Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/578

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


զարգացումը, հատկապես, ծովային ճանապարհորդությունները լուրջ ազդակ դարձան Ա–յան ծաղկման համար։ Ն. Կոպեռնիկոսի, Գ. Գալիլեյի, Յ. Կեպլերի և Ի. Նյուտոնի աշխատություններով հիմնավորվեց և հաստատվեց աշխարհի արևակենտրոն համակարգը։ Մոլորակների շարժման օրենքների հայտնագործումն (Յ. Կեպլեր) ու մեկնաբանումը (Ի. Նյուտոն) նշանավորեցին երկնային մեխանիկայի կամ տեսական Ա–յան ծնունդը։ Այդ շրջանում Ա. արդեն հիմնվում էր երկնային երևույթների բնույթի իմացության վրա։ Դրա փայլուն ապացույցներից են Հալլեյի գիսավորի հայտնվելը 1682-ին՝ տեսականորեն կանխագուշակված ժամանակ և, հատկապես, Նեպտուն մոլորակի հայտնադործումը 1846-ին՝ Լեվերյեի հաշվումների հիման վրա։ Ա–յան մեծ առաջընթացը կապված էր աստղադիտակների կիրառության հետ։ Աստղադիտակով Լուսնի, Արեգակի, մոլորակների և Ծիր կաթինի դիտումներն առաջին անգամ կատարեց Գ. Գալիլեյը (1610)։ Չնայած Գ. Գալիլեյի ինքնաշեն դիտակի պարզությանը և փոքր չափերին, այդ դիտումների շնորհիվ նա հայտնաբերեց Յուպիտերի չորս արբանյակները և արևաբծերը։ Ծիր կաթինի շերտը տարրալուծեց առանձին աստղերի, պարզեց Լուսնի մակերևույթի վրա դիտվող գոյացումների բնույթը ևն։ Ջ. Բրադլեյը հայտնագործեց լույսի աբեռացիայի երևույթը (1727), Մ. Լոմոնոսովը՝ Վեներայի մթնոլորտը (1761)։ Հայտնաբերվեցին նաև բազմաթիվ աստղակույտեր և միգամածություններ, կրկնակի և փոփոխական աստղեր։ Պ. Լապլասը մշակեց Արեգակնային համակարգի առաջացման իր վարկածը, որով սկիզբ առավ կոսմոգոնիան։ Վ. Հերշելի հետազոտությունները (XVIII դ.)՝ աստղերի բաշխման, Արեգակի ու աստղերի շարժումների և Ծիր կաթինի կառուցվածքի վերաբերյալ նշանավորեցին աստղաբաշխության (աստղային Ա.) ծնունդը։ 1830-ական թթ. չափվեցին մի քանի աստղերի հեռավորությունները (պարալաքսեր)։ Ավելի ուշ, մեծ թվով աստղերի հեռավորությունների, սեփական շարժումների և տեսագծային արագությունների չափումների հիման վրա, բացահայտվեցին Գալակտիկայում աստղերի շարժումների օրինաչափությունները, իսկ 1927-ին հայտնագործվեց Գալակտիկայի պտույտը (Յ. Օորտ)։

