թյունները նվիրված են ռեգիոնալ և կիրառական երկրաֆիզիկայի, ֆիզիկական քիմիայի հարցերին, քարածխի, նավթի և գազի հանքավայրերի առաջացման երկրաքիմիական և լիթոլոգիական պայմանների ուսումնասիրությանը։ Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցելու համար պարգևատրվել է «Պատերազմական խաչ» շքանշանով։ Ֆրանս. կառավարությունը Ա–ին գիտական ծառայությունների համար արժանացրել է «Շեվալիե դը լ՛օրդր նասիոնալ դյու մերիթ» («Համազգային գնահատանքի ասպետ») տիտղոսին։
ԱԼԵՔՍԱՆՅԱՆ Սարգիս Թորոսի (1910–1942), հայ սովետական նկարիչ։ Ծնվել է հունվարի 10-ին, Էրզրումում։ 1937-ին ավարտել է Մոսկվայի կերպարվեստի ինստ–ը (դասատու՝ Վ. Ա. Ֆավորսկի)։ 1929-ից մասնակցել է ցուցահանդեսների։ Ա–ի ստեղծագործության մեջ գերակշռողը փայտագրությունն ու ջրաներկ աշխատանքներն են։ Պատկերազարդել է «Սասունցի Դավիթ» էպոսը (1939), Հ. Թումանյանի «Անուշ» պոեմը (լույս է տեսել 1948-ին), որոնք աչքի են ընկնում զուսպ պրոֆեսիոնալ կատարմամբ: Զոհվել է Հայրենական մեծ պատերազմում։
ԱԼԵՔՍԱՆՅԱՆ Տաճատ Պետրոսի (1888–1972), հայ սովետական փիլիսոփա։ Փիլ. գիտ. թեկնածու (1947), գիտության վաստակ. գործիչ (1968)։ Ծնվել է ապրիլի 25-ին, Կարսում։ ՍՄԿԿ անդամ 1925-ից։ Ավարտել է Կարմիր պրոֆեսուրայի ինստ–ը (1932)։ 1931–32-ին եղել է Մոսկվայի Լեռնային ակադեմիայի փիլ. ամբիոնի վարիչ, 1932–33-ին՝ Անդրկովկասի 26 կոմիսարների անվ. կոմունիստական համալսարանի դասախոս, 1933–34-ին՝ Երևանի կոմունիստական համալսարանի ռեկտոր։ 1934-ից դիալեկտիկական և պատմական մատերիալիզմ է դասավանդել Երևանի բուհերում։ Հայերենի է թարգմանել (ռուսերենից) Գ. Վ. Ֆ. Հեգելի «Փիլիսոփայության ներածություն»–ը (հրտ. 1964)։ Մահացել է մարտի 23-ին, Երևանում։
ԱԼԵՔՍԱՆՅԱՆ Տիրան Հովհաննեսի (1881–1954), հայ թավջութակահար, կոմպոզիտոր, դիրիժոր։ Ծնվել է ապրիլի 12-ին, Կ. Պոլսում։ Սովորել է Դրեզդենի կոնսերվատորիայում (1896–1901)։ Եղել է Փարիզի «Էքոլ նորմալ դը մյուզիք» երաժշտական հաստատության պրոֆեսոր, որտեղ նրան աշակերտել են Ա. Յանիգրոն, Ժ. Ռըկյուլարը և ուրիշներ։ 1936-ից դասավանդել է Նյու Յորքի Մենհեթընի երաժշտական դպրոցում (կոնսերվատորիա)։ Կազմել և ֆրանսերեն հրատարակել է թավջութակի ուսուցման դասընթաց (Պ. Կասալսի առաջաբանով)։ Աչքի է ընկել փայլուն տեխնիկայով, դասվել աշխարհի առաջնակարգ թավջութակահարների շարքը։ Ղեկավարել է սիմֆոնիկ նվագախմբեր։ Ա. գրել է երգեր ֆրանսիական բանաստեղծների խոսքերով, երաժշտություն Ա. Չոպանյանի երկու ողբերգերի համար և այլ ստեղծագործություններ։ Թավջութակի և դաշնամուրի համար մշակել է Կոմիտասի «Խորհուրդ խորին», «Օրոր», «Ալագյագ», «Հով արեք» երգերը։ Խմբագրել է Յ. Ս. Բախի մի շարք սյուիտներ թավջութակի մենակատարման համար։ Ա. մահացել է հունիսի 17-ին, Շամոնիում (Ֆրանսիա)։
Երկ. L'enseignement du violoncelle, P., 1914; Traité théoretique et pratique du violoncelle; P., 1922. Գրկ. Թեոդիկ, Ամենուն տարեցույցը, 1928, էջ 445–47։
ԱԼԵՔՍԵԵՎ Պյոտր Ալեքսեևիչ (1849–1891), ռուս առաջին բանվոր–հեղափոխականը։ Հեղափոխական գործունեության համար 1875-ի ապրիլին ձերբակալվել է, իսկ, 1877-ին՝ «50-ի դատավարությամբ» դատապարտվել 10 տարվա տաժանակիր աշխատանքի Յակուտիայում։ Դատարանում արտասանած՝ «Կբարձրանա միլիոնավոր բանվոր մարդկանց մկանուտ ձեռքը, և զինվորների սվիններով պաշտպանված դեսպոտիզմի լուծը հողմացրիվ կլինի» վերջին խոսքը Վ.Ի. Լենինն անվանել է «… ռուս բանվոր–հեղափոխականների մեծ մարգարեությունը» (Երկ., հ. 4, էջ 477)։ Ա. Յակուտիայից վերադառնալիս՝ ճանապարհին սպանվել է ավազակի ձեռքով։
