Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/519

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


մեծ մասը փրկվեց կոտորածներից և բնակություն հաստատեց Սովետական Հայաստանում։

ԱՋԱՆՏԱ, բնակավայր Արևմտյան Հընդկասաանում, Մահարաշտրա նահանգում։ Հայտնի է բուդդայական ժայռափոր 5 տաճարների և 24 մենաստանների կոմպլեքսով (մ. թ. ա. II դ. - մ. թ. VII դ.)։ Այդ 29 վիմափոր դահլիճներն աչքի են ընկնում ճարտարապետական հարուստ ձևերի, քանդակների և որմնանկարների (կատարված չոր սվաղի վրա, հանքային ներկերով) բարձրարվեստ համադրումով, պատկերում են ինչպես բուսական ու կենդանական աշխարհի մոտիվներ, այնպես էլ բուդդայական առասպելներից տեսարաններ։ Ա. հայտնաբերվել է 1829-ին։ 1937-ին նկարիչ Ս. Խաչատուրյանը Ա–ի որմնանկարները փչացումից փրկելու համար ձեռնամուխ եղավ դրանց պատճենահանմանը։ Սասնագետների բարձր գնահատանքին արժանացած այդ աշխատանքների մի մասը նկարչի այրին՝ նկարչուհի Վ. Խաչատուրյանը, տասնյակ տարիներ պահպանելուց հետո, 1971-ին ցուցադրեց Հայաստանի նկարչի տան սրահներում և ապա նվիրեց Հայաստանի պետական պատկերասրահին։


ԱՋԱՆՑ, գյուղ Արևմտյան Հայաստանում, էրզրումի վիլայեթի Սպեր (Իսպիր) գավառում։ XX դ. սկզբին ուներ 30 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Գյուղն ուներ եկեղեցի (Ս. Աստվածածին) և վարժարան։ Ա–ի հայ բնակիչները տեղահանվել են առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Նրանց մի մասը զոհվել է, փրկվածները գաղթել են օտար երկրներ։


ԱՋԱՊԱՀՅԱՆՆԵՐ, Աջապանյաններ, հայ գերդաստան Կիլիկիայում։ Հիշատակվում են XIII դարից։ Հայտնի էին որպես ժառանգական պահապաններ Գրիգոր Լուսավորչի աջի, որը համարվում էր կաթողիկոսական աստիճանի խորհրդանիշը և որի զորությամբ էին տրվում օրհնություններն ու կատարվում օծումները։ Այստեղից էլ՝ նրանց անվանումը։ Ա. ունեցել են ճյուղավորումներ։ Առավել նշանավոր էր Սսի ճյուղը, որի ներկայացուցիչները XVIII–XIX դդ. ժառանգաբար նստել են Կիլիկիայի կաթողիկոսության գահին, հետևյալ հաջորդականությամբ.

Ղուկաս (1731–37), Միքայել Ա (1737–58), Գաբրիել (1758-70), Եփրեմ Ա (1771-84), Եղիազար (1772) (անվավեր), Թեոդորոս Գ (1784-96), Կիրակոս Ա Մեծ (1797– 1822) , Եֆրեմ Բ (1823–33), Միքայել Բ( 1833–55), Կիրակոս Բ (1855 – 66)։ Թուրք, իշխանությունների գործադրած բռնությունների հետևանքով Ա. XIX դ. վերջին դուրս մղվեցին ասպարեզից։ Այժմ Ա–ի շառավիղներն ապրում են Սովետական Հայաստանում և սփյուռքում (ԱՄՆ, Արգենտինա, Լիբանան)։

Գրկ. Ալիշան Ղ., Սիսուան, Վնտ., 1885, էշ 219–21։ Կյուլեսերյան Բ., Պատմություն կաթողիկոսաց Կիլիկիո, Անթիլիաս, 1939, էջ 1329–42։ Հ. Անասյան


ԱՋԱՍՐՏՈՒԹՅՈՒՆ, դեքստրոկարդիա (<լատ. dextro - աջ և հուն.χαρδία - սիրտ), սրտի տեղադրության անոմալիա, երբ սրտի գագաթը և մեծ մասը գտնվում են կրծքավանդակի աջ կողմում։ Ա. կարող է լինել բնածին (ներքին օրգանների հակառակ դասավորությունից) և ձեռքբերովի, որը հետևանք է սրտի աջ տեղաշարժի։ վերջինս առաջանում է ձախ թոքամզի խոռոչում գազերի կուտակումից, աջ թոքի թորշոմումից, ինչպես նաև կրծքավանդակի զգալի ձևախախտումներից։ Բնածին Ա. անհանգստություն չի պատճառում, իսկ ձեռքբերովին ուղեկցվում է սրտի գործունեության խանգարումներով։

