Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/156

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ 1920, կնքվել է դեկտեմբերի 2–ին, Ալեքսանդրապոլ (Լենինական) քաղաքում, Հայաստանի դաշնակցական կառավարության պատվիրակության և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի ներկայացուցիչների միջև, 1920-ի հայ–թուրքական պատերազմում Հայաստանի պարտությունից հետո։ Պայմանագիրն ստորագրել են դաշնակցական կառավարության ներկայացուցիչներ Ա. Խատիսյանը, Ա. Գյուլխանդանյանը և Ա. Ղորղանյանը, իսկ Թուրքիայի կողմից՝ Կարաբեքիր փաշան, Համիդ բեյը և Սուլեյման Բեջադի բեյը։

Որդեգրելով երիտթուրքերի ագրեսիվ քաղաքականությունը և նպատակ ունենալով գրավել հայկական տերիտորիաները՝ քեմալական Թուրքիայի զորքերը 1920-ի սեպտեմբերին ներխուժեցին Հայաստան։ Դաշնակցական կառավարությունը, ի վիճակի չլինելով շարունակել պատերազմական գործողությունները, ստիպված ընդունեց թուրքական հրամանատարության զինադադարի պայմանները (1920-ի նոյեմբ. 18-ին) և պատվիրակություն ուղարկեց Ալեքսանդրապոլ՝ բանակցությունների համար։ Սովետական Ռուսաստանի՝ բանակցություններին որպես միջնորդ մասնակցելու առաջարկը բանակցող կողմերը մերժեցին։ Թուրքերը մերժեցին նաև մինչև 1914-ը Ռուսաստանի կազմի մեջ եղած հողերը և Ալաշկերտի ու Բասենի շրջանները Հայաստանին տալու հայկական պատվիրակության պահանջը և հարկադրեցին նրան հրաժարվել Սևրի պայմանագրից (տես Սևրի հաշտության պայմանագիր 1920)։ Նոյեմբ. 30-ին թուրք․ պատվիրակությունը վերջնագիր ներկայացրեց հայերի համար շատ ծանր պայմաններով։ Դեկտ. 2-ին, երբ Հայաստանում արդեն սովետական կարգեր էին հաստատվել, ինքնըստինքյան լիազորությունից զուրկ դաշնակցական պատվիրակությունն ստորագրեց ապօրինի ստորացուցիչ պայմանագիրը։ Այն բաղկացած էր 14 հոդվածից և առանձին հավելվածներից։ Ա. պ–ով ոչ միայն Արևմտյան Հայաստանը, այլև պատերազմական գործողությունների ընթացքում Թուրքիայի գրաված Սուրմալուի գավառը և Կարսի մարզը ճանաչվում էին որպես թուրքական տերիտորիա թե պատմականորեն և թե էթնիկական տեսակետից։ Հայաստանը պարտավորվում էր չմիջամտել Շարուրի, Շահթախտիի և Նախիջևանի շրջանների ներքին գործերին, որոնք ժամանակավորապես, մինչև հանրաքվեի անցկացումը, հայտարարվում էին Թուրքիայի «պաշտպանության» ներքո գտնվող տերիտորիաներ։ Ըստ պայմանագրի, Հայաստանի արևմտյան սահմանն անցնում էր Ախալքալաքի գավառի հարավային մասով մինչև Բաշ–Շորագյալ–Արփաչայ, այնուհետև՝ Արփաչայի հոսանքով մինչև Արաքս։ 4-րդ հոդվածով Հայաստանը «սահմանների պաշտպանության համար» կարող էր ունենալ 1500 զինվոր, 8 թնդանոթ, 20 գնդացիր։ Վերացվում էր պարտադիր զինվորական ծառայությունը։ Թուրքիային իրավունք էր վերապահվում իր ներկայացուցիչների միջոցով Հայաստանում «տեսչություն և հետաքննություն կատարել վերոհիշյալ պայմաններին վերաբերող հարցերով», առանց մաքսի տարանցիկ վախադրումներ կատարել, հսկել երկաթուղիներն ու մյուս ճանապարհները, իր երկրի «անվտանգությունն» ապահովելու նպատակով ռազմական միջոցառումներ ձեռնարկել։ Այդ ամենի փոխարեն Թուրքիան պարտավորվում էր «իր զինված օգնությունը տրամադրել Հայաստանին, երբ այդ պահանջի արտաքին կամ ներքին վտանգը, և երբ Հայաստանի Հանրապետությունը դիմի իրեն մատնանշված խնդրով»։

