ԱՍՏՂԻԿ (stellaria), մեխակազգիների ընտանիքի բույսերի ցեղ։ Գերազանցապես բազմամյա բույսեր են, տերևները՝ հակադիր, ձվաձև կամ սրտաձև, ծաղիկները՝ սպիտակ։ Պտուղը տուփիկ է։ Հայտնի է 100 տեսակ, որոնք տարածված են ամենուրեք։ ՀՍՍՀ–ում աճում է 5 տեսակ (սովորական, չնկատված, հաստատերև, պարսկական և մկնականջանման)։ Ա–ներից մի քանիսը բանջարանոցների մոլախոտեր են և թունավոր են ձիերի ու եղջերավոր անասունների համար։
ԱՍՏՂԻԿ, հայկական հեթանոսական տոմարի ամիսների 7-րդ օրվա անունը։ Կապված է Աստղիկ աստվածուհու պաշտամունքի հետ։
«ԱՍՏՂԻԿ ԱՐԵՎԵԼՅԱՆ», բանասիրական, գիտական ամսագիր։ Լույս է տեսել 1855-ին, Կ. Պոլսում։ Հրատարակություն Մեսրոպյան ընկերության։ «Ա. ա.» տպագրել է ինքնուրույն ու թարգմանական նյութեր՝ բարոյախոսական զրույցներ, բանաստեղծություններ, պատմվածքներ, առողջապահական, դպրոցական–մանկավարժական հոդվածներ, աշխարհագրությանը և բնական գիտություններին վերաբերող օգտակար տեղեկություններ։ Ամսագիրը դադարել է լույս տեսնել, երբ լուծարքի է ենթարկվել Մեսրոպյան ընկերությունը։
ԱՍՏՈՆ (Aston) Ֆրենսիս Ուիլյամ (1877–1945), անգլիացի ֆիզիկոս։ Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1921), ՍՍՀՄ ԳԱ թղթ–անդամ (1924)։ Ծնվել Է սեպտեմբերի 1-ին, Հարբոռնում (Անգլիա)։ Ավարտել է Բիրմինգհամի և Քեմբրիջի համալսարանները։ 1913-ին Ջ. Թոմսոնի հետ Ա. առաջինը ստացավ նեոնի կայուն իզոտոպների գոյությունը հաստատող տվյալները։ Ստեղծել է առաջին մասսպեկտրոմետրը, որի օգնությամբ հայտնաբերել է քիմիական տարրերի 213 կայուն իզոտոպներ։ 1925-ին պատրաստել է մեծ լուծողունակությամբ մասսպեկտրոգրաֆ, որով ճշտորեն չափել է մի շարք իզոտոպների զանգվածներն ու որոշել դրանց պակսորդները։ Ստացված տվյաների հիման վրա կառուցել է ատոմային միջուկների կապի էներգիան բնորոշող փաթեթավորման գործակցի առաջին կորը (1927)։ Մասսպեկտրոգրաֆով բազմաթիվ իզոտոպներ հայտնաբերելու համար 1922-ին արժանացել է նոբելյան մրցանակի։ Ա. մահացել է նոյեմբ. 20-ին, Լոնդոնում։
Երկ. Масс-спектры и изотопы, пер. с англ., М.,1948.
