Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/304

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

էին եղած շինանյութերին։ Շենքերի ուրվագծերում գերիշխում էին ուղիղ գծերը։

XVII դ. 2-րդ կեսին որոշ քաղաքներ կառուցապատվում էին նախապես արված հատակագծերով (Չարլսթոն, 1680)։ Ֆիլադելֆիայի հատակագիծը (1682) կատարվել էր կանոնավոր հատակագծման սկզբունքով և արդեն առանց քաղաքային պարիսպների։ Կանոնավոր կառուցապատման սկզբունքը հիմնականում կիրառվել է XVIII դ.։ Մերիլենդ–Աննապոլիսը վերոհիշյալ սկզբունքի շառավղային կառուցապատման տարբերակն է։ Վաշինգտոնի համար 1777-ին կառուցապատման նման հատակագիծ առաջսւրկեց ճարտարապետ Պ. Լ՚Անֆանը (1754–1826)։ Սակայն, դեռևս շատ քաղաքներ կառուցապատվում էին տարերայնորեն (Բոստոն, Նյու Յորք ևն)։ Նյու Յորքի կանոնավոր հատակագծումը կատարվել է XIX դ. 2-րդ տասնամյակում։ Կառույցներին բնորոշ էին իտալական վերածննդի գավառական տարբերակի, կլասիցիզմի և ամրոցային ճարտարապետության ձևերի խառնուրդով ստեղծված կերպարները։ Այս ժամանակաշրջանում սկսում են ստեղծագործել մասնագետ-ճարտարապետներ Ջոն Էրիսը, Պիտեր Հարիսոնը, որոնք հակված էին վերականգնելու հունական, անտիկ ճարտարապետության ձևերը։ XVIII դ. վերջին և XIX դ. սկզբին հաստատվեց դասական ոճի ազգային տարբերակը։ Այս ոճով է ստեղծագործել քաղաքական գործիչ և լուսավորիչ, ԱՄՆ–ի երրորդ պրեզիդենտ, ճարտարապետ Թ. Ջեֆերսոնը (Մոնտիչելլիի առանձնատունը Շարլոտսվիլում, 1796–1809, Կապիտոլիումը` Ռիչմոնդում, 1785–92, համալսարանական կոմպլեքսը Շարլոտսվիլում, 1819–26)։ Ֆիլադելֆիայում կառուցվեցին Փենսիլվանիայի բանկը (1799, ճարտ. Բ. Լաթրոբ), ԱՍՆ–ի բանկը (ճարտ. Ու. Սթրիքլենդ), Նյու Յորքի Բիրժան (ճարտ. Ի. Ռոջերս), Վաշինգտոնի Կապիտոլիումը (ճարտ. Ու. Թորնթոն, Բ. Լաթրոբ, Չ. Բալֆինչ, Թ. Ուոլթեր և ուրիշներ), Սպիտակ տունը Վաշինգտոնում (1792, ճարտ. Ջ. Հոբան), Նյու Յորքի Հին քաղաքապետարանը (1812) ևն։

Նկարում` Վաշինգտոն։ Սպիտակ տունը։ 1792–1829։ Ճարտ. Ջ. Հոբան, Բ. Լաթրոբ։

Նկարում` Տեսարան Լիթլ Ռոք քաղաքից (Արկանզաս)։

Նկարում` Կյանքի ապահովագրական գործակալության շենքը Հարթֆորդում (Քոնեքթիքութ)։

Դասականի հետ կառուցվում էին Վերածննդի, գոթական և ռոմանական ոճի շենքեր։ 1820–50-ական թթ. կլասիցիզմին աստիճանաբար փոխարինելու են գալիս զանազան էկլեկտիկ հոսանքներ։ XIX դ. ճարտարապետներից շատերը իրենց նորարարություններով նպաստեցին շինարարական տեխնիկայի առաջընթացին, օգտագործվեցին հրակայուն և մետաղական կոնստրուկցիաներ (Ռ. Սիլս), գազային լուսավորություն (Ռ. Սթրիքլենդ), երկաթե և չուգունե կոնստրուկցիաներ (Ա. Յունգ)։ Կառուցվեց Նյու Յորքի Բրուկլինյան կամուրջը (1869–83, Հ. Ռիչարդսոն, Ջ. Դյոբլինգ, Ու. Ռյոբլինգ)։ Ճարտարապետության վերաբերյալ տեսական աշխատություններով իրենց ժամանակից շատ առաջ անցան քանդակագործ Հորացիո Գրինոուն և ճարտարապետ Ա. Բենջամենը։ ԱՄՆ–ի ճարտարապետության զարգացման վրա իր կնիքը դրեց Չիկագոյի հայտնի դպրոցը, որի ներկայացուցիչներին (Հ. Ռիչարդսոն, Դ. Ադլեր, Լ. Սալլիվեն, Ֆ. Ռայթ և ուրիշներ) փաստորեն պատկանում է առաջին երկնաքերների կառուցման գաղափարը։ Լ. Սալլիվենը (1856– 1924) համարձակորեն կիրառեց մետաղական կոնստրուկցիաները՝ որոնելով ճարտարապետական նոր լուծումներ։ Ամերիկյան ժամանակակից ճարտարապետության հիմնավորման գործում ակնառու դեր կատարեցին ազգությամբ ֆինն ճարտարապետներ Էլիել Սաարինենը և նրա որդին՝ էերո Սաարինենը։

