Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/503

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


նը՝ քլորապատիտ ()։ Հանքանյութերի որակը որոշվում է նրանց մեջ –ի քանակով, որը ֆտորապատիտում կազմում է 42,3%, իսկ քլորապատիտում՝ 41%: Խառնուրդների ձևով Ա–ում առկա են ստրոնցիում, մանգան, նատրիում և հազվագյուտ հողեր։ Բյուրեղագիտական համակարգը հեքսագոնային է։ Բյուրեղները երկար–պրիզմաձև են, հազվադեպ՝ աղյուսաձև, գույնը՝ կանաչ, կապտականաչ, մոխրագույն, գորշ ևն։ Կարծրությունը՝ 5, խտությունը՝ 3160–3200 կգ/մ3։ Ա. որպես սովորական ուղեկից միներալ հանդիպում է բազմաթիվ հրային և մետամորֆային ապարներում։ Ալկալային ապարների գանգվածներում առաջանում են Ա–ի հանքանյութերի խոշոր կուտակներ։ Նստվածքային ապարներում Ա–ի խմբի միներալները հանդես են գալիս գյխավորապես ֆոսֆորիտների ձևով։ Ա. հանդիպում է նաև երկաթի բարձրջերմաստիճանային հանքավայրերում։ Օգտագործվում է արհեստական պարարտանյութ, ֆոսֆոր և ֆոսֆորային միացություններ ստանալու համար, սև և գունավոր մետալուրգիայում, ապակու արդյունաբերության մեջ ևն։ ՍՍՀՄ–ում է գտնվում Խիբինի Ա–ի՝ աշխարհի խոշորագույն հանքավայրը։ ՀՍՍՀ–ում Ա–ի հանքայնացում հայտնի է Աբովյանի երկաթի հանքավայրում։ Արտասահմանում Ա–ի հանքավայրեր կան Նորվեգիայում, Մեծ Բրիտանիայում և այլուր։

ԱՊԱՏՐԻԴ (<հուն. άπατρις, ά - ժխտ. մասնիկ + πατρις – հայրենիք), հայրենազուրկ (տես Ապաքաղաքացիություն):


ԱՊԱՐԱՆ (մինչև 1935՝ Բաշ–Աբարան), քաղաքատիպ ավան (1963) Հայկական ՍՍՀ–ում, համանուն վարչական շրջանի կենտրոնը, մոտակա երկաթուղային կայարանից՝ Սպիտակից 42 կմ հարավ–արևելք։ Գտնվում է Քասաղի ավազանի վերին մասում, Ապարանի դաշտի հյուսիս–արևմուտքում, 1880 մ բարձր։ 5325 բն. (1972, առանց վարչականորեն նրան ենթարկվող Մուլքի գյուղի), հայեր, քրդեր։ Ա–ի արդյունաբերական ձեռնարկություններն են՝ սարքաշինական իրերի գործարանը, Երևանի «Հայգորգ» միավորման մասնաճյուղը, պանրագործարանը, հացի, գարեջրի և լիմոնադի գործարանները, տպարանը, կենցաղսպասարկման կոմբինատը։ Արդյունաբերական ձեռնարկությունները 1972-ին թողարկել են մոտ 4,7 մլն. ռուբլու համախառն արտադրանք։ Ունի կաթնաանասնապահական սովետական տնտեսություն։ Ա–ում գործում են 2 միջնակարգ, 1 ութամյա, 1 երաժշտական դպրոց, արհեստագործական ուսումնարան, մշակույթի տուն, ժողթատրոն, 2 գրադարան, կինոթատրոն, կապի հանգույց (ավտոմատ հեռախոսակայանով), ռադիոհանգույց, հիվանդանոց, պոլիկլնիկա և դեղատուն։

Ա. հատակագծվել է 1967-ին։ Զբաղեցնում է 160 հա տարածություն (1970), բնակելի ֆոնդը 41500 մ2 է (11500 մ2՝ պետական, 30000 մ2՝ անհատական)։ Տները հիմնականում կառուցված են տեղական տուֆից։ Բարեկարգվում, կանաչապատվում են փողոցները, բացվում նորերը։ Կուլտուրայի և հանգստի զբոսայգին զբաղեցնում է 4 հա տարածություն։ Ունի ջրմուղ–կոյուղի, կեղտաջրերի մաքրման կայան։ Ջուրն ստանում է Եզնակի աղբյուրներից (60 լ/վրկ): Ջրատար ցանցի երկարությունը 17 կմ է։ էլեկտրաէներգիան ստանում է հանրապետության միասնական էլեկտրահամակարգից։

