Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/233

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


րը։ Կան նավթի, գազի, գունավոր մետաղների, քրոմիտի, բոքսիտի և ֆոսֆորիտի հանքավայրեր։ Կլիման խիստ ցամաքային է, հուլիսի միջին ջերմաստիճանը՝ 22,5°C, հունվարինը՝ -16°C։ Տարեկան տեղումները՝ մոտ 300 մմ։ Խոշոր գետերն են Էմբան և Իլեկը։ Կա ավելի քան 150 լիճ։ Գերակշռում են շագանակագույն հողերը, կան նաև սևահողեր և գորշ աղուտային հողեր։ Բուսականությունը տափաստանային և կիսաանապատային է։

Բնակչությունը։ Ա. մ–ում բնակվում է 573 հզ. մարդ (1972), ղազախներ, ռուսներ, ուկրաինացիներ, թաթարներ և այլք։ Միջին խտությունը 1 կմ² վրա 1,9 մարդ է։ Քաղաքային բնակչությունը՝ 45%։ Գլխ. քաղաքներն են՝ Ակտյուբինսկը, Թեմիրը, Չելկարը, Ալգան։

Տնտեսությունը։ Զարգացած է լեռնահանքային, քիմ., մետալուրգիական և մեքենաշինական արդ–ը։ Արդյունահանվում են նիկել (Բատամշինսկի), քրոմիտ (Խրոմթաու), նավթ (Շուբարկուդուկ) ևն։ Ալգայի քիմկոմբինատը մշակում է ֆոսֆոբիաներ և բորատներ։ Զավոդսկոյում արտադրվում են ֆեռոձալվածքներ, Ակտյուբինսկում՝ ռենտգենյան սարքեր, մետաղյա իրեր, տրակտորների և ավտոմեքենաների պահեստամասեր։ Գյուղատնտ. արտադրության առաջատար ճյուղերն են երկրագործությունը (ցորեն, կորեկ, արևածաղիկ ևն), մսաբրդակաթնային անասնապահությունը։ 1956–58-ին իրացվել է 1,6 մլն. հա խամ ու խոպան հող։ Անասունների գլխաքանակում գերակշռում են ոչխարներն ու այծերը (2597,8 հզ. գլուխ, 1968-ին), բուծում են նաև խոշոր եղջերավոր անասուններ (452,6 հզ.), խոզեր (39,2 հզ.), ձիեր (83,4 հզ.), ուղտեր (13,7 հզ.)։ Երկաթուղիների երկարությունը մոտ 1140 կմ է։ Գլխ. մայրուղիներն են՝ Օրենբուրգ–Ակտյուբինսկ–Տաշքենդ և Գուրև–Կանդագաչ (Օկտյաբրսկ)–Օրսկ։ Ա. մ–ով են անցնում Գուրև–Օրսկ նավթամուղը և Բուխարա–Ուրալ ու Միջին Ասիա–ՍՍՀՄ եվրոպական մասի Կենտրոն գազամուղները:

ԱԿՏՈՒԱԼ ԱՆՎԵՐՋՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՑԱՐԿՈՒՄ, մաթեմատիկական և տրամաբանական վերացարկման ձևերից մեկը, երբ վերանում ենք անվերջ բազմության տարրերի փաստական և սկզբունքային իրականացման (կառուցման) հնարավորություններից և անվերջությունը դիտում որպես ակտուալ ձևով տրված գոյ։ Դրա հետևանքով անվերջ բազմությունը դիտվում է որպես կատարյալ ավարտուն վիճակ, որը գոյություն ունի նրա տարրերի կառուցման պրոցեսից անկախ։ Անվերջ թվով անցումները ներկայանում են որպես տվյալ պահին գոյություն ունեցող և միանգամից ընկալվող։ Թեև անվերջ բազմությունը հնարավոր չէ սպառել ոչ պրակտիկ միջոցներով, ոչ էլ սկզբունքորեն, այնուամենայնիվ, Ա. ա. վ. լայնորեն կիրառվում է դասական մաթեմատիկայում և նրանով է հիմնավորվում մաթ. շատ օբյեկտների գոյությունը, օրինակ, երկրաչափական պատկերը դիտվում է որպես անվերջ կետերի, ժամանակամիջոցը՝ անվերջ պահերի, շարժումը՝ շարժվող մարմնի անվերջ վիճակների ամբողջություն։ Ա. ա. վ. կոնկրետ ձևով հանդես է գալիս, երբ անվերջ բազմության համար կիրառվում են վերջավոր բազմությունների նկատմամբ միանգամայն անառարկելի շատ տրամաբանական սկզբունքներ, մասնավորապես, երրորդի բացառման օրենքը։ Ինտուիցիոնիզմը դասական մաթեմատիկայում պարադոքսների առաջացման պատճառը համարում է Ա. ա. վ–ման կիրառումը և առաջարկում է հրաժարվել դրանից, սահմանափակվել պոտենցիալ իրականացման վերացարկումով՝ դրանով հրաժարվելով նաև անվերջ բազմությունների նկատմամբ երրորդի բացառման օրենքի կիրառումից։ Ս. Ավետիսյան


