Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/581

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ, գիտական հիմնարկ, որտեղ կատարվում են երկնային մարմինների ու երևույթների դիտումներ և հետազոտություններ։ Այդ դիտումների նպատակն է՝ չափել երկնային մարմինները բնութագրող մեծությունները (կոորդինատներ, պայծառություն, գույն ևն)։ Աստղագիտական դիտումները կատարվում են աստղադիտակներով և ռադիոաստղադիտակներով։ Աստղադիտակները, սովորաբար, տեղադրվում են պտտվող գմբեթներով հատուկ աշտարակներում կամ շարժվող տանիքներով տաղավարներում։ Ռադիոաստղադիտակների չափերը մեծ են (տասնյակ ու հարյուրավոր մետր), և նրանք տեղադրվում են բաց երկնքի տակ։ Դիտողական նյութի մշակման համար Ա–ի լաբորատորիաներում կան հատուկ չափիչ ու հաշվիչ սարքեր։ Դիտողական տվյալների ճշտությունը մեծ չափով կախված է մթնոլորտային պայմաններից։ Այդ պատճառով ժամանակակից Ա–ները կառուցվում են բարձր լեռներում, մեծ քաղաքներից և արդ. կենտրոններից հեռու, որտեղ մեծ է մթնոլորտի թափանցելիությունը։

Որոշ Ա–ներ մասնագիտացված են և հետազոտությունները կատարում են մի որոշակի եղանակով կամ նպատակով։ Այսպես, գոյություն ունեն ռադիոաստղադիտարաններ, արեգակնային կայաններ, արհեստական արբանյակների դիտման կայաններ ևն։ Աստղաֆիզիկական Ա–ում հետազոտվում են Տիեզերքում և երկնային մարմիններում տեղի ունեցող ֆիզիկական երևույթները և դրանց ֆիզիկական հատկությունները։ Որոշ Ա–ներում որոշում են ճշգրիտ ժամանակը և կազմում աստղագիտական օրացույցներ։

Ա–ները շատ հին պատմություն ունեցող գիտական հիմնարկներից են, որոնց ստեղծումը (իհարկե առանց օպտիկական և այլ ճշգրիտ սարքերի) պայմանավորվել է մարդու գործնական պահանջներով՝ որոշվել է ժամանակը, մշակվել են տեղանքում և ծովում կողմնորոշվելու եղանակներ ևն։ Հին աշխարհում Ա–ներ գոյություն են ունեցել Բաբելոնում, Չինաստանում, Եգիպտոսում, Հնդկաստանում, Մեքսիկայում, Հայաստանում։

Արդի Ա–ների պատմությունը սկիզբ է առնում միայն XVII դ. երկրորդ կեսից, երբ աստղագիտական դիտումների համար սկսեցին օգտագործել աստղադիտակներ։ Այժմ աշխարհում գործում են շուրջ 500 Ա–ներ։ Արտասահմանյան խոշորագույն Ա–ներից են Մաունթ Պալոմարի, Մաունթ Վիլսոնի, Կիտ Պիկի, Լիկի (ԱՄՆ), Վերին Պրովանսի (Ֆրանսիա), Տաուտենբուրգի (ԳԴՀ), Բերգեդորֆի (ԴՖՀ) և Օնդրժեյովի (Չեխոսլովակիա) Ա–ները։ ԱՍՀՄ–ում գտնվում են շուրջ 30 Ա–ներ։ Դրանցից են Պուլկովոյի, Ղրիմի, Աբասթումանի, Ալմա–Աթայի, Գոլոսենոյի, Տիրավերեյի և Շամախու Ա–ները։ Սովետական Հայաստանում գործում են Երևանի պետ. համալսարանի (1934-ից) և Բյուրականի աստղադիտարանները (1946-ից)։ Ա–ները, որպես կանոն, ուսումնասիրությունների արդյունքները հրապարակում են իրենց իսկ գիտական հանդեսներում։ Բյուրականի Ա. 1965-ից լույս է ընծայում «Աստղաֆիզիկա» հանդեսը։ Հ. Թովմասյան