ԱԼԵՔՍԵԵՎ Վասիլի Վասիլևիչ (1896–1920), ռուս հեղափոխական գործիչ։ ՍՄԿԿ անդամ 1916-ից։ Ծնվել է Դիլիջանում։ Ավարտել է Երևանի ուսուցչական սեմինարիան (1914), ապա զորակոչվել բանակ։ 1915-ին ավարտել է Թիֆլիսի պրոպորշչիկների դպրոցը։ Զինվորական ծառայության տարիներին Ա. ագիտացիոն աշխատանք է ծավալել զինվորների շրջանում։ 1918–20-ին աշխատել է որպես ուսուցիչ Նադեժդինո (Շորժա) և Սուխոյ Ֆոնտան (Ֆանտան) գյուղերում։ Եղել է մայիսյան հեղափոխական ելույթների կազմակերպիչներից Դիլիջանի գավառում։ 1920-ի Մայիսյան ապստամբության պարտությունից հետո ձերբակալվել և գնդակահարվել է։
ԱԼԵՔՍԵԵՎՍԿԻ Վադիմ Վսեվոլոդովիչ (ծն. 1917), սովետական գիտնական և ինժեներ։ ՀՍՍՀ ԳԱ թղթ–անդամ (1960)։ ՀՍՍՀ գիտության և տեխնիկայի վաստ. գործիչ (1967)։ ՍՄԿԿ անդամ 1959-ից։ Ծնվել է հոկտեմբերի 1-ին, Խարկովում։ 1940-ին ավարտել է Մոսկվայի էներգետիկական ինստ–ը։ 1961-ից Երևանի կոմպլեքսային էլեկտրասարքավորումների համամիութենական գիտահետազոտական ինստ–ի դիրեկտորն է։ Ա–ի աշխատությունները նվիրված են էլեկտրասարքաշինության մեջ երկմետաղների օգտագործման, սինխրոն գեներատորների, ուժային բաշխիչ տրանսֆորմատորների կատարելագործման հարցերին։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով (1966)։
Երկ. Применение биметаллов в электроаппаратостроении, Е., 1953.
ԱԼԵՔՍԵԵՎՍԿԻ, խուտոր ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Կավկազսկի շրջանում։ Շրջկենտրոն Գուլկևիչիից 10 կմ հս–արմ.։ 4350 բն. (1968), որից 2400՝ հայեր, մյուսները՝ ռուսներ, ուկրաինացիներ։ Կոլտնտեսությունն զբաղվում է հացահատիկի, արևածաղկի, շաքարի ճակնդեղի մշակությամբ և անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, հիվանդանոց, դեղատուն, կինո, կենցաղսպասարկման օբյեկտներ։
ԱԼԵՔՍԵՅ ՄԻԽԱՅԼՈՎԻՉ (1629-1676), ռուսական ցար (1645-ից)։ Միխայիլ Ֆեոդորովիչի որդին։ Ձգտում էր բացարձակ միապետության, պայքարում եկեղեցու հավակնությունների դեմ, նսեմացնում բոյարական Դումայի դերը։ Ա. Մ–ի արտաքին քաղաքականության ամենակարևոր հաջողությունն էր Ուկրաինայի վերամիավորումը Ռուսաստանի հետ (1654)։ Նրա օրոք ուժեղացան գյուղացիության ֆեոդալական շահագործումը և քաղաքային բնակչության ֆինանսական կողոպուտը, բռնկվեցին Մոսկվայի ապստամբությունները (1648, 1662), գյուղացիական պատերազմը Ռազինի առաջնորդությամբ (1670–71)։ Ա. Մ–ի Մաքսային (1653) և Նոր առևտրական (1667) կանոնադրությունները նպաստեցին ներքին և արտաքին առևտրի ծավալմանը։ Ա. Մ–ի ժամանակ աշխուժացան հայ–ռուսական հարաբերությունները։ Ռուս. արքունիքի հետ կապեր հաստատեցին Նոր Ջուղայի հայ վաճառականները, որոնք ցանկանում էին Ռուսաստանի վրայով իրանական մետաքսը Եվրոպա արտահանելու և եվրոպական ապրանքներ Իրան ներմուծելու արտոնություն ստանալ։ 1660-ին առևտրական բանակցություններ վարելու նպատակով Սպահանից Մոսկվա եկած հայ վաճառականներից խոջա Զաքար Սահրատյանը Ա. Մ–ին նվիրեց «Ալմաստե գահ»։ Մոսկվայի դիվանագիտական ատյանում Զ. Սահրատյանին առաջարկեցին Մոսկվա ուղարկել «… ոսկեգրողների, ոսկու և արծաթի գործի վարպետների, հղկողների, ամեն տեսակ նկարիչների»։ 1667-ին Ա. Մ–ի հրավերով Իրանից Մոսկվա մեկնեց հայ նկարիչ Բոգդան Սալթանովը և նշանակվեց պալատական նկարիչ։ Նույն թվականին Նոր Ջուղայի «Հայկական առևտրական ընկերության հետ» կնքվեց պայմանագիր, որով հայ վաճառականներն ստացան տարանցիկ առևտրի իրավունք և մաքսային արտոնություններ։ Հայ ազատագրական շարժման գործիչներ Գրիգոր Լուսիկենցը (Լուսիկով), Վասիլ Դաուդովը, Հակոբ Ջուղայեցին, Գանձասարի Պետրոս կա–