Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/373

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


տրահաղորդակ): Կիրառվում է տրանսպորտային մեքենաներում, հաստոցներում։

«ԱՆԱՍՏՎԱԾ», պատկերազարդ հանդես։ Հրատարակել են ՀԿ(բ)Կ Երևանի կոմիտեն և ՀԼԿԵՄ Երևանի կոմիտեն, ապա դարձել է ՀՍԽՀ մարտնչող անաստվածների միության օրգանը։ Լույս է տեսել Երևանում, 1928–32-ին՝ որպես հանդես, 1933–35-ին՝ թերթ։ Արծարծել է հակակրոնական պայքարի կազմակերպման հարցեր, քննադատել կրոնը, տպագրել բնագիտական զրույցներ և նպաստել մատերիալիստական գիտելիքների տարածմանը։


ԱՆԱՎԱՐՏ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ձեռնարկության արտադրամասերում մշակման տարբեր փուլերում գտնվող աշխատանքի առարկաներ՝ պատրաստուկներ։ Ա. ա. ձեռնարկության նորմավորվող (սեփական) շրջանառու միջոցների կարևորագույն տարրերից է, որի չափը կախված է արտադրվող արտադրանքի ծավալից և արտադրության պարբերաշրջանի տևողությունից։ Օրինակ՝ մեքենաշինության մեջ Ա. ա. կազմում է նորմավորվող շրջանառու միջոցների ամբողջ ծավալի 20–25%, իսկ երբեմն (ծանր մեքենաշինության մեջ)՝ մինչև 60%, թեթև արդյունաբերության մեջ՝ 1–2% ևն։ Մշակվող առարկաներն արժեքային արտահայտությամբ կազմում են Ա. ա–յան ընդհանուր ծավալը, որը սահմանվում է պլանային կարգով։


ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, չավարտված և շահագործման չհանձնված շենքեր, կառույցներ, տեղակայվող ու տեղակայված սարքավորում, որոնք չեն գործարկվել և գրանցվել որպես հիմնական ֆոնդեր։ Շինարարական կազմակերպության համար Ա. շ–յան ծավալը փաստացի արժեքով հաշվի է առնվում պատվիրատուի հաշվեկշռում։ Ա. շ. օրինաչափ երևույթ է, որի անհրաժեշտ չափը կախված է արտադրական պարբերաշրջանի տևողությունից և կարգավորվում է պատրաստուկի նորմաներով։ Ա. շ–յան ծավալի կրճատումը բարձրացնում է կապիտալ ներդրումների արդյունավետությունը։


ԱՆԱՏԱՄԻԿՆԵՐ (Anodonta), քաղցրահամ ջրերում ապրող երկփեղկանի փափկամորթների դաս։ Խեցին (մինչև 25 սմ) կազմված է ձվաձև փեղկերից, որոնք մեջքի կողմից միացած են առաձգական կապանով, իսկ փորի կողմից ազատ են։ Մարմնի առջևի մասից ձգվում է սեպաձև, մկանուտ ոտքը։ Գլուխը թերզարգացած Է։ Ծնոտներ և ատամներ չունեն։ Հայտնի է մոտ 50 տեսակ։ Ապրում են կանգնած և դանդաղահոս ջրերում։ Տարածված են ամենուրեք։ ՀՍՍՀ–ում հանդիպում են Քասաղ գետում և Այղր լճում։ Սնվում են ջրիմուռներով, բակտերիաներով ևն։ Ա–ի թրթուրը ձկների մաշկի մակաբույծ Է։ Ա. օգտագործվում է որպես սննդանյութ, իսկ խեցին՝ որպես սադափի արտադրության հումք:


