Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/55

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԱԳՐԱՐԱՅԻՆ 55

Ա. հ. պրուսական ուղիով լուծելու ակներև փորձ էր ստոլիպինյան ագրարային քաղաքականությունը (տես Ստոլիպինյան ռեֆորմ

Ա. հ. առանձնահատուկ տեղ էր գրավում Ռուսաստանի քաղաքական բոլոր կուսակցությունների ծրագրերում։ Բուրժուական աջ կուսակցությունները (օկտյաբրիստները, կադետները) առաջարկում էին գյուղացիներին փրկագնով լրացուցիչ հող տրամադրել՝ պահպանելով կալվածատիրական հողատիրությունը։ Մանրբուրժուական կուսակցությունների՝ էսեռների, տրուդովիկների և մյուսների ագրարային ծրագրերն այս կամ այն չափով արտացոլում էին կալվածատիրական հողատիրության դեմ գյուղացիության պայքարը։ Մենշևիկները պաշտպանում էին հողի «մունիցիպալիզացիայի» ծրագիրը՝ կալվածատիրական հողի անցումը ինքնավարության տեղական մարմիններին (մունիցիպալիտետներին)։ Միայն բոլշևիկների ագրարային ծրագիրն էր նախատեսում Ա. հ֊ի հետևողական հեղափոխական լուծում։ Սովետների Համառուսաստանյան II համագումարում՝ 1917-ի հոկտ. 26-ին (նոյեմբ. 8-ին), Հողի մասին դեկրետով և 1918-ի փետր. 9-ի Հողի սոցիալիզացիայի մասին օրենքով բոլոր հողերն անցան պետությանը և դարձան համաժողովրդական պետական սեփականություն։ Գյուղացիությունն ստացավ ավելի քան 150 մլն. դեսյատին հող, լիովին ազատվեց վարձավճարից, նոր հողեր գնելու ծախսերից, գնված հողերի համար վճարվող պարտքերից (տարեկան 700 մլն. ռուբլի ոսկով)։ Հոկտեմբերյան հեղափոխությունը բուրժուադեմոկրատական հեղափոխության խնդիրներն ավարտելու հետ մեկտեղ սկզբնավորեց սոցիալիստական վերափոխումները գյուղատնտեսության մեջ։ 1917–18-ին սկսվեց կոլեկտիվ տնտեսությունների հիմնադրումը, բայց սովետական իշխանության առաջին տասնամյակում դրանք ընդգրկում էին գյուղացիության չնչին մասը։ Երկրի սոցիալիստական ինդուստրացումը, Վ. Ի. Լենինի Կոոպերատիվ պլանի իրագործումը պայմաններ ստեղծեցին համատարած կոլեկտիվացման համար։ Կոլտնտեսային կարգի հաղթանակով ՍՍՀՄ-ում վերջնականապես լուծվեց Ա. հ.։

