Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/507

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ԱՊԱՐՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ, ապարների տարածական դիրքը երկրակեղևում։ Նստվածքային և մասամբ մետամորֆային ապարները սովորաբար տեղադրվում են միմյանց զուգահեո շերտերով, հազվադեպ՝ ոսպնյակներով և բներով։ Նստվածքային ապարների տեղադրման տարրերն են շերտերի տարածումը և անկումը։ Մագմատիկական ապարները տեղադրվում են. ինտրուզիվները՝ բաթոլիտների, լակոլիտների, շտոկների, իսկ հրաբխայինները՝ ծածկույթների, հոսքերի և գմբեթների ձևով։ Ապարների երկու կամ ավելի շերտախմբերի փոխադարձ տեղադրումը լինում է ներդաշնակ (նստվածքների անընդմեջ կուտակում) և աններդաշնակ։ Տարբերում են նստվածքային ապարների նորմալ, չխախտված (շերտերը փաստորեն հորիզոնական են, համատարած) և խախտված տեղադրումներ (տես Դիսլոկացիա):

Ապարների տեղադրում. 1. Կավիճ։ 2. Քվարցային ավազաքար։ 3. Ավազակավ։ 4, 5, 6. Ավազաքար՝ տարբեր ենթաշերտերով։ 7, 8, 9, 10. Կրաքար՝ գիպսի ենթաշերտերով։ 11. Կրակավ։ 12. Օլիտային կրաքար։


ԱՊԱՐՈՇ, ծամակալ, արտախուրակ, արևելյան որոշ ժողովուրդների տղամարդկանց և կանանց գլխի փաթթոց՝ իբրև զարդ, երբեմն էլ՝ տիտղոսանշան։ Արտաշեսյան և Սասանյան արքաները թագի շուրջը ագուցել են Ա., առավելապես՝ իբրև վարսակալ։ Արաբ խալիֆաները որպես թագ մեծածավալ փաթթոց էին կրում։ Բագրատունի Գագիկ Ա և Սմբատ Բ թագավորները Բաղդադի խալիֆից որպես թագ Ա. են ընդունել։ Սպիտակ և կանաչ գույնի Ա. կրում էին միայն մահմեդականները։ Թրքահպատակ քրիստոնյաներին թույլատրված էր կապտավուն կամ գորշավուն Ա–ի գործածությունը։

Ապարոշ


ԱՊԱՐՏՀԵՅԴ, ապարտեիդ (աֆրիկաանս լեզվով՝ apartheid - անջատ բնակություն), ռասայական սեգրեգացիայի սկզբունք Հարավ–Աֆրիկյան Հանրապետությունում (ՀԱՀ) և Հարավային Ռոդեզիայում։ Ընկած է աֆրիկական բանտու ժողովուրդների և ոչ եվրոպական ու խառը ծագում ունեցող էթնիկական խմբերի նկատմամբ այդ երկրների իշխանությունների վարած ռասայական խտրականության քաղաքականության հիմքում։ Պաշտոնապես ՀԱՀ–ում Ա. որպես պետական քաղաքականություն մտցվել է 1948-ին։ Ոչ եվրոպական ծագում ունեցողների համար առանձնացված են հատուկ ապրելավայրեր (ռեզերվուարներ, որոնք 1959-ին վերանվանվեցին բատուստաններ)։ Ա–ի խախտումը հետապնդվում է քրեական կարգով։ Ա–ի քաղաքականությունը բողոք է առաջացնում աշխարհի բոլոր երկրներում և բազմիցս դատապարտվել է ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի որոշումներում ու բանաձևերում։ Բնիկները ՀԱՀ–ում Հարավային Աֆրիկայի աֆրիկական ազգային կոնգրես, իսկ Հարավային Ռոդեզիայում Զիմբաբվեի աֆրիկյան ժողովուրդների միություն (ԶԱՊՈՒ) կազմակերպությունների գլխավորությամբ զինված պայքար են մղում Ա–ի դեմ։


ԱՊԱՑՈՒՅՑ, քրեական կամ քաղաքացիական գործի փաստական տվյալ, որի հիման վրա քննչական և դատական մարմինները հաստատում կամ հերքում են հանցագործության փաստը, արարքը կատարող անձի մեղավորությունը, կողմերի պահանջներն ու առաջարկությունները, գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ։ Սովետական քրեական դատավարությունում Ա. ձեռք բերելու աղբյուր են. վկայի, տուժողի, կասկածյալի և մեղադրյալի ցուցմունքները, փորձագետի եզրակացությունը, իրեղեն ապացույցները, քննչական և դատական գործողությունների արձանագրություններն ու այլ փաստաթղթեր։ Քաղաքացիական դատավարությունում նման աղբյուր են. կողմերի և երրորդ անձանց բացատրությունները, վկաների ցուցմունքները, գրավոր ու իրեղեն ապացույցները, փորձագետի եզրակացությունը։ Քրեական դատավարությունում ապացուցման պարտականությունը դրված է հետաքննություն կատարող անձի, քննիչի, դատախազի և դատարանի վրա, իսկ քաղաքացիական դատավարությունում՝ կողմերի վրա։ Հ. Պիվազյան


