Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/553

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


է նրա և Տերոն գրչի ձեռքով 1671–72-ին Նոր Ջուղայում ընդօրինակված մի ձեռագիր, որն այժմ գտնվում է Թեհրանում։Ըստ երևույթին, Ա. իր տաղերը երգում էր ծանոթ երգերի եղանակներով, ինչպես նշում է վերնագրերում։

Գրկ. Ակինյան Ն., Ասապով, ԺԷ դարու (1670) տաղասաց մը, «ՀԱ», 1931, № 8–9։

ԱՍԱՏՐՅԱՆ Ասատուր Ավետիսի (1903–1964), հայ սովետական գրականագետ։ ՍՄԿԿ անդամ 1930-ից։ Ծնվել է սեպտեմբերի 3 (15)–ին, Վանի վիլայեթի Բերդակ գյուղում։ 1915-ին գաղթել է Արևելյան Հայաստան։ Ավարտել է Երևանի մանկավարժ. ինստ–ը (1933)։ Գրել է «Ավետիք Իսահակյանի կյանքը և ստեղծագործությունը» (1940), «Ղազարոս Աղայան. կյանքն ու գործունեությունը» (1940) և այլ աշխատություններ։ Անդրադարձել է սովետական գրականության պարբերացման, հայ գրականության սովետական շրջանի պատմության հարցերին։ Մահացել է դեկտ. 9-ին, Երևանում։

Երկ. Գրական–քննադատական ակնարկներ, Ե., 1951: Հակոբ Հակոբյան, Ե., 1955։ Հայ գրականությունը և Ռուսական առաջին ռևոլյուցիան, Ե., 1956։ Սոցիալիստական վերածննդի հայ գրականության պատմությունից, Ե.,1959։


ԱՍԱՏՐՅԱՆ Գեղամ Մագնոսի (ծն. 1920),հայ թատերական նկարիչ։ ՀՍՍՀ վաստ. նկարիչ (1967)։ Ծնվել է դեկտեմբերի 27-ին, Երևանում։ 1951-ին ավարտել է Երևանի գեղարվեստական ինստ–ը։ 1959-ից աշխատում է Երևանի հեռուստատեսության ստուդիայում որպես նկարիչ–բեմադրող. ձևավորել է Վ. Թոթովենցի «Արաբական բալլադ» (1961), Է. դե Ֆիլիպոյի «Ծննդյան տոները սինյոր Կուպիելլոյի տանը» (1967), Շիրվանզադեի «Շառլատանը» (1971) բեմադրությունները, Ս. Զորյանի «Ջրհորի մոտ» ֆիլմը (1970) ևն, ինչպես և մի շարք բեմադրություններ։


ԱՍԱՏՐՅԱՆ Հովհաննես Աբրահամի (ծն.1901), հայ սովետ, նկարիչ։ ՀՍՍՀ վաստ. նկարիչ (1967)։ Ծնվել է մայիսի 3-ին, Հասանբեյլիում (Կիլիկիա)։ 1937–43-ին սովորել է Բեյրութում՝ մասնավոր գեղարվեստական ստուդիայում։ 1946-ին հայրենադարձվել է Սովետական Հայաստան։Ուշագրավ են՝ «Ձմեռ» (1959), «Կապույտ սկահակով նատյուրմորտ» (1962), «Փոքր աղջկա դիմանկարը» (1963), «Կապույտ տներ» (1964, յուղաներկ), «Արաբ երեխան» (1932), «Սասունցի հայը Հալեպում» (1937), «Աիդայի դիմանկարը» (1955), գրաֆիկական, «Ձմեռային բնանկար», «Սանահինի վանքը» (1949), «Ալավերդու կոմբինատի ընդհանուր տեսքը» (1949, ջրաներկ) աշխատանքները։


