Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/360

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կենտրոնով շրջանում։ Այս երկրորդ դեպքում ասում են, որ ֆունկցիան անալիտիկ է կետում։ Անջատելով (1) շարքի իրական և կեղծ մասերը՝ կստանանք.

,

ուր -ն և -ն բացահայտ կգրվեն գործակիցների և թվերի միջոցով։ և ֆունկցիաները բավարարում են Կոշու և Ռիմանի

հավասարումներին։ Ճիշտ է նաև հակադարձը. եթե և ֆունկցիաները բավարարում են (2) պայմաններին և գրված ածանցյալներն անընդհատ են, ապա ֆունկցիան կլինի Ա. ֆ. այն տիրույթում, ուր բավարարվում են (2) պայմանները։ Երբ Ա. ֆ. իրական է արգումենտի իրական արժեքի համար, այն կոչվում է իրական Ա. ֆ.: Ա. ֆ . դասին են պատկանում տարրական ֆունկցիաների մեծամասնությունը (օր. ), ինչպես նաև շատ ո՛չ տարրական ֆունկցիաներ։

Գրկ. Շահինյան Ա. Լ., Անալիտիկ ֆունկցիաների տեսություն, [հ.] 1, Ե., 1969։ Маркушевич А. И., Теория аналитических функций, т. 1, 2 изд. М., 1967. Ա. Շահինյան


ԱՆԱԼՈԳԱ ԹՎԱՆՇԱՆԱՅԻՆ ՀԱՇՎՈՂԱԿԱՆ ՄԵՔԵՆԱ, տես Հիբրիդային հաշվողական մեքենա:


ԱՆԱԼՈԳԱՅԻՆ ՀԱՇՎՈՂԱԿԱՆ ՄԵՔԵՆԱ (ԱՀՄ), հաշվողական մեքենա, որի մեջ նախօրոք մտցված ֆիզիկական մեծությունների միջե եղած հարաբերակցությունները որոշակի մասշտաբով համապատասխանում են հետազոտվող օբյեկտը նկարագրող մաթեմատիկական հավասարումներին։ ԱՀՄ–ները բաղկացած են որոշ քանակի լուծող տարրերից, որոնք կատարվող մաթեմատիկական գործողությունների բնույթին համապատասխան լինում են գծային, ոչ գծային և տրամաբանական։ Յուրաքանչյուր լուծող տարր կատարում է խիստ որոշակի մաթեմատիկական գործողություն ֆիզիկական մեծությունների նկատմամբ։ Գծային լուծող տարրերը կատարում են գումարում, բազմապատկում, նշանի փոփոխումներ, ինտեգրում ևն։ Ոչ գծային տարրերը վերարտադրում են ոչ գծային կախվածությունները։ Տրամաբանական լուծող տարրերի թվին դասում են մի քանի մեծություններից ամենամեծը կամ ամենափոքրը առանձնացնող սարքերը, ռելեային փոխակերպող սխեմաները ևն։

Ֆիզիկական մեծություններ կարող են լինել լարումները, հոսանքները, պտտման անկյունները, արագությունները ևն։ Կախված դրանց ֆիզիկական էությունից, տարբերում են մեխանիկական, պնևմատիկ, հիդրավլիկ, էլեկտրամեխանիկական և էլեկտրոնային ԱՀՄ–ներ։ Ամենամեծ տարածում ունեն ունիվերսալ և մասնագիտացված էլեկտրոնային ԱՀՄ–ները, որոնք տարբերվում են մեծ թողունակությամբ, մի քանի մեքենաներ միմյանց և կառավարման ապարատների տարրերի հետ զուգակցելու հարմարությամբ։ ԱՀՄ–ների օգնությամբ լուծվում են կառավարման կամ կարգավորման համակարգի դինամիկայի անալիզի, սինթեզի, համակարգի վրա ներգործած գրգռումների կամ օգտակար ազդանշանների որոշման, ավտոմատիկայի բարդ համակարգերի հետ կապված խնդիրներ, ինչպես նաև գծային և ոչ գծային դիֆերենցիալ ու հանրահաշվական հավասարումների համակարգեր, ինտեգրալ հավասարումներ։

ԱՀՄ–ի վրա մոդելավորումը կատարվում է հետևյալ հաջորդականությամբ․ նախնական հավասարումները բերվում են մոդելավորման համար հարմար տեսքի, կազմվում են մոդելի բլոկ–սխեմա և «մեքենայական հավասարումներ», հաշվվում են բլոկ–սխեմայի պարամետրերի մեծությունները, ապա կատարվում է սխեմայի հավաքումը և խնդրի լուծումը։ ԱՀՄ–երը թվանշանային հաշվողական մեքենաների համեմատությամբ ունեն մի շարք առավելություններ. ծրագրավորման աշխատանքների փոխարինում պակաս աշխատատար պրոցեսով՝ մոդելավորումով, գործողությունների արագ կատարում, պարզ կառուցվածք, ավելի մեծ հուսալիություն ևն։ ԱՀՄ–ի հիմնական թերություններն են պակաս ունիվերսալությունը և լուծման համեմատաբար փոքր ճշտությունը։ Սակայն գործնական խնդիրների մեծ մասի լուծման համար նշված թերություններն էական սահմանափակումներ չեն առաջացնում։ Ներկայումս լայն տարածում են ստանում հիբրիդային հաշվողական մեքենաները, որտեղ օգտագործվում են անալոգային և թվանշանային հաշվողական մեքենաների լավագույն կողմերը։