Անցյալ դարի վերջերից սպեկտրալ վերլուծությունը, լուսւսնկարչությունր, ատոմային ֆիզիկայի հետ միասին հիմք ծառայեցին աստղաֆիզիկայի զարգացմանը։ Շուտով աստղերի ներքին կառուցվածքի տեսական հետազոտությունը, աստղաֆիզիկայի տվյալների հիման վրա, օգնեց բացահայտելու նրանց էներգիայի աղբյուրները։ XX դ. 20-ական թվականներից, երբ խոշոր աստղադիտակների կառուցման շնորհիվ խիստ աճեց մեծ հեռավորությունների վրա գտնվող տիեզերական օբյեկտների դիտման հնարավորությունը, բուռն զարգացում ապրեց արտագալակտիկական Ա., որի ուսումնասիրության օբյեկտները մեր Գալակտիկայից դուրս գտնվող, սակայն նույն բնույթի հսկայական աստղային համակարգերը՝ արտաքին գալակտիկաները և նրանց ֆիզիկական խմբերն են (բազմագալակտիկաներ, գալակտիկաների կույտեր և ավելի բարձր կարգի համակարգեր)։ 1929-ին Է. Հաբլը հայտնագործեց Տիեզերքի դիտվող մասի լայնացման մասին վկայող Կարմիր շեղման երևույթը, որը տեսականորեն կանխագուշակել էր Հ. Ֆրիդմանը (1922)։ Վերջին երեսուն տարում Ա–յան կարևորագույն արդյունքների մի մասը ստացվել է ռադիոաստղագիտության զարգացման շնորհիվ։ Եթե մինչ այդ երկնային մարմինների ու նրանցում ընթացող երևույթների վերաբերյալ մեր բոլոր գիտելիքները հիմնվում էին այդ մարմինների արձակած լույսի ուսումնասիրության վրա, ապա ռադիոաստղագիտությունը հնարավոր դարձրեց այդ գիտելիքների խորացումր և ընդարձակումը երկնային մարմինների ռադիոճառագայթման դիտումներով։ Մասնավորապես, ռադիոգալակտիկաների և տիեզերական ռադիոճառագայթման քվազիաստղային աղբյուրների՝ քվազարների հայտնադործումը և ուսումնասիրումը խիստ նպաստեցին արտագալակտիկական Ա–յան ու կոսմոլոգիայի լուրջ հաջողություններին։ Երիտասարդ աստղերի համակարգերի՝ աստղասփյուռների հայտնադործման ու ուսումնասիրության շնորհիվ (Վ. Համբարձումյան, 1947) ամուր գիտական հիմքերի վրա դրվեց և արմատական նշանակություն ունեցող արդյունքների հասավ կոսմոգոնիան։ Սկսած 1957-ից, երբ Սովետական Միությունում արձակվեց Երկրի առաջին արհեստական արբանյակը, Ա. ապրում է որակական նոր թռիչք։ Արհեստական արբանյակների ու միջմոլորակային կայանների միջոցով կատարվող աստղագիտական դիտումները, որոնք ազատ են Երկրի մթնոլորտի խանգարիչ ազդեցությունից, զգալիորեն ընդարձակել են Ա–յան հնարավորությունները (արտամթնոլորտային Ա.)։ Մասնավորապես, հնարավոր է ղարձել երկնային մարմինների ճառագայթման սպեկտրի մինչ այժմ անմատչելի մասերի դիտումները։ Խոստումնալից է Արեգակնային համակարգի անդամների ուսումնասիրությունը՝ մոտիկից (ավտոմատ տիեզերական կայանների միջոցով)։ Օրակարգի հարց է Լուսնի վրա աստղադիտարան կազմակերպելը։ Վերջին տարիներին տիեզերական թռիչքների ժամանակ անհրաժեշտ ուղեծրերի ընտրության կապակցությամբ Ա–յան մեջ ձևավորվեց մի նոր բաժին՝ աստղադինամիկան, որն ուսումնասիրում է արհեստական երկնային մարմինների շարժումները։ ՍՍՀՄ–ում աստղագիտական հետազոտությունները տարվում են մի քանի տասնյակ ակադեմիական և համալսարանական աստղադիտարաններում։Պուլկովոյի հռչակավոր աստղադիտարանից բացի ստեղծվել են նոր, խոշոր աստղադիտարաններ (Աբասթումանի, Ալմա–Աթայի, Բյուրականի, Ղրիմի, Շամախիի ևն)։ Մեծ թափ է ստացել աստղադիտակաշինությունը։ Կառուցվել են շատ հզոր աստղադիտակներ, այդ թվում՝ Եվրոպայում ամենախոշոր՝ 2,6 մ և աշխարհում՝ 6 մ տրամագծով աստղադիտակները։ Առաջիկայում 2,6 մ տրամագծով աստղադիտակ կտեղակայվի ՀՍՍՀ ԳԱ Բյուրականի աստղադիտարանում։ Մեծ է Ա–յան գիտական և գործնական նշանակությունը։ Այն սերտորեն կապված է մաթեմատիկայի, ֆիզիկայի, մեխանիկայի և մյուս գիտությունների հետ։ Օգտագործեւով այդ գիտությունների մեթոդները՝ Ա․ իր հերթին զգալիորեն ազդել է նրանց զարգացման վրա։ Այսպես, երկնային մեխանիկայի հաջողությունները XVII դ. խթանեցին այն ժամանակ ֆիզիկայի հիմնական բաժինը կազմող դասական մեխանիկայի զարգացմանը, որով դրվեց ճշգրիտ բնագիտության հիմքը։ Ավելի ուշ (XX դ.) աստղաֆիզիկական հետազոտությունները հանգեցրին նոր երևույթների և նյութի՝ տիեզերական պայմաններում դրսևորվող, գիտությանը մինչ այդ անհայտ հատկությունների բացահայտմանը, որը զգալիորեն նպաստեց ֆիզիկայի զարգացմանը։ Մասնավորապես, աստղերի ճառագայթման աղբյուրների ուսումնասիրությունը բերեց էներգիայի ջերմամիջուկային աղբյուրների հայտնադործմանը։ Հսկայական է նաև Ա–յան աշխարհսւյեցողական նշանակությունը։ Մատերիալիստական ուսմունքի մշակման և նրա դրույթների հաստատման գործում վճռական դեր են խաղում աստղագիտական հետազոտությունները։

