Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/252

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ԱՂԲՈՒԼԱՂ, գյուղ Լեռնային Ղարաբաղի ԻՄ Հադրութի շրջանում, շրջկենտրոնից 30 կմ հյուսիս–արևելք։ 356 բն. (1970), հայեր։ Մտնում է էդիլլուի կոլտնտ. մեջ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան։ Ա–ում 1830-ական թթ. բնակություն են հաստատել Ղարադաղից (Իրան) եկած հայեր։


ԱՂԲՈՒԼԱՂ, գյուղ Լեռնային Ղարաբաղի ԻՄ Ստեփանակերտի շրջանում, շրջկենտրոնից 28 կմ հյուսիս–արևելք։ 242 բն. (1971), հայեր։ Մտնում է Նախիջևանիկի կոլտնտ. մեջ, որն զբաղվում է այգեգործությամբ, հացահատիկի մշակությամբ, անասնապահությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան։


ԱՂԴԱՄ, քաղաք, Ադրբեջանական ՍՍՀ Աղդամի շրջանի կենտրոնը։ Գտնվում է Ղարաբաղի լեռնաշղթայի արլ. ստորոտին, նույնանուն հարթավայրում։ Երկաթուղային կայարան է և խճուղային հանգույց։ 21,3 հզ. բն. (1970)։ Ա–ում կան յուղի–պանրի, գինու, պահածոների, մետաղե իրերի և գործիքաշինական գործարաններ։ Գործում են գյուղատնտ. և գյուղմեքենայացման տեխնիկումներ, բժշկական և երաժշտական ուսումնարաններ, դրամատիկական թատրոն։


ԱՂԴԱՆ (ն. Վերին Աղդան), գյուղ Հայկական ՍՍՀ Իջևանի շրջանում, Աղստևի վտակ Աղդան գետի ափին, շրջկենտրոնից 4 կմ հարավ։ 2989 բն. (1970), հայեր։ Կաթնա–պտղաբուծական սովետական տնտեսությունը մշակում է նաև ծխախոտ, հացահատիկ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կինո, կապի բաժանմունք, բուժկայան։ Հիմնադրվել է XVIII դ.։ Գյուղի շրջակայքում պահպանվել են հին բնակավայրերի մնացորդներ, եկեղեցիների ավերակներ։


ԱՂԵԴԻՏՈՒՄ, հիմնականում, ուղիղ և սիգմաձև աղիքների ներքին մակերևույթի ու լուսանցքի զննումը ռեկտոսկոպի միջոցով (ռեկտոռոմանոսկոպիա)։ Վազելինով պատված ռեկտոսկոպը, որին ամրացված է էլեկտրական լամպ, 10–12 սմ խորությամբ մտցվում է ծունկարմնկային դրություն ընդունած հիվանդի ուղիղ աղիքը։ Ա. հատուկ նշանակություն ունի ուղիղ աղիքի ուռուցքների, թութքային հանգույցների, խոցերի, խուղակների ախտորոշման համար։ Ա–ից 2–3 ժամ առաջ պետք է հոգնայի միջոցով մաքրել հիվանդի աղիքները։

Նկարում` Աղեխորշավորներ. 1. Բացված շոշափուկննրով պոլիպ։ 2. Սեղմված շոշափուկներով պոլիպ։ 3. Գաղութից անջատված մեդուզա։