Ա. պ–ով Հայաստանը փաստորեն կորցնում էր իր տնտեսական ու քաղաքական ինքնուրույնությունը։ Պայմանագիրը մեկ անգամ ևս ցույց տվեց, որ դաշնակցականներն անընդունակ էին ապահովելու հայ ժողովրդի քաղաքական ինքնուրույնությունը։ Այդ ժամանակվա Հայաստանի պետական իշխանության միակ օրինական մարմինը՝ Հեղափոխական կոմիտեն (տես Հայաստանի հեղափոխական կոմիտե), չճանաչեց Ա. պ.։ Իրավական ոչ մի ուժ չունեցող այդ պայմանագիրը Սովետական Ռուսաստանի ջանքերով 1921-ին անվավեր ճանաչվեց (տես Կարսի պայմանագիր 1921

Գրկ. Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ ռևոլյուցիան և սովետական իշխանության հաղթանակը Հայաստանում (փաստաթղթերի և նյութերի ժող.), Ե., 1960։ Եսայան Ա., Հայաստանի միջազգային–իրավական դրությունը, 1920-1922, Ե., 1967։ Պ. Մայիլյան


ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼԻ ՎԻՃԱԿԱՅԻՆ ԴՊՐՈՑ, հիմնվել է 1840-ին։ Սկզբում կոչվել է Ս. Փրկչի հոգևոր դպրոց, ապա՝ վիճակային, հետագայում (1905–12)՝ ժողովրդական դպրոց։ Անդրկովկասի ամենաբարեկարգ արական դպրոցներից էր։ Ուսուցումը տարվել է գրաբարով, ապա՝ աշխարհաբարով։ 1870-ական թթ. սկզբին Ա. վ. դ–ում աշխատել են՝ Ղ. Աղայանը, Ս. Բեկնազարյանը, Գ. Հովհաննիսյանը (Քաջբերունի), Հ. Ղուկասյանը, Մ. Տեր–Սարգսյանը, ավանդել նոր առարկաներ՝ բնագիտություն, երկրաչափություն, գծագրություն, մարմնամարզություն, կիրառել դիդակտիկ նյութեր՝ ֆիզիկական սարքեր, կմախքներ, համրիչ, գլոբուս։ 1875–1876 ուս. տարում դպրոցն ունեցել է 284 աշակերտ՝ 4 հիմնական և 3 նախապատրաստական դասարաններով։ 1886-ից Ա. վ. դ. վերածվել է երկդասյան դպրոցի։ Փակվել է 1912-ին։


ԱԼԵՔՍԱՆԴՐԱՎԻՉՅՈՒՍ (Aleksandravičius) Պյատրաս Պովիլաս Պովիլո (ծն. 1906), լիտվացի քանդակագործ։ Լիտվական ՍԱՀ ժող. նկարիչ (1956)։ Ծնվել է հոկտեմբերի 8(21)–ին, Վարտայ գյուղում։ Առավել հայտնի գործերից են՝ կին գրող Յու. Ժեմայտեի արձանը (1950, Տրետյակովյան պատկերասրահ, ՍՍՀՄ պետական մրցանակ, 1951), Լ. Իվինսկիսի հուշարձանը (1958, Կուրշենայ քաղաք)։ Ունի նաև աշխատանքային թեմայով կոմպոզիցիոն քանդակներ։


