Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/361

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

օրենսգրքի 4 հոդվածով։ Քրեական իրավունքում Ա. չի կիրառվում։ Վ. Մուսախանյան

ԱՆԱԽՐՈՆԻԶՄ (հուն. άναχρονίςμόάνά – վեր, այստեղ՝ հակառակ + χρονος – ժամանակ), 1. սխալմունք ժամանակագրության (տարեգրության) մեջ։ 2. Մեկ ժամանակաշրջանի դեպքերի և բնորոշ գծերի սխալ կամ պայմանական հարմարեցումը մեկ այլ ժամանակաշրջանի։ Ա. բնորոշ է միջնադարյան, վերածննդի և կլասիցիզմի ժամանակաշրջանների արվեստին ու գրականությանը։ XIX և XX դդ. ռեալիստական արվեստում, պատմական ճշմարտության պահանջի կապակցությամբ, Ա. դիտվում է որպես ստեղծագործության թերություն, բայց առանձին դեպքերում հանդես է գալիս որպես գեղարվեստական գիտակցված ոճաձև (օրինակ՝ Րաֆֆու «Պարույր Հայկազն» վիպակը)։ 3. Փոխաբերական իմաստով՝ վերապրուկ, հնացած, քարացած հայացքներ, սովորություններ, դատողություններ, որոնք չեն համապատասխանում ժամանակակից գաղափարներին։ Յու. Փանյան


ԱՆԱԿՈՆԴԱ (Eunectus murinus), վիշապօձերի ընտանիքի օձ։ Մարմնի երկ. 6–7 մ (հազվադեպ՝ մինչև 9 մ): Թեփուկները հարթ են, փայլուն։ Գլուխը փոքր Է, դունչը՝ կլորավուն, պոչը՝ կարճ, քթանցքերը՝ փականներով։ Ա. վերևից գորշ դեղնա–կանաչ է, մեջքի երկայնքով երկու կողմից մուգ դարչնագույն՝ կլոր, մեծ խալերով։ Ապրում է Բրազիլիայի ու Գվիանայի գետերի, լճերի և ճահիճների ափերին։ Կյանքի մեծ մասն անցկացնում է ջրում, երաշտի ժամանակ ընկղմվում է տղմի մեջ և քուն մտնում։ Սնվում է ձկներով, թռչուններով, մանր ալիգատորներով, կաթնասուններով ևն։ Կենդանածին է (70–100 ձագ), բազմանում է նաև ձվադրմամբ։ Ունի արդյունագործական նշանակություն (օգտագործվում է մաշկը, միսը, ճարպը)։

(նկ․) Անակոնդա։


ԱՆԱԿՐԵՈՆ (Άνακρέων) (մ. թ. ա. մոտ 570–478), հույն բանաստեղծ։ Ա–ի երգերից միայն պատառիկներ են պահպանվել։ Երգերի հիմնական մոտիվները զգայական սերն Է, գինին, թեթև և անհոգ կյանքը («Կնոջը», «Սեր», «Բաքոսին», «Գինուն», «Գինեմոլություն»)։ Հետագայում այդ թեմայով ստեղծվել է հարուստ գրականություն, որը կոչվել է Անակրեոնյան պոեզիա։

Երկ. Տաղք ԱնակրԷոնի, թրգմ. ի հէլլէն բնագրէն Թ. Թէրզեան, ԿՊ, 1871։


ԱՆԱԿՐԵՈՆՅԱՆ ՊՈԵԶԻԱ, կենսասիրական թեթև քնարերգություն, որը տարածված էր եվրոպական մի շարք երկրներում, Վերածննդի և Լուսավորության ժամանակաշրջաններում։ Անվանումն ստացել է հույն բանաստեղծ Անակրեոնի անունից։ Ա. պ–ի նմուշ է ուշ հունական «Անակրեոնտիկա» երգերի ժողովածուն, որը գրված է Անակրեոնի երգերի նմանությամբ և թյուրիմացաբար նրան է վերագրվել։ Ա. պ–ին հատուկ են ազատամտությունը, կենսասիրությունը, անհոգությունը, գինու, սիրո և վայելքի գովքը։ Ա. պ–ի ականավոր ներկայացուցիչներից են՝ Ա. Շենյեն, Ֆ. Վոլտերը, Պ. Բերանժեն՝ Ֆրանսիայում, Ի. Գլեյմը և Գ. Լեսսինգը՝ Գերմանիայում, Մ. Լոմոնոսովը, Գ. Դերժավինը, Ա. Պուշկինը՝ Ռուսաստանում։


