Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/277

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ռական բառարանով, որը պարունակում է Արարատյան և այլ բարբառների 14000 բառ ու դարձվածք՝ իմաստների բացատրությամբ և մեծ մասամբ նաև վավերական օրինակներով։ Մահացել է էջմիածնում։

ԱՄԱՏՈՒՆԻՆԵՐ, հայ նախարարական հնագույն տոհմ Վասպուրական նահանգի Արտազ գավառում։ Հայոց արքունիքում գրավում էին 15-րդ գահը (տես Գահնամակ), վարում էին հազարապետության պաշտոնը։ Զորանամակում Ա–ի զորաբաժինը չի հիշատակվում։ Ըստ Մովսես Խորենացու, Ա. ծագումով հրեա էին՝ սերված ոմն Մանուե նախահորից, և նրանց սկգբնական հայրենիքը Պարսկաստանի Ահմատանի (Համադան) կողմերում էր։ Հայաստան գալով՝ Արտաշես թագավորից ստացան գյուղեր ու դաստակերտներ և կոչվեցին Ա.։ Ն. Ադոնցը նրանց անվան ծագումը կապում է Հերոդոտոսի հիշատակած մատիեններ ցեղանվան հետ։ Սանեսան թագավորի զորքերի դեմ Օշականի ճակատամարտում (336) տարած հաղթանակի առթիվ Հայաստանի Խոսրով Գ Կոտակ թագավորը Ա–ի իշխան Վահանին նվիրեց Օշականը, որն այնուհետև դարձավ իշխանանիստ կենտրոն։ IV դ. վերջերին հիշատակվում է Պարգև Ամատունի իշխանի անունը, որը համագործակցելով Շավարշ Կամսարականի հետ, փորձում էր պարսից գերությունից ազատել Հայաստանի Խոսրով Դ թագավորին։ Այդ փորձի ձախողումից հետո Սասանյան Արտաշիր թագավորը Ա–ին և Կամսարականներին հայրենական գահից իջեցրեց կրտսեր նախարարների կարգը։ 450–451 և 481–484-ին հայ ազգային–ազատագրական պատերազմներում Ա–ից մարտնչում էին Վահան, Առանձար, Առնակ և Քաջաջ իշխանները։ V դ. Ա–ից Վահան իշխանը իր ուսուցիչ Մեսրոպ Մաշտոցի դին Էջմիածնից տեղափոխում է Օշական՝ նրա գերեզմանի վրա կառուցում կենտրոնագմբեթ եկեղեցի–դամբարան։ 789-ին, արաբական հալածանքներից խույս տալով, շուրջ 12000 հայ գյուղացիներ Համամ Ամատունու և նրա հայր Շապուհի գլխավորությամբ անցնում են Բյուզանդիայի տիրապետության սահմաններում գտնվող Խաղտիք երկրամասը և բնակվում այնտեղ։ Նրանց բնակավայրը կոչվեց Համամշեն (Համամ իշխանի անունով), իսկ իրենք՝ համշենցիներ։ Վերջին դարերում Ա–ի շառավիղները բնակվել են Վրաստանում, հատկապես՝ Թբիլիսիում և Գորիում։

Նկարում` Լ. Ամարա

Նկարում` Լ. Ամարան Աիդայի դերում (Ջ. Վերդիի «Աիդա»), Երևանի Ալ. Սպենդիարյանի անվ. թատրոնում։


ԱՄԱՐԱ (Արմաղանյան) Լուսին Գևորգի (ծն. 1927), հայազգի ամերիկյան օպերային երգչուհի (սոպրանո)։ Ծնվել է մարտի 1-ին, Հարթֆորդում (Քոննեքթիքութի նահանգ, ԱՄՆ)։ Տասը տարեկանից սովորել է ջութակ նվազել։ Երգել է Սան Ֆրանցիսկոյի հայկ. եկեղեցում (1940–49)։ Վոկալ–երաժշտական կրթությունն ստացել է Արևմուտքի երաժշտական ակադեմիայում (1947), Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում (1949–50), 1944–57-ին ձայնամարզության դասեր է առել Ստելլա Այզներ էմիսից։ 1948-ին Լոս Անջելեսում, երգիչների Համաամերիկյան մրցույթում շահել է առաջին մրցանակը։ 1950-ին ընդունվել է «Մետրոպոլիտեն օպերա» (Նյու Տորք), հետագայում դարձել նրա «աստղերից»։

Ա–ի կատարած լավագույն դերերգերից են՝ Սիմի, Տոսկա, Չիո Չիո–սան (Պուչինիի «Բոհեմա», «Ֆլորիսւ Տոսկա», «Չիո Չիո–սան»), Լեոնորա, Աիդա, Դեզդեմոնա (Վերդիի «Տրուբադուր», «Աիդա», «Օթելլո»), Դոննա էլվիրա, Պամինա (Սոցարայի «Դոն ժուան», «Կախարդական սրինգ»), Տատյանա (Չայկովսկու «Եվգենի Օնեգին»), Սիքաելա (Բիզեի «Կարմեն»), Եվրիդիկա (Գլյուկի «Օրփեոս և Եվրիդիկա»), Մարգարիտ (Գունոյի «Ֆաուստ»), Նեդդա (Լեոնկավալլոյի «Պայացներ»)։ 1954-ից հյուրախաղերով այցելել է Հռոմ, Ստոկհոլմ, Վիեննա, Երուսաղեմ, Փարիզ, Մեխիկո, մասնակցել Գլայնդբուռնի (1954, 55, 57, 58), էդինբուրգի (1954) փառատոներին։ Նա երգում է Վերդիի «Ռեքվիեմ»–ում, Բեթհովենի Իններորդ սիմֆոնիայում, բազմիցս ձայնագրվել է (նաև «Մեծ Կարուզո» կինոնկարում)։ 1965-ին այցելել է ՍՍՀՍ։ Երևանում հանդես է եկել Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի թատրոնում Աիդայի դերերգով համանուն օպերայում, համերգով՝ Հայֆիլհարմոնիայում։ Թբիլիսիում գլխավոր դերերգերով մասնակցել է «Աիդա», «Չիո Չիո–սան» ներկայացումներին, Լենինգրադում և Մոսկվայում տվել համերգներ։ Կոմիտասի ծննդյան 100-ամյակին Ա. հանդես է եկել կոմիտասյան ստեղծագործությունների կատարմամբ։ Ց. Բրուտյան


