տան, Հնդկաչին, Մալայան արշիպելագ)՝ Հնդմալայան, մասնակիորեն՝ Ավստրալիական (Սուլավեսի, Փոքր Զոնդյան կղզիներ) մարզին։ Ա–ում պահպանվել են երրորդական ժամանակաշրջանի շատ կենդանիներ։ Կենդանական աշխարհն իր տարածմամբ ենթակա է լայնակի զոնայականությանը ե ուղղաձիգ գոտիականությանը։ Որոշակիորեն արտահայտված են՝ հս. ծայրամասային ծովափնյա ե տունդրայի, տայգայի, տափաստանների, անապատների ե անապատային լեռների, կենտրոնաասիական բարձրավանդակների, Հեռավոր Արևելքի լայնատերև և մերձ–արևադարձային անտառների, Հարավային Ա–ի արևադարձային անտառների զոնաները։ Կենդանական աշխարհը մարդու ներգործությամբ փոփոխվել է և աղքատացել (Արևելյան Չինաստան, Հնդկաստան, Ճավա, Արևմտյան Սիբիրի հվ.)։
Աշխարհագրական հայտնագործությունների պատմությունը։ Հնում Ա–ի մասին որոշ տեղեկություններ ունեին ասուրացիները, բաբելացիները, հնդիկները, չինացիները, եգիպտացիները, հույները, հայերը և ուրիշներ, միջին դարերում՝ խորեզմցիները, արաբները (Մասուդի, Իդրիսի, Բիրունի,. Իբն Բատուտա և ուր.), չինացիները (Ֆա–Սյան, Սյուան–Ցզան և ուր.), հայերը (Սմբատ Գունդստաբլ, Հեթում թագավոր), եվրոպացիները՝ XII–XIII դդ. խաչակրաց արշավանքների և դեսպանությունների (Պլանո Կարպինի, Ռաբրուկ) միջոցով։ XIII դ. երկրորդ կեսին վենետիկցի Մարկո Պոլոն Չինաստանում 17 տարի բնակվելուց հետո աշխարհագրական կարևոր տեղեկություններ հաղորդեց Ա–ի մասին։ 1466–72-ին Իրան և Հնդկաստան ճանապարհորդեց ռուս վաճառական Ա. Նիկիտինը։ 1498-ին պորտուգալացի Վասկո դա Գաման ծովով հասավ Հնդկաստան, 1521-ին Մագելանը՝ Ֆիլիպիններ, 1542-ին պորտուգալացիները՝ ճապոնական կղզիներ ևն։ Երմակի արշավանքը (1581–82) ընդարձակ տեղեկություններ տվեց Արևմտյան Սիբիրի մասին։ 1649–52-ին Ամուրով և Մերձամուրով անցավ ռուս երկրագնաց Ե. Խաբարովը։ 1648-ին Ս. Դեժնևը նավարկեց Հյուսիսային ծովով դեպի Անադիր և հայտնագործեց Ա–ի և Ամերիկայի միջև ընկած նեղուցը։ Աշխարհագրական հարուստ տեղեկություններ ձեռք բերեցին քրիստոնեական քարոզիչները, հատկապես՝ ճիզվիտները, որոնք եղան Չինաստանում և Տիբեթում։ XVIII դ. վերջերին անգլիացիները ուսումնասիրեցին Հիմալայները։ Ա–ի հեռավորարևելյան ափերը քարտեզագրեցին ծովագնացներ՝ ֆրանսիացի Ժ. Ֆ. Լափերուզը (1787), ռուս Ի. Ֆ. Կռուզենշտեռնը (1804–05) և ուր.։ Սիբիրական Արկտիկան ուսումնասիրեցին (1820–24) ռուս հետազոտողներ Ֆ. Պ. Վրանգելը, Ֆ. Ֆ. Մատյուշկինը։ XIX դ. կեսերից մեծանում է առանձին ինստ–ների, ակադեմիաների, թանգարանների, ռազմաշխարհագրական ծառայության դերը Ա–ի հետազոտման մեջ։ Եվրոպական երկրներում ստեղծվեցին Ա. ուսումնասիրող ընկերություններ, XIX դ. վերջում իրենց գործունեությունն ընդլայնեցին նաև ճապոնացիները։ Արտասահմանյան գիտական ուժերով աշխարհագրական ընկերություններ ստեղծվեցին Չինաստանում, Թուրքիայում, Իրանում։ Ա–ի ուսումնասիրությունն ընդարձակվեց Ռուսական աշխարհագրական ընկերության կազմակերպմամբ (1845)։ 1870–1885-ին Ն. Մ. Պրժևալսկին 4 անգամ ճանապարհորդեց Կենտրոնական Ա–ում՝ հայտնագործելով Կունլունը, Նանշանը, Հուանհեի վերին հոսանքը, Լոբնոր լիճը։ Կովկասը ուսումնասիրել են Մ. Ի. Վենյուկովը (1861-63), Գ.