ԱՊԱՑՈՒՑՈՒՄ, տրամաբանական գործողություն, որի դեպքում ցույց է տրվում տվյալ դատողության ճշմարտությունը ուրիշ, իբրև ճշմարիտ ընդունված դատողությունների միջոցով։ Ապացուցվող դատողությունը կոչվում է թեզիս, իսկ այն ապացուցելու համար բերվող դատողությունները՝ հիմք։ Օգտագործվող տրամաբանական միջոցները կազմում են Ա–ման եղանակը կամ ձևը։ Ա. լինում է ուղղակի, երբ թեզիսն անմիջականորեն բխեցվում է որոշ դատողություններից, և անուղղակի, որը լինում է երկու տեսակի՝ ապագոգիկ և բաժանարար։ Ապագոգիկ Ա–ման դեպքում հերքվում է թեզիսին հակասող դատողությունը (հակաթեզիսը), և դրանով (երրորդի բացառման օրենքի հիման վրա) հաստատվում է թեզիսի ճշտությունը։ Բաժանարար Ա–ման դեպքում թեզիսը դիտվում է իբրև բաժանարար դատողության մի անդամ, և նրա ճշտությունը հաստատվում է մյուս անդամների հերքման միջոցով։ Ձևական համակարգերում Ա. է կոչվում բանաձևերի որոշակի հաջորդականությունը, որտեղ յուրաքանչյուր անդամ կամ աքսիոմա է, կամ այնպիսի բանաձև, որը որոշակի կանոններով ստացվում է աքսիոմայից կամ նախորդ բանաձևից։ Ա. հաջորդականության վերջին անդամի ճշտության հաստատումն է։


ԱՊԱՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ (ապոլիդիզմ, ապատրիդիզմ), անձի իրավական վիճակ, երբ նա որևէ պետության քաղաքացի չէ։ Ա. առաջանում է, երբ անձը կորցնում է որևէ պետության քաղաքացիությունը և մի այլ պետության քաղաքացիություն ձեռք չի բերում։ Որոշ պետություններում Ա–յան վիճակում գտնվում են քաղաքացիության չունեցող անձանցից ծնված երեխաները, ինչպես նաև այն կանայք, որոնք ամուսնացել են օտարերկրացու հետ, որի պետությունը կնոջը ամուսնու քաղաքացիությունը չի շնորհում, իսկ կնոջ երկրի օրենսդրությունը կիրառում է «կինը հետևում է ամուսնու քաղաքացիությանը» սկզբունքը։ Ա–յան վիճակ կարող է ստեղծվել նաև ատերազմի հետևանքով տեղի ունեցած բռնագաղթի զոհերի, քաղաքական վտարանդիների համար։ Այդպես եղավ հայ գաղթականների հետ, որոնք առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տարագրվելով իրենց հայրենիքից և զրկվելով թուրքական քաղաքացիությունից՝ ձեռք չբերեցին որևէ պետության քաղաքացիություն։ Նրանց համար Ազգերի լիգան սահմանեց «Նանսենյան անձնագիր»։ Ա–յան վիճակում գտնվող անձինք կամ ապատրիդները ենթարկվում են այն պետության օրենքներին, որի տերիտորիայում ապրում են և դրա քաղաքացիների հետ համեմատած օգտվում են սահմանափակ իրավունակությամբ, զուրկ են ընտրական և մի շարք այլ իրավունքներից ու արտոնություններից, չեն օգտվում որևէ պետության դիվանագիտական պաշտպանությունից:

ՍՍՀՄ–ում՝ «Սովետական Սոցիալիստական Հանրապետությունների Միության քաղաքացիության մասին» 1938-ի օգոստ. 19-ի գործող օրենքի համաձայն, քաղաքացիություն չունեցող ճանաչվում են այն անձինք, որոնք բնակվում են ՍՍՀՄ տերիտորիայում, բայց ՍՍՀՄ քաղաքացի չեն և օտարերկրյա քաղաքացիության պատկանելու մասին ապացույցներ չունեն։ Նրանք օգտվում են սովետական քաղաքացիների իրավունքների հիմնական կոմպլեքսից՝ բացառությամբ ընտրական իրավունքի։ Նրանց նկատմամբ կիրառվում են որոշ սահմանափակումներ, որոնք բխում են պետության անվտանգության շահերից։

ՍՍՀՄ–ում նրանք սովետական քաղաքացիություն ստանալու հարցում գտնվում են առավել նպաստավոր պայմաններում, ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության 1954-ի դեկտ. 15-ի «ՍՍՀՄ տերիտորիայում երկար ժամանակ ապրած և իրենց քաղաքացիությունը չձևակերպած անձանց մասին» որոշումից հետո։ Այդ որոշմամբ արտասահմանում ծնված և տարբեր