Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/511

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ԱՊՈԼԼՈԴՈՐՈՍ (Άπολλόδωρος) Դամասկոսցի (ծն. և մահ. թթ. անհտ.), II դարի առաջին կեսի հռոմեական ճարտարապետ և ինժեներ։ Միասնական հատակագծով կառուցել է Տրայանոսի ֆորումի անսամբլը Հռոմում. հաղթակամարին հաջորդում էր սյունազարդ բակը, որը եզրափակվում էր Ուլպիա բազիլիկով, ապա ոչ մեծ հրապարակն էր՝ լատինական և հունական երկու գրադարանների շենքերով, որոնց միջև Տրայանոսի նշանավոր սյունը՝ կայսեր հաղթանակները պատկերող հարթաքանդակներով։ Ա–ին են վերագրվում Տրայանոսի հաղթակամարները, իտալական Անկոնա և Բենևենտա քաղաքներում։ Չեն պահպանվել՝ Դանուբ գետի կամուրջը Դրոբետա քաղաքի մոտ (104–105-ին, 1 կմ ավելի երկարությամբ), Տրայանոսի կրկեսն ու բաղնիքները Հռոմում, ինչպես նաև նրա տրակտատը Դանուբի կամուրջի մասին։


ԱՊՈԼԼՈՆԻՈՍ ԴԻՍԿՈԼՈՍ (Άολλονιος Διωχολος, ծն. և մահ. թթ. անհտ.), II դարի հույն քերական, հունարենի շարահյուսության հիմնադիր։ Հարել է ալեքսանդրյան քերականական դպրոցին։ Առանձնապես հայտնի է «Շարահյուսության մասին» աշխատությամբ։ Շարահյուսական հարցերը քննել է ըստ խոսքի մասերի, մեկ առ մեկ խոսել դրանց կապակցության և գործածության մասին։ Ա. Դ. առաջին անգամ գործածության մեջ է մտցրել «համաձայնություն» տերմինը՝ դրա տակ հասկանալով խոսքի մասերի կապակցության եղանակների ամբողջությունը։ Առանձնացրել է 8 խոսքի մաս, որոնք սահմանել է իմաստային–տրամաբանական հիմունքով։ Բառակապակցությունների մեջ կենտրոնական տեղ է հատկացրել անվանը և բային։ Ըստ Ա. Դ–ի՝ անունը և դերանունն իրարից տարբերվում են նրանով, որ առաջինն արտահայտում է առարկայի որակը, երկրորդը՝ էությունը։

Գրկ. Ջահուկյան Գ., Լեզվաբանության պատմություն, հ. 1, Ե., 1960, էշ 87–90։ Добиаш А., Синтаксис Аполлония Дискола, Киев, 1882․ Գ․ Ջահուկյան


ԱՊՈԼԼՈՆԻՈՍ ՀՌՈԴՈՍԱՑԻ (Άπολλώνιος όρόδιος) (մ. թ. ա. մոտ 295 – մոտ 215), հույն բանաստեղծ, քերական։ Ծնվել ե սովորել է Ալեքսանդրիայում, ղեկավարել տեղի գրադարանը։ Կյանքի մի մասն անցկացրել է Հռոդոսում։ Ա–ի «Արգոնավորդներ» պոեմը (4 գրքով), որի հիմքում Ոսկեգեղմի առասպելն է, հելլենիզմի դարաշրջանից մեզ ամբողջական հասած ամենախոշոր պոետական ստեղծագործությունն է։ Փորձել է վերակենդանացնել հերոսական էպոսը հելլենիզմի պայմաններում, հոգեբանորեն հիմնավորելով հերոսուհու՝ Մեդեայի սիրո և ոճրագործության պատմությունը։ Այդ իմաստով Ա. Հ. նորարար էր։ Նրա դրամատիկական ե քերականական գործերից պահպանվել են միայն պատառիկներ։

Գրկ. Առաքելյան Ա. Գ., հունական գրականության պատմություն, 3 լրց. և բարեփոխ. հրտ., Ե., 1968։