ԱՂԵԽՈՐՇԱՎՈՐՆԵՐ (Coelenterata), բազմաբջիջ, ջրային կենդանիների տիպ, ունի 2 ենթատիպ խայթողներ և ոչ խայթողներ։ Խայթողներն ունեն 3 դաս՝ հիդրոզոաներ, սցիֆոզոաներ և կորալյան պոլիպներ, ոչ խայթողները՝ մեկ՝ սանրակիրներ։ Հայտնի է մոտ 9000 տեսակ։ Մարմինը ճառագայթաձև է։ Մարմնի պատը կազմված է բջիջների 2 շերտից՝ էկտոդերմից (արտաքին) և էնտոդերմից (ներքին), որոնց միջև գտնվում է բարակ հենաթաղանթը կամ դոնդողանման մեզոգլեան։ Մարմնի մի ծայրով, ուր գտնվում է շոշափուկներով պատված բերանը, արտաթորվում են նաև չմարսված նյութերը, մյուս ծայրով՝ ներբանով ամրանում են հիմքին (սուբստրատին)։ Կենդանակեր են, մարսողությունը՝ ներբջջային։ Ա–ի էկտոդերմի տակ գտնվում են նյարդային ցրված բջիջներ, որոնք կազմում են դիֆուզ նյարդային համակարգ։ Խայթողները որսում են խայթիչ, իսկ սանրակիրները՝ կպչուն բջիջներով։ Ա. գոյություն ունեն 2 ձևով, նստակյաց գաղութային (պոլիպային) և մենակյաց ազատ լողացող (մեդուզային)։ Բաժանասեռ են, իսկ որոշ սանրակիրներ՝ երկսեռ։ Բազմանում են սեռական և անսեռ ճանապարհով։ Թրթուրը լողացող պլանուլան է։ Ա–ին բնորոշ է սերունդների հաջորդականությունը։ Անսեռ սերնդին հաջորդում են ազատ լողացող սեռական ձևերը։ Բրածո մնացորդները կարևոր են երկրի կեղևի և շերտերի ուսումնասիրության համար։ Ա. Մինասյան


ԱՂԵԿՅԱՆ Թադևոս Արտեմի (ծն. 1913), սովետական աստղագետ։ Ֆիզմաթ գիտ. դ–ր (1958), պրոֆեսոր (1961)։ ՍՄԿԿ անդամ 1944-ից։ Ծնվել է մայիսի 12-ին, Բաթումում։ 1938-ին ավարտել է Լենինգրադի համալսարանի մաթեմատիկա–մեխանիկական ֆակուլտետը։ 1941–45-ին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին՝ գնդի շտաբի պետի պաշտոնով։ 1946-ից Լենինգրադի համալսարանում դասավանդում է աստղային դինամիկա, աստղային կինեմատիկա և աստղային վիճակագրություն։ Գիտական հետազոտությունները հիմնականում վերաբերում են աստղային համակարգերի անկանոն դաշտի տեսությանը, աստղային համակարգերի դինամիկային (ռադիոդիտումների տվյալների հիման վրա), ռոտացիոն–համաչափ պոտենցիալի դաշտում շարժման տեսությանը։

Երկ. Աստղեր, գալակտիկաներ, մետագալակտիկա, Ե., 1971։ Динамика прохождений звёзд сквозь пылевые облака, ДАН СССР, № 3. 1950. Распределение истинных конфигураций тройных звёзд, Аст. жур. 32, 1955. Третий интеграл движения и поле скоростей для квазиньютоновского потенциала, Вестник ЛТУ, № 7, 1973.


ԱՂԵՂ (լատ. Sagitta), համաստեղություն երկնքի հյուսիսային կիսագնդում։ Գտնվում է Աղվես, Դելֆին, Արծիվ և Վահագն (Հերկուլես) համաստեղությունների միջև։ Միջին լայնություններից երևում է ամբողջ տարին, հատկապես լավ է երևում ամռանն ու աշնանը։


ԱՂԵՂ (երաժշտ.), փայտյա ձող՝ երկայնքով ձգված ձարերի (ձիու մազերի) խրձակով, որի միջոցով հնչեցնում են լարային աղեղնավոր գործիքները։ Կան տարբեր կառուցվածքի Ա–ներ. պարզ՝ ժող. գործիքների համար, և կատարյալ՝ ժապավենաձև ձարախրձակը ձգող պտուտակավոր կարգավորիչով՝ ժամանակակից պրոֆեսիոնալ գործիքների համար (գործածվում է XVIII դ. 80-ական թվականներից)։