«ԱՍՏՂԱԼԻՑ ԵՐԿԻՆՔ», հայկական առաջին աստղագիտական տպագիր քարտեզը (եթե չհաշվենք հիմնականում աշխարհագրական բնույթ ունեցող «Համատարած աշխարհացոյց»-ի վրա երկնոլորտի պատկերումը)։ «Աստղալից երկինք» քարտեզի չափերն են 39 սմ × 25,7 սմ։ Այն զետեղված է Մխիթար Սեբաստացու «Բառգիրք հայկազեան լեզուի» (հ. 1, 1749) գրքում, որպես ներդիր։ Կենտրոնական մասում տրված են երկնոլորտի կիսագնդերը համաստեղությունների նկարներով (թվով 63), միգամածություններով ու անզեն աչքով տեսանելի աստղերով։ Պատկերված են Ծիր կաթինը, բևեռները, հակման շրջանները, Խավարածիրը և այլն։ Ստորին մասում տրված են երկնոլորտի ստերեոգրաֆիկ պրոյեկցիաները։ Քարտեզի անկյուններում նկարված են Յուպիտերը (նույնիսկ ցույց է տրված նրա մթնոլորտում դիտվող շերտերը) և Սատուրնը իրենց չորսական արբանյակներով, Լուսինը և Մարսը։ Քարտեզի նկարներից մեկի կենտրոնական մասում Երկիրն է, որի շուրջը պտտվում են Լուսինը, Արեգակը, Մարսը, Յուպիտերը և Սատուրնը, իսկ Մերկուրին ու Վեներան պտտվում են Արեգակի շուրջը, այսինքն՝ տրված է աշխարհի կառուցվածքը ըստ, այսպես կոչված, հին եգիպտական համակարգի։

Գրկ. Թումանյան Բ. Ե., Հայ աստղագիտության պատմություն, [հ. 1], Ե., 1964, էջ 213–15։


ԱՍՏՂԱԾԱՂԻԿ (Aster), բարդածաղկավորների ընտանիքի Aster և Callistephus ցեղերի անվանումը։ Callistephus ցեղի միակ տեսակը չինական Ա. է (C. chinensis), միամյա բույս է, խոշոր ծաղկաբույլերով։ Վայրի ձևով աճում է Չինաստանում և Ճապոնիայում։ Մշակվող սորտերից հայտնի են մոտ 4000 Ա–ներ։ Aster, բազմամյա խուտաբույսեր են, ծաղիկները սպիտակ են, վարդագույն, կարմիր, մանուշակագույն, դեղին՝ հավաքված ողկույզներում կամ վահանիկներում։ Հայտնի է մոտ 200 տեսակ՝ տարածված Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, Աֆրիկայում, Ասիայում, Եվրոպայում, ՀՍՍՀ–ում՝ երկու տեսակ (ալպիական և աստղաձև Ա.)։ Բազմամյա Ա–ները ցրտադիմացկուն են (դիմանում են 4°C-ից 7°C)։ Օգտագործվում են ծաղկաբուծության մեջ։ Ա–ները բազմանում են թփերի բաժանումով, կտրոններով, սերմերով ևն։