ԱԼԵՔՍԱՆԴՐԵՏԻ ՍԱՆՋԱՔ, Ալեքսանդրետ, Ալեքսանդրեկ (թուրք. Իսկենդերուն) քաղաքին հարող մարզի նախկին անվանումը (այժմ՝ Թուրքիայի Հաթայ վիլայեթը)։ XI–XIV դդ. Ա. ս–ի տերիտորիայի զգալի մասը մտնում էր Հայկական Կիլիկիայի կազմի մեջ։ Տարածությունը՝ 5000 կմ²։ Որպես Սիրիայի մի մասը, Ա. ս. 1515–1918-ին գտնվում էր Օսմանյան կայսրության կազմում։ 1918-ի նոյեմբերին օկուպացրին անգլիացիները, հետո՝ ֆրանսիացիները։ Այստեղ է գտնվում Մուսա լեռը, ուր 1915-ի հուլիս–սեպտ. տեղի է ունեցել հայերի ինքնապաշտպանական հերոսամարտը։ 1920-ին Ա. ս. մտցվեց Ֆրանսիայի մանդատին հանձնված Սիրիայի կազմի մեջ։ 1936-ին, երբ ըստ ֆրանսսիրիական պայմանագրի Ա. ս. որպես ինքնավար միավոր մտավ Սիրիայի մեջ, Թուրքիան պահանջ ներկայացրեց նրա նկատմամբ։ 1937-ից, ձևականորեն մնալով Սիրիայի կազմում, Ա. ս. անցավ Ֆրանսիայի և Թուրքիայի համատեղ հսկողության ներքո։ 1938-ին Ֆրանսիայի համաձայնությամբ Թուրքիան զորք մտցրեց Ա. ս., որից հետո այստեղ ստեղծվեց Հաթայի ինքնավար պետությունը։ 1939-ի հունիսին, հակառակ տեղի ազգաբնակչության կամքին և Սիրիայի ընդդիմությանը, այն միացվեց Թուրքիային։ Բոլոր հայերը (մոտ 40 հզ.) հուլիսի 16–23-ին հեռացան և հաստատվեցին Սիրիայում (Հալեպ, Քեսապ) ու Լիբանանում (Բեյրութ, Այնճար, Սուր)։ Հեռացավ նաև 20 հզ. արաբ։ Սիրիան չի ճանաչել այդ անեքսիան։

Վ. Ալեքսանդրի։


ԱԼԵՔՍԱՆԴՐԻ (Alecsandri) Վասիլե (1821 – 1890), մոլդավ. և ռումին, գրող, թատերագիր, բանահավաք, հրապարակախոս, Յասսիի թատրոնի հիմնադիր։ Ծնվել է հուլիսի 21-ին, Բակըուում։ Հավաքել է ժողովրդական երգեր և բալլադներ, նրանց ազդեցությամբ գրել «Դոյնաներ» (1843–53) բանաստեղծությունների շարքը; Ա. թատրոնը համարել է ժողովրդին դեմոկրատական ոգով դաստիարակելու դպրոց։ Գրել է «Սադագուրցի Յորգուն» (1844), «Յասսը կառնավալի ժամանակ», «Կիրիցան գավառում» (1852) կատակերգությունները։ «Մեր մարտիկները» բանաստեղծությունների գիրքը նվիրված է թուրքական լծի դեմ ռումին ժողովրդի պայքարին (1877–78)։ Հայտնի են նաև Ա–ի պատմական դրամաները, հատկապես՝ «Դեսպոտ իշխանը» (ներկայացվել է 1879, հրտ. 1880), «Բլանդուզիայի աղբյուրը» և «Օվիդիուս»–ը։

Ա. կապեր է ունեցել հայերի հետ, որպես «Ժունիմեա» գրական ընկերության անդամ ընկերակցել հայազգի մտավորականներին։ Մահացել է օգոստ. 22-ին, Միրչեշտում։

Գրկ. Коробин В., Василе Александри, Кишинев, 1959.