ԱՂԵՂ (մաթ.), կոր գծի որևէ երկու կետերի միջև ընկած մասը։ Տես նաև Կոր։


ԱՂԵՂԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՎԱՌԱՐԱՆ, էլեկտրական աղեղներում ջերմության փոխակերպվող էլեկտրական էներգիայով տաքացվող վառարան։ Ունի մեկ կամ մի քանի էլեկտրական աղեղ։ Տաքացման այդ ձևը հնարավորություն է տալիս համեմատաբար փոքր ծավալում կենտրոնացնել մեծ հզորություն (մեկ աղեղի համար՝ մինչև 16 հզ. կվտ) և աղեղի ներսում զարգացնել մինչև 600° C։ Այս հատկությունների շնորհիվ Ա. է. վ–ները կիրառվում են այնպիսի արտադրություններում, որտեղ պահանջվում են շատ բարձր ջերմաստիճաններ և վառարանի աշխատանքային տարածության տարբեր կետերում թույլատրվում է ջերմային հոսքերի զգալի անհավասարաչափություն։ Ա. է. վ–ները սնվում են ցածրացնող ուժային տրանսֆորմատորից։

Ա. է. վ–ները լինում են՝ ուղղակի գործողության (կախյալ աղեղով), անուղղակի գործողության (անկախ աղեղով) և փակ աղեղով։ Առաջինում աղեղն ստացվում է ուղղաձիգ տեղակայված գրաֆիտե կամ ածխե էլեկտրոդների և բովախառնուրդի միջև։ Նման տիպի վառարանները մեծ մասամբ եռաֆազ են։ Օգտագործվում են պողպատի հալման համար (տես նաև Էլեկտրամետալուրգիա)։ Անուղղակի գործողության Ա. է. վ–ում աղեղն ստացվում է երկու հորիզոնական էլեկտրոդների միջև։ Աշխատում են միաֆազ հոսանքով։ Կիրառվում են հիմնականում բրոնզի հալման համար, քանի որ նրանց մեջ, ուղղակի գործողության Ա. է. վ–ների համեմատությամբ, փոքր են թանկարժեք գունավոր մետաղների գերտաքացումն ու հալակորուստը: Փակ աղեղով Ա. է. վ–ները կիրառվում են անընդհատ ընթացող պրոցեսների համար, որտեղ աղեղն ստացվում է պինդ բովախառնուրդի շերտի տակ։ Նման տիպի վառարանները սովորաբար եռաֆազ են, ունեն 3 կամ 6 ուղղաձիգ տեղակայված էլեկտրոդներ։ Օգտագործվում են հանքաքարից թուջ հալելու, վերահալելու, կալցիումի կարբիդ ստանալու համար, ֆեռոհամաձուլվածքների և էլեկտրաքիմիական այլ արտադրություններում։

ՀՍՍՀ–ում Ա. է. վ–ներ օգտագործվում են Երևանի Ս. Մ. Կիրովի անվան քիմիական, Ալավերդու պղնձաքիմիական կոմբինատներում, Ղափանի հարստացուցիչ ֆաբրիկայում և այլուր։

Գրկ. Свенчанский А. Д., Смелянский М. Я., Электрические промышленные печи, ч. 2., М., 1970. Տ. Ավանեսյան, Ա. Դիլոյան


ԱՂԵՂՆԱՎՈՐ (լատ. Sagittarius), Կենդանաշրջանի համաստեղություններից։ Գտնվում է երկնքի հվ. կիսագնդում՝ Արծիվ, Այծեղջյուր, Հնդիկ, Հարավային թագ, Կարիճ, Օձակիր, Օձ և Վահան համաստեղությունների միջև։ Միջին լայնություններից հատկապես լավ է երևում ամռանը։ Ա–ի ուղղությամբ է գտնվում մեր Գալակտիկայի կենտրոնը։