ԱՄԱՐԱՍ, գյուղաքաղաք Արցախ նահանգի Մյուս Հաբանդ գավառում։ Գտնվում էր այժմյան Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Մարտունու շրջկենտրոնից 10 կմ դեպի հվ–արլ., Խազազի և Լուսավորչի ցածրադիր սարերի միջև ընկած գոգավորությունում։ IV դ. սկզբին Գրիգոր Լուսավորիչն Ա–ում հիմնել է վանք, որի կառուցումն ավարտել է նրա թոռ Գրիգորիս եպիսկոպոսը։ V դ. վերջին Գրիգորիսի գերեզմանի վրա Վաչագան Գ Բարեպաշտ թագավորը կառուցել է մատուռ, որն այժմ էլ գոյություն ունի (մայր եկեղեցու ներսում, ավագ խորանի ներքո)։ Ա. գավառի ոչ միայն հոգևոր (եպիսկոպոսանիստ), այլև մշակութային ու տնտեսական կարևոր կենտրոնն էր։ V դ. սկզբին Մեսրոպ Մաշտոցն Ա–ում բացել է Արցախի առաջին դպրոցը։ Արաբական տիրապետության շրջանում Ա. մի քանի անգամ ենթարկվել է ասպատակության՝ գավառով հանդերձ, և ժողովուրդը IX դ. Առանշահիկ իշխաններ Սահլ Սմբատյանի, ապա Եսայի Աբու–Սուսեի գլխավորությամբ ջախջախել է ասպատակիչներին։ Ա–ի վանքը ներփակված էր հաստավեմ պարիսպներով և վտանգների դեպքում դառնում էր բերդամրոց, որտեղ պատսպարված ժողովուրդը դիմակայում էր թշնամուն։ Այդ պատճառով Ա–ի վանքը բազմիցս ենթարկվել է ավերածության թուրք–սելջուկների և թաթար–մոնղոլների կողմից։ Սակայն միշտ էլ արագորեն վերականգնվել է ու շենացել։ Այս հիմքի վրա ստեղծվել է նույնիսկ ժողովրդական մի հայտնի ավանդություն, ըստ որի հերթական բռնավորը հիմնահատակ կործանում էր գյուղաքաղաքը և, որպեսզի վանքն այլևս չվերականգնվի, իր զորքը շարքով կանգնեցնում էր մինչև Երասխի ափը. զինվորները վանքի քարերն իրար տալով՝ թափում էին գետը։ Սակայն ամեն անգամ, երբ ասպատակիչները հեռանում էին գավառի սահմաններից, վանքը իր նախկին շուքով վերստին կանգնում էր ավանդական տեղում։ Ա–ի վանքն ամենածանր ավերածության ու թալանի է ենթարկվել XIII դ. վերջին, մոնղոլական Աբաղա խանի հրոսակների կողմից։

Լենկթեմուրի արշավանքների ժամանակ, XIV դ. վերջին, Ա. խիստ ավերվեց։ Բայց Ա–ի վանքը չկորցրեց եպիսկոպոսական աթոռը։ XV–XVI դդ. ծանր պայմաններում անգամ Ա. մնում էր որպես մշակութային աշխույժ կյանքով ապրող միաբանության կենտրոն։ Այնտեղ անընդմեջ գործում էր դպրոցը, ստեղծվում էին թանկարժեք ձեռագրեր, որոնցից շատերը հասել են մեզ։ 1664-ին վանքի ծախսերով Հերհեր գյուղի մոտ կառուցվել է Ա–ի առաջնորդության ամառանոց–եկեղեցին՝ Ա. Գրիգորիս անվամբ։ Ա–ի մայր եկեղեցին կառուցված է Շուշիի քարհանքի բաց մոխրագույն սրբատաշ որձաքարով։ Չորս գեղեցիկ սյուների վերևում կիսաբոլոր կամարներն են, որոնց վրա հենված է գմբեթավոր ձեղունը։ Տաճարի սրահի երկարությունը 23 մ է, լայնությունը՝ 13,33 մ։ Պահպանվել են պարիսպները, ինչպես նաև վանքի օժանդակ շինությունների մեծ մասը։

Գրկ. Մովսես խորենացի, Պատմություն Հայոց, Ե., 1968։ Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, Ե., 1968։ Մովսես Կաղանկատվացի, Պատմություն Աղվանից աշխարհի, Ե., 1969։ Բարխուդարյանց Մ., Արցախ, Բագու, 1895։ Ա. Երեմյան, Ս. Բարխուդարյան


ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼ, դատի տրված մեղադրյալ։ Մասնավոր գանգատի գործերով (վիրավորանք, ծեծ, խոշտանգում) անձը Ա.