ԱՅՎԱՃԸԽ, գյուղ Թուրքիայում, Սև ծովի հարավ–արևելյսւն ափին, Ճանիկի գավառում, Չարշսւմպա քաղաքից ոչ հեռու։ XIX դ. 2-րդ կեսին ուներ 100 տուն հայ բն., որոնք զբաղվում էին երկրագործությամբ, ծխախոտագործությամբ և անասնապահությամբ։ Գյուղում կար երկու եկեղեցի և մեկ վարժարան։ Ա–ի հայ բնակչության մի մասը մահմեդականացվել է, մյուս մասը տարբեր ժամանակներում գաղթել ու բնակություն է հաստատել Սև ծովի արևելյան ափերին։
ԱՅՎԵՆ, գյուղ Թուրքիայում, Սև ծովի հարավայիև ափին, Տրապիզոնի վիլայեթում, Կարա–դերե ձորահովտում։ XIX դ. վերջին ուներ մոտ 120 տուն հայ բն., որոնք մահմեդականացված էին։ Զբաղվում էին երկրագործությամբ, ծխախոտագործությամբ և անասնապահությամբ։
ԱՅՎՈՍ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդ քաղաքից ոչ հեռու։ 1900-ին ուներ մոտ 1200 հայ և 350 ասորի ու թուրք բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ ու անասնապահությամբ։ Ա–ում կար հայկ. եկեղեցի (Ս. Աստվածածին) և մեկ ուսումնարան (շուրջ 200 աշակերտ)։ Ա. թուրքական ջարդարարները ավերել են երկու անգամ՝ 1895-ին և առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Բնակիչների մի մասը զոհվել է, մյուս մասը տարագրվել։
ԱՅՏԸՆՅԱՆ Արսեն (1825–1902), հայ լեզվաբան–բանասեր, Վիեննայի Մխիթարյան միաբանության աբբահայր (1886)։ Ծնվել է հունվարի 7(19)–ին, Կ. Պոլսում։ Չորս տարի սովորել է տեղում, 1835-ին տեղափոխվել է Վիեննա, Մխիթարյանների մոտ ուսումնասիրել հայ մատենագրություն, փիլիսոփայություն, սովորել իտալերեն, ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, արաբերեն, թուրքերեն։ Ծանոթ է եղել նաև հունարենին, սանսկրիտին, պարսկերենին և այլ լեզուների։ Մանկավարժական աշխատանք է կատարել Զմյուռնիայում, Կ.Պոլսում, միաժամանակ ծավալել գիտական գործունեություն։ Մշակել, հարստացրել (հատկապես շարահյուսական, ոճաբանական մասերով) ու հրատարակել է Վ. Չալըխյանի «Քերականութիւն հայկազնեան լեգուի» (1885) գիրքը։ 1887-ին հիմնադրել է «Հանդես ամսօրյա» հայագիտական պարբերականը, որտեղ հրատարակել է արժեքավոր հոդվածներ։ Մահացել է հուլիսի 8(21)–ին, Վիեննայում։
Ա–ի գիտական ժառանգության մեջ առանձնահատուկ տեղ է գրավում «Քննական քերականութիւն աշխարհաբար կամ արդի հայերէն լեզուի» (1866) աշխատությունը, որը դարագլուխ է կազմել հայերենագիտության համար և այժմ էլ պահպանում է գիտական իր մեծ արժեքը։ Այն բաղկացած է ընդհանուր–տեսական («Նախաշավիղ») և բուն քերականական մասերից ու հավելվածից և արտացոլում է հեղինակի ընդհանուր լեզվաբանական ու հայերենագիտական հայացքները։ Այն ժամանակ, երբ լեզվաբանական գիտությունը լեզվի էության, նրա զարգացման բնույթի և օրինաչափությունների ճանաչման ու բացահայտման խնդրում դեռ որոնումների մեջ էր, Ա. ցուցաբերել է ճիշտ կողմնորոշում։ Ի տարբերություն բնագիտական դպրոցի այն հիմնադրույթի, թե լեզուն բնական օրգանիզմ է, Ա. լեզուն բնութագրել է որպես հասարակական երևույթ, ճիշտ գնահատել նրա տեղն ու դերը հասարակական կյանքում։ Ըստ Ա–ի, լեզուն մտքի արտաքինն է, «խորհող մտքի ձայնավոր նշանը», «մարդկային խոսողության գործիքը»։ Այսպիսով նա ընդգծել է լեզվի և մտքի (մտածողության) կապը, լեզվի հաղորդակցական դերը։ Լեզուն, հատուկ լինելով մարդկային հասարակությանը, արտացոլում է համապատասխան հանրության կյանքի տարբեր կողմերը՝ անցյալով ու ներկայով։ Այս հիմունքով նա կարևոր է համարել լեզվի ներկա վիճակի և նրա անցած ուղու ուսումնասիրությունը։ Լեզվի զարգացման ըմբռնման խնդրում Ա. կանգնել է բնաշրջական (էվոլյուցիոնիստական) դիրքում, ընդունել, որ փոփոխությունները տեղի են ունենում աստիճանաբար, դարերի ընթացքում և հանգեցնում որակային տարբեր փուլերի։ Ա. գիտական խոր քննարկման է ենթարկել հայոց լեզվի անցած ուղին, փաստական բնորոշ ու հարուստ նյութի հետազոտման հիման վրա ներկայացրել մեր լեզվի