մանքները։ Ինստ֊ը ունի (1973) 6 լաբորատորիա՝ բույսերի սննդառության և մթերատվության, հիդրոպոնիկ միջավայրի միկրոֆլորայի և միաբջիջ ջրիմուռների սննդառության, մթնոլորտային տեղումների և ոռոգման ջրերի ագրոքիմիայի, սննդատարրերի միգրացիայի, ռադիացիոն ագրոքիմիայի, փորձնակոնստրակտորական մշակումների։ Գործում են նան Փորձարարական հիդրոպոնիկ կայանը, Դիլիջանի անտառային ագրոքիմիական կայանը, Արագածի ագրոքիմիական հենակետը, ստացիոնար դիտումների ցանց և օժանդակ արհեստանոց։
«ԱԳՐՈՔԻՄԻԱՅԻ ՊՐՈԲԼԵՄՆԵՐԻ ԵՎ ՀԻԴՐՈՊՈՆԻԿԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐ» (մինչև № 6՝ «Ագրոքիմիայի լաբորատորիայի հաղորդումներ»), գիտական հոդվածների պարբերական թեմատիկ ժողովածու։ Հրատարակվում է Երևանում, 1948-ից, հայերեն և ռուսերեն։ Գլխավոր խմբագիրն է ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս Գ. Դավթյանը։ ժողովածուներն ընդգրկում են ինստ֊ի լաբորատորիաներում և երբեմն այլ երկրների համանման գիտական օջախներում կատարված հետազոտությունների արդյունքները։ Մինչև 1972-ը հրատարակվել է 12 ժողովածու։
ԱԳՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, տես Գյուղատնտեսական օդերևութաբանություն։
ԱԳՐՈՖԻԶԻԿԱ, ագրոնոմիական ֆիզիկա, գիտություն բույսերի արտաքին կենսապայմանների հետազոտության ֆիզիկական մեթոդների և կենսագործունեության ֆիզիկական պրոցեսների մասին։ Ուսումնասիրում է հողի, բույսի և մթնոլորտի գետնամերձ շերտի ֆիզիկական երևույթները։ Օգտվելով ֆիզիկայի տեսական ու գործնական նվաճումներից՝ Ա. մշակում է բույսերի բերքատվության բարձրացմանը և վաղահասությանը նպաստող միջոցներ։ Ա֊ի հիմնական բաժիններն են՝ հողի ֆիզիկան (պինդ և գազային ֆազերի ֆիզիկա, հիդրոֆիզիկա, ջերմաֆիզիկա), օդի գետնամերձ շերտի ֆիզիկա (աերոդինամիկ, ճառագայթային և այլ պարամետրեր), բույսերի կենսաֆիզիկա կենսաֆիզիկա (լուսաֆիզիոլոգիա, ռադիոկենսաբանություն)։ ՍՍՀՄ֊ում ագրոֆիզիկոսների դպրոցի հիմնադիրը Ա. Իոֆֆեն է։
ԱԳՈՒԼԻՍ (հին ձևը՝ Ագուլիք, տեղական բարբառով՝ Յուգյուլիս) Վերին և Ներքին, բնակավայրեր Գողթն գավառում (այժմ՝ Նախիջևանի ԻՍՍՀ Օրդուբադի շրջանում)։
Վերին Ագուլիս, հին հայկական գյուղաքաղաք (այժմ՝ գյուղ Նախիջևանի ԻՍՍՀ Օրդուբադի շրջանում)։ Կառուցված էր լեռան ժայռոտ լանջին։ Բնակիչները հայեր էին, որոնք իրենց կոչում էին զոկեր և խոսում յուրահատուկ բարբառով (տես Ագուլիսի բարբառ): Ձեռներեց ու գործունյա արհեստավորներ (հատկապես մետաքսագործներ), առևտրականներ ու այգեգործներ էին։ Առաջին անգամ Ա. հիշատակվում է XI դարում «Արգուլիք» ձևով։ XVI դարում հիշվում է որպես Ռուսաստանի, Պարսկաստանի, Արևմտյան Եվրոպայի ու Հնդկաստանի հետ առևտրական կապեր ունեցող վաճառաշահ քաղաք։ XVII դարում Ա֊ում բնակվում էր 8000 հայ ընտանիք։ Քաղաքը բաժանված էր տասը թաղի, ուներ 2–3 հարկանի տներ, դպրոցներ, գրադարան, մետաքսի գործարաններ, բազմաթիվ արհեստանոցներ, մեծ շուկա և իջևան, շրջապատված էր պտղաբեր այգիներով։ 1752-ին, Ատրպատականի Ազատ խանի արշավանքի հետևանքով քաղաքն զգալիորեն ավերվեց (տես Ագուլիսի աղետ 1752)։ Ըստ 1897-ի մարդահամարի, ուներ 1670 բնակիչ։ Վերին Ա. հարուստ է ճարտարապետական հուշարձաններով։ Տարբեր ժամանակներում այստեղ կառուցվել է 12 եկեղեցի ու վանք։ Հռչակավոր է, մասնավորապես, Ս. Թովմա Առաքյալի (Ագուլյաց) վանքը, որի կառուցման ժամանակի մասին տեղեկություններ չեն պահպանվել, հնագույն