ԱՊՈԼԼՈՆԻՈՍ ՊԵՐԳԱՑԻ ( Άπολλώγιος ό Περγατος) (ծն. և մահ. թթ. անհտ.), մ. թ. ա. III դ. հույն մաթեմատիկոս, ալեքսանդրյան դպրոցի ներկայացուցիչ։ Հայտնի է «Կոնական հատույթներ» աշխատությամբ (8 գրքով)։ Կոնական հատույթներն ուսումնասիրել են նաև Ա. Պ–ու նախորդները, բայց նա առաջինն էր, որ ներմուծեց էլիպսը, հիպերբոլը և պարաբոլը, որպես շրջանային կոնի կամայական հարթ հատույթներից առաջացած կորեր, և մանրամասնորեն հետազոտեց դրանց հատկությունները։ Ա. Պ–ի աշխատությունը խոշոր ազդեցություն է ունեցել աստղագիտության, մեխանիկայի և օպտիկայի զարգացման վրա։

Երկ. Apollonii Pergaei quae graece exstant cum commentaris antiques, ed. J. L. Heiberg, v. 1-2, Lipsiae, 1891-93. Գրկ. Кольман Э., История математики в древности, М., 1961.


ԱՊՈԿԱԼԻՊՍԻՍ (άποχάλψις –հայտնություն), «Նոր կտակարանի» գրքերից մեկը, քրիստոնեության՝ մեզ հասած հնագույն գրական ստեղծագործությունը։ Տես Հայտնության Հովհաննու։


ԱՊՈԿՐԻՖՆԵՐ (<հուն.άρόχρνφος - գաղտնի, ծածուկ), տես Անվավեր գրքեր։


ԱՊՈՂՆԱԿ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Քղիի գավառում, Բաթ–գյոլ լեռան լանջին։ Ենթադրվում է, որ գյուղի անունը ծագել է 2 կմ հեռավորության վրա գտնվող Ապողոն բերդի անունից։ XX դ. սկզբին ուներ 75 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին հողագործությամբ, անասնապահությամբ, պտղաբուծությամբ, արհեստներով՝ կտավագործությամբ, ներկարարությամբ։ Ա–ի մոտակայքում էր Ապողնակի գեղատեսիլ բուժարար լիճը։ Գյուղն ուներ աղյուսակերտ եկեղեցի (Ս. Հակոբ) և վարժարան։ Ա–ի մոտ էր գտնվում Ա. Կիրակոս դպրեվանքը (հայտնի նաև Օսնակի Ա. Կիրակոս անունով)՝ կառուցված սրբատաշ քարերով։ Պատերին կային հայերեն արձանագրություններ։ Մեծ եղեռնի ժամանակ թուրք իշխանությունները Ա–ի բնակիչներին տեղահան արեցին և Աստղաբերդ, Սեղանք, Օսնակ և Ծերմաք գյուղերի բնակիչների հետ կոտորեցին Քուլքանա ձորում։ Աղետից փրկվածները տարագրվեցին օտար երկրներ։


ԱՊՈՄԻՔՍԻՍ (<հուն. άπο - առանց + μίξις - խառնում), բույսերի և կենդանիների անսեռ բազմացման եղանակ։ Ա–ի ժամանակ սաղմն առաջանում է ոչ թե զիգոտայից, այլ անմիջապես չբեղմնավորված ձվաբջջից (տես Կուսածնության), բարձրակարգ բույսերի մոտ՝ նախածիլի, սաղմնային պարկի (տես Ապոգամիա) և նույնիսկ սերմնաբողբոջի բջիջներից։ Ա. կուսածնության ձևով բնորոշ է որդերին, միջատներին, ձկներին, երկկենցաղներին, ավելի շատ՝ բույսերին (բարդածաղկավորներ, վարդազգիներ, հացազգիներ ևն)։ Ա. կարող է լինել ավտոնոմ, երբ և՛ սաղմը, և՛ էնդոսպերմը գոյանում են առանց բեղմնավորման, և մենտորային, երբ սաղմը ձևավորվում է չբեղմնավորված ձվաբջջից, սակայն նրա զարգացումը խթանվում է էնդոսպերմին սկիզբ տվող սաղմնային պարկի բեղմնավորությամբ։ Ա. կարելի է առաջացնել փորձնական ճանապարհով տարբեր գործոններով ազդելով։ Ա. երբեմն պատահականորեն ի հայտ է գալիս առանձին անհատների մոտ (ֆակուլտատիվ .Ա.) կամ հանդիսանում է բազմացման հիմնական և նույնիսկ միակ եղանակը (օբլիգատԱ.)։ Ա. լայնորեն օգտագործվում է ցիտրուսայինների, թզենու, կերային հացաբույսերի սելեկցիայում, ինչպես նաև խնձորենու միասեռ, դիմացկուն պատվաստակալ ստանալու համար։

