Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/589

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ունի զգալի (0",5–ից մեծ) սեփական շարժում։ Երկնքի ամենաարագաշարժ աստղը Բարնարդի թռչող աստղն է (տարեկան տեղափոխությունը 10",27)։ Ա. ս. շ. մեկ կամ երկու տարում նկատելն անհնար է. պետք է կատարել երկար ընդհատումներով դիտումներ և համեմատել արդյունքները (բացարձակ տեղաշարժ)։ Հարաբերական տեղաշարժերը ստանալու համար հետազոտվող տիրույթը նկարահանվում է երկու անգամ (մոտ 50 տարի ընդմիջումով) և արդյունքները համեմատվում բլինկ–կոմպարատոր գործիքի օգնությամբ։ Արդի չափողական ու դիտողական մեթոդները թույլ են տալիս Ա. ս. շ. չափել 0",001 ճշտությամբ։ Վ. Հերշելն ապացուցեց (1783), որ Արեգակը շարժվում է Տիեզերքում և, օգտվելով Ա. ս. շ–ից, տվեց նրա շարժման ուղղությունը։ Ա. ս. շ–ի օգնությամբ ուսումնասիրվում է Գալակտիկայի կառուցվածքը և դինամիկան։ Այն հնարավորություն տվեց հայտնաբերել շարժվող աստղակույտեր՝ Մեծ արջ, Ցուլ և այլ համաստեղություններում։ Հոլանդացի աստղագետ Ա. Բլաուն Պերսեյ II աստղասփյուռի Ա. ս. շ–ի ուսումնասիրությամբ հաստատեց (1952) Վ. Համբարձումյանի այն վարկածը, ըստ որի, աստղասփյուռները երբեմն ընդարձակվում են 10 կմ/վրկ արագությամբ։ Ռ. Մնացականյան

ԱՍՏՂԵՐԻ ՍՊԵԿՏՐԱԼ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ, աստղերի ստորաբաժանումը ըստ սպեկտրալ հատկանիշների։ Ա. ս. դ–ման առաջին փորձերից ամենահաջողը Պիկերինգ–Ֆլեմինգի դասակարգումն է (1897), որը որոշ փոփոխումներով Ա. Քենոնը օգտագործեց Հենրի Դրեպերի (Հարվարդի համալսարան) աստղացուցակը (ընդգրկում էր 225300 աստղ, այսինքն՝ մինչև 8,25 աստղային մեծություն ունեցողները) կազմելիս։ Այժմ հայտնի են ավելի քան 400 հազար աստղերի սպեկտրալ դասերը։

Աստղերի Հարվարդյան սպեկտրալ դասակարգման մեջ որպես հիմնական չափանիշ ընդունված է ատոմային սպեկտրալ գծերի կամ մոլեկուլային շերտերի ինտենսիվությունը։ Այդ դասակարգումը մշակվել է զուտ էմպիրիկ ճանապարհով և, ինչպես հետագայում պարզվեց, հանդիսանում է աստղերի մթնոլորտներում նյութի իոնացման աստիճանի տարբերություններն արտացոլող ջերմաստիճանային դասակարգում։ Հարվարդյան դասակարգումը ինչ–որ չափով արտացոլում է նաև աստղերի բաղադրության մեջ եղած տարբերությունները։ Աստղերի սպեկտրալ դասերը (ըստ ջերմաստիճանի նվազման) կարելի է ներկայացնել հետևյալ հաջորդականությամբ.