ԱՆԱՏՈԼԱԿԱՆ ՍԱՐԱՀԱՐԹ, Փոքր Ասիական բարձրավանդակի կենտրոնական հատվածը, Պոնտական և Տավրոսի լեռների միջև, Հայկական բարձրավանդակից արևմուտք։ Տարած, մոտ 250 հզ. կմ² է։ Գերակշռում են 800–1500 մ բարձրությունները։ Բնորոշ են տափարակ գոգավորությունները և թույլ մասնատված սարավանդները, որոնք իրարից բաժանվում են ցածր լեռներով և բլրաշարերով։ Ա. ս–ի կորիզը հնագույն բյուրեղային ապարներից կազմված Լիկաոնիայի և Գալատիայի զանգվածներն են, իսկ մնացած մասը՝ ալպյան ծալքաբեկորավոր կառուցվածքների դենուդացիոն մակերևույթները տեղ–տեղ բարձրացող մնացորդային լեռներով և հանգած հրաբուխներով (Էրջիաս՝ 3770մ, Հասանդաղ՝ 3252 մ ևն)։ Պալեոգեն–նեոգենի և անթրոպոգենի տեկտոնական շարժումների հետևանքով առաջացել են ճկվածքախզումային իջվածքներ (Կեսարիայի, Կոնիայի, Սեբաստիայի), որոնք սարահարթի ակտիվ սեյսմիկ օջախներն են։ Կլիման ցամաքային է. տարեկան տեղումները կենտր. մասում 200 մմ է, եզրամասերում՝ 300–500 մմ: Ա. ս–ի հս. մասով հոսում են Կզըլ–Իրմակ, Եշիլ–Իրմակ, Սաքարիա գետերը։ Կան շատ աղուտներ և աղի լճեր (օրինակ՝ Տուզ լիճը)։ Տարածված են գորշ և մոխրագույն հողերը։ Գերակշռում են չորասեր թփուտները, մացառուտները, աստրագալները, օշանը, օշինդրը։ Ս. Բալյան


ԱՆԱՏՈԼԻԱ (<հուն. άνατολί)–արևածագ, արևելք), Փոքր Ասիա թերակղզու արևմտյան մասը։ Հնում, մոտավորապես մ. թ. ա. V–IV դդ. Ա. կոչել են Փոքր Ասիա թերակղզին։ Օսմանյան կայսրությունում Ա. (Անադոլու) էր կոչվում Փոքր Ասիայի հս–արլ. մասն ընդգրկող վիլայեթը՝ Քյոթահյա կենտրոնով։

1923-ից թուրք. գրականության մեջ Ա. են անվանում ողջ Ասիական Թուրքիան՝ ներառյալ Արևմտյան Հայաստանը և Քրդստանը, որով և խեղաթյուրվել է այդ. տերմինի աշխարհագրական բովանդակությունը։


ԱՆԱՏՈԼԻՈՍ ԲԵՐՅՈՒՏԱՑԻ, Անատոլիոս Վինդանիոնիոս (ծն. և մահ. թթ. անհտ.), IV դարի հույն մատենագիր։ Ծնվել է Բերյուտոս (այժմ՝ Բեյրութ) քաղաքում։ Հայ մատենագրության մեջ Ա. Բ–ու անունով հայտնի է «Գիրք վաստակոց» խորագրով երկրագործական աշխատությունը՝ բաղկացած 332 գլուխներից (ըստ նախադրության պետք է բաժանված լիներ 14 գրքերի)։ Երկի հուն, բնագիրը «Գիրք մշակականաց» անունով՝ 12 գրքերով դեռևս IX դ. ծանոթ էր Բյուզանդիայի նշանավոր եկեղեցական, քաղաքական և մշակութային գործիչ Փոտին (մոտ 820– 891)։ Կա հուն. ևս մի բնագիր՝ «Գեոպոնիկա», 20 գրքերից բաղկացած, որը Փոտին ծանոթ բնագրի և հայ. թարգմանության հետ համեմատած վերախմբագրված է և ունի զգալի հավելումներ։ Այս աշխատությունը մի հեղինակի գործ չէ, այլ ժամանակի ընթացքում խմբագրվել ու լրացվել է տարբեր անձանց կողմից, որոնցից է նաև Ա. Բ.՝ ըստ հայ. թարգմանության Պոնիոս (ճիշտը՝ Իոնիոս) Անադալիոսը։ «Գիրք վաստակոց»–ի հայ. թարգմանության ժամանակն ու թարգմանիչը հայտնի չեն, այն թարգմանվել է արաբերենից հավանաբար XI–XIV դդ., Կիլիկիայում։ Հայ. բնագիրը արժեքավոր է երկրագործության հետ կապված տերմինների ճոխ պաշարով։ Մեզ է հասել նաև «Գիրք վաստակոց»–ի ասորերեն հին թարգմանությունը (հրտ. Լայպցիգ, 1860)։