Գրկ. Хохлов С. С., Апомиксис: классификация и распространение у покрыто-семенных растений в кн., Успехи современной генетики в 1, М., 1967. Ս. Մովսիսյան


ԱՊՈՄՈՐՖԻՆ, փսխման կենտրոնն ընտրողաբար դրդող դեղանյութ։ Ստացվում է մորֆինից։ Օգտագործվում է ստամոքսաղիքային թունավորումների և քրոնիկական ալկոհոլամոլության դեպքերում։ Հակացուցված է սրտային հիվանդությունների, աթերոսկլերոզի, թոքային տուբերկուլոզի, բաց այրվածքների, կենտրոնական նյարդային համակարգության օրգանների ախտահարումների ժամանակ։


ԱՊՈՍՏԵՐԻՈՐԻ (<լատ. a. posteriori - բառացի՝ հետևյալից), փորձին հաջորդող, փորձից բխող, փորձով պայմանավորված գիտելիք, հասկացություն։ Ա–ին հակադիր է ապրիորին։


ԱՊՈՐԻԱ (<հուն. άπορία – դժվարություն, տարակուսանք, < (α – ժխտ. մասնիկ + πορος - ելք), տերմին հին հունական փիլիսոփայության մեջ, որ նշանակում է տրամաբանորեն դժվար լուծելի կամ անլուծելի պրոբլեմ։ Առավել հայտնի են Զենոն Էլեացու Ա–ները, որոնցով նա փորձում է հիմնավորել շարժման անհնարինությունը։ Օր. ըստ «Դիխոտոմիա» (երկատում) Ա–ի, որևէ տարածություն անցնելու համար պետք է անցնել նրա կեսը, որն անցնելու համար պետք է անցնել այդ կեսի կեսը և այդպես անվերջ, ուրեմն՝ այդ տարածությունը չի կարելի անցնել, անցումը, շարժումը չի կարող սկսվել (ըստ մի այլ տարբերակի, անցումը չի կարող ավարտվել)։ Ա–ներն, ընդհանուր առմամբ, արտահայտում են շարժման դիալեկտիկական հակասականությունը։ Բայց դրանց մեջ դրսևորվող տրամաբանական հակասության լուծման բավարար եղանակ չի գտնված։ Իր իմաստով Ա. մոտ է անտինոմիային։


ԱՊՈՖԵՐՄԵՆՏ, ֆերմենտների սպիտակուցային մաս։ Ա–ով է պայմանավորված ֆերմենտների առանձնահատկությունը, զգայունությունը ջերմաստիճանի և միջավայրի այլ փոփոխությունների նկատմամբ։ Ա–ները մեծ մասամբ գլոբուլային սպիտակուցներ են։


«ԱՊՏԱԿ», երգիծական–քաղաքական ամսագիր, հնչակյան կուսակցության օրգան։ Լույս է տեսել 1894–97-ին, Աթենքում, ապա՝ Լոնդոնում։ Շոշափել է արևմտահայերի քաղաքական ազատագրության խնդիրները։ «Ա.» մերկացրել է թուրք, կառավարության հայաջինջ քաղաքականությունը, քննադատել ազատագրական շարժումներին անտարբեր հայ հարուստներին ու կղերին։ Տպագրել է երգիծական բանաստեղծություններ, հեգնական ակնարկներ, ծաղրանկարներ։


ԱՊՐԱԿՈՒՆԻՍ, Ապրակունիք, գյուղ Սյունիքի Երնջակ գավառում, Երնջակ