Ընդ որում, յուրաքանչյուր դաս իր հերթին բաժանվում է 10 ենթադասի։ Սպեկտրալ հաջորդականության մեջ ջերմաստիճանը փոխվում է շուրջ 30000°C-ից (O դաս) մինչև 2000°C(M դաս)։ O-B դասերի աստղերը կոչվում են ջերմ և կապտավուն են, իսկ դասերինը՝ սառը և ունեն կարմիր գույն։ Բացի ջերմաստիճանից սպեկտրի վրա ազդում է նաև աստղի ծանրության ուժի արագացումը։ Այդ ազդեցությամբ է պայմանավորված նույն ջերմաստիճանի թզուկ և հսկա աստղերի սպեկտրների զգալի տարբերությունները։ Սպեկտր–լուսատվություն բազմարժեք առնչությունը սովորաբար ներկայացվում է դիագրամայով (Հերցշպրունգ–Ռեսսելի դիագրամա)։ Վ. Ադամսը և Ա.Կոլշյուտերը, օգտագործելով ճեղքային սպեկտրոգրամներ, ցույց տվեցին, որ բարձր լուսատվության և նույն սպեկտրալ դասի աստղնրի սպեկտրներում որոշ գծեր ուժեղ են, որոշ գծեր էլ՝ թույլ։ Նրանք այդ տարբերությունները օգտագործեցին աստղերի սպեկտրաչափական բացարձակ մեծությունները որոշելու համար: Չափանիշ ծառայում էր գծերի ընտրված զույգի հարաբերական ինտենսիվությունը։ Հետագայում (1943), Իերկսի աստղադիտարանում (ԱՄՆ) Վ. Մորգանը, Պ. Կինանը և Ե. Կելմանը մշակեցին երկչափանի դասակարգում, որտեղ սպեկտրը ջերմաստիճանի հետ մեկտեղ բնութագրվում է նաև լուսատվությամբ։ Ֆ. Բեկերը, իսկ հետագայում Հ. Ջոնսոնը և Վ. Մորգանը Ա. ս. դ–ման համար օգտագործեցին եռագույն լուսաչափություն, որը հաջողությամբ կարելի է կիրառել O և B աստղերի սպեկտրալ դասը և միջաստղային կլանումը որոշելու համար։ Ֆրանսիացի գիտնականներ Դ. Բարբիեն, Դ. Շալոնժը և Լ. Դիվանը վաղ տիպի աստղերի համար (O–G) առաջարկեցին եռաչափ դասակարգում, որտեղ պարամետրեր են բալմերյան թռիչքը, թռիչքի ալիքային երկարությունը և սպեկտրալուսաչափական գրադիենտը։

Գրկ. Курс астрофизики и звёздной астрономии, т. 1–3, М.–Л., 1951–64. Է. Պարսամյան


ԱՍՏՂԵՐԻ ՏԵՍԱԳԾԱՅԻՆ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆ, աստղերի տարածական հարաբերական (Արեգակի նկատմամբ) արագության պրոյեկցիան տեսագծի ուղղությամբ։ Ա. տ. ա–ների որոշումը հիմնված է Դոպլեր–Ֆիզոյի օրենքի վրա։ Եթե լույս արձակող մարմինը շարժվում է դիտողի նկատմամբ, ապա նրա արձակած ալիքների երկարությունները փոփոխվում են օրենքով։ ( և համապատասխանաբար տեսագծային և լույսի արագություններն են, ալիքի երկարությունն է, իսկ ՝ շեղման չափը)։ Ա. տ. ա. գտնելու համար հարկավոր է որոշել նրանց սպեկտրալ գծերի շեղումները երկրային (լաբորատոր) աղբյուրի գծերի նկատմամբ։ Ժամանակակից դիտողական և չափողական տեխնիկան թույլ է տալիս Ա. տ. ա. որոշել 0,5 կմ/վ ճշտությամբ։ Ա. տ. ա–ներով առաջին անգամ (1890) զբաղվել են Պուլկովոյի (Ա. Բելոպոլսկի) և Պոտսդամի (Հ. Ֆոգել, Յ. Շայներ) աստղադիտարաններում։ Ա. տ. ա–յան օգնությամբ հետազոտվում են աստղերի շարժումների օրինաչափությունները, Արեգակի շարժման ուղղությունն ու արագությունը, Արեգակնային համակարգի պտույտը Գալակտիկայի կենտրոնի շուրջը, ուսումնասիրվում են սեղմ կրկնակի աստղերը, աստղերի պտույտը իրենց առանցքի շուրջը ևն։ Ա. տ. ա–ները մեծ նշանակություն ունեն նաև Մետագալակտիկայի ուսումնասիրման համար, իսկ գալակտիկաների հեռավորությունների որոշման ժամանակ նրանց վրա հենվող մեթոդը մինչև այժմ ամենահուսալին է։ Ռ. Մնացականյան