ԱԿՏՈՒԱԼԻԶՄ (<անգլ. actual, ֆրանս. actuel ուշ լատ. actualis – գործուն, ժամանակակից) երկրաբանության մեջ, անցյալի երկրաբանական պրոցեսների բնույթը և պատմությունը ժամանակակից երկրաբանական պրոցեսների համանմանությամբ վերականգնելու պատմա–համեմատական մեթոդ։ Ա. ելնում է «ներկան անցյալի բանալին է» կամ «ակնհայտից գնալ դեպի անհայտը» սկզբունքներից։ Ծագել է XVI–XVII դդ., երկրաբանության սաղմնավորման հետ միասին։ Առաջին անգամ ամբողջականորեն ձևավորել է անգլ. երկրաբան Չ. Լայելը՝ «Երկրաբանության հիմունքները» աշխատությունում (հ. 1–3, 1830–33)։ Երկրակեղևի զարգացումը համարելով բնապատմական էվոլյուցիոն պրոցես՝ Լայելը չէր կռահել, որ նորագույն շրջանի երկրբ. երևույթների պատմությունը նախորդների միապաղաղ կրկնությունը չէ, և որ երկրբ. պրոցեսները փոխադարձ կապի մեջ են՝ ենթակա որոշակի օրինաչափությունների։ Այս բացը լրացրեց Չ. Դարվինը «Տեսակների ծագումը» (1859) աշխատության մեջ։ ժամանակակից տվյալների համաձայն, Երկրի զանգվածը կազմող նյութը շարունակում է ենթարկվել դիֆերենցիացիայի և շերտավորման. առանձին շերտեր դառնում են ավելի համասեռ, բարդանում է երկրակեղևի ներքին կառուցվածքը, նվազում ենթակեղևային զանգվածների ջերմությունը, փոփոխվում են կեղևի ֆիզիկա–մեխանիկական հատկությունները, ստեղծվում պայմաններ լիթոգեն մագմայի առաջացման համար ևն։ Դիալեկտիկական տրամաբանության համաձայն, երկրակեղևի զարգացումը ընթանում է պարուրային գծով, նախորդ շրջանների պատմությունը զգալի չափով վերարտադրվում է հաջորդ շրջաններում, սակայն, նոր պայմաններում, նորոգված հիմքի վրա։


ԱԿՐԵԴԻՏԻՎ (<լատ. accreditivus – հավատարմագրային), 1. բանկային հաշվի ձև. բացվում է գնորդի կամ պատվիրատուի հանձնարարությամբ այն բանկում, որն սպասարկում է ապրանք վաճառողին, ծառայություն մատուցողին ևն։ Ա–ի բացումը հնարավորություն է ստեղծում ակրեդիտիվային հանձնարարականում նշված պայմաններով ստանալ ապրանքի, աշխատանքի կամ ծառայության համար վճար՝ պարտավորությունն անհապաղ կատարելուց հետո։ Ա., որպես անկանխիկ հաշվարկների ձև, կիրառվում է սոցիալիստական ձեռնարկությունների վճարների իրագործման ժամանակ և առևտրական գործառնությունների միջազգային հաշվարկներում։ 2. Անվանական արժեթուղթ, հավաստում է անձի՝ վարկային հաստատությունում (բանկ, խնայողական դրամարկղ) Ա–ով նշված գումարն ստանալու իրավունքը։ Վարկային հաստատությունն Ա. է վճարում դրամական այն գումարի հաշվին, որ մուծված է դրամարկղ կամ դուրս է գբաված տիրոջ հաշվից։


