Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/420

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


1778-ին ամերիկացիները գրավեցին Ֆիլադելֆիան։ Մի շարք անհաջողություններից հետո անգլիացիների գլխավոր ուժերը 1781-ի հոկտ. 19-ին վերջնական պարտություն կրեցին Յորքթաունի մոտ։ Վաշինգտոնը ֆրանսիական նավատորմի և զորքերի օժանդակությամբ ստիպեց նրանց անձնատուր լինել։ 1783-ի սեպտ. 3-ին կնքվեց Վերսալյան հաշտության պայմանագիրը, որով Անգլիան ճանաչեց ԱՄՆ–ի անկախությունը։ Անկախության պատերազմն իր սոցիալ–քաղաքական բովանդակությամբ բուրժուական հեղափոխություն էր, որի հաղթանակն ապահովվեց ժողովրդի գործուն մասնակցության շնորհիվ։ Անկախության պատերազմում ամերիկյան բանակի շարքերում մարտնչում էին 7 հզ. եվրոպական կամավորներ, այդ թվում՝ մարկիզ Լաֆայետը, ապագա ուտոպիստ–սոցիալիստ Սեն–Սիմոնը և 1794-ի լեհական ապստամբության ղեկավար Տ. Կոստյուշկոն։

Քարտեզը տես 288–89 էջերի միջև՝ ներդիրում։ Գ. Հարությունյան

ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ (տրամաբանության մեջ և մաթեմատիկայում), անհակասական տեսության (ձևական հաշվի) դրույթների (բանաձևերի) հատկություն, ըստ որի ո՛չ տվյալ դրույթը և ո՛չ էլ նրա ժխտումը տրամաբանորեն (արտածման կանոններով) չեն բխում տեսության մյուս դրույթների համակարգից։ Նույն իմաստով էլ հասկացվում է տեսության որևէ աքսիոմայի Ա. նրա մյուս աքսիոմաների համակարգից։ Ա–յան գաղափարը իմաստ ունի միայն անհակասական համակարգի նկատմամբ, քանի որ հակասական համակարգում նրա ամեն մի դրույթ ապացուցվում է։ Աքսիոմաների (անհակասական) համակարգի նկատմամբ որևէ աքսիոմա կլինի անկախ, երբ այն փոխարինելով իր ժխտումով՝ կստացվի նորից անհակասական համակարգ։ Ա. կապված է նաև լրիվության գաղափարի հետ։ Եթե աքսիոմաների համակարգը լրիվ է, ապա նրան ավելացնելով նրանցից անկախ մեկ այլ աքսիոմա, ստացվում է հակասական համակարգ։ Օրինակ, եվկլիդեսյան երկրաչափության V պոստուլատի Ա. նրա մյուս աքսիոմաներից ապացուցվում է ոչ եվկլիդեսյան երկրաչափության անհակասականությամբ: Ա–յան գաղափարն օգտագործվում է նաև հասկացությունների (գործողությունների, ֆունկցիաների են) նկատմամբ, դրա տակ հասկանալով այն, որ այդ հասկացությունը չի կարելի սահմանել (արտահայտել) հասկացությունների տվյալ համակարգի միջոցներով (առանց լրացուցիչ հասկացությունների կիրառման)։


ԱՆԿԱՆԽԻԿ ՀԱՇՎԱՐԿՆԵՐ առանց կանխիկ դրամի առկայության դրամական միջոցները վճարողի հաշվից ստացողի հաշվին փոխանցելու կամ փոխադարձ պահանջները հաշվանցելու ձև։ Կապիտալիստական հասարակարգում Ա. հ–ի զարգացման համար օբյեկտիվ հիմքեր են ապրանքաշրջանառության ծավալի ավելացումը և մետաղադրամի պակասը։ Լայն տարածում ունի նաև մուրհակների և չեկերի միջոցով պարտավորությունների մարումը։ Իմպերիալիզմի դարաշրջանում խոշոր բանկերը կենտրոնացնում են դիմորդների բոլոր հաշվարկները և վերահսկում նրանց ֆինանսական գործունեության բոլոր բնագավառները։ Ա. հ–ի կենտրոններ են կենտրոնական բանկերին կից հաշվարկային պալատները, որոնք իրենց հերթին համալրվում են առանձին քաղաքների և մարզերի տեղական հաշվարկային պալատներով, բանկային թղթակցային գործողությունների անկանխիկ շրջապտույտով և բանկի բաժանմունքների միջև եղած ներբանկային քլիրինգների հաշվարկով։ Սոցիալիզմի օրոք Ա. հ. կիրառվում են ապրանքների իրացման և ծառայությունների վճարման շրջանառության, ինչպես նաև ձեռնարկությունների և ֆինանսավարկային սիստեմի փոխհարաբերություններում՝ նպաստելով սոցիալիստական ընդլայնված վերարտադրության արագացմանը։ Ա. հ–ի կիրառումը տնտեսում է հասարակական ծախքերը, իջեցնում հասարակության դրամական շրջանառության ծախսերը, կրճատում կանխիկ դրամի պահանջարկը և նպաստում դրամական ազատ ռեսուրսների համակենտրոնացմանն ու օգտագործմանը։ Ա. հ. իրականացվում են բանկի միջոցով և վերահսկողությամբ՝ հոժարագրի, ակրեդիտիվի, հատուկ հաշվի» ինչպես նաև վճարման հանձնարարագրերի և այլնի միջոցով։ Ա. հ–ի կիրառումը սահմանվում է տնտեսական կազմակերպությունների համաձայնագրերով, երբեմն՝ կառավարության որոշումներով։ Լ. Բադանյան