Երկ. «Գիրք վաստակոց», εωлονιχά։ Թարգմանութիւն նախնեաց յարաբացի լեզուէ», Վնտ., 1877։ Геопоники. Византийская сельскохозайственная энциклопедия X века, М.-Л., 1960; Geoponica, sive Cassiani Bassi scholastici de re rustica eclogae recensuit Henr. Beckh, Lipsiae, 1895:

Գրկ. Անասյան Հ. Ս., Հայկական մատենագիտություն, հ. 1. Ե., 1959, Էջ 832–45։ Duval R., La Lite՚rature Syriacue, P., 1907; Sabath P., L՚Ouvrage géoponique d՚Anatolios de Berytos (Ive siécle). Manuscrit arabe, «Bulletin de l՚Isntitut d՚Egypte», v. 14, p. 47-54.


ԱՆԱՏՈՄԻԱ (<հուն. άνατομή-կտրատում, անդամահատում), կազմախոսություն, գիտություն, որն ուսումնասիրում է օրգանիզմի և նրա առանձին օրգանների ձևը, դիրքը, չափերը, ներքին կազմությունը՝ կապված նրանց դերի հետ։ Ա, մորֆոլոգիայի մասնավոր բաժինն Է (տես Մորֆոլոգիա կենդանիների, Մորֆոլոգիա բույսերի)։ Տարբերում են կենդանիների Ա. (զոոտոմիա), որից առանձնացնում են մարդու Ա. (անթրոպոտոմիա), և բույսերի Ա. (ֆիտոտոմիա)։ «Ա.» տերմինը հաճախ օգտագործվում է որպես ուղղակի մարդու անատոմիայի (մարդակազմության) հոմանիշ։ Կենդանիների կազմության մեջ եղած նմանության ու տարբերության ուսումնասիրությամբ զբաղվում Է կենդանիների համեմատական Ա.։

Մարդու Ա.։ Մարդակազմության մասին որոշ տեղեկություններ հայտնի էին հին եգիպտացիներին (դիակներ զմռսելու փորձից), որոշ տվյալներ էլ կային չինական կայսր Գվանգ Թիի բժշկարանում (մոտ 3000 տարի մ. թ. ա.), հնդկական Վեդաներում (մ. թ. ա. I հազարամյակ)։ Կազմախոսական նպատակներով առաջին հերձումը վերագրվում է մ. թ. ա. V դ. հույն բժիշկ և փիլիսոփա Ալքմեոնեսին, որը հայտնագործել է տեսողական նյարդը, եվստախյան խողովակները. տարբերակել զարկերակներն ու երակները։ Ա–ի վերաբերյալ տեղեկություններ է տվել նաև Հիպոկրատը։ Նա ուսուցանում էր, որ մարդու մարմինը կազմված է պինդ և հեղուկ մասերից, որ, իբր, կենսականորեն կարևոր դեր են կատարում մարմնի չորս հեղուկները՝ արյուն, ավիշ, լեղի և սև լեղի։ Արիստոտելը ցույց է տվել նյարդերի և ջլերի միջև եղած տարբերությունը։ Նա է առաջարկել «աորտա» տերմինը: Ալեքսանդրյան դպրոցի ներկայացուցիչներ Հերոփիլոսը և Էրազիստրատոսը (մ. թ. ա. III դ.) ճշգրիտ տեղեկություններ ունեին նյարդերի, անոթների, ուղեղի և այլ օրգանների մասին: Հռոմեացի բժիշկ Կ. Գալիանոսը (131–211), կապիկների և այլ կենդանիների վրա փորձեր կատարելով, Ա. հարստացրեց նոր տվյալներով։ Գալիանոսի հեղինակությունն այնքան մեծ էր, որ ավելի քան 1300 տարի, մարդու կազմության մասին նրա բազմաթիվ սխալներով լի ուսմունքը մնաց անձեռնմխելի։ ժամանակակից Ա–ի զարգացումն սկսվել է Վերածննդի ժամանակաշրջանից։ Բազմաթիվ դիահերձումների հիման վրա Լեոնարդո դա Վին-