Ի. Ռադեն (1863-93)։ XIX դ. վերջի և XX դ. սկզբի հետազոտողներից առանձնապես հայտնի են Վ. Ա. Օբրուչևը (Սիբիր), Ա. Ի. Վոյեյկովը (Արևելյան և Հարավային Ա.), Կ. Ի. Բոգդանովիչը (Կենտրոնական Ա., Կամչատկա, Կովկաս, Իրան), Լ. Ա. Բերգը (Արալյան ծով), Վ. Վ. Դոկուչաևը (Կովկասի հողեր)։ Կովկասը և Հայկական լեռնաշխարհն ուսումնասիրել են Հ. Վ. Աբիխը, Հ. Ֆ. Բ. Լինչը, Ֆ. Օսվալդը, Ա. Ղուկասովը, Ի. Ի. Խոձկոն, Ա. Ֆ. Լյաստերը, Ս. Դ. Լիսիցյանը, Հ. Տ. Կարապետյանը, Կ. Ն. Պաֆֆենհոլցը, Ա. Լ. Թախտաջյանը և ուր.։
Ա–ի ժամանակակից հետազոտողներից են անգլիացի Լ. Դ. Ստամպը, ֆրանսիացիներ ժ. Սիոնը, Ռ. Բլանշարը, ամերիկացի Զ. Բ. Կրեսին, ավստրալիացի Օ. Խ. Կ. Ապեյտը և ուր.։
Ա–ի ուսումնասիրության մեջ բացառիկ հաջողությունների են հասել սովետական հետազոտողները։ Աովետական արշավախմբերի ուժերով հայտնագործվել և լրացվել են ՍՍՀՄ Ասիական մասի քարտեզի «սպիտակ բծերը»։
Բնակչությունը։ Ա–ի բնակչությունն է 2 մլրդ. (1972)՝ աշխարհի բնակչության 58,5%: ՍՍՀՄ Ասիական մասի բնակչությունը՝ 58,9 մլն. մարդ (1969), Կովկասի հետ՝ ավելի քան 80 մլն. մարդ։ Միջին խտությունը՝ 46 մարդ 1 կմ² վրա։ XX դ. սկզբից Ա–ի բնակչության թիվը ավելացել է ավելի քան 2 անգամ, ետպատերազմյան տարիներին՝ միջին հաշվով տարեկան 2%։ Առաջավոր, Հարավային, Արևելյան և Հարավ–Արևելյան Ա. բնակեցված է եղել դեռևս ստորին պալեոլիթի (ներառյալ մուստիեի) ժամանակաշրջանից։ Ըստ երևույթին, Ա–ի հվ–արմ–ում է տեղի ունեցել ժամանակակից մարդու (homo sapiens - «բանական մարդ») տիպի ձևավորումը։ Ա. միակ աշխարհամասն է, որտեղ տղամարդկանց թիվը գերակշռում է (55 մլն., 1971) հատկապես Չինաստանի, Հնդկաստանի, Պակիստանի և Շրի Լանկայի հաշվին (100 կնոջը՝ 106–114 տղամարդ)։ Խիտ բնակեցված են մերձծովյան մարզերը և Հարավային ու Կենտրոնական Չինաստանի, Ճապոնիայի, Հնդկաստանի, Հնդկաչին թերակղզու, Ինդոնեզիայի խոշոր գետերի հովիտները (300–500 մարդ, որոշ տեղերում՝ 1000–1500 մարդ 1 կմ² վրա)։ Կենտրոնական Ա. և Հյուսիսային ու Առաջավոր Ա–ի շրջանները նոսր են բնակեցված, իսկ Ռուբ–էլ–Խալի, Դեշտե–Կևիր, Տակլա–Մական, Գոբի անապատները, Տիբեթի, Հիմալայների, Հինդուկուշի բարձր լեռնային մասերը չունեն մշտական բնակչություն։ Քոչվորների թիվը Ա–ում մոտ 10 մլն. է (Սաուդյան Արաբիա, Իրան, Աֆղանստան, Պակիստան, Չինաստան, ՄԺՀ)։ Քաղաքային