Արդի ամերիկյան ճարտարապետության մեջ մեծ ներդրում անի Ֆրանկ Լլոյդ Ռայթը, որը զարգացնելով իր ուսուցչի՝ Սալիվենի ֆունկցիոնալիզմը, հանգեց ձևի և ֆունկցիայի միասնականության գաղափարին։ ԱՄՆ–ի ճարտարապետության համար բախտորոշ եղավ 1930-ական թթ. Գերմանիայից տեղափոխված ճարտարապետներ Վ. Գրոպիուսի և Լ. Միս վան դեր Ռոեի գործունեությունը։ ԱՄՆ–ում Լ. Միս վան դեր Ռոեն բարենպաստ պայմաններ գտավ տեխնիկական նորարարություններ իրականացնելու համար։ ԱՄՆ–ի ճարտարապետության վրա ուժեղ ազդեցություն գործեցին նրա ոչ միայն այդ ժամանակվա կառույցները, այլև 1920-ական թթ. մշակած «ապակեպատ» երկնաքերների նախագծերը։ Լակոնիկ ծավալները, տարրերի ռիթմիկ (մետրական ռիթմ) կրկնությունը դառնում են արտահայտչականության հիմնական միջոցները։ Միս վան դեր Ռոեի ունիվերսալ հատակագծի և ունիվերսալ տարածության կոնցեպցիայի հիմքում ընկած էր նրա այն համոզմունքը, որ ոչ թե ֆունկցիան պետք է թելադրի հատակագիծը, այլ ճարտարապետը պետք է բավարար տարածության հատկացնի ցանկացած ֆունկցիայի կատարման համար։ Այդպիսի մտածողությունը հակադրվում է օրգանական ճարտարապետությանը, հղի է միօրինակություն ստեղծելու վտանգով որպես նպատակ բացառում է ճարտարապետական կառույցի կերպարի հարցը։ Այսպիսի մոտեցմամբ էր պայմանավորված ամերիկյան ճարտարապետության «միջազգային» ոճի ծնունդը, որը հատկապես զարգացավ ետպատերազմյան տարիներին։ Այս ոճի ցայտուն օրինակներն են «Լիվերհաուզը»–ը Նյու Յորքում (ճարտ. Գորդոն Բունշաֆտ), Միավորված ազգերի կազմակերպության քարտուղարության շենքը (1950, ճարտ. Ու. Հարիսոն, Մ. Աբրամովից), «Սիգրամ Բիլդինգ»–ը (1958, ճարտ. Լ.Միս վան դեր Ռոե և Ֆիլիպ Ջոնսոն), «Չեյս Սանհաթան» բանկի շենքը (ճարտ, Լ. Սքիդմոր, Ն. Օուինգս, Ջ. Սերիլ), Իլինոյսի տեխնոլոգիական ինստիտուտը (ճարտ. Լ. Միս վան դեր Ռոե), «Ջեներալ մոտորս»–ի տեխնիկական կենտրոնը Միչիգանում (ճարտ. էերո Սաարինեն)։ 1950-ական թթ. սկսած ամերիկյան ճարտարապետությունը հիմնականում հրաժարվեց նախագծման վերոհիշյալ ձևերից և շրջադարձ կատարեց դեպի ռայթյան մտածողությունը։ Որոնվեցին նոր ու բարդ ձևեր։ Կառույցներում՝ թե ներքուստ, թե արտաքուստ տիրապետող դարձան ամենաբարդ կորագծերը։ Այսօրինակ ամենահռչակված կառույցը Գուգենհայմի թանգարանն է Նյու Յորքում (1959, ճարտ. Ֆ. Ռայթ)։ Լայն տարածում