ԱՆԿԱՆՈՆ ԳՐՔԵՐ (անկանոնական կամ ապոկրիֆ գրքեր), քրիստոնեական գրականության պատմության մեջ այն գրվածքները, որոնք բովանդակությամբ առնչվում են Աստվածաշնչի հետ, բայց դուրս են մնում նրա կանոնական կազմից։ Ա. գ. ներկայացնում են կրոնական ավանդություններ՝ մեծ մասամբ վիպական, երբեմն՝ նաև պատմական հիմք պարունակոդ գրություններ ; Դրանք ստեղծվել են ինչպես քրիստոնեության վաղ շրջանում, այնպես էլ միջին դարերում։ Ա. գ. քրիստոնեական աղանդավորների և գլխավորապես գնոստիկյանների հրապարակ հանած գրություններ էին և արտահայտում էին աղանդավորական հոսանքների գաղափարախոսությունը։ Հին Կտակարանի անկանոնականներից զգալի մասի հեղինակներ համարվում են մովսիսական կամ քրիստոնեացած հրեաները։ Ա. գ. միջին դարերում թարգմանվել են հունարեն, ասորերեն, լատիներեն, հայերեն, եթովպերեն, ղպտիերեն, արաբերեն և այլ լեզուներով։ Հայերեն անկանոնականներ հիշատակվում են VI դարից մնացած «սուտ գրքերի» մի ցուցակում։ Մխիթար Այրիվանեցին, XIII դարից, ավանդել է արգելված և ընդունելի գրքերի երեք ցուցակ՝ մի շարք անկանոնականների հիշատակմամբ: Վենետիկի Մխիթարյանները հրատարակել են հայերեն անկանոնականների երեք ժողովածուներ՝ «Անկանոն գիրք Հին Կտակարանաց» (1896), «Անկանոն գիրք Նոր Կտակարանաց» (1898) և «Անկանոն գիրք առաքելականք» (1904)։

Գրկ. Անասյան Հ. Ս., Հայկական մատենագիտություն, հ. 1, Ե., 1959, Էջ 898–913։ Հ. Անասյան


ԱՆԿԱՐԱ (Ankara, Անգորա, Անկյուրա), Թուրքիայի մայրաքաղաքը 1923-ից, Անկարա վիլայեթի կենտրոնը։ Գտնվում է Անատոլիական սարահարթի կենտրոնական մասում, Չուբուկ և Անկարա գետերի միախառնման վայրում։ 1,2 մլն. բն. (1970)։ Խճուղային և երկաթուղային հանգույց Է։ Ա–ի մոտակայքում է Էսենբոգա միջազգային օդանավակայանը։ Ա–ում կան` ավիացիոն, ռազմական, տրակտորների հավաքման (մասերը բերվում են ԱՄՆ–ից), ավտոդողերի գործարաններ, պղնձաձուլական և մեքենաշինական փոքր ձեռնարկություններ, ցեմենտի, ապակու, փայտամշակման, տեքստիլ (բրդյա), կաշվի, սննդի (ալրաղաց, շաքարի, մսի) արդյունաբերություն, գորգագործական արտադրություն։ Ա. առևտրական խոշոր կենտրոն է (գլխավորապես անգորական այծկրի դֆթիկ–բուրդ, հացահատիկ, անասուններ)։ Ա. երկաթուղով բաժանված է 2 մասի՝ հին և նոր։ Նոր Ա. ձևավորվել է վերջին տասնամյակներում և աչքի է ընկնում ուղիղ ու լայն փողոցներով, ժամանակակից բազմահարկ շենքերով։ Հին Ա–ում պահպանվել են ծուռ–մուռ, նեղլիկ փողոցներ, հարդախառն շաղախով շարված, տափակ տանիքներով և կոմունալ հարմարություններից զուրկ տներ։ Այստեղ են գտնվում ճարտ. ուշարձաններ՝ Օգոստոսի և Հռոմոսի տաճարը (II դ. մ. թ. ա.), որմնանկարներով դամբարանը (IV դ.), հնադարյան ամրոցը, միջնաբերդը, մզկիթները (XII–XV դդ.), Մեծ ծածկած շուկան (XV դ.), որտեղ այժմ տեղավորված է Հնագիտական թանգարանը, և արևելյան շուկաները։ 1920-ից հին քաղաքից հարավ աճում է նոր քաղաքը։ Կառուցվել են պրեզիդենտի պալատը, Աթաթյուրքի դամբարանը (1953, ճարտ. Է. Օնաթ և Ա. Արադ)։ Ունի համալսարան, կոնսերվատորիա, 6 թատրոն, Հնագիտական և Ազգագրական թանգարաններ, Ազգային գրադարան։ Ա. հիմնադրել է

(նկ․) Անկարա