արձանագրությունը (1694), փորագրված մուտքի ճակատին, վերաբերում է շենքի նորոգմանը։ Վանքի եկեղեցին խաչաձև հատակագծով մի հորինվածք է, որի բարձր գմբեթը հենվում է չորս մեծ սյուների վրա, ունի նաև երեք փոքր զանգակատուն։ Զարդարված է որմնանկարներով։ Վանքն ունեցել է պարիսպներ, առաջնորդարան, բնակելի և տնտեսական շինություններ։ Նշանավոր է միակամար գեղադիր կամուրջը (1713)։ Վերին Ա. նշանավոր է նաև որպես հայ գրչության կենտրոն։ Ս. Թովմա Առաքյալի վանքում արտագրվել են բազմաթիվ ձեռագրեր։ Վերին Ա֊ից են նշանավոր մտավորականներ Զաքարիա Ագուլեցին, Ա. Արասխանյանը, Ա. Քալանթարը, Լ. Մանվելյանը և ուրիշներ։
Ներքին Ագուլիս, գյուղ Վերին Ա֊ից 2 կմ հարավ, նախկին Դաշտ գյուղի տեղում, որը ագուլեցիք 1820-ին գնել են Պարսից գահաժառանգ Աբբաս֊Միրզայից։ Ըստ 1897-ի մարդահամարի, ուներ 990 բնակիչ։
1919-ին երկու Ա֊ներն էլ ավերվեցին։ Հետագայում Վերին Ա. մասամբ վերականգնվեց (այժմ՝ Վերին Այլիս գյուղ)։
Գրկ. Ալիշան Ղ., Սիսական, Վնտ., 1893։ Լալայան Ե., Նախիջևանի գավառ, «ԱՀ», 1904, գիրք 11։
ԱԳՈՒԼԻՍԻ ԱՂԵՏ 1752, Ագուլիսի գրավումն ու կողոպուտը Ատրպատականի Ազատ խանի կողմից։ Օգտվելով Պարսկաստանում տիրող անիշխանությունից՝ Ազատ խանը արշավեց զավթելու Երևանի խանությունը։ Սակայն նրան ետ շպրտեցին Երևանի կայազորը և օգնության հասած վրաց զորքը։ Նահանջի ճանապարհին նա հարձակվեց Ագուլիսի վրա։ Չնայած դիմադրությանը՝ քաղաքն ընկավ։ Երեք օր Ագուլիսն ու շրջակա գյուղերը ենթարկվեցին թալանի ու ավերածության, բնակիչների մի մասը փրկվեց փախուստով, գաղթեց Շուշի, Կ. Պոլիս, մյուսը կոտորվեց կամ գերեվարվեց։ Ազատ խանը 1200 գերիներով հեռացավ Պարսկաստան։
Գրկ. Չամչյան Մ., Պատմութիւն Հայոց, հ. 3, Վնտ., 1786։ «Սուգ և կոծ ի վերայ գյուղաքաղաքին Ագուլեայ որպիսի լինելն», «Մասիս», ԿՊ, 1. 111. 1886, № 3811։
ԱԳՈՒԼԻՍԻ ԲԱՐԲԱՌ, հայերենի բարբառ, պատկանում է «ում» ճյուղին, խոսվել է Ագուլիսում և շրջակա գյուղերում։ Ա. բ. ունի եռաստիճան բաղաձայնական համակարգ (բ, պ, փ), քմային ձայնավորներ (ա, օ, ու) և բաղաձայններ (գյ, կյ, քյ)։ Անճանաչելի փոփոխության են ենթարկվել հատկապես ձայնավորները․ ա, օրինակ, դարձել է օ (օհ<ահ), ու (հում<համ, թունգ<թանգ), ը (մըխօթ<մախաթ), ի (բիմբակ<բամբակ), այ (այսաղ<ասեղ), ա (շաբաթ<շաբաթ)։ Ձայնեղ պայթականները չեն խլանում և պահպանում են ձայնեղությունը (մօռդ<մարդ, օրագ<ուրագ, մաջ<մէջ)։ Գոյականների հոգնակին կազմվում է ք, քյ, ար, ար, նէր, ատիքյ, նատիքյ, անիքյ ևն մասնիկներով։ Հոլովները յոթն են, սեռականը ստանում է ի, բացառականը՝ ից, գործիականը՝ ավ, ավ, ներգոյականը՝ ամ, ամ, ում վերջավորություններ։ Շատ Փոփոխված է խոնարհումը. անկատարն ունենում է ում, ամ, ամ վերջավորություններ (կտրում, նա՛համ, հռանամ), անցյալի անկատարը ներկայի ձևերին ավելացնում է նէլ (նա՛համ ըմ նէլ = ասում էի, նա՛համ ըք նէլ = ասում էինք,), ներկայի հոգնակի թվի 1-ին և 2-րդ դեմքերը նույնն են (նա՛համ ըք = ասում ենք, ասում եք), անցյալ կատարյալի սովորական ձևի փոխարեն գործածվում են գրաբարի վաղակատարը կամ ներկան (ա՛հալ ըմ կամ ա՛համ = ասացի)։ Պայմանականը կազմվում է անորոշի և օժանդակ բայի (նահիլ ըմ=կասեմ), հարկադրականը՝ մատամ կամ մատալ ա եղանակիչի և ըղձականի ձևերի (մատամ ա թակիմ) միջոցով։
Գրկ. Սարգսյանց Ս., Ագուլեցոց բարբառը (զոկերի լեզուն), մաս 1–2, Մ., 1883։ Աճառյան Հ․, Քննություն Ագուլիսի բարբառի, Ե., 1935։