Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/367

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ, հիվանդության, հղիության, հաշմանդամության և այլ պատճառներով աշխատունակության լրիվ կամ մասնակի կորուստ։ ՍՍՀՄ–ում բանվորներն ու ծառայողները Ա–յան դեպքում սոցիալական կամ կոոպերատիվ ապահովագրության մարմիններից ստանում են նպաստ կամ կենսաթոշակ։


ԱՆԱՊԱ, քաղաք ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասում։ Մերձսևծովյսւն կլիմայական, գերազանցապես մանկական առողջավայր։ Տոնելնայա երկաթուղային կայարանից (Կրասնոդար – Նովորոսիյսկ գծի վրա) 33 կմ հեռու։ 30 հզ. բն. (1971), ռուսներ, հայեր, ուկրաինացիներ, հույներ, չերքեզներ և այլք։ Կլիման տաք է, չափավոր խոնավ, տարեկան միջին ջերմաստիճանը՝ 11,6°C։ Բուժման միջոցներն են՝ կլիմայաբուժություն, ծովային լոգանքներ, ցեխաբուժություն, խաղողաբուժություն: Ցուցումները՝ ոսկրային և գեղձային տուբերկուլոզ, ռախիտ, ռևմատիզմ, գինեկոլոգիական հիվանդություններ, սակավարյունություն։ Առողջարանները գործում են ամբողջ տարին։ Ունի գյուղատնտ. տեխնիկում, հայրենագիտական թանգարան։ Ա–ի շրջակայքում զարգացած են այգեգործությունն ու գինեգործությունը։ 1882-ին Ա–ում բնակություն են հաստատել հայեր՝ Արևմտյան Հայաստանից։


ԱՆԱՊԱՏ, 1. բնակավայրերից հեռու հաստատված քրիստոնյա ճգնավորների մենաստան, միայնակեցական կարգ, եղբայրական համակեցություն։ Նախապես անապատականները ճգնեյ են միայնակ, մարդկանցից հեռու, անմատչելի վայրերում, անձավներում։ Առաջին Ա–ները ստեղծվել են վաղ միջնադարում՝ Եգիպտոսում և Պաղեստինում, այնուհետև տարածվել Ասորիքում, Փոքր Ասիայում, Հայաստանում։ Ա. վանքից տարբերվում էր իր խիստ ճգնավորական կանոնադրությամբ։ Ա–ի միաբանները խարազանազգեստ էին, սնվում էին միայն բուսական կերակրով, բնակվում միայնակ, փոքրիկ, մութ և խոնավ խցում։ Ա–ում չկար անձնական սեփականություն, պարտադիր էր միաբանների բացարձակ հնազանդությունն անապատահորը։ Ա–ի բնակիչ է կոչվել, օրինակ, մարգարե Հովհաննես Մկրտիչը։ Ընդհանուր եկեղեցու պատմության մեջ նշանավոր է ճգնակեցության հիմնադիր Անտոնը (251–356)։ Հայ առաջին անապատականը համարվում է Գրիգոր Լուսավորիչը, որը ճգնել է նախ Արագածի Փեշերին՝ Սաղմոսավանքի մոտերքը, իսկ կյանքի վերջում՝ Սեպուհ լեռան այրերում և, ըստ ավանդության, վախճանվել Մանյա կոչված այրում։ 2. Անապատական համալիր, որն ուներ, սովորաբար, մեկ պաշտամունքային կառուցվածք՝ եկեղեցի և շրջապատված էր բարձր ու խուլ պարիսպներով։ Եկեղեցու շուրջը, պարիսպների պարագծով կառուցվում էին խցերը, սեղանատունը, խոհանոցը, մթերանոցները, տնտեսական ու կենցաղային այլ շինություններ։ Միջնադարյան Հայաստանի Ա–ներից նշանավոր էին՝ Լիմը, Կտուցը և Առտերը՝ Վասպուրականում, Չարեքագետինը՝ Արցախում, Տանձափարախը, Հարանց և Տաթևի մեծ Ա–ները՝ Սյունիքում։ Մ. Հասրաթյան, Խ. Պալյան


