են դիէլեկտրիկների ֆիզիկային, բարձրամոլեկուլային միացությունների հատկություններին, ատոմային էներգետիկային։ Ա. սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս է (1954, 1960), լենինյան մրցանակի (1959) և ՍՍՀՄ պետական մրցանակների (1942, 1949, 1951, 1953) դափնեկիր։
ԱԼԵՔՍԱՆԴՐՈՎ Բորիս Ալեքսանդրովիչ (ծն. 1905), ռուս սովետական կոմպոզիտոր և խմբավար։ ՍՍՀՄ ժողովրդ. արտիստ (1958)։ ՍՄԿԿ անդամ 1943-ից։ Ա. Վ. Ալեքսանդրովի որդին։ Ծնվել է հուլիսի 22 (օգոստ. 4)–ին, Կալինինի մարզի Բոլոգոյե քաղաքում։ Հոր մահից հետո (1946) ղեկավարում է Սովետական բանակի երգի և պարի Կարմրադրոշ անսամբլը: Գրել է երգեր: Ստեղծագործություններից առավել հայտնի է «Հարսանիք Մալինովկայում» օպերետը (կինոնկարի է վերածվել 1968-ին)։ Ա. ՍՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր է (1950)։
ԱԼԵՔՍԱՆԴՐՈՎ (իսկական ազգանունը՝ Մորմոնենկո) Գրիգորի Վասիլևիչ (ծն. 1903), ռուս սովետական կինոռեժիսոր։ ՍՍՀՄ ժող. արտիստ (1948)։ ՍՄԿԿ անդամ 1954-ից։ Ծնվել է հունվարի 10(23)–ին, Եկատերինբուրգում (այժմ՝ Սվերդլովսկ)։ 1925-ին մասնակցել է «Պոտյոմկին զրահանավը» ֆիլմի նկարահանմանը (դերասան, ռեժիսորի ասիստենտ)։ Ս. Էյզենշտեյնի հետ գրել է «Հոկտեմբեր», «Հինը և նորը» ֆիլմերի սցենարները և համատեղ բեմադրել (1927, 1929)։ Ա. ստեղծել է «Ուրախ տղաներ» (1934), «Կրկես» (1936), «Վոլգսւ–Վոլգա»(1938) երաժշտական կինոկատակերգությունները (Ի. Դունաևսկու երաժշտությամբ) և գեղարվեստական ու վավերագրական այլ կինոնկարներ։ Ա–ի ֆիլմերին հատուկ է լավատեսական պաթոսը։ ՍՍՀՄ պետական մրցանակների դափնեկիր է (1941, 1950)։
Նկարում` Պ. Ա. Ալեքսանդրով։ Նկարում` Լ. Պ. Ալեքսանդրովսկայա։
ԱԼԵՔՍԱՆԴՐՈՎ Պավել Սերգեևիչ (ծն, 1896), ռուս սովետական մաթեմատիկոս։ ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1953), արտասահմանյան մի շարք ակադեմիաների և գիտական ընկերությունների անդամ։ Ծնվել է ապրիլի 25 (մայիսի 7)–ին, Մոսկվայի մարզի Բոգորոդսկ (նախկին Նոգինսկ) քաղաքում։ Ա. գիտական գործունեությունն սկսել է բազմությունների տեսության և իրական փոփոխականի ֆունկցիաների տեսության բնագավառում։ Այնուհետև Պ. Ս. Ուրիսոնի հետ միասին զբաղվել է տոպոլոգիայի հարցերով, ստեղծել տարածությունների տեսության երկու հիմնական բաժիններ՝ կոմպակտ և բիկոմպակտ տարածությունների տեսությունները, էապես առաջ է մղել չափողականության տեսությունը։ Ա. սովետական տոպոլոգիական դպրոցի հիմնադիրն է և ղեկավարը։ Սոցիալիստական աշխատանքի հերոս է (1969), ՍՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1943)։
ԱԼԵՔՍԱՆԴՐՈՎՍԿԱՅԱ Լարիսա Պոմպեննա (ծն. 1904), բելոռուս սովետական երգչուհի (սոպրանո)։ ՍՍՀՄ ժող. արտիստուհի (1940)։ ՍՄԿԿ անդամ 1942-ից։ Ծնվել է փետրվարի 2(15)–ին, Մինսկում։ 1933-ից՝ Բելոռուսական օպերայի և բալետի թատրոնի (Մինսկ) մեներգչուհի, 1951-ից՝ նաև ռեժիսոր։ Գլխավոր դերերգերից են՝ Լիզա, Տատյանա (Չայկովսկու «Պիկովայա դամա», «Եվգենի Օնեգին»), Կարմեն (Բիզեի «Կարմեն»), Մարիսյա, Ալեսյա (Տիկոցկու «Միխաս Պոդգոռնի», «Ալեսյա») են։ Բեմադրել է Գուլակ–Արտեմովսկու «Զապորոժցին Դանուբից այն կողմ» (1951), Մուսորգսկու «Բորիս Գոդունով» (1954) և այլ օպերաներ։ Ա. ԱՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր է (1941)։