ԱՆԱՀԻՏ, պտղաբերության, արգասավորության, ծննդաբերության, վաղ շրջանում՝ նաև ռազմի աստվածուհին հայ դիցարանում։ Արամազդի դուստրը։ Ա–ին անվանել են «սնուցող մայր», «ոսկեմայր», «ոսկեմատն», «ոսկեծղի»։ Ա. համապատասխանում է պարսկական Անահիտային, հունական Արտեմիսին, հռոմեական Դիանային, Եգիպտական Նիիթին ևն։ Մ. թ. ա. I դարում Ա. հայկական պետության գլխավոր աստվածուհին էր։ Ա–ի գլխավոր մեհյանը գտնվում էր Բարձր Հայքի Եկեղյաց գավառի Երիզա ավանում, ուր նրա պաշտամունքն այնքան էր տարածված, որ ամբողջ գավառը կոչվում էր նաև Անահտական։ Մ. թ. ա. 34-ին հռոմեացի զորավար Մարկոս Անտոնիոսը կողոպտում Է Երիզայի՝ Ա–ի աշխարհահռչակ տաճարի հարստությունը։ Հռոմեացի զինվորները ջարդուկտոր են անում Ա–ի ոսկեձույլ արձանը և որպես ավար բաժանում միմյանց միջև։ Ա–ի մեհյաններ կային նաև այլ վայրերում (Արտաշատ, Արմավիր, Աշտիշատ, Աթոռն Անահտա, Դարբնաց քար, Բագարան, Անահտաձոր և այլն)։ Մեհյաններում դրված էին նրա ոսկե, արծաթե, պղնձե, քարե արձանները։ Նավասարդի սկզբին (օգոստոսի 15-ին) մեծ շուքով նշվում էր Ա–ի գլխավոր տոնը՝ կապված բերքի հասունացման հետ։ Տոնախմբությունները վերածվում էին պտղաբերության տոնի, որի ժամանակ բազմաթիվ ուխտավորներ էին հավաքվում անահտական մեհյանների շուրջը։ Ծիսակատարությունները ուղեկցվում էին օրեր տևող աղոթքներով, երգերով, խնջույքներով։ Հետագայում, քրիստոնեության հաստատումից հետո, Ա–ի պաշտամունքը վերածվում է Մարիամ Աստվածածնի պաշտամունքի։ Ա–ի անունով էր կոչվում հայկական հեթանոսական տոմարի ամիսների 19-րդ օրը։

(նկ․) Անահիտ աստվածուհու պղնձաձույլ արձանի գլուխը։ Բրիտանական թանգարան։

XIX դ, վերջին, Սատաղում (Երզնկայի շրջան), գտնվել է Ա–ին վերագրվող մի պղնձաձույլ գլուխ, որը պահպանվում է Բրիտանական թանգարանում (կրկնօրինակը գտնվում է Հայաստանի պատմության պետական թանգարանում)։ 1940-ին, ՀՍՍՀ Կամոյի շրջանի Հացառատ գյուղում հայտնաբերվել է Ա–ի պատկերով հելլենիստական շրջանի մի մեդալիոն։

Գրկ. Ալիշան Ղ., Հին հավատք կամ հեթանոսական կրոնք հայոց, Վնտ., 1895։ Մելիք–Փաշայան Կ. Վ., Անահիտ դիցուհու պաշտամունքը, Ե., 1963։ Կ. Մելիք–Փաշայան


ԱՆԱՀԻՏ, հայկական հեթանոսական տոմարի ամիսների 19-րդ օրվա անունը։ Կապվում է հայկական հեթանոսական դիցաբանի գլխավոր աստվածուհի Անահիտի անվան հետ։


«ԱՆԱՀԻՏ», հայերեն գրական, գեղարվեստական, հասարակական հանդես։ Լույս է տեսել Փարիզում, 1898–1949-ին (ընդհատումներով՝ 1911–28 և 1941–45)։ Հիմնադրել, խմբագրել և հրատարակել է Ա. Չոպանյանը: Ունեցել է հայրենասիրական–առաջադիմական ուղղություն: Նպաստել է հայ գաղթավայրերի և Սովետական Հայաստանի մերձեցմանը։ Հանդեսում տպագրվել են հայ ժողովրդի պատ–

(նկ․) «Անահիտ» հանդեսի 1903-ի օգոստոսի համարի շապիկը։