բնակչությունը կազմում է մոտ 23% : Ա–ում կա ավելի քան 1մլն․ բնակչություն ունեցող 40 քաղաք, 52 քաղաք՝ 500 հզ. մինչև 1 մլն., ավելի քան 400 քաղաք՝ 100 հզ. մինչև 500 հզ. բնակչությամբ։ Ա–ում տարաբնակեցված է մի քանի հարյուր ժողովուրդ, որոնք գտնվում են էթնիկական զարգացման տարբեր աստիճանների վրա և պատկանում են բազմաթիվ լեզվային ընտանիքների ու խմբերի։ Ա–ի երկրների մեծամասնությունը բազմազգ է։ Ավելի քան 50 ժողովուրդներ ապրում են Հնդկաստանում, Ինդոնեզիայում, Չինաստանում, Ֆիլիպիններում, Վիետնամում, ավելի քան 20-ը՝ Իրանում, Աֆղանստանում, Պակիստանում, Բիրմայում, Թաիլանդում։
Ազգային տեսակետից միատարր են միայն արաբական երկրների մեծ մասը, ինչպես նաև Կորեան և Ճապոնիան։ Որոշ ժողովուրդներ պետական սահմաններով բաժանված են մի քանի մասերի (քրդեր, բելուջիներ, փուշտուներ, բենգալացիներ ևն)։
Հնդեվրոպական լեզուների ընտանիքի ժողովուրդները ներկայացված են Ա–ի հնդկական (հնդարիական), իրանական, սլավոնական և այլ խմբերով։ Հնդկական խմբի ժողովուրդներն (486 մլն.) զբաղեցնում են Հնդստանի հս. և կենտր. մասերը, իրանական խմբինը (50 մլն.)՝ Իրանի և Աֆղանստանի մեծ մասը, Թուրքիայի, Իրաքի, Պակիստանի, ինչպես նաև Տաջիկական ՍՍՀ և Կովկասի մի շարք շրջանները, սլավոնական (47 մլն.) խմբինը՝ Սիբիրը, Հեռավոր Արևելքը, Հյուսիսային Կովկասը, Ղազախստանի հս. մասը (ռուսները, ուկրաինացիները և բելոռուսները կազմում են ՍՍՀՄ ասիական մասի բնակչության կեսից ավելին)։ Հնդեվրոպական ընտանիքին են պատկանում հայերը (Հայկական ՍՍՀ և Առաջավոր Ա–ի որոշ երկրներ) և հույները (Կիպրոս կղզի)։
Վրացական ՍՍՀ–ում և Հյուսիսային Կովկասում ապրում են կովկասյան ընտանիքի ժողովուրդներ (5,6 մլն.)։ Սեմաքամյան ընտանիքին են պատկանում արաբական ժողովուրդները, Իսրայելի հրեաները և ասորիները։
Ալթայական ընտանիքի ժողովուրդները (բաղկացած են 3 խմբից՝ թուրքական, մոնղոլական և տունգուս–մանջուրական) ապրում են Ա–ի լայն տարածություններում՝ Արևմտյան Թուրքիայից մինչև Խաղաղ օվկիանոս։ Թյուրքալեզու ժողովուրդները (62,6 մլն.) զբաղեցնում են Թուրքիայի մեծ մասը, Իրանի և Աֆղանստանի հս. մասերր, Սինցզյանը (Չինաստան), Ադրբ. ՍՍՀ, Միջին Ասիան և Ղազախստանը, Լեռնային Ալթայը և Յակուտական ԻՍՍՀ–ի զգալի մասը, մոնղոլալեզու ժողովուրդները (3,5 մլն.)՝ Կենտրոնական Ա. (ՄԺՀ, Հս. Չինաստան և Բուրյաթական ԻՍՍՀ), տունգուս–մանջուրական ժողովուրդները (3,5 մլն., որից 3,0 մլն. բուն մանջուրներ են և հիմնականում խոսում են չինարեն)՝ Չինաստանի հս–արլ., Սիբիրը և Հեռավոր Արևելքը։ Որոշ ուսումնասիրողներ ալթայական ընտանիքի ժողովուրդներին մոտեցնում են կորեացիներին (45 մլն.) և ճապոնացիներին (100 մլն.)։ Ուգրո–ֆիննական (կոմի, հանտեր, մանսի) և սամոդիական (նենեցներ, նգանասաններ,