Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/60

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

60 ԱԳՐՈՆՈՄԻԱԿԱՆ

ու քունջութի մշակությունը։ Ընդավոր բույսերից մշակվել են մանրահատիկ ոսպը, սիսեռը, քուռուշնան, վիկը։ Օգտագործվել են վայրի եթերայուղատու բույսերը։ Արարատյան դաշտում և նրա շրջակայքում տարածված էին շերամապահությունն ու բամբակագործությունը։ Քաղաքներում և խոշոր բնակավայրերում զարգացել է պարտեզագործությունը։ Ցածրադիր գոտում, որտեղ հնարավոր չէ գյուղատնտեսական բույսերի անջրդի մշակությունը, մ. թ. ա. IX–VII դդ. կատարվել են ջրաշինարարական մեծ աշխատանքներ (Սարդարապատի, Աբուհայաթի և Դալմայի ջրանցքները)։

Երկրագործության բարձր մակարդակը երևում է հողի մշակման համար անհրաժեշտ երկաթե գործիքների զանգվածային օգտագործումից։ Հետագա դարերի ընթացքում շարունակվել է նշված բույսերի մշակությունը՝ ստացվել են նոր փոփոխակներ, ընդլայնվել է դրանց տարածվածությունը։ XVII դ. վերջերից Հայաստանում սկսել են մշակել ծխախոտ, իսկ XIX դ. վերջին՝ բրինձ։

Հայաստանում գյուղատնտեսության զարգացման իսկական վերելքն սկսվեց սովետական իշխանության հաստատումից հետո։ Նվազ եկամտաբեր կուլտուրաներն իրենց տեղը զիջեցին այգեգործությանը և պտղաբուծությանը։ Առաջին անգամ մշակվեցին շաքարի ճակնդեղը և խորդենին։ Ա֊ի ժամանակակից խնդիրները լուծելիս կարևոր դերը պատկանում է գյուղատնտեսության մեքենայացմանը, ագրոտեխնիկային, քիմիային, մելիորացիային, սելեկցիային և սերմնաբուծությանը։ Ա֊ի առջև դրված խնդիրների հաջող կատարման համար լայնորեն օգտագործվում են ֆիզիկայի, էլեկտրոնիկայի, քիմիայի, մաթեմատիկայի նվաճումները։ Հայկական ՍՍՀ֊ում ագրոնոմիական գիտական հետազոտություններ տարվում են գյուղատնտեսական, անասնաբուծական֊անասնաբուժական ինստիտուտներում, հողագիտության և ագրոքիմիայի, ագրոքիմիական պրոբլեմների և հիդրոպոնիկայի գիտահետազոտական ինստիտուտներում ու փորձակայաններում։ Սովետական Ա֊ի զարգացման գործում ավանդ ունեն հայ գիտնականներ Ա. Լ. Մազլումովը, Մ. Գ. Թումանյանը, Գ. Խ. Աղաջանյանը, Ն. Ա. Մայսուրյանը, Ի. Ս. Վարունցյանը և ուրիշներ։

Գրկ. Աստվածատրյան Զ., Կարագյոզյան Ս. Կ. Աղաջանյան Գ., Ընդհանուր երկրագործություն, Ե., 1934։ Вильямс В. Р., Основы земледелия, 6 изд., 1948; Андреев Н. Г., Агрономия, М., 1963; Лебедик А. И., Основы агрономии, М., 1966. Ա. Թովմասյան

ԱԳՐՈՆՈՄԻԱԿԱՆ ԱՆԱԼԻԶ, բույսերի, հողերի, պարարտանյութերի, թունաքիմիկատների, գյուղատնտեսական մթերքների հետազոտման մեթոդների ամբողջությունը։ Բույսերի անալիզով որոշվում են բուսաբուծության արտադրանքի որակը, բույսերի սննդային տարրերը և քիմիական բաղադրությունը, ուսումնասիրվում նյութերի փոխակերպումն ու դինամիկան։ Հողերի անալիզով պարզվում է նրանց ագրեգատային, ֆիզիկա֊մեխանիկական, քիմիական կազմը, կառուցվածքը ռեակցիան (Ph), բերրիությունը պայմանավորող սննդանյութերի պարունակությունը՝ կապված կենսաբանական պրոցեսների հետ։ Պարարտանյութերի անալիզով որոշվում է խոնավությունն ու սննդային տարրերի ընդհանուր և մատչելի քանակությունը։


