Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/250

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

եկեղեցի և դպրոց։ Գյուղը բաժանված էր չորս թաղի։ Ա. ավերվել ու ամայացել է 1915-ին։ Բնակիչների մի մասը զոհվել է, իսկ մյուս մասը գաղթել տարբեր երկրներ։

ԱՂԲԻԱՆՈՍՅԱՆՆԵՐ, հոգևորական տոհմ Հայաստանում, IV-V դդ.։ Հիմնադիրն է Աղբիանոսը։ Ըստ Ագաթանգեղոսի, Հայաստանում քրիստոնեությանը պետական կրոն հռչակվելուց (301) հետո քրմի որդի Ադրիանոսը կարգվեց եպիսկոպոս և ապա՝ «վերակացու արքունական դրան բանակին»։ Հայաստանի կրոնական կյանքում ունեցած րարձր դիրքն ու հեղինակությունը Ադրիանոսին արտոնում էին մասնակցելու պալատական խորհուրդներին և երկրի կարևոր հարցերի քննարկմանը։ Նրա կալվածները տարածվում էին Բագրևանդ, Հարք և Բզնունիք գավառներում։ Խոսրով Գ Կոտակ թագավորի օրոք Աղբիանոսը տիրացավ նաև Մանավազյանների տան կալված Մանազկերտին, որն այնուհետև դարձավ նրա սերունդների՝ Ա–ի հոգևոր կենտրոններից մեկը։ Աշտիշատը, որը, ըստ Ն. Ադոնցի, նույնպես պատկանում էր Ա–ին, հոգևոր կենտրոնի իր առաջնությունը պահպանեց նաև Հայաստանում քրիստոնեությունն ընդունելուց հետո։ Փավստոս Բուզանդը Աշտիշատի եկեղեցին անվանում է «մեծ և առաջին մայր եկեղեցի», մատնանշում նրա ավագությունը բոլոր հայ եկեղեցիների նկատմամբ։ IV–V դդ. Հայաստանի եպիսկոպոսապետության համար մղվող մրցապայքարում Ա. մնում էին Գրիգոր Լուսավորչի տոհմի գլխավոր հակառակորդները և հաճախ գերակշռություն ձեռք բերում։ Հայրապետական գահին Ա–ի և Գրիգոր Լուսավորչի հետնորդների աթոռակայելը հիմնականում պայմանավորվել է Մեծ Հայքի իշխանության վարած արտաքին քաղաքականությամբ՝ Արևելյան Հռոմեական կայսրության (Բյուզանդիայի) կամ Պարսկաստանի նկատմամբ ունեցած դիրքով։ Լուսավորչի հետնորդները հակված էին դեպի Արևելյան Հռոմեական կայսրությունը (Բյուզանդիան), անհամերաշխ էին Պարսկաստանին և հայ Արշակունի այն թագավորներին, որոնք փորձում էին դաշնակցել Պարսկաստանի հետ. Ա. ձգտել են համերաշխ մնալ դրացի Պարսկաստանի հետ և Հռոմեական կայսրության վերահսկողությունից ձերբազատել հայ եկեղեցին (հայ կաթողիկոսներին ձեռնադրում էր Կեսարիայի մեծ եպիսկոպոսապետը)։ 373-ին Ա–ից Հուսիկ Բ (ըստ Մ. Օրմանյանի, նույն ինքը՝ Շահակ Ա Մանազկերտցին) կաթողիկոս դարձավ Պապ թագավորի նախաձեռնությամբ, առանց Կեսարիայի մեծ եպիսկոպոսապետի ձեռնադրության՝ փաստորեն հիմնելով հայկական անկախ եկեղեցի։ V դ. 2-րդ կեսին Ա. կորցնում են քաղ. ակտիվությունը։ Դրանից հետո Ա–ի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Ա–ից էին՝ Փառեն Ա Աշտիշատեցի (348–352), Շահակ Ա Մանազկերտցի (Չոնակ, Հուսիկ Բ, 373–377), Զավեն Ա Մանազկերտցի (377–381), Ասպուրակես Ա Մանազկերտցի (381–386), Մելիտե Ա Մանազկերտցի (452–456) և Մովսես Ա Մանազկերտցի (456–461) կաթողիկոսները։

Գրկ. Ագաթանգեղոս, Պատմութիւն Հայոց, Թ., 1909։ Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, Ե., 1968։ Օրմանյան Մ., Ազգապատում, հ. 1, մաս 1, Բեյրութ, 1959, Լեո, Երկ. ժող., հ. 1, Ե., 1966։ Адонц Н., Армения в эпоху Юстиниана. СПБ. 1908. Մ Կատվալյան


Աղբլուր, գյուղ Արևմտյան Հայաստանում Էրզրումի վիլայեթի Քղիի շրջանում։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին Ա․ ուներ ավելի քան 100 հայ և 30 այլազգի բն., որոնք զբաղվում էին երկրագործոփյամբ ու անասնապահությամբ։ Հայերն ունեին եկեղեցի և նախակրթական վարժարան։ Գյուղի շրջակայքում կային զանազան հնություններ` ավերակ բնակավայրի մնացորդներ և հին գերեզմանոց: Ա–ի հայ բնակիչների մի մասը զոհվել է Մեծ եղեռնի ժամանակ, իսկ մյուս մասը գաղթել տարբեր երկրներ։ Հ. Բարսեղյան