Լուծվող խնդիրների ծավալն ու բնույթը որոշվում են ԱՀՄ–ի տվյալ կառուցվածքի մեջ մտցված լուծող սարքերի քանակով և տիպով։ Այժմ ՍՍՀՄ–ում արտադրվում են ԼՄՈՒ–1, ՄՆ–2, ՄՆ–7, ՄՆ–11, ՄՆ–14, ՄՆ–17 և այլ տիպի ԱՀՄ–ներ։ Մասնակի ածանցյալներով դիֆերենցիալ հավասարումները լուծվում են ՈՒՍՄ–1 և այլ տիպի ԱՀՄ–ների միջոցով։

ՀՍՍՀ–ում ԱՀՄ–ներ օգտագործվում են էներգետիկայի, ջրային պրոբլեմների և հիդրոտեխնիկայի հայկական ԳՀԻ–ներում, Երևանի Կ. Մարքսի անվ. պոլիտեխնիկական, Կիրովականի «Ավտոմատիկա» ինստիտուտներում և այլուր։

Գրկ. Николаев Н. С. и др., Аналоговая математическая машина УСМ-1, М., 1962; Коган Б. Я., Электронные моделирующие устройства и их применение для исследования систем автоматического моделирования, 2 изд., М., 1963; Корн Г. и Корн Т., Электронные аналоговые и аналого-цифровые высислительные машины, пер. с англ., [ч.] 1 – 2, М., 1967–68. Պ. Մաթևոսյան, Ս. Հակոբյան


ԱՆԱԼՈԳԻԱ (հուն. άναλογία – համապատասխանում, նմանություն), նմանակում տրամաբանության մեջ, ճշմարտանման մտահանգման տեսակ, որի դեպքում ելնելով երկու առարկաների որոշ հատկությունների նույնությունից և այն բանից, որ այդ առարկաներից մեկն օժտված Է ևս մի հատկությամբ, որը չի նկատվել մյուս առարկայի հատկությունների թվում, եզրակացնում ենք, որ այն նույնպես օժտված Է տվյալ հատկությամբ։ Այսպես, Հյուգենսը, ելնելով այն փաստից, որ ձայնը և լույսը ունեն մի շարք ընդհանուր հատկություններ, և այն փաստից, որ ձայնն ունի ալիքային բնույթ, հանգեց այն եզրակացության, որ լույսը ևս ունի ալիքային բնույթ։ Ա–ի սխեման Է. «A-ն ունի a, b, c … n հատկությունները, B-ն՝ a, b, c … հատկությունները, հետևաբար B-ն նույնպես ունի n հատկությունը»։ Ա. միայն հավանական եզրակացություն Է տալիս։ Որքան շատ են համեմատվող առարկաների նույնական հատկությունները, և որքան Էական է դրանց կապը եզրակացությամբ արձանագրվող հատկության հետ, այնքան մեծ է Ա–ի եզրակացության հավանականությունը։ Ա–ի եզրակացության հավանականության բարձրացման հարցերով է զբաղվում նմանության տեսությունը։ Ա. կիրառվում է մեծ մասամբ գիտական հետազոտության սկզբնական փուլերում, մասնավորապես մոդելավորման ժամանակ։ Մի շարք կարևոր գիտական կռահումներ կատարվել են Ա–ի միջոցով։


ԱՆԱԼՈԳԻԱ, կենսաբանության մեջ, ոչ միանման կազմություն ունեցող և տարբեր սաղմերից առաջացող օրգանիզմների, օրգանների կամ նրանց մասերի արտաքին նմանության, որը պայմանավորված է կյանքի պայմանների կամ ֆունկցիաների միանմանությամբ։ Ա–ի օրինակ են՝ ջրային կաթնասունների (կետեր, դելֆիններ) և ձկների մարմնի շրջահոս ձևը, խաղողի բեղիկները (առաջանում են ընձյուղներից) և ոլոռի բեղիկները (ձևափոխված տերևներ են) են։ «Ա.» հասկացությունը տվել է Արիստոտելը տարբեր օրգանիզմների օրգանների ֆունկցիոնալ և մորֆոլոգիական նմանությունը նշելու համար։ Ռ. Օուենը (1915) այդ հասկացությունը ճշտեց որպես ֆունկցիոնալ նմանակություն և հակադրեց հոմոլոգիային: Չ. Դարվինը գտնում Էր, որ Ա. առաջանում է էվոլյուցիայի ընթացքում, երբ կարգաբանական տարբեր խմբերի կենդանիները հարմարվում են շրջապատող միջավայրի միանման պայմաններում ապրելուն։ Ա–ով են պայմանավորված բույսերի, կենդանիների անալոգ օրգանները կամ նրանց մասերը, որոնք ունեն տարբեր ծագում ու կազմություն, բայց արտաքնապես նման են և կատարում են միևնույն ֆունկցիան։


ԱՆԱԼՈԳԻԱ (իրավունքում), օրենքով որոշակիորեն չնախատեսված, բայց իրավական կարգավորում պահանջող հարաբերության վճռումը օրենսդրության համանման նորմով կամ իրավունքի ընդհանուր սկզբունքով։ Եթե օրենքում բացակայում է կոնկրետ հարաբերության ուղղակի լուծումը, ապա գործը որոշվում Է այն օրենքով, որը առավել նման հարաբերության կարգավորում է պարունակում (օրենքի Ա.)։ Իսկ եթե այդպիսի հարաբերության վերաբերյալ գործող օրենսդրությունը հնարավոր չէ կիրառել, ապա գործում են իրավունքի ընդհանուր սկզբունքները (իրավունքի Ա.)։ Սովետական արդարադատության պրակտիկայում իրավունքի Ա. հազվագյուտ երևույթ է։ Ա. նախատեսված է ՀՍՍՀ քաղաքացիական