Ա. հ. Անդրկովկասում և Հայաստանում։ Ռուսական տիրապետությունից առաջ (XVIII դ. վերջին և XIX դ. սկզբին) Անդրկովկասի առանձին մասերում ստեղծվել էին հողօգտագործման զանազան ձևեր։ Արևելյան Հայաստանում հողային սեփականության հիմնական ձևերն էին՝ պետական, պետական֊մյուլքադարական և մյուլքադարական (տես Մյուլք), թիուլային (տես Թիուլ), եկեղեցիներին ու մզկիթներին պատկանող կամ վակուֆային (տես Վակուֆ) հողերը։ Հողատիրության այս ձևերը որոշ փոփոխությաններով պահպանվեցին մինչև XX դ. սկիզբը։ Պետական, մյուլքադարական, թիուլային և վանքապատկան հողերն օգտագործում էին գյուղական և քոչվորական համայնքները, իսկ պետական հողերը՝ գյուղացիները, որի համար պետական գանձարանին վճարում էին բերքի մի մասը և կատարում զանազան պարտույթներ։ Անդրկովկասը Ռուսաստանին միացնելուց հետո պահպանվեցին մյուլքադարների և թիուլային հողատերերի սեփականատիրական իրավունքները, իսկ այն հողերը, որոնք մինչ այդ պատկանում էին պարսկ. պետությանը, անցան ռուս․ պետությանը։ 1846-ի դեկտ. 6-ի հրովարտակով հաստատվեց խաների, բեկերի և հայ մելիքների ժառանգական իրավունքը «այն բոլոր հողերի նկատմամբ, որոնց տիրել են նրանց նախնիները»։ Աղալարներին նվիրվեցին նախկինում նրանց օգտագործման ներքո եղած, բայց 1841-ին պետականացված հողերը։ Դեռևս 1836-ին Նիկոլայ I հաստատել էր «Հայ֊լուսավորչական եկեղեցիների կառավարման կանոնադրությունը», որով հայ եկեղեցու հողի սեփականության իրավունքը ճանաչվել էր օրենսդրական կարգով։

Հայաստանում և Ադրբեջանում ճորտատիրություն չկար, և մասնատիրական հողերի տեսակարար կշիռը մեծ չէր։ Արևելյան Հայաստանին հատուկ էր մանր կալվածքային հողատիրությունը։ Այստեղ գյուղացիական բնակչությունը բաժանվում էր երկու հիմնական խմբի՝ պետական հողերում բնակվող գյուղացիների և տիրունի կամ մասնատիրական հողերում բնակվող գյուղացիների կամ շինականների։ Գյուղացիական ռեֆորմի նախօրյակին Երևանի նահանգի բնակչության 70%-ը պետական գյուղացիներ էին, իսկ 30%-ը՝ շինականներ. 1894-ին պետական գյուղացիությունը կազմում էր՝ Բաքվի նահանգում 74,6%, Երևանի նահանգում՝ 63,8%։

Այլ պատկեր էր Վրաստանում, որտեղ իշխում էին ճորտատիրական կարգերը։ Ցարական կառավարությունը հենց սկզբից ճանաչեց վրաց ազնվականության իրավունքները և հավասարեցրեց ռուս ազնվականների իրավունքներին։ Ի տարբերություն Հայաստանի և Ադրբեջանի, Վրաստանում անհամեմատ փոքր թիվ էին կազմում պետական գյուղացիները (1894-ին Թիֆլիսի նահանգում՝ 44,4%, Քութայիսի նահանգում՝ 19,4%)։ Անդրկովկասի կալվածատերերի իրավունքները ի հաշիվ գյուղացիության հատկապես ընդլայնվեցին Մ. Վորոնցովի փոխարքայության օրոք։ Պետական գյուղացիները, ձևականորեն ազատ լինելով, այնուամենայնիվ հարկադրված էին կրել պետական պարհակների, հարկերի ու տուրքերի ծանր բեռը, տառապում էին հողի և ջրի սակավությունից։ Նրանց վիճակն ավելի վատթարացավ 1840-ական թթ. սկսած, երբ ցարական կառավարությունը զանգվածաբար խլում էր նրանց հողերը և տալիս Ռուսաստանից Անդրկովկաս աքսորված ռուս աղանդավորներին։

1861-ի ագրարային ռեֆորմն իր արտահայտությունը գտավ նաև Անդրկովկասում։ 1864-ին ճորտությունից ազատագրվեցին Թիֆլիսի, 1865-ին՝ Քութայիսի նահանգների գյուղացիները։ 1870-ի, 1877-ի և 1883-ի օրենքներով արևելյան և հարավային Անդրկովկասի գյուղացիության ճորտային հարաբերությունները փոխարինվեցին այսպես կոչված ժամանակավոր կախյալ հարաբերություններով, որոնք, սակայն, պահպանվեցին մինչև 1912-ի դեկտ. 20-ը, երբ գյուղացիներին պարտադրվեց փրկագնման օրենքը, իսկ ժամանակավոր կախյալ հարաբերությունները փոխարինվեցին ժամանակավոր֊պարտավորյալ հարաբերություններով։