ԱԳՐՈՏԵԽՆԻԿԱ, գյուղատնտեսական կուլտուրաների մշակման տեխնիկա։ Մշակման հիմնական ձևերն են՝ հողերի մշակությունն ու պարարտացումը, սերմացուների ցանքերի և տնկանյութերի նախապատրաստումը, բուն ցանքը և տնկումները, բույսերի խնամքը, բերքահավաքը, ձնակուտակումը, ցանքածածկումը, պայքարը մոլախոտերի և բույսերի հիվանդությունների դեմ։ Առանձին ձևերը փոխադարձորեն կապված են և կազմում են մի ամբողջություն։ Ա֊ի խնդիրն է՝ ապահովել բարձր, կայուն բերքի ստացումը, աշխատանքի արտադրողականության աճը, հողերի բերրիության բարձրացումը։ Գիտության նվաճումների և առաջավոր փորձի ներդրումը գյուղատնտեսական արտադրության մեջ, երկրագործության քիմիացումը, արտադրական պրոցեսների կոմպլեքսային մեքենայացումն ու ավտոմատացումը Ա֊ի կատարելագործման կարևոր նախապայմաններ են։


ԱԳՐՈՔԻՄԻԱ, ագրոնոմիական քիմիա, կենսաբանական ու քիմիական գիտությունների և արդյունաբերության տեխնոլոգիայի հարակցման հանգույցում զարգացող գիտություն․ ուսումնասիրում է բույսերի սննդառությունը և արտաքին միջավայրի հետ նրանց փոխազդեցությունների քիմիզմը՝ բուսական օրգանիզմի արտադրողականությունը բարձրացնելու նպատակով։ Ա֊ի հիմնական խնդիրն է բույսերի սննդառության ղեկավարման գիտական հիմունքների մշակմամբ բնական, դաշտային կամ արհեստական֊արդյունաբերական պայմաններում առավել քանակությամբ և անհրաժեշտ որակի բուսական նյութ ստանալը։ Ա֊ի զարգացմամբ այժմ ձևավորվում են նրա ընդհանուր և մասնավոր կամ բնագավառային բաժինները։ Ընդհանուր Ա. ուսումնասիրում է բնության մեջ կարևորագույն սննդատարրերի շրջանառությունը, մշակում բույսի, հողի կամ արհեստական սննդամիջավայրում տեղի ունեցող քիմիական պրոցեսների վրա ազդելու այնպիսի միջոցներ, որոնք կարող են բարձրացնել բույսերի բերքատվությունը և որակը։ Բնագավառային կամ մասնավոր Ա֊ի հիմնական խնդիրը գյուղատնտեսական տարբեր բույսերի պարարտացումն է, որը սննդատարրերի շրջանառությունը բարելավող հզոր միջոցներից է։ Քիմիական արդյունաբերության զարգացմամբ նորանոր պարարտանյութերի, բույսերի պաշտպանության կամ նրանց աճը խթանող, մոլախոտերը ոչնչացնող, հողի որակը բարձրացնող բազմազան նյութերի արտադրությանը զուգընթաց ընդլայնվում են ագրոքիմիական հետազոտությունների խնդիրները։

Ա. այդ խնդիրները լուծելիս օգտագործում է բույսերի ֆիզիոլոգիայի, կենսաքիմիայի, քիմիական և ֆիզիկա֊մաթեմատիկական գիտությունների նորագույն նվաճումները։ Ա֊ի ծագումն ու զարգացումը կապված է Ժ. Բուսենգոյի, Յու. Լիբիխի, Ջ. Լոոզի, Ջ. Ջիլբերտի, Հ. Հելռիգելի, Դ. Մենդելեևի, Կ. Տիմիրյազևի, Դ. Պրյանիշնիկովի, Կ. Գեդրոյցի, Է. Ռասելի անունների հետ։ Հայաստանում Ա. որպես ինքնուրույն գիտություն զարգացել է Պ. Քալանթարյանի և նրա աշակերտների (Գ. Դավթյան, Ե. Մովսիսյան, Գ. Ասլանյան, Ա. Հարությունյան, Հ. Փանոսյան, Ս. Արևշատյան) ջանքերով՝ սովետական կարգերի օրոք։