ԱՍԱՏՈՒՐ Գևորգ Կոնստանտինի (իսկական Ազգանունը՝ Աստվածատրյան, 1868–1937), հայ բանասեր, մանկավարժ, թարգմանիչ։ Ծնվել է հունիսի 6-ին, Թիֆլիսում։ Ավարտել է Ներսիսյան դպրոցը, Պետերբուրգի հնագիտական ինստիտուտը և արևելյան լեզուների դասնթացները։ Դասավանդել է Թբիլիսիի, Լենինականի և Երևանի հայկական դպրոցներում։ 1921-ից դասախոսել է Երևանի պետական համալսարանում։ Գրական ասպարեզ է մտել որպես բանաստեղծ։ Առաջին ոտանավորները տպագրվել են 1886-ին, «Նոր դար»–ում։ 1887-ից հավաքել, մշակել է ավանդություններ և հրատարակել պարբերականներում, հետո՝ առանձին գրքով («Հայավանդ», 1927)։ Ա. բանասիրական ուսումնասիրություններ է գրել Սայաթ–Նովայի, Շոթա Ռուսթավելու և Շամչի Մելքոյի կյանքի ու ստեղծագործության մասին, հրատարակել է«Մերձարևելքի գրականության պատմություն» գիրքը (1931), կազմել Գ. Սունդուկյանի լեզվի բառարանը, որը պարունակում է շուրջ 2500 բառ, դարձվածք ու ասույթ։ Փորձել է մշակել և գրականացնել Նահապետ Քուչակի քառյակները («Սիրո երգիչ Նահապետ Քուչակի երգերը», 1905)։ Բնագրից թարգմանել է Ա. Ս. Պուշկինի «Գնչուներ»–ը (1899), Ֆիրդուսու «Շահնամե»–ից՝ «Ռոստամ և Սոհրաբ»–ը (1935), Շ. Ռուսթավելու «Վագրենավորը» (1937), Ի. Ճավճավաձեի, Ն. Բարաթաշվիլու, Ա. Ծերեթելու, Վ. Փշավելայի բանաստեղծությունները։ Մահացել է հոկտեմբերի 7-ին, Թբիլիսիում։

Գրկ. Խանոյան Ս., Գևորգ Ասատուր (գրական գործունեության 50 տարին), «ԽԱ», 1936, № 9։ Ղարիբջանյան Լ. Պ., Երևանի պետական համալսարանը, Ե., 1965, էջ 246։ Մ. Նարյան


ԱՍԱՏՈՒՐ ԶԱՊԵԼ, տես Սիպիլ:


ԱՍԱՏՈՒՐ ՀՐԱՆԴ (իսկական ազգանունը՝ Ասատուրյան, 1862–1928), հայ գրական–հասարակական գործիչ, հրապարակախոս–քննադատ։ Ծնվել է օգոստոսի 10 (22)–ին, Կ. Պոլսում։ Սովորել է տեղի Մեզպուրյան վարժարանում, Ռոբերտ քոլեջում։ 1884-ին ավարտել է Փարիզի իրավաբանական վարժարանը։ Կ. Պոլսում աշխատել է որպես իրավաբան։ Գրչակիցների հետ 1876-ի վերջերին հիմնադրել է «Հայ գրական ընկերաթյուն»–ը, 1879-ին՝ «Կիլիկյան ընկերություն»–ը։ 1892–98-ին եղել է «Մասիս» շաբաթաթերթի խմբագիր։ Գեղարվեստական ստեղծագործությունների միակ ժողովածուն «Պատանեկան ներշնչումներ»–ն է (1879)։ Ա. Հ. հիմնականում զբաղվել է գրական քննադատությամբ։ «Դիմաստվերներ» (1921) գրքում ներկայացրել է Ս. Տյուսաբի, Գ. Օտյանի, Հ. Պարոնյանի, Մ. Մամուրյանի, Գ. Չիլինկիրյանի, հայ այլ գործիչների կյանքի ու գործունեության քննադատական ուրվագիծը։ Իր կնոջ՝ բանաստեղծուհի Սիպիլի (Ջ. Ասատուր) աշխատակցությամբ կազմել է հայոց լեզվի և գրականության դասագրքեր («Նոր թանգարան հայերեն լեզվի», 1929 ևն)։ Մահացել է հունիսի 5-ին, Կ. Պոլսում։

Գրկ. Ազատյան Թ., ժամանակակից դեմքեր, 1. Զապել և Հրանտ Ասատուր, Սթանպոլ, 1937։ Ս. Շտիկյան