ԱՆԱՊԱՏ, Հայաստանի մի շարք գյուղերի ու բերդերի անվանում։ XII դ. Սյունիքի վայոց ձհր գավառում Ստեփանոս Օրբելյանը հիշատակում է Ա. բերդը իբրև Նորավանքի կալվածք։ Սոթք գավառի գյուղերի ցուցակում նույն պատմիչը Ա. անունով երկու գյուղ է նշում։ Նշանավոր էր Սյունիքի Գողթն գավառի Ա. գյուղը (միջին դարերում՝ քաղաքավան)։ Ենթադրվում է, որ սա եղել Է Մեսրոպ Մաշտոցի մենաստանը, ուր և կամեցել են թաղել նրան։ Թուրքական ցեղերի բռնությունների հետևանքով XIX դ. կեսին Գողթնի Ա–ի հայերը գաղթեցին Զմյուռնիա և այլ վայրեր, գյուղը դարձավ թուրքաբնակ, նրա Ս. ՍտեՓանոս եկեղեցին ավերվեց։ Մինչև առաջին համաշխարհային պատերազմը Ա. անունով գյուղ կար նաև Մոկսում (Ս. Ատեփանոս եկեղեցիով)։ Սյունիքի Խնձորեսկ (այժմ՝ ՀՍՍՀ Գորիսի շրջանում) գյուղի Ա. բերդում է գտնվում Մխիթար Մպարապետի գերեզմանը։


ԱՆԱՊԱՏ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանա լճից հարավ, Խիզանի գավառում, գեղատեսիլ անտառաշատ վայրում։ XX դ. սկզբին ուներ 22 տուն հայ բն., որոնք զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Գյուղն ուներ եկեղեցի (Ս. Գևորգ) և նախակրթարան։ Գյուղի մոտ էր գտնվում Փասա վանքը։ Ա. ավերվել է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Բնակիչների մի մասը զոհվել է, մյուս մասն ապաստանել է Արևելյան Հայաստանում։


ԱՆԱՊԱՏԱՅԻՆ ԱՐԵՎԱՅՐՈՒԿ, պաշտպանական կեղև, ապարների մուգ դարչնագույն կամ սև, բարակ (0,5–5 մմ) թաղանթ։ Առաջանում է արևի երկարատև ազդեցությամբ, մազանոթներով ապարից մակերևույթ դուրս եկած մանգանի և երկաթի օքսիդային միացությունների կուտակումից։ Տարածված է անապատային շրջաններում և բարձր լեռներում (ՀՍՍՀ–ում՝ Արագածի լեռնազանգվածում, Վարդենիսի, Գեղամա լշ–ներում են)։


«ԱՆԱՊԱՏԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ», գրական հանդես։ Լույս է տեսել Կահիրեում, 1916–1917-ին։ Խմբագիր–հրատարակիչը եղել է Ս. Պարթևյանը։ Հրատարակվել է տարեկան մեկ հատոր՝ առանձին տետրակներով։ Տպագրել է գրական–գեղարվեստական ստեղծագործություններ, հրապարակախոսական հոդվածներ։

Պատմվածքներում, նորավեպերում և չափածո գործերում հիմնականում շոշափել է հայ մարդու և հայրենիքի ողբերգությունը։ Մշակույթի զարգացումը «Ա․ հ․» համարել է զորեղ միջոց՝ հայ ժողովրդի վերածննդի համար։ «Ա. հ.»–ին աշխատակցել է բանաստեղծ Ռ. Որբերյանը։