Տես նաև Ագրոքիմիական պրոբլեմների և հիդրոպոնիկայի ինստիտուտ ՀՍՍՀ ԳԱ։

Գրկ. Դավթյան Գ. Ս. և Բաբայան Գ. Բ., Հայկական ՍՍՀ հողածածկի ագրոքիմիական բնութագիրը, Ե., 1966։ Прянишников Д. Н., Избр. соч. т. 1–4, М., 1951–55; Давтян Г. С., Советская агрохимия и некоторые ее задачи, «Вопросы философии», 1955, № 1; Его же, Растениеводство без почвы, «Наука и человечество», Международный ежегодник, т. 4, М., 1965; Мовсисян Е. М., Агрохимические исследования карбонатных почв Араратской равнины, Е., 1959 Գ. Դավթյան


ԱԳՐՈՔԻՄԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ, գյուղատնտեսության ագրոքիմիական սպասարկումն ապահովող կազմակերպություն։ Խնդիրներն են. հանքային պարարտանյութերի և այլ քիմիական նյութերի արդյունավետ կիրառման գիտականորեն հիմնավորված հանձնարարականների մշակումը, հողի ագրոքիմիական քարտեզագրումը, տնտեսության՝ հանքային պարարտանյութերի պահանջի սահմանումը, դրանց կիրառման վերահսկողությունը, ագրոքիմիական գիտելիքների պրոպագանդումը։ ՀՍՍՀ֊ում Ա. ծ. ստեղծվել է 1964-ին, գյուղատնտեսության մինիստրության հողագիտության և ագրոքիմիայի գիտահետազոտական ինստ֊ին առընթեր։


ԱԳՐՈՔԻՄԻԱԿԱՆ ՊՐՈԲԼԵՄՆԵՐԻ ԵՎ ՀԻԴՐՈՊՈՆԻԿԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ ՀՍՍՀ ԳԱ, գիտահետազոտական հիմնարկություն Երևանում։ Կազմակերպվել է 1966-ի մայիսին՝ Հայկական ՍՍՀ ԳԱ Ագրոքիմիայի լաբորատորիայի հիմքի վրա, ակադեմիկոս Գ. Ս. Դավթյանի ղեկավարությամբ։ 1947-ից գործող լաբորատորիան մշակել է հողերի բերրիության և նրանց ագրոքիմիական բնութագրման, բույսերի արմատային և արտարմատային սննդառության, լեռնային շրջաններում հացահատիկային կուլտուրաների ու մարգագետինների պարարտացման հարցերը, կազմել ՀՍՍՀ հողածածկի ագրոքիմիական առաջին քարտեզը (1962)՝ բնութագրելով գլխավոր հողատիպերը։

Ինստ֊ի կազմակերպումից հետո ընդլայնվեց ուսումնասիրվող պրոբլեմների շրջանակը։ Ինստ֊ում զարգանում են կենսաոլորտի ագրոքիմիայի և բույսերի արդյունաբերական, անհող արտադրության բնագավառի նոր ուղղություններ, լուծվում պրոբլեմներ՝ կապված կենսաոլորտի հետազոտության, պահպանման և շահագործման միջազգային ծրագրի հետ, մշակվում կարևոր սննդատարրերի միգրացիայի, բնության մեջ նրանց շրջանառության ու հաշվեկշռի, դրանց բարելավման ուղիների հարցերը, ինքնամեքենայացմամբ կարգավորվող արհեստական պայմաններում բույսերի անհող՝ հիդրոպոնիկ արտադրության ագրոքիմիական, ֆիզիոլոգիական և կենսաքիմիական հիմունքները։