Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/251

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Տաթևում՝ գյուղում Ա վանքում( 1745), Հին Գորիսում (XVII դ.) ևն։

1930-ական թթ. սկսած, ժողովրդական վարպետներից բացի, ճարտարապետներն ու քանդակագործները նույնպես հեղինակում են Ա–հ–ներ՝ ի նշանավորումն պատմական, հասարակական կարևոր իրադարձությունների, նվիրական գաղափարներ խորհրդանշելու նպատակով։ Դրանք ճարտարապետսւկան մտահղացումներով սերտորեն աղերսվում են միջնադարյան Ա–հ–ներին։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին և հետագայում բազում Ա–հ–ներ կաոուցվեցին զոհված մարտիկների հիշատակին։ Դրանցից առաջինի նախաձեռնողը եղան Փարաքարի գյուղացիները (1942, ճարտարապետ՝ Ռ. Իսրայելյան)։ Հայաստանի քաղաքներում, ավաններում, գյուղերում, զբոսայգիներում և ճանապարհներին բազմաթիվ Ա–հ–ներ են կանգնեցրել ճարտարապետներ Ռ. Իսրայելյանը, Գ. Թամանյանը, Տ. Մարությանը, քանդակագործներ Ա. Ուրարտուն, Ա. Հարությունյանը և ուր.՝ երբեմն զարդաքանդակի հետ զգալի տեղ տալով նաև թեմատիկ բարձրաքանդակին։ Հուշարձանի դեկորատիվ հարդարանքը հաճախ լրացվում է ընծայագրերի և հերոսների անունների հիշատակումով, որոնք կոնկրետացնում են նրա բովանդակությունը։

Պատկերազարդումը տես 241 էջից առաջ՝ ներդիրում։ Լ. Զորյան

ԱՂԲՅՈՒՐՆԵՐ, ստորերկրյա ջրի բնական ելքը երկրի մակերևույթ։ Ջրի ելքը պայմանավորված է տեղանքի երկրաբանական կառուցվածքով, կտրտվածությամբ, ջրատար շերտերի դասավորությամբ։ Ա. առաջանում են, երբ ռելիեֆի բացասական ձևերը հատում են ջրատար հորիզոնները։ Ա. սնվում են տարբեր տիպի ստորերկրյա ջրերից և կոչվում նրանց անունով (օրինակ, արտեզյան ջրեր, նկ. ա, գետնաջրեր, նկ. բ ևն)։ Կսւրստի շրջանում լինում են մեծ դեբիտ ունեցող Ա. (վոկլյուզներ)։ Հավերժական սառցույթի շրջաններում հանդիպում են սեզոնային, տեղաշարժվող սառը Ա., երիտասարդ հրաբխականության շրջաններում՝ տաք Ա. և գեյզերներ։ Ա. ստորաբաժանվում են ըստ ջրի ելքի բնույթի (վերընթաց, վայրընթաց), ջերմաստիճանի (սառը, գոլ, տաք, եռացող ևն), ջրի քանակի Փոփոխականության (մշտական, ժամանակավոր), քիմ. կազմի (քաղցրահամ, աղի, հանքային)։ Ա–ով առավել հարուստ են լեռնային շրջանները։ ՀՍՍՀ–ում հաշվվում են շուրջ 10 հզ. Ա., որոնք օգտագործվում են կենցաղային ու արդ. ջրամատակարարման, ինչպես նաև ոռոգման և բուժական նպատակներով: Վ. Ավետիսյան


ԱՂԲՅՈՒՐՆԵՐ ՊԱՏՄԱԿԱՆ, մարդկային հասարակության անցյալի պատմության հուշարձաններ։ Իրենց բնույթով տարբեր են՝ գրավոր աղբյուրներ (ձեռագիր և տպագիր), արտադրության գործիքներ, կենցաղային իրեր, ճարտ. ու շինարարական հուշարձաններ ևն։ Որպես Ա. պ. օգտագործվում են նաև հին լեզվական տարրերը, գեղարվեստական գրականության, պատմական աշխարհագրության, ժող. բանահյուսության նյութերը ևն։ Պատմական աղբյուրների մեջ առավել նշանակալից տեղ են գրավում գրավոր հուշարձանները, որոնք կարելի է բաժանել երկու մասի՝ մատենագրական (պատմիչների երկեր, տարեգրություններ, ժամանակագրություններ, հիշատակարաններ, օրագրություններ, հուշագրություններ, զանազան իրերի վրա գրված կամ փորագրված արձանագրություններ, նամակներ ևն) և պաշտոնական (հրովարտակներ, պայմանագրեր, կոնդակներ, կանոնական և օրենսդրական ակտեր, հայտարարություններ, զանազան որոշումներ, զեկուցագրեր ևն)։ Գրավոր հուշարձանները լինում են բնագրեր և պատճեններ։ Յուրաքանչյուր դարաշրջանին հատուկ է աղբյուրների որոշակի տեսակ։ Պատմական աղբյուրների ուսումնասիրման մեթոդների մշակմամբ զբաղվում է աղբյուրագիտությունը։ Հայաստանի հնագույն պատմության մասին որոշակի տեղեկություններ պահպանվել են Թել–էլ–Ամառնայի (մ. թ. ա. XV դ.) ու Բողազքյոյի պեղումներից հայտնաբերված սեպագիր պնակիտների վրա և բաբելոնա–ասորեստանյան արձանագրություններում։ Նաիրի երկրի առաջին հիշատակությունը պահպանվել է Ասորեստանի թագավոր Սալմանասարի (մ. թ. ա. 1280–61) մի արձանագրության մեջ։ Ուրարտուի մասին տեղեկություններ են հաղորդում ուրարտ. սեպագիր արձանագրությունները։ Հին Հայաստանի մասին արժեքավոր աղբյուր է Բիհիսթունի արձանագրությունը։ Հայկ. աղբյուրներից կարևորագույն նշանակություն ունեն հայ պատմիչներ Ագաթանգեղոսի, Փավստոս Բուզանդի, Մովսես Խորենացու, Եղիշեի, Ղազար Փարպեցու, Սեբեոսի, Ղևոնդի, Հովհաննես Դրաստանակերտցու, Ասողիկի, Թովմա Արծրունու, Ստեփանոս Օրբելյանի և ուր. երկերը։ Կարևոր են նաև ձեռագիր մատյանների հիշատակարանները։ Աղբյուրագիտական լրացուցիչ տվյալներ են ընձեռում արաբական, բյուգանդական և մասամբ՝ ասորական սկզբնաղբյուրները։ Ավելի ուշ շրջանի համար արժեքավոր տեղեկություններ են պարունակում իրավաբանական և գեղարվեստական գրականությունը, արխիվային փաստաթղթերը, վիմական արձանագրությունները, ժամանակագրությունները, ինչպես նաև վրացական ու պարսկական աղբյուրները, եվրոպացի և ռուս ճանապարհորդների ուղեգրությունները, նյութական մշակույթի մնացորդները, վարքաբանական, դավանաբանական գրականությունը ևն։ Վ. Հակոբյան