Գրկ. Համբարձումյան Վ. Հ., Աստրոֆիզիկան և աստղերի էվոլյուցիան, Ե., 1948։ Համբարձումյան Վ. Հ., Տիեզերքի էվոլյուցիայի պրոբլեմները, Ե., 1968։ Միրզոյան Լ. Վ., Երկնային մարմինների առաջացման մասին, Ե., 1956։ Թումանյան Բ. Ե., Վաթյան Լ. Ա., Ընդհանուր աստղագիտություն, Ե., 1960։ Թումանյան Բ. Ե., Հայ աստղագիտության պատմություն, [հ. 1–2], 1964–1968։ Амбарцумян В. А., Научные труды, т. 1–2, Е., 1960; Паннекук А., История астрономии, пер. с англ., М., 1966; Воронцов–Вельяминов Б. А., Очерки о Вселенной, 6 изд., перераб. и доп., М., 1969; Проблемы современной космогонии, под ред. В. А. Амбарцумяна, М., 1969; Sharpley H., Source Book in Astronomy, 1900–1950, Camb., Mass., 1960. Լ. Միրզոյան

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆ, գիտական հիմքերից զուրկ ուսմունք, ըստ որի, լուսատուների (մասնավորապես՝ մոլորակների) երկնքում ունեցած դասավորությամբ իբր կարելի է որոշել մարդկանց ճակատագիրը, պետությունների ապագան, պատերազմների ելքը ևն։ Ա. ծագել է պատմական հեռավոր անցյալում երկնային լուսատուների աստվածացման և առեղծվածային թվացող երկնային երևույթները գերբնական ուժերին վերագրելու շրջանում։ Հայ պատմիչները նշում են, որ պարսկական արքունիքում աստղագուշակները դասվում էին արքունական պաշտոնյաների շարքը։ Ա. տարածված էր Ասորեստանում, Բաբելոնում, Եգիպտոսում, Հունաստանում, Հռոմում և ողջ Առաջավոր Ասիայի երկրներում։ Երկնային մարմիններից յոթին՝ Արեգակին, Լուսնին, Սերկուրիին, Վեներային, Սարսին, Յուպիտերին, Սատուրնին վերագրվել է մարդկանց ճակատագրի վրա ազդելու մենաշնորհ։ Դրանց փոխադարձ դասավորության և 12 «տների» (կենդանաշրջանի համաստեղությունների) հորիզոնի նկատմամբ ունեցած դիրքի հիման վրա մարդու ծննդյան պահին կազմվում էր հորոսկոպ