ԱԿՐԻ (Acre), նահանգ Բրազիլիայի հյուսիս–արևմուտքում։ Տարած. 152,6 հզ. կմ² է բնակչությունը՝ 215 հզ. մարդ (1970)։ Կենտրոնը՝ Ռիու Բրանկու։


ԱԿՐԻԴԻՆ, դիբենզոպիրիդին, , օրգանական նյութ, հետերոցիկլիկ միացություն։ Դեղնավուն բյուրեղներ են։ Հալման ջերմաստիճանը 111° C է, եռմանը՝ 345° C։ Վատ է լուծվում ջրում, լավ՝ օրգանական լուծիչներում։ Ա–ի և նրա աղերի լուծույթներն ունեն համապատասխանաբար մանուշակագույն և կանաչ ֆլուորեսցենցում։ Ա. քիմիապես կայուն, շատ թույլ հիմնային նյութ է, հեշտությամբ մտնում է միացման, դժվարությամբ՝ տեղակալման ռեակցիաների մեջ։ Ստացվում է դիֆենիլամինից։ Մետաղների կոռոզիայի ինհիբիտոր է։ Ա–ի որոշ ածանցյալներ կարևոր դեղանյութեր են (ակրիխին, ռիվանոլ) և արժեքավոր ներկանյութեր։


ԱԿՐԻԼԱԹԹՈՒ, պրոպենաթթու, , միահիմն չհագեցած թթու։ Անգույն, սուր հոտով հեղուկ, հալման ջերմաստիճանը՝ 13° C, եռմանը՝ 141° C, խտությունը՝ 1049 կգ/մ³։ Լուծվում է ջրում, սպիրտում և եթերում։ Ա. ստացվում է իր նիտրիլի՝ ակրիլոնիտրիլի հիդրոլիզից կամ օքսոսինթեզով։ Հեշտ պոլիմերվում է՝ առաջացնելով պինդ, անգույն պոլիակրիլսւթթու։ Միանում է ջրածնի, հալոգենների, հալոգենաջրածինների և ջրի հետ։ Մասնակցում է դիենային սինթեզին։ Ա. և նրա աղերը օգտագործվում են որպես տպագրական ներկերի և մածուկների հավելանյութ, լաքերի բաղադրամաս ևն։


ԱԿՐԻԽԻՆ, սինթետիկ դեղանյութ։ Դեղին, դառնահամ, անհոտ, ջրում լուծելի բյուրեղային փոշի է։ Ոչնչացնում է մալարիայի պլազմոդիումների անսեռ ձևերը՝ շիզոնտները։ Օգտագործվում է նաև ճիճվային հիվանդությունների, մաշկային լեյշմանիոզի, կարմիր գայւախտի, պսորիազի ժամանակ։


ԱԿՐՈԲԱՏԻԿԱ (հուն. άκροβάτης - ակրոբատ, άκροβατέω) – քայլում եմ ոտքի մատների վրա, մագլցում վեր), 1. մարմնամարզական տիպի ֆիզիկական վարժությունների ձև։ 2. Մարզաձև, որը միավորում է ֆիզիկական վարժությունների բազմաթիվ խմբեր՝ ակրոբատիկ ցատկեր (ուղեգորգի վրա), խառը զույգի (տղամարդ և կին) վարժություններ, արական զույգի վարժություններ, տղամարդկանց կամ կանանց խմբային վարժություններ (երեքով կամ չորսով), ոստյուններ ցատկացանցի վրա (տղամարդիկ և կանայք)։ Ակրոբատիկ վարժությունները նպաստում են մկանների ուժեղացմանը, հավասարակշռության, շարժումների համադասման