Աջանտայի որմնանկար1.jpg
Աջանտայի որմնանկարներից (V-VIIդդ.) : Պատճենահանումը Ս. Խաչատուրյանի: Հայաստանի պետական պատկերասրահի բաժանմունք: Էջմիածին:
Աջանտա։ ժայռակոփ տաճարի մուտքը Բուդդայի կրկնվող արձաններով։


ԱՋԱՐԱ–ԹՐԻԱԼԵԹՅԱՆ ԾԱԼՔԱՎՈՐ ԶՈՆԱ, Փոքր Կովկասի խոշորագույն տեկտոնական տարրն է։ Զուգահեռականի ուղղությամբ ձգվում է Սև ծովի հվ–արլ. ափից մինչև Իորա գետի միջին հոսանքը։ Կազմված է նստվածքների (վերին կավճից մինչև վերին օլիգոցենը ներառյալ) հզոր, անընդհատ սերիայից, որոնք առաջացել են Աջարա–Թրիալեթյան եզրային ճկվածքում, կտրվածքը՝ ներքևից վերև լիթոգրաֆիական կրաքարերից, ֆլիշային կավա–մերգելային հզոր սերիայից, էոցենի հրաբխանստվածքային գերհզոր սերիայից և օլիգոցենի, նույնքան հզոր, հիմնականում՝ հրաբխածին հաստվածքից։ Կառուցվածքային տեսակետից զոնան կազմավորվել է վերին էոցենի և ստորին միոցենի լեռնակազմական փուլերի հետևանքով։


ԱՋԱՐԱ–ԻՄԵՐԵԹՅԱՆ ԼԵՌՆԱՇՂԹԱ, տես Մեսխեթի լեռնաշղթա։


ԱՋԱՐԱԿԱՆ ԻՆՔՆԱՎԱՐ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ (ինքնանվանումը՝ Աջարիս Ավտոնոմիուրի Սաբճոթա Սոցիալիստուրի Ռեսպուբլիկա), Աջարիա, Վրացական ՍՍՀ կազմում։ Կազմվել է 1921-ի հուլիսի 16-ին։ Տարածությունը 3 հզ. կմ2 է, բնակչությունը՝ 322 հզ. (1972)։ Բաժանվում է 5 վարչական շրջանի։ Ունի 2 քաղաք և 6 քտա։ Մայրաքաղաքը՝ Բաթում։

Պետական կարգը: Բանվորների և գյուղացիների սոցիալիստական պետություն է։ Գործող սահմանադրությունն ընդունվել է 1937-ի հոկտ. 25-ին։ Պետ. իշխանության բարձրագույն մարմիններն են՝ Գերագույն սովետը (ընտրվում է 4 տարին մեկ) և նրա նախագահությունը։ Գերագույն սովետը կազմում է կառավարություն՝ Մինիստրների սովետ։ Պետ. իշխանության տեղական մարմինները՝ աշխատավորների դեպուտատների քաղաքային, շրջանային, գյուղական սովետներն ընտրում է բնակչությունը 2 տարի ժամանակով։ ԱԻՍՍՀ Գերագույն սովետը 5 տարով ընտրում է գերագույն դատարան։

Բնությունը։ Աջարական ԻՍՍՀ գտնըվում է Անդրկովկասի հվ–արմ–ում, Սև ծովի ափին։ Տերիտորիայի մեծ մասով ձգվում են Փոքր Կովկասի լեռներն ու նախալեռները։ Հվ–արմ–ից հս–արլ. ձգվում են Մեսխեթի (Սաղորնիա լ., 2755 մ), հվ–ում՝ Շավշեթի (Խեվա լ., 2812 մ), հվ–արլ–ում՝ Արսիանի (Գոդերձի լեռնանցքը, 2025 Ա) լշ–ները։ Ծովափնյա նեղ շերտը Կոլխիդայի դաշտավայրի շարունակությունն է։ Օգտակար հանածոներից Ա–ում հայտնի են պղնձի, բազմամետաղների (Մերիսի) և հրակայուն կավերի (Ցեցխլաուրի) հանքավայրերը։ Կլիման ծովափնյա մասում և նախալեռներում խոնավ մերձարևադարձային է, լեռներում՝ խոնավ, չափավոր տաքից մինչև ցուրտ։ Հունվարի միջին ջերմաստիճանը ծովափնյա մասում 4°C–ից 6°C է, լեռներում՝ 2°C–ից մինչև -2°C, հուլիսինը՝ 20°C, 23°C (լեռներում՝ 20°C, 16°C)։ Տարեկան տեղումները ծովափնյա մասում 2400–2800 մմ է, լեռներում՝ 1400–1800 մմ։ Անսառնամանիք օրերի թիվը մերձծովյան գոտում՝ 300–350։ Սառնամանիքները հազվադեպ են և չեն գերազանցում -4°C, -6°C–ից։ Գետերը պատկանում են Սև ծովի ավազանին։ Ամենամեծ