ԱՍՏՎԱԾ, ամենազոր, գերբնական էակի ֆանտաստիկական կերպար, հավատի ու երկրպագության հիմնական օբյեկտը բոլոր կրոններում (բացի կրոնական մտածողության նախնադարյան ձևերից)։ Ծնվելով մարդկանց երևակայության մեջ՝ Ա–ների «ֆանտաստիկ պատկերները, որոնց մեջ սկզբնապես արտացոլվում են միայն բնության խորհրդավոր ուժերը, այժմ ձեռք են բերում նաև հասարակական ատրիբուտներ և պատմական ուժերի ներկայացուցիչներ են դառնում» (Էնգելս Ֆ., Անտի–Դյուրինգ, 1967, Էջ 425–26)։ Սկզբնական շրջանում միևնույն կրոնի մեջ ընդունվել են բազմաթիվ Ա–ներ (տես Բազմաստվածություն), որոնցից մեկը համարվել է գերագույն Ա. (հույների մոտ՝ Զևսը, հայերի մոտ՝ Արամազդը ևն)։ Հետագայում, իբրև բացարձակ միապետական կարգի արտացոլում, առաջ է եկել մեկ միասնական, ամենազոր Ա. պատկերացումը (տես Միաստվածություն): Ժամանակակից կրոններում Ա. ներկայացվում է որպես բանականությամբ օժտված և կատարյալ անհատ էակ, որն ստեղծել ու կառավարում է աշխարհը, տնօրինում է մարդկության և առանձին մարդկանց բախտը։ Հրեական կրոնում այն կոչվում է Եհովա, մահմեդականում՝ Ալլահ, քրիստոնեության մեջ դիտվում է իբրև սուրբ երրորդություն (հայր աստված, որդի աստված, սուրբ–հոգի աստված) ևն։ Ա. գաղափարն այս կամ այն ձևով առկա է նաև իդեալիստական, մասնավորապես՝ օբյեկտիվ իդեալիստական փիլիսոփայության մեջ։ Աստվածաբանության և իդեալիստական փիլիսոփայության մեջ առաջ են քաշվել Ա. գոյության զանազան ապա ցուցումներ, այն Է՝ կոսմոլոգիական (քանի որ գոյություն ունի հետևանքը՝ աշխարհը, պետք է որ գոյություն ունենա նաև նրա նախապատճառը՝ Ա.), գոյաբանական (Ա., որպես կատարյալ էակի մասին պատկերացումը ենթադրում է նրա այնպիսի հատկություն, ինչպիսին գոյությունն Է), նպատակաբանական (բնության մեջ եղած նպատակահարմարությունը վկայում է բանական նախասկզբի՝ Ա. գոյության մասին) ևն։ Սակայն գիտության նվաճումների լույսի տակ ակնհայտ Է դառնում այդ բոլոր ապացուցումների կատարյալ սնանկությունը, և Ա. գաղափարը շարունակում է հենված մնալ կույր հավատի վրա։ Ա. գաղափարի էությունն ու սոցիալական դերը գիտականորեն բացահայտել է մարքսիզմ–լենինիզմը։
ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ուսմունք աստծո մասին։ «Ա.» հասկացությունը կիրառելի է հրեական կրոնի, իսլամի և հատկապես քրիստոնեության նկատմամբ։ Ա. նպատակ ունի «գիտականորեն» ապացուցել աստծո գոյությունը, արարչագործությունը, հիմնավորել կրոնական բարոյականությունը և աստվածային հայտնության «ճշմարտությունները»։ Իրականում այն կեղծ գիտություն է և շարադրում Է «սուրբ» գրքերի բովանդակությունը։ Ա–յանը բնորոշ է դոգմատիզմը, այն, բնականաբար, չի ձգտում բացահայտելու նոր ճշմարտություններ, այլ աշխատում է համակարգել ու հիմնավորել կրոնական դոգմաները՝ հենվելով «սուրբ» գրքերի ու եկեղեցու հայրերի հեղինակության վրա։ Ընդ որում, ժամանակի ընթացքում Ա., աշխատելով պահպանել կրոնի ազդեցությունը, կյանքի առաջընթացի ու գիտության զարգացման համեմատ, փոփոխում է կրոնական դոգմաների իր մեկնաբանաթյունները։ Ա–յան համակողմանի ու արմատական քննադատությունը գիտական աթեիզմի առաջնահերթ խնդիրներից է:
ԱՍՏՎԱԾԱԾԻՆ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթում, Վան քաղաքից հյուսիս, Լիմ կղզու դիմաց։ XX դ. սկզբին ուներ 50 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ և ձկնորսությամբ։ Գյուղում գտնվում էր կաթողիկե՝ Աստվածածին, գեղեցկաշեն եկեղեցին, որից էլ գյուղը ստացել է իր անունը։ Ա. տեղական ճանապարհով կապված էր Վան քաղաքի հետ։ Գյուղն ավերվել է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Նրա բնակիչների միայն փոքր մասին է հաջողվել փրկվել կոտորածներից և բնակություն հաստատել Արևելյան Հայաստանում։
ԱՍՏՎԱԾԱՄԱՅՐ, տես Մարիամ Աստվածածին:
ԱՍՏՎԱԾԱՇԵՆ, գյուղ Արևմտյան Հայաստանի Հայոց ձոր գավառում (Վանի վիլայեթ)։ Գտնվում էր Խոշաբ գետի ձախ ափին, Վանա լճից 10 կմ հվ–արլ.։ XX դ. սկզբին ուներ շուրջ 80 տուն հայ բնակիչ, որոնք զբաղվում էին հողագործությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։ Գյուղում կար XIV դ. կառուցված քարաշեն եկեղեցի (Ս. Ստեփանոս)։ Ա–ից արլ. գտնվում են Հայկա բերդի ավերակները։ Ա–ի բնակչության միայն մի փոքր մասն է փրկվել կոտորածներից և ապաստանել Արևելյան Հայաստանում։
ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ, տարբեր ժամանակների, տարալեզու և տարաբնույթ երկերի ժողովածու (մ. թ. ա. VIII դ. - մ. թ. II դ.), որը պարունակում է հրեական և քրիստոնեական կրոնների հիմնական դավանանքը, առասպելներն ու դոգմաները։ Բուն անունը՝ Գիրք, Բիբլիա (հուն. Bίβλία - գրքեր բառից), միայն հայերն են Ա. անվանել։ Ըստ եկեղեցական ավանդության, Ա. գրել են հենց նրա մեջ հանդես եկող անձինք, մասնավորապես մարգարեներն ու առաքյալները՝ աստծո ներշնչմամբ (այստեղից էլ՝ Ա. անվանումը)։ Ա. բաղկացած է երկու հիմնական մասից՝ Հին կտակարանից (39 գիրք), որն ընդունում է ինչպես հրեական, այնպես էլ քրիստոնեական կրոնը, և Նոր կտակարանից (27 գիրք), որն ընդունում է միայն քրիստոնեական կրոնը։ Հին կտակարանը գրի է առնված մ. թ. ա. մոտավորապես VIII–II դդ., հին եբրայերենով, մասամբ՝ արամեերենով։ Պահպանվել է երկու խմբագրությամբ՝ հին եբրայական և «յոթանասնից» (այսպես է կոչվում մ. թ. ա. II դ. Ալեքսանդրիայում 72 հրեա մեկնիչների կողմից հին հունարեն թարգմանվելու կապակցությամբ), որոնք մեկը մյուսի համեմատությամբ որոշ չափով բնագրական տարբեր ընդգրկում ունեն։
Նոր կտակարանը գրի է առնված մ. թ. I դ. երկրորդ կեսերից մինչև II դ. վերջերը՝ հիմնականում հին հունարենով։ Ա–ի բնագիրը գլուխների ու համարների է բաժանվել ավելի ուշ, Հին կտակարանը՝ XIII – XIV դդ., իսկ Նոր կտակարանը՝ XVI դ.։ Ա–ին առնչվում են համանման բովանդակություն ունեցող մի շարք կրոնական գրվածքներ, որոնք մի ժամանակ նույնպես համարվել են սուրբ, բայց պաշտոնական եկեղեցին մերժել է դրանք և չի մտցրել Ա-ի մեջ, այդ նկատառումով էլ դրանք կոչվում են պարականոն (նաև