Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/623

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


աջ ափին։ XIX դ. վերջին ուներ մոտ 60 տուն բնակիչ։ Ա–ի բերդը հիշատակվում է IX դարից, կառուցված էր դժվարամատչելի բլրի վրա և շրջապատված էր պարիսպներով։ Ա. գրավել և թալանել են 1054-ին սելջուկները, իսկ 1394-ին, երկարատև պաշարումից հետո՝ Լենկթեմուրը։ Բերդի ավերակները,որ նշմարվում են առ այսօր, թուրքերը կոչում են Ջիվանկալե։ Թ. Հակոբյան

ԱՎՇԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ, ողնաշարավոր կենդանիների և մարդու միջբջջային ճեղքերի, միջհյուսվածքային տարածությունների, ավշային հանգույցների ու անոթների միասնություն, որով տեղի է ունենում ավշի շրջանառությունն օրգանիզմում։ Մարդու Ա. հ. առաջին անգամ նկարագրել է դանիացի անատոմ Թոմաս Բարթոլինը (1654)։ Ա. հ. երակային համակարգի հետ միասին հյուսվածքներից հեռացնում է հեղուկը և նրա մեջ պարունակվող նյութափոխանակության արգասիքները։

Ավիշը հյուսվածքների միջբջջային տարածությունում և ավշային անոթներում շրջանառվող հեղուկն է, բաղադրությամբ շատ նման արյան պլազմային։ Ավիշը պարզ, թափանցիկ կամ բաց դեղնավուն է, տեսակարար կշիռը՝ 1,01–1,043, ռեակցիան՝ թույլ հիմնային։ Կազմությունը՝ 94–96% ջուր է, 4–6%՝ չոր նյութեր, որ պարունակում է սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր և զանազան աղեր։ Ավիշը հյուսվածքների միջբջջային տարածություններից անցնում է ավշային մազանոթների մեջ։ Վերջիններս միմյանց միանալով առաջացնում են սկզբում փոքր ու միջին, իսկ հետո՝ մեծ տրամաչափի ավշային երկու անոթներ, որոնք բացվում են երակային համակարգի մեջ։ Ավշային անոթների ճանապարհին գտնվում են երբեմն հեշտ շոշափելի, ձվաձև գոյացություններ՝ ավշային հանգույցներ, որոնք մեծ մասամբ դասավորված են խմբերով, հատկապես աճուկի, թևատակի և պարանոցի շրջանում։ Ավշի հոսքը խիստ դանդաղում է ավշային հանգույցներում, որոնք զտում, պահում են ախտածին նյութերը՝ մանրէները, նրանց թույները, մահացած բջիջներն ու օտար մարմնիկները։ Ավշային հանգույցներն ունեն նաև արյունաստեղծ ֆունկցիա, այնտեղ են առաջանում լիմֆոցիտները։ Ա. հ–ում ավշի շարժման հիմնական պատճառը անոթների սկզբում (մազանոթներում) և վերջում (ավշային խոշոր անոթներում) եղած ճնշումների տարբերությունն է։ Օժանդակ պատճառներից են. կրծքավանդակի բացասական ճնշման առկայությունը, կմախքային մկանների կծկումները, ավշային անոթներում եղած փականները, որոնք ապահովում են ավշի միակողմանի շարժումը։ Ավշի շարժման արագությունը շատ ավելի դանդաղ է, քան արյանը։ Վ․Գրիգորյան


ԱՎՇԱՐ, գյուղ Հայկական ՍՍՀ Արարատի շրջանում, շրջկենտրոնից 12 կմ հյուսիս–արևմուտք։ 3646 բն. (1970), հայեր։ Կոլտնտեսությունն զբաղվում է այգեգործությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, անասնապահությամբ։ Ա–ում գործում են գինու գործարան, միջնակարգ դպրոց, կուլտուրայի տուն, կինո, գրադարան, բուժկայան, ծննդատուն, կապի բաժանմունք, ավտոմատ հեռախոսակայան։ Գյուղի բնակիչները եկել են Արևմտյան Հայաստանից, առաջին համաշխարհային պատերազմից հետո։ Ս. Պողոսյան


