Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/54

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

54 ԱԳՐԱՐԱՅԻՆ

հակված են հոգեկան խանգարում ունեցողները, հիստերիայով տառապողները։ Ա. պետք է տարբերել սիմուլյացիայից։

ԱԳՐԱՐԱՅԻՆ ԳԵՐԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆ, տես Հարաբերական գերբնակչություն։


ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՐՑ, լայն առումով՝ գյուղատնտեսության մեջ կապիտալիզմի զարգացման օրենքների ու դրանցից բխող դասակարգային հարաբերությունների և դասակարգային պայքարի հարցն է, նեղ առումով՝ նախակապիտալիստական (ֆեոդալական, իսկ առանձին հետամնաց երկրներում՝ նախաֆեոդալական) արտադրական հարաբերությունների վերացման ուղիների և մեթոդների հարցը։ Այդ իմաստով Ա. հ֊ի լուծումը դառնում է բուրժուա֊դեմոկրատական հեղափոխությունների հիմնական խնդիրներից մեկը և կապված է ողջ կալվածատիրական հողային սեփականության բռնագրավման հետ։

Ա. հ֊ի առանցքը հողի խնդիրն է, որ ծագել է աշխատանքի հասարակական բաժանման, ապրանքաշրջանառության և դասակարգերի առաջացման հետ։ Ստրկատիրական հասարակարգում լավագույն հողերը կենտրոնացված էին ստրկատերերի ձեռքին։ Ֆեոդալիզմի ժամանակ հողը դարձավ կալվածատերերի սեփականությունը։ Ռուսաստանում և այլուր գյուղացին ամրացված էր հողին որպես ճորտ։

Հայտնի է գյուղատնտեսության մեջ կապիտալիզմի զարգացման երկու ուղի, պրուսական (Գերմանիա, ցարական Ռուսաստան) և ամերիկյան։ Պրուսական ուղու դեպքում «… կալվածատիրական ճորտատիրական տնտեսությունը դանդաղորեն վերաճում է բուրժուականի, յունկերականի, գյուղացիներին դատապարտելով տասնյակ տարիների ամենատանջալից էքսպրոպրիացիայի և ստրկացման, իր միջից ստեղծելով «գրոսբաուերների» («խոշոր գյուղացիների») սակավաթիվ մի փոքրամասնություն» (Լենին Վ․ Ի., Երկ. հ. 13, էջ 299)։ Ամերիկյան ուղու դեպքում կալվածատիրական տնտեսությունը բացառվում է կամ խորտակվում հեղափոխության ընթացքում, իսկ ֆեոդալական կալվածները բռնագրավվում և մասնատվում են։ «Այս դեպքում գերիշխում է գյուղացին, դառնալով հողատիրության բացառիկ գործակալ և էվոլյուցիա է կատարում՝ դառնալով կապիտալիստական ֆերմեր» (նույն տեղում)։

Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրներում XVII–XIX դդ. բուրժուական հեղափոխությունների ժամանակ բուրժուազիան ձեռնամուխ եղավ Ա. հ֊ի լուծմանը։ Այդ հեղափոխությունները մի քանի երկրներում (Անգլիա, Ֆրանսիա) լուրջ հարված հասցրին ֆեոդալական հարաբերություններին և ճանապարհ հարթեցին գյուղատնտեսության կապիտալիստական զարգացման համար։ Սակայն բուրժուական հեղափոխությունները ոչ ամենուրեք վերացրին ֆեոդալիզմի մնացուկները և հարկ եղավ դրանցով զբաղվել բուն կապիտալիստական հասարակարգի զարգացման ընթացքում։ Օրինակ, Ճապոնիայում և Իտալիայում Ա. հ֊ի լուծման ուղղությամբ կարևորագույն միջոցառումները ձեռնարկվել են միայն երկրորդ համաշխարհային պատերազմից հետո (տես Ագրարային ռեֆորմներ

Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներում իշխող դասակարգերը փորձել են Ա. հ. լուծել «վերևից»՝ պահպանելով հողատեր ազնվականության տնտեսական և քաղաքական արտոնությունները։ Բուրժուազիան իր դասակարգային սահմանափակության պատճառով չէր կարող հետևողական դեմոկրատական մոտեցում ունենալ Ա. հ֊ին և լուծել այն։ Դա ապացուցվել է պատմական փորձով։ Անգլիայում XV–XVII դդ. բուրժուականացող ազնվականությունը ճորտային կախվածությունից ազատագրված գյուղացիությանը բռնի ուժով քշեց հողերից, ցանկապատեց դրանք և սկսեց ոչխարներ պահել բրդի արտադրության համար։ Սեփականազրկված գյուղացիության զգալի մասը դարձավ պրոլետար։ Աստիճանաբար ձևավորվեցին կապիտալիստական ֆերմերային տնտեսությունները։ Ֆեոդալական ագրարային հարաբերությունները վերափոխվեցին բուրժուական ագրարային հարաբերությունների։ Բայց դրա հետ մեկտեղ պահպանվեցին նաև հողատիրության կիսաֆեոդալական ձևերը։