Նկարում` «Աղբյուր» ամսագրի շապիկը։


«ԱՂԲՅՈՒՐ», առաջին մանկական պատկերազարդ ամսագիրը Արևելյան Հայաստանում։ Լույս է տեսել Թիֆլիսում (1883–1918), հրապարակախոս–մանկագիր Տիգրան Նազարյանի խմբագրությամբ։ Ամսագիրը ձգտել է մանուկների մեջ արթնացնել պատվասիրություն, սեր դեպի մարդը, վսեմն ու ազնիվը։ Տպագրել է գրական–գեղարվեստական, բնագիտական, աշխարհագրական նյութեր, կենսագրական ակնարկներ նշանավոր մարդկանց մասին, նաև թարգմանություններ Անդերսենի, Հոֆմանի, Հյուգոյի, Գյոթեի, Պուշկինի, Տուրգենևի, Նեկրասովի և այլ գրողների մանկական երկերից։ Մեծ տեղ է տվել ժողովրդական բանահյուսությանը։ Ունեցել է ոչ պարբերաբար լույս տեսնող երկրորդ բաժին, որտեղ տպագրվել են մանկավարժ. տեսական հոդվածներ, ուսումնասիրություններ, խորհուրդներ ծնողներին և դաստիարակներին։ Իբրև «Ա.»–ի հավելված հրատարակվել են ժողովածուներ, գրքույկներ, նկարներ, «Մանկական աշխարհ» պարբերաթերթը՝ երեխաների գրվածքներով և թարգմանական նյութերով։ Ամսագրի էջերում հանդես են եկել հայ անվանի գրողներ Րաֆֆին, Պ. Պռոշյանը, Ղ. Աղայանը, Հ. Հովհաննիսյանը, Հ. Թումանյանը, Ա. Ծատուրյանը, Ա. Իսահակյանը, Լեոն և ուր.։

Գրկ. Քսան և հինգ ամյակ «Աղբյուր» մանկական ամսագրի (1883- 1908), կազմեց Նար–Դոս, Թ., 1908։ Հակոբյան Մ. Ն., «Աղբյուր» ամսագիրը, «Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ, հաս. գիտ.», 1959, № 2։ Գյուլնազարյան Ի. Ս., Ակնարկներ հայ մանկական գրականության պատմության, Ե., 1961, էջ 63–73։ Մ. Հակոբյան


ԱՂԲՅՈՒՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, գիտության օժանդակ ճյուղ, որը մշակում է պատմական աղբյուրների հետազոտման մեթոդները։ Աղբյուրների ծագման հարցերը պարզաբանելու համար (ճշգրտություն, ժամանակ, տեղ, նախնական բնագիր, հեղինակ ևն) մեծ նշանակություն ունի արտաքին կողմի քննությունը, ինչպես նաև աղբյուրների դերը հաստատող մեկնաբանությունը (իմաստ, թեմա, խնդիրներ)։ Ներքին կողմի քննությունը բացահայտում է աղբյուրների բովանդակությանը (ճշգրտություն, լիարժեքություն ևն)։ Ա. օգտագործում է նաև պատմական գիտության այլ ճյուղերի (հնագիտություն, արձանագրսւգիտություն, պատմական չափագիտություն ևն) տվյալները։

ՀՍՍՀ–ում աղբյուրագիտական աշխատանքներ են կատարվում Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանում, ՀՍՍՀ ԳԱ պատմության, Մ. Աբեղյանի անվ. գրականության, հնագիտության և ազգագրության ինստ–ներում, Երևանի պետ. համալսարանի ամբիոններում, հանրապետության արխիվային հիմնարկներում։ Աղբյուրագիտական աշխատանք է կատարվում նաև սփյուռքում (Վենետիկ, Վիեննա, Երուսաղեմ և այլուր)։ Վ. Հակոբյան


ԱՂԲՅՈՒՐԱԿՆԵՐ, նորածնի գանգաթաղի դեռ չոսկրացած, փուխր–շարակցական հյուսվածքներ։ Գտնվում են գանգաթաղի ոսկրերի միացման տեղերում։ Ամենամեծը՝ ճակատային աղբյուրակը, ոսկրանում (փակվում) է կյանքի երկրորդ տարվա կեսին, մնացած 5-ը՝ ավելի վաղ։ Ուշ են ոսկրանում ռախիտով տառապող երեխաների Ա.։


ԱՂԲՅՈՒՐ–ՀՈՒՇԱՐՅԱՆ, աղբյուրը ձևավորող ճարտարապետական կառույց։ Հայաստանում աղբյուրների ակունքներին, արհեստական ջրավազանների մոտ կոթողներ կանգնեցնելու՝ ջրի պաշտամունքի հետ կապված սովորությանը շատ հին է (տես Վիշապ)։ Աղբյուրն ու շրջապատը հարդարելու և ճարտարապետորեն ձևավորելու ավանդույթը շարունակվել է նաև միջնադարում։ Կանգնեցվել են ամենատարբեր հորինվածքի Ա–հ–ներ, որոնք եղել են նաև ժող. տոնահանդեսների ու խաղերի հավաքատեղիներ։ Սովետական Հայաստանի տարածքի վրա միջնադարյան Ա–հ–ներ պահպանվել են Սանահինում (XII դ. վերջ, ճարտարապետ՝ Մխիթար), Հաղպատում (1258), Ախթալայում (XIII դ.), Ազիզբեկովի շրջանի Մարտիրոս գյուղում (խաչքարով, 1283, քարգործ՝ Շնորհավոր աղբար), Խնձորեսկում (երկու հատ, XVII դ.),