ԱՆԱՊԱՏՆԵՐ, ծայրահեղ չորային, ջերմաստիճանի կտրուկ փոփոխությամբ մշտական կամ սեզոնային տաք մարզեր, որտեղ գոլորշիացումը ջրի բաց մակերեսից 7–30 անգամ գերազանցում է մթնոլորտային տեղումների քանակը։ Գտնվում են բարեխառն (Միջին և Կենտրոնական Ասիայի Ա.), մերձարևադարձային (Մեքսիկայի, ԱՄՆ–ի հվ–արմ–ի, Սիրիական, Գեշտե–Կևիր, Դեշտե–Լուտ Ա.) և արևադարձային (Սահարան, Արաբիայի հարավը, Թարը, Ավստրալիայի արմ., Ատակաման, Նամիբը) գոտիներում։ Հատուկ տիպ են կազմում սառցային Ա. (տես Անտարկտիդա)։ Երկրագնդի Ա–ի ընդհանուր տարածությունը 15–20 մլն. կմ² է։ Ա. (բացառությամբ սառցային Ա–ի) առաջացել են խոնավության պակասի պատճառով։ Բնութագրվում են աննշան տեղումներով, շոգ ամառներով, գոլորշիացման արտակարգ չափերով, հողի և օդի ջերմաստիճանի օրական ու տարեկան մեծ տատանումներով, մակերեսային ջրերի մշտական հոսքի (բացառությամբ «տարանցիկ» գետերի) բացակայությամբ, հողի վերին շերտում աղերի կուտակումով, բուսածածկույթի նոսրությամբ կամ բացակայությամբ։ Կլիման չորային է։ Ամռանը խոնավությունն իջնում է մինչև 14%, ամիսներ շարունակ երկինքը պարզ է։ Արևոտ օրերի թիվը բարեխառն գոտու Ա–ում հասնում է 197 (Կուշկա), արևադարձայիններում՝ 295 օրվա, առավելագույն ջերմաստիճանը համապատասխանաբար հասնում է 49,5°C և 58°C։ Արևի տակ ավազի մակերևույթը տաքանում է մինչև 90°։ Ջերմաստիճանի տարեկան տատանումը 90°C է, օրականը՝ 30°։ Տեղումների տարեկան միջին քանակը Միջին Ասիայի Ա–ում 60–175 մմ է, Կենտրոնական Ասիայում՝ 9 մմ (Տակլա–Մական), արևադարձային Ա–ում՝ 100 մմ–ից պակաս։ Հյուսիսային և Հարավ–Արևմտյան Աֆրիկայի, ինչպես նաև Հարավային Ամերիկայի արևմուտքի Ա–ում տարիներ շարունակ անձրևներ չեն տեղում, սակայն հազվադեպ լինում են տեղատարափներ։ Մակերեսային ջրերը (բացառությամբ «տարանցիկ» գետերի) գոյանում են մթնոլորտային տեղումներից և մնում մի քանի ժամ կամ առավելագույնը՝ մի քանի օր։ Ստորերկրյա ջրեր կան բոլոր Ա–ում, գտնվում են փոքր խորություններում և աղի են։ Անուշահամ ջրերն առաջանում են գետերի կամ տեղումների ծծանցումից։ Բուսականության թույլ զարգացումն ու նոսր ծածկույթը, հիմնահողերի մերկությունն ու ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունները նպաստում են ինտենսիվ հողմահարմանը՝ ընդհուպ ավազի և փոշու առաջացումը։ Փոշոտ օրերի թիվը ՍՍՀՍ Ա–ում հասնում է 72 (Ռեպետեկ), Կունլունի հս. ստորոտին՝ 174 օրվա (Խոտան քաղաք)։ Ա. ունեն խիստ կտրտված մակերևույթ, խճածածկ սարավանդներ, մնացորդային լեռներ, զառիկող ու կախված ժայռեր, չոր հուներ, փակ և չոր գոգավորություններ ու իջվածքներ (Աֆրիկայում՝ շոթեր, Միջին Ասիայում՝ շորեր, Հարավային Ամերիկայում՝ սալարես)։ Ա–ի ռելիեֆի բնորոշ հատկությունը մերկացած կամ կիսաբուսածածկ ավազների տարբեր ձևերի քամհարված կուտակումներն են (միջինասիական՝ կում, չին. շամո, արաբ. Էրգ)։ Հողերն ունեն պարզագույն կառուցվածք և աղքատ են հումուսով, փոփոխվում են ինչպես ըստ գոտիների, այնպես Էլ՝ մայր ապարների կազմի ու բնույթի։ Բարեխառն գոտու Ա–ում առաջանում են գորշ, գորշամոխրագույն հողեր և մոխրահողեր, մերձարևադարձային Ա–ում՝ մոխրահողեր և գորշ շագանակագույն հողեր, արևադարձային Ա–ում՝ բաց կարբոնատային և աղուտային հողեր։ Ա–ի