1912-ի դեկտ. 20-ի օրենքով Անդրկովկասի տիրունի հողերում բնակվող գյուղացիության ու շինականների հաշվին կառավարության օժանդակությամբ պետք է բաժնեհողերի պարտադիր փրկագնում կատարվեր։ Այդ նույն օրենքով 1913-ի հունվ. 1-ից վերացվում էին թիալային պարտույթների վճարումները։ Այդ օրենքը 1906-ի նոյեմբ. 9-ի ստոլիպինյան ռեֆորմի վատթարագույն տարբերակն էր, որի նպատակն էր ցարիզմի և բուրժուականացած ազնվականության համար ստեղծել վստահելի նեցուկ գյուղում՝ հանձին ունևոր գյուղացիության։ Առաջին համաշխարհային իմպերիալիստական պատերազմը խանգարեց Հայաստանում այդ օրենքի իրականացմանը։ Մինչև 1917-ի փետրվարը Երևանի նահանգում փրկագնվել էր մասնատիրական հողերի միայն 4–5%-ը։

Փետրվարյան հեղափոխության հետևանքով Անդրկովկասում ուժեղացան գյուղացիական շարժումները։ 1917-ի մարտի 28-ին Անդրկովկասյան հատուկ կոմիտեն ստեղծեց Հողային գործերի երկրային ժամանակավոր հանձնաժողով՝ նրա վրա դնելով «Ճորտատիրական իրավունքը վերացնելու» նախապատրաստման միջոցառումների մշակումը։ Ապրիլի 23-ի օրենքով Անդրկովկասյան հատուկ կոմիտեն արգելեց ագրարային ելույթները և կալվածատիրական հողերի բռնագրավումները, հողային հարցի լուծումը հետաձգվեց «մինչև Սահմանադիր ժողովի գումարումը»։ Նույն դիրքը գրավեց նաև Անդրկովկասի գյուղացիական համագումարը, որ բացվեց Թիֆլիսում, 1917-ի հունիսի 19-ին։ Համագումարում մեծամասնության՝ մենշևիկների ու մուսավաթականների ձայներով ընդունվեց «հողի մունիցիպալիզացիայի» մենշևիկյան ծրագիրը։ Ա. հ֊ի լուծումը ձգձգելու քաղաքականությունն ուժեղացրեց գյուղացիության դժգոհությունները, ծավալվեցին գյուղացիական ելույթները, որոնք ընդգրկեցին նաև Հայաստանի գավառները։ Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակից հետո Անդրկովկասյան կոմիսարիատը և Անդրկովկասյան սեյմը շարունակեցին Ա. հ֊ում խուսանավելու քաղաքականությունը։ 1917-ի դեկտ. 16-ին ընդունվեց արքունական, ուդելային, եկեղեցական, վանքապատկան, իրավական անձերի և խոշոր մասնատիրական հողերը հողային կոմիտեներին հանձնելու մասին կանոնադրությունը։ Ս. Շահումյանը գրել է. «Այդ օրենքով կալվածատիրական հողատիրություն այս կամ այն պատրվակով այնուամենայնիվ պահպանվում է, իսկ մնացյալ հողերը հանձնվում են ոչ թե գյուղացիական կոմիտեներին, այլ ինչ֊որ վերևից նշանակված՝ հողային կոմիտեների տնօրինությանը։ Դուրս է գալիս, որ հողային, այսինքն գյուղացիական հարցի լուծումը կատարում են …ճորտատերերն ու ստրկատերերը» (Շահումյան Ս., Երկ., հ. 3, 1958, էջ 74)։ 1918-ի մարտի 7-ին, ի լրումն «Կանոնադրության», Անդրկովկասյան