պատմական քնաշրջության պատկերը, կանգ առել գրաբարի տարբեր շրջանների, միջին հայերենի, աշխարհաբարի երկու հատվածների ու բարբառների վրա։ Նրան է պատկանում հայոց լեզվի պատմության առաջին գիտական շրջանաբաժանումը։ Կատարել է բարբառների դասակարգումը աշխարհագրական սկզբունքով։ Իր բնութագրումների մեջ Ա. հանգել է նաև որոշ ծայրահեղության. արտահայտել է այն տեսակետը, թե V դ. իշխող դասի և հասարակ ժողովրդի լեզուները տարբեր էին։ Ա–ի աշխատությունը հսկայական դեր է կատարել աշխարհաբար լեզվի իրավունքների ճանաչման հարցում։ Նա գրաբարը գնահատել է որպես զարգացած ու ճոխ լեզու, ցույց տվել նրա կատարած վիթխարի դերը, բայց միաժամանակ ընդգծել, որ աշխարհաբարը համապատասխանում է ժողովրդի մտածողությանը, և որ ասպարեզը պետք է տրվի նրան։ Այդ նկատառումով Ա. գրել է արևմտահայ աշխարհաբարի հանգամանալից քերականությունը՝ պատմական ընդարձակ մեկնաբանություններով, որը ուղեցույց է եղել մի շարք սերունդների համար։
Գրկ. Մենևիշյան Գ., Կենսագրական ակնարկ գեր. Արսեն արքեպիսկոպոս Այտընյան աբբայի…, Վնն., 1895։ Աղայան Է. Բ., Հայ լեզվաբանության պատմություն, հ. 1, Ե., 1958, էջ 269–88։ Ջահուկյան Գ. Բ., Լեզվաբանության պատմություն, հ. 1, Ե., 1960, էջ 433–36։
ԱՅՏՈՒՑ, օրգանիզմի հիվանդագին վիճակ, երբ ջրային փոխանակության խախտման հետևանքով հյուսվածքներում կուտակվում են ջուր, սպիտակուցներ և էլեկտրոլիտներ։ Այտուցվում են առավելապես մաշկը, ենթամաշկային հյուսվածքները, թոքերը, գլխուղեղը։ Պատճառներն են՝ արյան անոթների թափանցելիության խանգարումները, երիկամների, լյարդի և սրտի հիվանդությունները, ալերգիան, բորբոքային պրոցեսները, արյան սպիտակուցների նվազումը, թույների (հատկապես օձի), ցրտի և բարձր ջերմաստիճանի ներգործությունը, կենտրոնական նյարդային համակարգի վնասվածքները։ Նշաններև են՝ օրգանի կամ մարմնի մասի ծավալային մեծացումը, ձևափոխվելը, մաշկի առաձգականության կորուստը (մաշկը դառնում է խմորանման)։ Այտուցված հյուսվածքը ճեղքելիս հոսում է անգույն կամ բաց դեղնավուն հեղուկ, բորբոքման ժամանակ՝ պղտոր։ Բուժումը՝ հիմնական հիվանդության վերացում։ Տես նաև Ջրգողություն:
ԱՅՐԱԾ ԿԻՐ, տես Կալցիումի օքսիդ։
ԱՅՐԱՐԱՏ, Մեծ Հայքի կենտրոնական նահանգը, կոչվել է նաև Միջնաշխարհ, «Գլուխ երկրին Հայոց»։ Անունը կապվում է Ուրարտու անվան հետ։ Հերոդոտոսի «Պատմության» մեջ հիշատակվում է «Ալարոդ» ձևով։ Պատմական բոլոր ժամանակաշրջաններում եղել է Հայաստանի քաղաքական, տնտեսական և մշակութային կենտրոնը։ Տարածվում էր Արաքսի միջին և Արածանիի վերին ավազաններում։ Հս–ից սահմանակից էր Գուգարքին, արմ–ից՝ Բարձր Հայքին ու Տայքին, արլ–ից՝ Սյունիքին և հվ–ից՝ Տուրուբերանին ու Վասպուրականին։ Ա–ի տարածքում են Հայկական պար լշ–ն, Արագածն ու Արայի լեռը. Արարատյան, Բագրևանդի, Կոգովիտի, Շիրակի, Կարսի և Բասենի արգավանդ դաշտերը։ Ա–ում կային ոսկու, պղնձի, երկաթի հանքավայրեր, հարուստ աղահանքեր, շինանյութեր և հանքային ջրեր։ Հայտնի էր նաև Ա–ի որդան կարմիր ներկը։ Ա. հնուց ուներ ոռոգման ջրանցքներ։ Ա–ով էին անցնում միջազգային տարանցիկ առևտրական ճանապարհներ։ Այստեղ են եղել Հայաստանի գրեթե բոլոր մայրաքաղաքները՝ Արմավիրը, Երվանդաշատը, Արտաշատը, Վաղարշապատը, Դվինը, Կարսը, Անին, իսկ այժմ՝ Երևանը։ Ա–ում էր և է նաև Հայոց եկեղեցու կենտրոնը՝ Էջմիածնի Մայր Աթոռը։ Ա. ուներ մոտ 40 հզ. կմ² տարածություն, ընդգրկում էր 22 գավառ. Բասեն, Գաբեղյանք, Աբեղյանք, Հավնունիք, Արշարունիք, Բագրևանդ, Ծաղկոտն, Վանանդ, Շիրակ, Արագածոտն, Ճակատք, Մասյացոտն, Կոգովիտ, Աշոցք, Նիգ, Կոտայք, Մազազ, Վարաժնունիք, Ոստան հայոց, Ուրծաձոր, Արած, Շարուր դաշտ։ Ա–ի տերիտորիան իբրև արքունի սեփականության (Արքունի ոստան) անընդհատ փոքրանում էր ֆեոդալական հարաբերությունների ձևավորման պատճառով։ 284–387-ին, երբ գավառների կառավարիչ նախարարները փաստորեն դարձան ժառան–