ԱՂԲՅՈՒՐ ՍԵՐՈԲ (Վարդանյան Սերոբ, կոչել են նաև Սերոբ Փաշա, 1864–1899), հայ ազգային–զատագրական շարժման գործիչ, ֆիդայի։ Ծնվել է Խլաթի գավառի Սոխորթ գյուղում։ Հետապնդվելով թուրքական իշխանություններից՝ 1891-ին հեռացել է ծննդավայրից, եղել է Կ. Պոլսում, Ռումինիայում։ Արևմտյան Հայաստան է վերադարձել 1895–ին և հայկ. հուզումների ժամանակ հայ երիտասարդներից կազմել է հայդուկային խումբ, որը Բիթլիսում, Խլաթում և Սասունում կռվել է թուրք և քուրդ ջարդարարների դեմ (նշանավոր է 1898-ի հոկտ. 20-ի ընդհարումը թուրքական կանոնավոր զորքերի հետ Բաբշեն գյուղի մոտ) և բազմաթիվ հայկ. գյուղեր փրկել կոտորածից ու թալանից։ Խուսափելով հետապնդումներից՝ Ա. Ս., իր խմբով ապաստանելով Սասնա լեռներում, շարունակեց պայքարը։ 1899-ի նոյեմբերին թուրքերին հաջողվեց թունավորել նրան, բայց մինչև վերահաս մահը Ա. Ս., իր զինակիցների հետ գտնվելով պաշարման մեջ, Գելիեգյուզան գյուղում մինչև վերջ դիմադրեց թուրք գինվորներին։ Այս ընդհարման ժամանակ վիրավորվեց նրա կինը՝ Սոսեն, իսկ որդին և երկու եղբայրները սպանվեցին։ Ժողովուրդը երգեր է հյուսել Ա. Ս–ի մասին։


ԱՂԲՐԻԿ ՎԱՆՔ (Աղբերկա, Աղբյուրիկի կամ Վանդիր վանք), մենաստան և ուխտատեղի Տուրուբերանի Խութ գավառում։ Գտնվում է Մշո դաշտի հվ. մասում, Բռնաշեն ավանի մոտ։ Ա. վ–ի անունը ծագել է մատուռի տակից բխող աղբյուրից, որին բուժիչ հատկություններ էին վերագրում։ Հիմնադրվել է, հավանաբար, IX–X դդ.։ Բաղկացած է մատուռից, զավթից և իրար հետ հաղորդակցվող մի քանի եկեղեցիներից (Ս. Աստվածածին, Ս. Փրկիչ, Ս. Կարապետ, Ս. Ստեփանոս ևն)։ Վանքն ունի հետագա նորոգության հետքեր։ Ուշ միջնադարում Ա. վ. պարսպապատվել է։ Վկայություն կա, որ XVIII դ. կեսերին Ա. վ. ապստամբ սասունցիներին ապաստարան է ծառայել, որի համար կողոպտվել է տեղի թուրք բեյի կողմից։ XIX դ. այստեղ եղել է դպրոց։ Այժմ ամայի է, կիսակործան։

Գրկ. Ոսկյան Հ., Տարոն–Տուրուբերանի վանքերը, Վնն., 1953, էջ 10–21։ Ա. Քալանթարյան


ԱՂԲՈՒԼԱՂ, գյուղ Հայկական ՍՍՀ Գորիսի շրջանում, շրջկենտրոնից 36 կմ հարավ։ 355 բն. (1970), ադրբեջանցիներ։ Կոլտնտ–ը զբաղվում է հացահատիկի մշակությամբ, անասնապահությամբ։ Ունի ութամյա դպրոց, գրադարան, կինո։


ԱՂԲՈՒԼԱՂ, գյուղ Հայկական ՍՍՀ Կրասնոսելսկի շրջանում, շրջկենտրոնից 15 կմ հարավ–արևմուտք։ 1520 բն. (1970), ադրբեջանցիներ։ Կոլտնտ–ը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կարտոֆիլի, ծխախոտի մշակությամբ։ Ունի ութամյա դպրոց, կապի բաժանմունք, բուժկայան։