ԱՍՏՂԻ–ԲԼՈՒՐ, վաղ երկաթի ժամանակաշրջանի (մ. թ. ա. X–V դդ.) կիկլոպյան ամրոց և դամբանադաշտ Հայաստանում։ Գտնվում է Իջևանի շրջանի Ենոքավան գյուղի արմ. ծայրամասում։ Առաջին անգամ ուսումնասիրել է Ս. Եսայանը (1966–1967)։ Պեղվել է շուրջ 30 դամբարան և տաճարային շինություն։ Հայտնաբերվել են խեցեղեն, զենքեր, աշխատանքային գործիքներ, զարդեր։ Եզակի են ամրոցում գտնված տաճարի երկհարկանի կավե մոդելը և կավե կոճաձև զոհանոթները, բրոնզե գոտին, որը զարդարված է կենդանիների, հեծյալների, մարտակառքերի և աստվածների պատկերներով։

Գրկ. Есаян С. А., Астхблурский могильник, «ԼՀԳ», 1968, № 6.


ԱՍՏՂԻԿ (Գանթարճյան Ամպեր Սահակի) (1852–1884), հայ դերասանուհի և երգչուհի (կոնտրալտո)։ Սիրանույշի քույրը։ Ծնվել է Կ. Պոլսում։ Բեմ է բարձրացել 1870–71-ի թատերաշրջանում, Հ. Վարդովյանի խմբում՝ Ներինի դերով (Մոլիերի «Պարոն դը Պուրսոնիակ»)։ 1872–78-ին խաղացել է Պ. Մաղաքյանի, Հ. Վարդովյանի դրամատիկական և Ս. Պենլյանի օպերետային խմբերում։ Ա–ին առավել հաջողվել են քմայքոտ, միամիտ ու կռվազան կանանց դերերը։ 1879-ին Սիրանույշի և Պ. Ադամյանի հետ հրավիրվել է Թիֆլիս՝ Հայոց դերասանական մշտական խումբ, ուր երկու տարվա ընթացքում խաղացել է ավելի քան 40 դեր։ Մահացել է մայիսի 1-ին, Կ. Պոլսում։ Բ. Հովակիմյան


ԱՍՏՂԻԿ, սիրո և գեղեցկության աստվածուհին հայկական դիցարանում։ Համապատասխանում է հուն. Աֆրոդիտեին։ Ա–ին նվիրված մեհյանները գտնվում էին Աշտիշատում, Արտաշատում, Անձևաց գավառում՝ Պաղատ լեռան գագաթին, Վանի մոտ՝ Արտամետում և այլուր։ Ա–ին նվիրված տոնը կոչվում էր Վարդավառ և մեծ հանդիսավորությամբ նշվում էր հուլիսի (նավասարդի) կեսին։ Ակադ. Մ. Աբեղյանը Ա–ին համարում է նաև ջրի աստվածուհի և գտնում է, որ Գեղամա լեռներում և Հայաստանի այլ վայրերում հայտնաբերված «վիշապներ» կոչված ձկնակերպ կոթողները Ա. դիցուհու արձաններն են։

Գրկ. Աբեղյան Մ., «Վիշապներ» կոչված կոթողներն իբրև Աստղիկ–Դերկետո դիցուհու արձաններ, Ե., 1941։ Կ. Մելիք–Փաշայան