ԱՍՏՂԱԿՈՒՅՏԵՐ, աստղային համակարգերի տարածված ձևերից, հանդիպում են ինչպես մեր Գալակտիկայում, այնպես էլ արտաքին գալակտիկաներում։ Ա. միմյանց հետ ֆիզիկապես կապված աստղերի համեմատաբար սեղմ խմբեր են, որոնք աչքի են ընկնում աստղային մեծ խտությամբ։ Գոյություն ունեն երկու տիպի Ա.՝ բաց (ցրված կամ գալակտիկ) և գնդաձև։ Բաց Ա. կազմված են մի քանի տասնյակ կամ հարյուրավոր աստղերից, իսկ գնդաձև Ա. մի քանի հազար կամ տասնյակ հազարավոր աստղերից։ Հայտնի են շուրջ 600 բաց և 120 գնդաձև Ա., որոնց ընդհանուր հավանական թիվը Գալակտիկայում գնահատվում է համապատասխանաբար՝ 30000 և 250։ Ա–ի աստղերը տարածության մեջ շարժվում են միևնույն մեծություն և ուղղություն ունեցող արագություններով։ Այս կարևոր կինեմատիկական առանձնահատկությունը բացահայտվել է մի քանի մոտագույն բաց Ա–ի (որոնք ստացել են շարժվող աստղակույտեր անունը) սեփական շարժումների ուսումնասիրությամբ։ Բաց և գնդաձև Ա. իրարից խիստ տարբերվում են ինչպես ֆիզիկական առանձնահատկություններով (աստղերի քանակ, զանգված, աստ ղային բնակչության բնույթ, չափեր ևն), այնպես էլ տարածական բաշխման բնույթով։ Գնդաձև Ա. Գալակտիկայում կազմում են ոլորտային ենթահամակարգ, մինչդեռ բաց Ա., ցուցաբերելով դեպի Գալակտիկայի հարթությունը ուժեղ կուտակման տենդենց, կազմում են հարթ ենթահամակարգ։ Այս վերջին առանձնահատկության պատճառով էլ նրանց երբեմն կոչում են գալակտիկ Ա.։

Ա–ի, իբրև համակարգերի, զարգացման տեսությունը ստեղծել է Վ. Համբարձումյանը։ Բ. Մարգարյանը ցույց տվեց, որ բաց Ա–ի մի զգալի մասը (հետագայում կոչվեցին Օ տիպի կույտեր) շատ երիտասարդ կազմություններ են և մեծ մասամբ՝ Օ տիպի աստղասփյուռների կորիզներ։ Բացի այդ, նա առաջարկեց Ա–ի նոր դասակարգում և հրատարակեց Ա–ի առաջին լուսանկարչական ատլասը։ Ա–ի մորֆոլոգիական, կինեմատիկական, դինամիկական առանձնահատկությունների և նրանց աստղային բնակչության կազմի ու բնույթի ուսումնասիրությունները մեծապես նպաստեցին աստղերի էվոլյուցիայի մասին բյուրականյան պատկերացման մշակմանը։

Գրկ. Паренаго П. П., Курс звездной астрономии, 3-е издание, переработанное и дополненное, Москва, 1954։ Амбарцумян В. А., К вопросу о динамике открытых скоплений, Научные труды, т. 1, Ереван, 1960։ Маркарян Б. Е., Атлас открытых звездных скоплений, Москва, 1952. Բ. Մարգարյան


ԱՍՏՂԱՁՈՐ (մինչև 1935՝ Ալիղռըխ), գյուղ Հայկական ՍՍՀ Մարտունու շրջանում, Սևանա լճի հարավային ափին, շրջկենտրոնից 6,5 կմ հարավ–արևելք։ 2711 բն. (1970), հայեր։ Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և ծխախոտի մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կինո։ Գյուղում կան երկաթի դարի դամբարաններ (մ. թ. ա. IX–VIII դդ.), որոնց մի մասը պեղվել է 1951–53-ին։ Հայտնաբերվել են զենքեր, զարդեր, խեցեղեն։ Պահպանվել են նաև Պողոս–Պետրոս եկեղեցին, մահարձաններ, խաչքարեր, կիկլոպյան ամրոցի ավերակներ։


ԱՍՏՂԱՅԻՆ ԴԻՆԱՄԻԿԱ, տես Աստղաբաշխություն հոդվածում։


ԱՍՏՂԱՅԻՆ ԵՆԹԱՀԱՄԱԿԱՐԳԵՐ, գալակտիկաների մեջ մտնող և փոխներթափանցող ու ընդհանուր կենտրոն ունեցող համախմբություններ։ Ըստ բաշխման առանձնահատկությունների լինում են երեք տիպի՝ հարթ, գնդաձև և միջանկյալ։ Հարթ Ա. ե. կազմող օբյեկտները՝ ջերմ հսկաներն ու գերհսկաները, երկարպարբերական ցեֆեիդները, փոշային և գազային նյութը, բաց աստղակույտերն ու աստղասփյուռները կուտակված են բացառապես Գալակտիկայի սիմետրիայի հար