ԱԼԵՔՍԱՆՅԱՆ Արարատ Մարտիրոսի (1907–1962), հայ սովետական ֆիզիոլոգ։ ՀՍՍՀ ԳԱ թղթ–անդամ (1960), ՍՄԿԿ անդամ 1943-ից։ Ծնվել է նոյեմբերի 3-ին, Բաթումում։ Ավարտել է Երևանի համալսարանը (1929), ապա աշակերտել Լ. Օրբելուն։ Շուրջ 25 տարի աշխատել է Լենինգրադում (Կոլտուշիի էլեկտրաֆիզիոլոգիական լաբորատորիայում և գիտահետազոտական ինստիտուտներում)։ 1950–53 և 1958–62-ին ՀՍՍՀ ԳԱ Լ. Ա. Օրբելու անվ. ֆիզիոլոգիայի ինստ–ի դիրեկտորն էր։ Ա–ի աշխատությունները նվիրված են ստորակարգ ողնաշարավորների պայմանա–ռեֆլեկտորային ռեակցիաների մեխանիզմների ուսումնասիրությանը, զգայարանների, ուղեղիկի և վեգետատիվ նյարդային համակարգության ֆիզիոլոգիայի հարցերին։ Ա–ի «Ուղեղիկի ֆունկցիաների մասին» (1948) մենագրությունը տվյալ հարցի վերաբերյալ ռուս․ հրատարակված առաջին հիմնական հետազոտությունն է։ ՍՍՀՄ–ում Ա. աոաջիններից էր, որ օգտագործեց ֆիզիոլոգիական ֆունկցիաների ուսումնասիրության էլեկտրաֆիզիոլոգիական մեթոդները։ Մահացել է սեպտ. 21-ին, Երևանում։
Գրկ. Фанарджян В. В., А. М. Алексанян, «Биол. журнал Армению», 1967, № 12.
Նկարում` Ա. Մ. Ալեքսանյան։ Նկարում` Ա. Ա. Ալեքսանյան։
ԱԼԵՔՍԱՆՅԱՆ Արտո Ասատուրի (1892–1971), հայ համաճարակագետ։ Բժշկական գիտ. դ–ր, պրոֆեսոր (1940), ՀՍՍՀ գիտության վաստ. գործիչ (1955), ՍՍՀՄ ԲԳԱ իսկական անդամ (1960)։ Ծնվել է օգոստոսի 29-ին, Թիֆլիսում։ Ավարտել է Օդեսայի համալսարանի բժշկական ֆակուլտետը (1916) և Կովկասյան ռազմաճակատում ծառայել որպես զինվորական բժիշկ։ 1920–26-ին աշխատել է Նոյեմբերյանի, Դիլիջանի և Նոր Բայազետի շրջաններում որպես տեղամասային և սանիտարական բժիշկ։ Ա. 1927-ին կազմակերպել է Հայաստանի առաջին սանհիգիենիկ լաբորատորիան (Երևան), որը հետագայում վերածվել է համաճարակագիտության և հիգիենայի գիտահետազոտական ինստիտուտի։ 1935-ից մինչև իր մահը ղեկավարել է Երևանի բժշկական ինստիտուտի համաճարակագիտության ամբիոնը։ Ա–ի գիտական աշխատությունները նվիրված են ընդհանուր համաճարակագիտության, երկրամասային ախտաբանության, իմունիտետի (անընկալունություն), համաճարակային հիվանդությունների կանխարգելման և հատկապես դիֆթերիայի ու աղիքային հիվանդությունների հարցերին։ Ա. ՀՍՍՀ առողջապահության մինիստրության գիտա–բժշկական խորհրդի և ՀՍՍՀ մանրէաբանների, համաճարակագետների ու վարակագետների ընկերության նախագահն էր։ Մահացել է հունվ. 5-ին, Երևանում։
Երկ. Ընդհանուր և մասնավոր էպիդեմիոլոգիա, Ե., 1960։ Վակցինաներ, շիճուկներ և բակտերիոֆագեր, Ե., 1965 (հեղինակակիցներ Ն. Հ. Գասպարյան, Կ. Մ. Դեդձունյան, Մ. Պ. Ջամբազյան)։ Дифтерия, M., 1957.
ԱԼԵՔՍԱՆՅԱՆ Գառնիկ Լևոնի (ծն. 1904), հայ երկրաֆիզիկոս։ Ֆիզ. գիտությունների դ–ր (1937, Սորբոն)։ Ծնվել է դեկտեմբերի 10-ին, Պարտիզակում։ Ավարտել է Կ. Պոլսի Կեդրոնական վարժարանը (1923)։ Բարձրագույն կրթությունն ստացել է Ֆրանսիայում (1925–31)։ 1932-ից դասավանդել է Ֆրանսիայի մի շարք բարձրագույն ուսումնական հաստատություններում։ 1955–67-ին գլխավորել է Ֆրանսիայի ածխարդյունաբերության գիտահետազոտական կենտրոնի սպեկտրոսկոպիայի, ապա x ճառագայթների և հանքաբանության լաբորատորիաները։ 1957-ից եղել է այդ կենտրոնի գլխավոր ինժեները, ապա՝ գիտական խորհրդականը։ Ներկայումս Ֆրանսիայի արդյունաբերական գիտական զարգացման մինիստրության գլխավոր ինժեներն է։ Ա–ի աշխատու–