոր սպիտակուցները, իսկ β–Ա. սպիտակուցներում չի հայտնաբերված, այն ամինաթթուների միջանկյալ փոխանակության արգասիքն է և պանտոտենաթթվի բաղադրիչ մասը։


ԱԼԱՆՆԵՐ, սկյութա–սարմատական ծագմամբ իրանալեզա ցեղեր։ Տարասփռված էին Հյուսիսային Կովկասից մինչև Վոլգա, Դոն և Դնեպր գետերի ստորին հոսանքների հարթավայրերը։ Մ. թ. I դարում ալանական վաչկատուն և ռազմատենչ ցեղերը Հյուսիսային Կովկասում հիմնել էին հզոր թագավորություն, որտեղից հաճախ կողոպտչական արշավանքներ էին կատարում (մեծ մասամբ այն կիրճով, որ նրանց անունով կոչվում էր Ալանաց դուռ) դեպի Վիրք, Աղվանք, Մեծ Հայք, Պարթևաստան, Փոքր Ասիա և Հռոմեական կայսրության շրջանները։ Նրանց առաջխաղացումը կասեցնելու համար հայկական, վրացական, պարթևական և հռոմեական ուժերը քանիցս դաշնակցել են։ Մեծ Հայքի վրա Ա–ի արշավանքների (I–II դդ.) մասին տեղեկություններ են հայտնում Հովսեպոս Փլավիոսը, Դիոն Կասսիոսը, Տակիտոսը, Մովսես Խորենացին և ուրիշ պատմագիրներ։ Հայ Արշակունիներից ոմանք (Տրդատ Գ, Արշակ Բ) դաշնակցել են Ա–ի հետ՝ ընդդեմ Սասանյանների ոտնձգությունների։ Հայ–ալանական հարաբերություններն արտացոլվել են «Արտաշես և Սաթենիկ» ավանդավեպում, որտեղ գովերգվում է Հայոց Արտաշես թագավորի և ալանների արքայադուստր Սաթենիկի ամուսնությունը։ Տրդատ Գ–ի կին Աշխենը նույնպես ալան դշխուհի էր։ Ըստ Մովսես Խորենացու, Առավեղյանների տոհմի նախնիները Սաթենիկի մերձավորներն են եղել։ Հայկական ավանդության համաձայն, Սաթենիկի եղբայրը հայրական գահին տիրացել է Հայոց Սմբատ զորավարի օգնությամբ։ Վերջինս, իբր, գերեվարելով ալաններից շատերին, բնակեցրել է Շավարշական գավառում (Մասիսից հվ–արլ.), որը նրանց նախկին բնակավայրի անունով կոչվել է նաև Արտազ։

Հյուսիսից շարժվող նոր քոչվոր ցեղերի, մասնավորապես՝ հոների ճնշմամբ Ա. III– IV դդ. տարածվել են ընդհուպ մինչև Կուրի գետաբերանը, դարձել հարևան Վիրքին, Աղվանքին և Մեծ Հայքին։ Հարավային Դաղստանում և Շիրվանում հիմնվել է Ա–ի նոր թագավորություն՝ ապարհացի ցեղից սերված գահատոհմի գլխավորությամբ, որն իրեն Արշակունի էր անվանում և IV դ. սկզբին նույնիսկ կամենում էր տիրանալ հայկական գահին (տես Արշակունիներ Մազքթաց)։ Կովկասյան լեոները քաշված Ա–ի այս մասը, խառնվելով տեղական ցեղերի հետ, հիմք է դրել օս ժողովրդի և նրա լեզվի կազմավորմանը (տես Օսեր

375-ին, պարտվելով հոներից, Ա. նրանց հետ շարժվել են դեպի արևմուտք (Հունգարիա, Իսպանիա, Պորտուգալիա)՝ մասնակցելով ժողովուրդների մեծ գաղթին։ VI դ. վանդալների հետ անցել են Հյուսիսային Աֆրիկա և այնտեղ հիմնել պետություն (գոյատևել է մինչև VI դ. կեսերը)։ VII–X դդ. Ալանքի զգալի մասը (Դաղստանից մինչև Կուբան) մտնում էր Խազարական խականության մեջ։ Այս շրջանում Ալանքը համապատասխանում է այն տվյալներին, որ հաղորդում է VII դարի «Աշխարհացոյց»-ը։ Դրանք էին՝ Ավսորք, Դիգոր Աշ–Դիգոր, Դուալք, Քուրթք և Քուդետք «ազգագավառները» (ցեղերը և նրանց տերիտորիաները)։ IX–X դդ. ալանական ցեղերի մոտ զարգացել են վաղ ֆեոդալական հարաբերությունները։ VI դ. սկսած Բյուզանդիայից ու Վրաստանից Ա–ի մեջ թափանցել է քրիստոնեությունը, որը պաշտոնապես ընդունվել է 921–925-ին, Աբխազիայի Գեորգ թագավորի միջնորդությամբ։ Ա–ի եկեղեցին, իբրև արքեպիսկոպոսություն, ապա՝ միտրոպոլություն, ենթարկվում էր Կ. Պոլսի բյուզանդական պատրիարքին։ X դ. առաջին կեսին Ալանքում ազդեցություն ձեռք բերելու համար մրցում էին հայ Բագրատունիներն ու աբխազական թագավորները։ XI դարից ալանական թագավորաթյանը վասալական կախման մեջ է ընկել վրաց Բագրատունիներից։ XII դ. Ա. հունական այբուբենով ստեղծել են գրականության։ Այս շրջանում են ստեղծվել Նարտյան էպոսը և այն բարձր մշակույթը, որին մահացու հարված հասցրին մոնղոլ–թաթարական նվաճողները (1322)։ XIV դարից մահմեդական եկվոր ցեղերի ազդեցությամբ Ա–ի մեջ տարածվում է մահմեդականությունը։ Քրիստոնեությունը պահպանվել է Ա–ի հարավային հատվածի՝ օսերի մեջ (տես Հյուսիս–Օսեթական ԻՍՍՀ և Հարավ–Օսեթական ԻՄ)։ Ա. ունեցել են հարուստ մշակույթ, որի վկայությունն են կատակոմբային դամբարաններն ու բնակավայրերը Հյուսիսային Դոնեցում և Հյուսիսային Կովկասում։ Տարածված են դամբարաններ՝ վերգետնյա դոլմենաձև (Կուբանի վերին հոսանքում), վերգետնյա քարե՝ կեղծ կամարներով, կատակոմբներ, որոնք սովորաբար կազմված են դրոմոսից և էլիպսաձև կացարանից։ Ա–ի որոշ բնակավայրեր պաշտպանված էին պարիսպներով, որոնք կառուց–