Կապիտալիստական երկրներում Ա. հ֊ի բովանդակությունը փոփոխվել է կապիտալիզմի զարգացման համեմատ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գյուղատնտեսության մեջ, մասնավորապես ԱՄՆ֊ում, ԳՖՀ֊ում, Կանադայում կատարվել է տեխնիկական հեղաշրջում։ Գյուղատնտեսական մեքենաների լայն ներդրման, արտադրական պրոցեսների մեքենայացման, արհեստական պարարտացման և վնասատուների դեմ քիմիական միջոցների օգտագործման շնորհիվ զգալիորեն բարձրացել է աշխատանքի արտադրողականությունը։ Այսպես, ամերիկյան տվյալներով՝ գյուղատնտեսության մեջ զբաղված ամեն մի աշխատող 1950-ին կերակրել է 15, իսկ 1964-ին՝ 33 մարդու։ Ավելացել է տնտեսությունը եկամտաբեր դարձնելու համար անհրաժեշտ կապիտալի չափը։ Մանր տնտեսատերերը, չկարողանալով նորագույն մեքենաներ ձեռք բերել, հարկադրված են եղել վերացնել իրենց տնտեսությունը և գնալ քաղաք։ Ամենուր կրճատվել է գյուղական բնակչության թիվը։ Զարգացած կապիտալիստական երկրներում գյուղական ինքնագործ բնակչությունը 30-ական թթ. վերջերից մինչև 60-ական թթ. կրճատվել է ավելի քան 40%–ով։ 1960–69-ին զբաղվածների և բոլոր վարձու բանվորների թիվը համապատասխանաբար կրճատվել է ԱՄՆ֊ում՝ 33,38, ԳՖՀ֊ում՝ 26,29, Ֆրանսիայում՝ 26,35, Անգլիայում՝ 29,40, Կանադայում՝ 20,28, Իտալիայում՝ 39,35 %-ով։ ԳՖՀ֊ում, Կանադայում և ԱՄՆ֊ում գյուղական ինքնագործ բնակչության թիվը 1969-ին կազմել է համապատասխանաբար՝ 11%, 11% և 6%։ Տեղի է ունեցել գյուղատնտեսության մեջ աշխատող մարդկանց բացարձակ թվի կրճատում, մինչդեռ գյուղատնտ. արտադրանքի ծավալի աճը 1960–70-ին կազմել է 29%։

Իմպերիալիզմի դարաշրջանում գյուղատնտեսությունը անցնում է պետական մոնոպոլիստական կապիտալիզմի ձեռքը, և դա զուգակցվում է ֆերմերական տնտեսությունների կրճատմամբ, մանր հողատերերի զանգվածային հողազրկմամբ։ Զարգացած կապիտալիստական երկրներում աշխատավոր գյուղացիությանը և ֆերմերներին պրոլետարիատի հետ դաշնակցելու է մղում աստիճանաբար ուժեղացող այն գիտակցությունը, որ Ա. հ֊ի լիակատար լուծումը հնարավոր է սոսկ սոցիալիստական հեղափոխության շնորհիվ։

Ա. հ. առաջնահերթ տնտեսական և քաղաքական խնդիր է զարգացող երկրների համար (տես Ագրարային ռեֆորմներ

Ա. հ. Ռուսաստանում։ Նախահեղափոխական Ռուսաստանում Ա. հ. հասարակական֊տնտեսական կյանքի հիմնական հարցերից էր։ Նրա առանձնահատկությունն այն էր, որ գյուղում կապիտալիստական հարաբերությունները միահյուսվում էին ճորտատիրական հարաբերությունների հետ։ 1861-ի գյուղացիական ռեֆորմը վերևից իրագործված միջոցառում էր, որի նպատակն էր վերացնել ճորտատիրությունը՝ պահպանելով հողատեր կալվածատերերի արտոնությունները։ Այն որոշ չափով արագացրեց կապիտալիզմի զարգացումը, սակայն ռեֆորմից հետո էլ հողի մեծ մասը մնաց կալվածատերերի և կալվածատիրական պետության ձեռքին։ «1905 թվականի հողատիրության վիճակագրության» համաձայն, Ռուսաստանի եվրոպական մասում հաշվառված հողերը կազմում էին 395,2 մլն. դեսյատին (1 դեսյատինը 1,09 հա), որից մասնատիրական հողեր՝ 101,7 մլն., բաժնետիրական՝ 138,8 մլն., պետական, եկեղեցապատկան և հիմնարկների՝ 154,7 մլն. դեսյատին։ Մասնատիրական հողատիրության մեջ տիրապետում էին խոշոր սեփականատերերը։ 500 և ավելի դեսյատին հող ունեցող 28 հազար առավել խոշոր սեփականատերեր տիրում էին ամբողջ հողերի 61%-ին։ Միայն եվրոպական Ռուսաստանում 7,8 մլն. դեսյատին հող պատկանում էր ցարական ընտանիքին։ «Տաս միլիոն գյուղացիական ծխերն ունեն 73 միլիոն դեսյատին հող,– գրում է Վ. Ի. Լենինը։– Քսանութ հազար ազնվազարմ ու կռո լենդլորդերը՝ 62 միլիոն դեսյատին։ Այս է այն դաշտի հիմնական ֆոնը, որտեղ ծավալվում է գյուղացիության պայքարը հողի համար» (Երկ., հ. 13, էջ 280)։

Այս իրողությունն արտակարգ սրել էր Ա. հ. ցարական Ռուսաստանում և դարձրել այն բուրժուական հեղափոխության հիմքն ու նրա ազգային առանձնահատկությունը։ Գյուղատնտեսության մեջ կապիտալիզմի զարգացումը պահանջում էր անցնել վարձու աշխատանքին։ Ռուսաստանում տիրող դասակարգերը ձգտում էին կամ նոր նվաճումներով ընդարձակել արտաքին շուկան, կամ ռեֆորմներով ընդլայնել ներքին շուկան։ Բայց քանի որ ռեֆորմի համար հարկավոր էր վերացնել գյուղում տիրող հնամենի հարաբերությունները, ուստի իշխող դասակարգերը գերադասում էին առաջին ուղին։ Իսկ արտաքին նվաճումների անհաջողությունը և աշխատավորական զանգվածների հեղափոխական ելույթները հարկադրական անհրաժեշտությամբ մղում էին դեպի ռեֆորմ։