Ա. հնում կոչվել է Քասաղ։ Առաջին անգամ հիշատակում է Պտղոմեոսը (II դ.)՝ Casala ձևով։ Ա. կամ Քասաղը պատմական Հայաստանի Նիգ գավառի կենտրոնն էր՝ Գնթունյաց նախարարական տան նստավայրը, որտեղ նրանք V դ. կառուցեցին ցարդ կանգուն Քասաղի բազիլիկը։ X դարից կրում է Ապարան անունը, որը նշանակում է պալատ։ Նախկին Քասաղը այս անունն ստացել է Մոկաց Ապարանք գյուղի մոտ գտնվող «Ապարանից Ս. Խաչ» վանքի մասունքն այդ շրջանը փոխադրվելու պատճառով։ Զաքարիա պատմիչի (XVII դ.) մոտ Ա. հիշատակվում է նաև Քասաղ անունով։ XVIII դարից մինչև 1935 կոչվել է Բաշ–Աբարան։ XIX դ. վերջին Ա. ուներ 150 տուն։ Մինչև սովետական կարգերը Ա–ում գործել է 1 երկդասյան դպրոց։ 1918-ին Ա–ի բնակիչները Բաշ–Աբարանի ճակատամարտում զգալի հարված հասցրին թուրք զավթիչներին՝ կասեցնելով Ալեքսանդրապոլից դեպի Երևան շարժվող թուրքական զորքերի առաջընթացը։


ԱՊԱՐԱՆԻ ԴԱՇՏ, գտնվում է Հայկական ՍՍՀ–ում, Քասաղ գետի ավազանի վերին մասում։ Տարած, մոտ 200 կմ2 է։ Միջլեռնային գոգավորության հատակ է՝ բարձր. 1800–2000 մ, Արագածի և Ծաղկունյաց լշ–ի միջև։ Ծածկված է լճային, գետային, ջրասառցադաշտային նստվածքներով, դացիտային և անդեզիտա–բազալտային լավաներով։ Մակերևույթը թույլ ալիքավոր է (լավային հոսքերում՝ բրգաձև–բեկորային), բարդացված՝ դարավանդներով ու արտահոսման կոներով։ Ձմեռը ցուրտ է (հունվարի միջին ջերմաստիճանը –9,2°C–ից –9,6°C է, նվազագույնը՝ -33°C), ամառը՝ մեղմ (օգոստոսի միջինը՝ 16,6°C, առավելագույնը՝ 32°C)։ Անսառնամանիք եղանակը տևում է 134 օր։ Տարեկան տեղումները հասնում են 550–650 մմ–ի։ Ա. դ. ոռոգվում է Քասաղի և նրա վտակների ջրերով։ Հարուստ է սառնորակ աղբյուրներով։ Ա. դ–ի հվ–ում է գտնվում Ապարանի ջրամբարը։ Տարածված են կարբոնատային և կրազերծված սևահողերը։ Բուսականությունը լեռնատափաստանային է. տիրապետող է փետրախոտը, հանդիպում են շյուղախոտ, կելերիա, սիզախոտ ևն։ Ա. դ–ի մեծ մասը զբաղեցնում են հացահատիկային և կերային կուլտուրաների ցանքատարածությունների։ Բնորոշ կենդանիներից են՝ դաշտամուկը, ճագարամուկը, գայլը, աղվեսը, նապաստակը, գորշուկը, դաշտային արտույտը, լորը։

Տեսարան Ապարանի քաղաքատիպ ավանից.jpeg


ԱՊԱՐԱՆԻ ՇՐՋԱՆ, վարչական շրջան Հայկական ՍԱՀ արևմուտքում։ Կազմվել է 1930-ի սեպտ. 9-ին (1920–30-ին կոչվել է Բաշ–Աբարան գավառակ և մտել ՀՍՍՀ էջմիածնի գավառի մեջ, 1952–53-ին՝ Լենինականի օկրուգի մեջ)։ Տարածությունը 631,4 կմ2 է (1973)։ Կենտրոնը՝ Ապարան քաղաքատիպ ավանը։

Բնական պայմանները։ Մակերևույթը բարձրադիր է, լեռնոտ։ Հս. մասը Փամբակի լշ–ի հվ. թեք ու ձորակներով կտրտված լանջերն են, արլ. մասը՝ Ծաղկունյաց լեռների արևմտյան մեղմաթեք լանջերը, հվ–արլ–ում՝ Արագածի լեռնազանգվածը (4090 մ)։ Այդ լեռների միջև, հս–արմ–ից հվ–արլ. ձգվում է Քասաղ գետի վերին հոսանքը, որի հովիտը գեոմորֆոլոգիական տեսակետից բաժանվում է հս–արմ. բարձրադիր և հվ–արլ. համեմատաբար ցածրադիր շրջանների։ Առաջինը կամ Ապարանի սարահարթի արլ. կեսը ունի մինչև 2100 մ միջին բարձրություն։ Երկրորդը կամ Ապարանի դաշտը (1800 մ) լճային նստվածքներով ու գետաբերուկներով լցված գոգավորություն է՝ ծածկված Արագածի լավային հոսքերով։ Կլիման ցամաքային է՝ ցուրտ ձմեռներով ու զով ամառներով։ Տարեկան միջին ջերմաստիճանը Ապարանում 4,3°C է, հունվարինը՝ -9,6°C (նվազագույնը՝ -33°C, հուլիսինը՝ 16,6°C (առավելագույնը՝ 32°C)։ Ձմեռը տևական է՝ կայուն ձնածածկույթով։ Անսառնամանիք օրերի թիվը՝ 134, տարեկան տեղումները՝ 651 մմ (առավելագույնը՝ գարնանը)։ Մեծ գետը Քասաղն է, որի ջրերն արդյունավետ օգտագործելու առաջին միջոցառումն էր Ապարանի ջրամբարի գործարկումը (1967)։ Հողերը տարածված են ուղղաձիգ գոտիականու–

mini