ԱՍԱՏՈՒՐՅԱՆ Հակոբ Հովհաննեսի (ծն. 1903), սփյուռքահայ գրող, երաժշտագետ, երգիչ։ Ծնվել է մարտի 3-ին, Կապադովկիայի Չոմախլու գյուղում, սովորել տեղի Խրիմյան վարժարանում։ Փրկվել է Մեծ եղեռնից, ապաստանել ՀԲԸՄ որբանոցում։ 1920-ին մեկնել է Ամերիկա։ Աշխատել և հետևել է Կոլումբիայի համալսարանի գիշերային դասընթացներին (1928)։ Ա–ի առաջին բանաստեղծությունը լույս է տեսել 1923-ին, «Հայաստանի կոչնակ» շաբաթաթերթում՝ Յ. Յ. Ա. ստորագրությամբ։ Ա. տպագրվել է Մաժակցի գրական անունով։ 1936-ից հանդես է եկել «Նոր գիր» գրական հանդեսում, տպագրել արձակ և չափածո ստեղծագործություններ, գրական–քննադատական տեսություններ, երաժշտության վերաբերյալ ակնարկներ։ Ա–ի «Անդաստան» (1946) բանաստեղծությունների գիրքը արտացոլում է հայրենի հողից կտրված մարդու կարոտն ու տվայտանքը։ «Հովակիմի թոռները» (1965) կենսագրական վեպը արժանացել է Թեքեյան մշակութային միության 1-ին մրցանակին՝ Մեծ եղեռնի 50-ամյակի առթիվ հայտարարված գրական մրցույթում։ 1965-ին Ա. այցելել է հայրենիք, գրել տպավորություններ («Քարի և հողի պատմություն», 1969)։ Ծավալել է նաև երաժշտական եռանդուն գործունեություն, գրել «Կոմիտաս վարդապետ և հայ երգը» (1962) աշխատությունը։ Կոմիտասյան երգերի սիրված կատարող է։ Ս. Կուրտիկյան


ԱՍԱՏՈՒՐՈՎ Եվգենի Զախարի (ծն. 1913), սովետական բանակի գեներալ–մայոր (1961-ից)։ ՍՄԿԿ անդամ 1953-ից։ Ծնվել է դեկտեմբերի 29-ին, Թիֆլիսում։ 1938-ին ավարտել է տեղի էլեկտրակապի ինժեներական ինստ–ը։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ծառայել է Ուկրաինական 3-րդ և 4-րդ ռազմաճակատների կապի վարչություններում։ Մասնակցել է Ուկրաինայի, Մոլդավիայի, Ռումինիայի և Չեխոսլովակիայի ազատագրմանը։ Ետպատերազմյան տարիներին աշխատել է տարբեր ռազմական օկրուգներում։ Պարգևատրվել է Հայրենական պատերազմի I և II աստիճանի, Կարմիր աստղ, ինչպես նաև չեխոսյովակյան՝ Զինվորական խաչ շքանշաններով։


ԱՍԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ (ծն. և մահ. թթ. անհտ.), XVII դարի հայ գիտնական, բժիշկ։ Գրել է «Գիրք բժշկական արհեստի» ընդարձակ բժշկարանը (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարան, ձեռ. №№ 413, 7749 ևն)։ Աշխատության ձեռագիր օրինակների միջև կան խմբագրական տարբերություններ։ Այն բաղկացած է 140 գլուխներից, խմբագրություն է օտարազգի և հայ (Մխիթար Հերացի, Ստեփանոս, Ամիրդովլաթ Ամասիացի ևն) բժիշկների գործերից, բայց ունի ինքնուրույն երկի արժեք և եղել է գործնական բժշկության ձեռնարկ։ Ա. Ս. խմբագրել ու վերամշակել է Աբու–Սայիդի «Մարդակազմություն»–ը։ Ա. Ս–ուն է վերագրվում «Դուռն որ ցուցանէ զպատճառներն» խորագրով բժշկական անանուն բնագիրը։ Հեղինակ է նաև տոմարական աղյուսակների (լուսնացույց, ամսացույց ևն)։ Հիշատակվում է նաև որպես տաղասաց։ Հ. Անասյան


ԱՍԱՑՈՂ, տես Բանասաց:


ԱՍԱՑՎԱԾՔ, Ժողովրդական բանահյուսության փիլիսոփայական ժանրի ստեղծագործություն։ Հակիրճ և դիպուկ խոսքով բնորոշում է կյանքի որևէ երևույթ։ Առածից տարբերվում է նրանով, որ միտքն արտահայտում է ուղղակի, առանց այլաբանության ու միջնորդավորման (օր. «Ահը վեր է, քան թե մահը», «Օրենքը հարուստի համար է, պատիժը՝ աղքատի», «ճիշտ խոսքը կատակով կասեն»)։


ԱՍԱՔԻ ԳԵՈՐԳԵ (1788–1869), հայացգի ռումինական և մոլդավական գրող, լու–