թյուը։ Սակայն այնպիսի համակարգերում, ինչպիսին բազմակի աստղերն ու աստղակույտերն են, անկանոն ուժերը էական դեր են խաղում։ Աստղակույտերի ներսում, աստղերի շարժումների հետևանքով, տեղի են ունենում փոխադարձ մերձեցումներ։ Այդ մերձեցումների ժամանակ կատարվում է աստղերի էներգիաների փոխանակություն, որի շնորհիվ աստղակույտի որոշ աստղեր ձեռք են բերում խմբից հեռանալու համար անհրաժեշտ արագություն։ Այդ պրոցեսը հանգեցնում է աստղակույտի աստիճանական քայքայմանը (բաց աստղակույտերինը՝ 109–1010 տարում, իսկ գնդաձև աստղակույտերինը՝ 1012–1013 տարում)։ Աստղակույտի քայքայման համար անհրաժեշտ ժամանակամիջոցը նրա կյանքի տևողության գնահատականն է։ Այդ գնահատականները աստղակույտերի վերաբերյալ դիտողական տվյալների հետ միասին հիմք ծառայեցին Վ. Համբարձումյանի համար՝ հիմնավորելու այն տեսակետը, որ Գալակտիկայի կյանքի ժամանակակից վիճակի տևողությունը չի անցնում 1010 տարուց («ժամանակի կարճ սանդղակ»), որը շուրջ հազար անգամ պակաս է մինչ այդ ընդունված գնահատականից («ժամանակի երկար սանդղակ»)։ Անկանոն ուժերի ազդեցությունը հաշվի առնող նոր մեթոդների (տես Աստղային համակարգերի վիճակագրական մեխանիկա) կիրառությունը թույլ տվեց եզրակացնել, որ բազմակի աստղերի բաղադրիչներն ունեցել են համատեղ ծագում, իսկ աստղասփյուռները երիտասարդ աստղերի լայնացող և արագ քայքայվող համակարգեր են. նրանց հասակը 107 տարվա կարգի է։ Անկանոն ուժերի ազդեցության տակ յուրաքանչյուր աստղային համակարգ աստիճանաբար կմոտենա ամենահավանական կամ վիճակագրական հավասարակշռության վիճակի։ Մեր Գալակտիկան չի հասել հավասարակշռության վիճակի՝ դրա համար անհրաժեշտ ժամանակամիջոցը (1015 տարի) շատ մեծ է նրա տարիքից։
Գրկ. տես Աստղագիտություն և Աստղաֆիզիկա հոդվածների գրականությունը։
ԱՍՏՂԱՐԵՐԴ (Ասղնբերդ, Մոկաց բերդ), միջնադարյան հզոր ամրոց։ Գտնվում էր Տուրուբերանի Տարոն գավառում, Մուշից արևելք։ Պահպանվել են բերդի պարիսպները (արևմտյան պարիսպը քանդված է)։ Շրջակայքի հայ բնակիչները, ժամանակին, ամրոցի տարածքում հայտնաբերել են հնագիտական նյութեր։ Հովհան Մավիկոնյանը հիշատակում է Ա–ի կաթողիկե եկեղեցին և ամրոցը՝ Աստեղունք, Աստեղօնք, Աստղօնք ձևով։
ԱՍՏՂԱԲԵՐԴ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթում, Քղի գետի վերին հոսանքի հովտում։ 1909-ին ուներ 130 տուն՝ 910 հայ և 100 այլազգի բնակիչներով (1914-ին հայ բնակիչների թիվը հասնում էր մոտ 1250-ի)։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և այգեգործությամբ։ Ա. հայտնի էր իր ընկույզով։ Գյուղում կար եկեղեցի և ուսումնարան։ Ա–ի մոտ, Օրոր անունով գետակի ափին, պահպանվել էին Աստղաբերդ ամրոցի ավերակները։ Գյուղից ոչ հեռու գտնվում էին Ս. Կիրակոս վանքի ավերակները։ Ա. ավերվել է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Գյուղի հայ բնակիչներից զոհվել է 1081 մարդ։
«ԱՍՏՂԱԲԵՐԴ», հայագիտական և մշակութային ամսագիր։ Լույս է տեսել 1951–1954-ին, Ստամբուլում։ խմբագիրն էր Թ. Ազատյանը։ Տպագրել է գրական–գեղարվեստական գործեր, ժողովրդական ստեղծագործության պատառիկներ, ազգագրական նյութեր, հոդվածներ հայ գրողների մասին (Գրիգոր Նարեկացի, Ֆրիկ, Պ. Դուրյան, Դ. Վարուժան և ուրիշներ)։ Հրապարակել է հայ մտավորականների անտիպ գործեր, նամակներ (Գ. Օտյան, Ռ. Սևակ, Սերվիչեն, Ս. Չերազ, Ե. Տեմիրճիպաշյան, Թլկատինցի, Գ. Սրվանձտյան, Ռ. Սելիքյան և ուրիշներ), Ակնի մշակույթի ու պատմության վերաբերյալ նյութեր։
ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ազգային և միջազգային հասարակական կազմակերպություններ, որոնք աստղագետներին միավորում են գիտական հետազոտությունները կոորդինացնելու, գիտական նյութեր և գրականություն փոխանակելու, համագործակցություն կազմակերպելու և աստղագիտական գիտելիքներ տարածելու նպատակով։ Ա. ը–ի մի մասն ընդգրկում է միայն մասնագետներին, իսկ մյուս մասը՝ նաև սիրող–աստղագետներին։ Առաջին Ա. ը–ի ստեղծումը (XIX դ.) կապված է եղել առանձին գիտական խնդիրների լուծման հետ։ Այժմ ավելի քան 30 երկրներում գոյություն ունեն 100-ից ավելի Ա. ը.՝ Ամերիկյան, Ֆրանսիական, Անգլիական թագավորական, Գերմանական, Կանադական թագավորական ևն։ ՍՍՀՄ–ում գործում է Համամիութենական աստղագիտական–գեոդեզիական ընկերությունը (ՀԱԳԸ, 1932)։ ՀԱԳԸ իր բաժանմունքն ունի Հայաստանում, որը հիմնադրվել է 1952-ին։ 1919-ին ստեղծվել է Միջազգային աստղագիտական միությունը (ՄԱՄ)։
ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ՄԻԱՎՈՐ, Երկրի միջին հեռավորությունը Արեգակից՝ 149,6 մլն. կմ։ Նշանակվում է ա. մ.։ Որպես հեռավորության միավոր օգտագործվում է աստղագիտության մեջ։
ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, գիտություն երկնային մարմինների (մոլորակներ, աստղեր, միգամածություններ, միջաստղային նյութ, գալակտիկաներ ևն) և նրանց հետ կապված երևույթների (տարածական բաշխում, շարժումներ, ֆիզիկական բնույթ և վիճակ, փոխազդեցություն, առաջացում ու զարգացում ևն) մասին։ Ա. միաժամանակ մշակում է երկնային մարմինների դիտումները գործնական նպատակներով օգտագործելու մեթոդներ (ժամանակի ծառայություն, աստղագիտական կողմնորոշում, տիեզերական թռիչքների աստղագիտական կառավարում ևն)։ Ա. հնագույն գիտություններից է։ Դեռևս մ. թ. ա. Ա. բավականաչափ զարգացած էր Բաբելոնում, Եգիպտոսում, Չինաստանում, Հունաստանում։ Այսպես, մեր թվարկությունից 28 դ. առաջ եգիպտական քրմերը որոշել են տարվա տևողությունը, իսկ Արեգակի խավարումների կրկնության պարբերությունը (սարոս) հայտնի էր արդեն մ. թ. ա. VI դ.։ Մ. թ. ա. II դ. Հիպարքոսի կազմած աստղացուցակը պարունակում էր հազարից ավելի աստղերի երկնային կոորդինատները և պայծառության գնահատականները՝ աստղային մեծությունների պայմանական սանդղակով, որն առանց էական փոփոխությունների օգտագործվում է նաև մեր օրերում։ Կան պատմական վկայություններ Հին Հայաստանում աստղագիտական գիտելիքների բարձր մակարդակի մասին։ Ա. ըստ ուսումնասիրության օբյեկտների կամ մեթոդների բաժանվում է մի շարք ենթաբաժինների։ Արեգակի, մոլորակների և աստղերի տեսանելի շարժումների պարբերականությունը աստղագիտական դիտումներով հաստատված առաջին օրինաչափություններից է։ Այն ընկած է ժամանակի որոշման և օրացույցների կազմման հիմքում։ Այդ պարբերականությունն օգտագործվում է նաև մի շարք երկնային երևույթների (Արեգակի և Լուսնի խավարումներ, Արեգակի, Լուսնի և մոլորակների մերձեցումներ ևն) կանխատեսման համար։ Այդ խնդիրները, նրանց լուծման համար կիրառվող գործիքների տեսությունը և մաթեմատիկական մեթոդները կազմում են աստղաչափության, ոլորտային ու գործնական Ա–ների առարկան։ Մոլորակների շարժումների, Արեգակի ու Լուսնի խավարումների, պայծառ գիսավորների երևույթները հին դարերում կապում էին Երկրի վրա տեղի ունեցող իրադարձությունների հետ և օգտագործում հասարակական կյանքի երևույթների, մարդկանց ճակատագրի կանխագուշակման նպատակով։ Այդ հարցերով զբաղվող կեղծ գիտությունը՝ աստղագուշակությունը, ոչ մի գիտական հիմք չունի, սակայն ժամանակին զարկ է տվել աստղագիտական դիտումներին և դրանով իսկ նպաստել Ա–յան զարգացմանը։
Երկրի ձևի, Տիեզերքում նրա դիրքի և մոլորակային համակարգի կառուցվածքի վերաբերյալ ճիշտ մտքեր են արտահայտվել դեռևս մ. թ. ա., օր. III դ. Էրատոսթենեսը որոշեց Երկրի շառավիղը, իսկ Արիստարքոս Սամոսացին գտնում էր, որ Երկիրը պտտվում է Արեգակի շուրջը։ Սակայն, մ. թ. II դ. Պտղոմեոսի՝ իր ժամանակի աստղագիտական գիտելիքներն ամփոփող «Ալմագեստ» աշխատության մեջ շարադրված աշխարհի երկրակենտրոն համակարգը, որի համաձայն Արեգակը՝ մոլորակների հետ միասին պտտվում է Երկրի շուրջը, եկեղեցու հովանու տակ լայն տարածում ստացավ և գրեթե 15 դ. անընդհատ իշխեց գիտության մեջ։ Միջին դարերում բարբարոս ցեղերի արշավանքների ժամանակ գրեթե ամեն ինչ մոռացվեց, և Ա. խոր անկում ապրեց։ Այդ ժամանակաշրջանում եզակի երևույթ էին Անանիա Շիրակացու աշխատությունները, որոնց մեջ վերածնունդ ապրեցին հույն մտածողների առաջադիմական գաղափարները։ X–XV դդ. զգալի թվով աստղագիտական դիտումներ կատարվեցին արաբական երկրներում և Միջին Ասիայում։ Մասնավորապես հայտնի են Ուլուգբեկի (XV դ.) Սամարղանդում կատարած դիտումները։ XVI դ. արդյունաբերության և առևտրի