ԱՆԿԱԽՈԻԹՅԱՆ 419 է էլեկտրական լիցքի պահպանման օրենքը (այս դեպքում -ն լիցքի խտությունն է, -ն՝ հոսանքի խտությունը)։
ԱՆԾՆՈՏՆԵՐ (Agnatha), ողնաշարավոր կենդանիների ձկնակերպերի դաս։ Ծնոտները բացակայում են։ Մարմնի երկարությունը մինչև 1 մ է։ Կմախքը կրճիկային է։ Բերանը բացվում է ծծող ձագարի մեջ, որի պատերին և լեզվի վրա գտնվում են եղջերային ատամիկները։ Ունեն մեկ քթանցք։ Շնչառությունը կատարվում է 5–15 զույգ խռիկային պարկերով։ Սնվում են ջրային մանր կենդանիներով։ Ա–ից պահպանվել են բոլորաբերանների ներկայացուցիչները՝ քարալեզները և միքսինները։
ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԴԵԿԼԱՐԱՑԻԱ 1776, Հյուսիսային Ամերիկայի հեղափոխական ազատագրական պատերազմի ժամանակ՝ անգլիական գաղութների (13 նահանգների) ներկայացուցիչների Ֆիլադելֆիայի Մայրցամաքային 2-րդ կոնգրեսում, հուլիսի 4-ին ընդունված դեկլարացիա, որն ազդարարում էր գաղութների անջատումն Անգլիայից և Ամերիկայի Միացյալ Նահանգների ստեղծումը։ Ա. դ. կազմված էր XVIII դ. ֆրանսիական լուսավորիչների գաղափարների ոգով՝ Թ. Ջեֆերսոնի նախագծի հիման վրա։ Ա. դ. հռչակում էր բոլոր մարդկանց հավասարությունն օրենքի առջև, ժողովրդի գերիշխանությունը և ժողովրդի իրավունքները ոտնահարող կառավարության դեմ նրա ապստամբելու իրավունքը ևն։ Քննարկման ժամանակ Հարավի ստրկատեր հողատերերի պահանջով դեկլարացիայի նախագծից հանվեց ստրկությունը և ստրկավաճառությունը դատապարտող կետը։ Ա. դ–ի հաստատված տարբերակը համապատասխանում էր բուրժուազիայի և ստրկատերերի դասակարգային շահերին։ Չնայած դրան, Ա. դ. իր ժամանակի համար առաջադիմական և հեղափոխական փաստաթուղթ էր, ժողովրդական զանգվածների լուրջ նվաճում, որը որոշակի ազդեցություն ունեցավ ֆրանսիական բուրժուական հեղափոխության և ազգային–ազատագրական շարժման վրա Լատինական Ամերիկայում։ Կ. Մարքսը Ա. դ. անվանել է «մարդու իրավունքների առաջին դեկլարացիան»։ Տես նաև Անկախության պատերազմ Հյուսիսային Ամերիկայում 1775-83։
ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ 1775–83, Հյուսիսային Ամերիկայում անգլիական 13 գաղութների հեղափոխական ազատագրական պատերազմը, որի ընթացքում կազմավորվեց ԱՄՆ–ի անկախ պետությունը։ Անկախության պատերազմը նախապատրաստվել էր գաղութների կապիտալիստական զարգացմամբ և հյուսիսամերիկյան ազգի կազմավորմամբ, երբ ասպարեզ էր եկել տեղական բուրժուազիան և ձևավորվել ներքին միասնական շուկան։ Մինչդեռ Անգլիան գաղութները դիտում էր իբրև սոսկ հումքի աղբյուր, ապրանքների սպառման շուկա և ամեն կերպ արգելակում էր նրանց ինքնուրույն տնտեսական և քաղաքական զարգացումը։ Բնակչությունը ենթարկվում էր հարկային ուժեղ ճնշման։ Անգլիայի այդ քաղաքականությունն ուժեղացրեց ամերիկացիների պայքարն ընդդեմ գաղութային կարգերի։ 1770-ին զինված ընդհարումներ եղան անգլիական զինվորների և բոստոնցիների միջև։ 1773-ին Բոստոնում հայրենասերները նավերից ծովը նետեցին անգլիական թեյը («Բոստոնի թեյախմություն»)։ Գաղութների ներկայացուցիչների Մայրցամաքային I կոնգրեսը (1774) որոշում ընդունեց անգլիական ապրանքների բոյկոտի մասին։ Ի պատասխան Անգլիան Ամերիկա ուղարկեց նոր զորքեր և նավատորմիղ։ Գաղութաբնակները դիմեցին զենքի։ 1775-ի ապրիլի 19-ին Քոնքորդի և Լեքսինգթոնի մոտ անգլիական զորքերը ծանր կորուստներ կրեցին։ 1776-ի հուլիսի 4-ին ընդունվեց Անկախության դեկլարացիան։ Կոնգրեսը երկրորդ մայրցամաքային բանակի գլխավոր հրամանատար նշանակեց Ջ. Վաշինգտոնին։ Առաջին տարիներին ամերիկացիները անհաջողության մատնվեցին և ժամանակավորապես կորցրին Նյու Յորքը (1776) և Ֆիլադելֆիան (1777)։ Սակայն պատերազմի ընթացքում ամերիկյան բանակի մարտունակությունը բարձրացավ։ 1777-ի հոկտ. 17-ին Սարատոգայի մոտ ամերիկացիների տարած հաղթանակը նպաստեց ԱՄՆ–ի ռազմական և միջազգային դրության բարելավմանը։ Ամերիկյան դիվանագիտությունը, օգտագործելով Անգլիայի և նրա մրցակիցների հակասությունները, ստեղծեց հակաանգլիական միացյալ ճակատ։ Փարիզ ուղարկված Բ. Ֆրանկլինը ռազմական դաշինք կնքեց Ֆրանսիայի հետ, որը զորք և նավատորմ առաքեց Ամերիկա՝ անգլիացիների դեմ։ 1779-ին Անգլիայի դեմ պատերազմի մեջ մտավ Իսպանիան, 1782-ին՝ Հոլանդիան։ ԱՄՆ–ի նկատմամբ բարյացակամ դիրք գրավեց նաև Ռուսաստանը, որի նախաձեռնությամբ եվրոպական մի շարք պետություններ կազմեցին «չեզոքների լիգա» և հայտարարեցին, որ շարունակելու են առևտուրն Ամերիկայի հետ։