ԱՎ-ՇԱՔԱՐ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթում, Չարսանճակի գավառում, Փերի գետից աջ։ Ա–Շ. XIX դ. կեսերին ուներ 38 տուն հայ բնակիչ, որոնք զբաղվում էին երկրագործությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ և մեղվաբուծությամբ։ Գյուղն ուներ եկեղեցի (Ս. Գևորգ)։ Բնակիչների մեծ մասը զոհվել է 1895-ի և 1915-ի ջարդերի ժամանակ, վերապրողները տարագրվել են տարբեր երկրներ։


ԱՎՈԳԱԴՐՈ (Avogadro) Ամեդեո(1776–1856), իտալացի ֆիզիկոս և քիմիկոս, մոլեկուլային տեսության հիմնադիրը։ Ծնվել է օգոստոսի 9-ին, Տուրինում։ Ստացել է իրավաբանական կրթություն, ինքնուրույն ուսումնասիրել մաթեմատիկա և ֆիզիկա, թողել պետական ծառայությունը և դասավանդել ֆիզիկա Տուրինի համալսարանում (1806–19)։ Նա Տուրինի գիտությունների ակադեմիայի օրդինար ակադեմիկոս էր (1819) և ֆիզիկամաթեմատիկական բաժանմունքի դիրեկտորը։ 1820–1822-ին և 1834–50-ին Տուրինի համալսարանում մաթեմատիկական ֆիզիկայի պրոֆեսոր էր։ Ա. զբաղվել է գիտության բազմազան հարցերով (էլեկտրականություն, էլեկտրաքիմիա, ջերմային հատկություններ, մազականություն, ատոմական ծավալներ, քիմիական միացությունների անվանակարգում և այլն)՝ մշտապես դրսևորելով սուր միտք և դիտողականություն։ 1811-ին Ա–ի արտահայտած մոլեկուլային հիպոթեզը հետագայում, շնորհիվ նրա հայրենակից Կանիցարոյի և ֆրանսիացի քիմիկոս Շ. Ֆ. Ժերարի աշխատանքների(1860), լայն ճանաչում գտավ որպես մոլեկուլային ֆիզիկայի և քիմիայի հիմնական օրենքներից մեկը (տես Ավոգադրոյի օրենք և Ավոգադրոյի թիվ)։ Իր հետազոտությունների արդյունքները 1837–41-ին Ա. հրատարակել է քառահատոր գրքում, որը մոլեկուլային ֆիզիկայի առաջին ձեռնարկն է։ Ա. մահացել է հուլիսի 9-ին, Տուրինում։


ԱՎՈԳԱԴՐՈՅԻ ԹԻՎ, մոլեկուլների թիվը նյութի մեկ գրամ–մոլեկուլում կամ ատոմների թիվը պարզ նյութի մեկ գրամ–ատոմում։ Անվանվել է ի պատիվ իտալացի ֆիզիկոս Ա. Ավոգադրոյի։ Նշանակվում է NA-ով։ Ա. թ. որոշվում է բրոունյան շարժման օրենքների, բարոմետրական բանաձևի, նաև մեծ ճշգրտությամբ որոշված ֆիզիկական այլ հաստատունների հետ նրան կապող բանաձևերի հիման վրա (օր. Ռիդբերգի հաստատունի, պրոտոնի ատոմական զանգվածի, պրոտոնի մագնիսական մոմենտի և այլն)։ Ա. թ–ի միջոցով կարելի է որոշել այնպիսի կարևոր ֆիզիկական հաստատուններ, ինչպիսիք են՝ Ֆարադեյի թիվը, Բոլցմանի հաստատունը և այլն։ Ա. թ–ի վերջին (1965) ստույգ արժեքը ատոմական զանգվածների ածխածնային ցուցանակով (6,02252±0,00028) գմոլ-1 է։


ԱՎՈԳԱԴՐՈՅԻ ՕՐԵՆՔ, իդեալական գազերի հիմնական օրենքներից, ըստ որի միատեսակ ջերմաստիճաններում և ճնշումների տակ տարբեր գազերի հավասար ծավալներ պարունակում են միևնույն թվով մոլեկուլներ (ձևակերպել է Ավոգադրոն 1811-ին)։ Այստեղից՝ 1. ցանկացած իդեալական գազի 1 կմոլը միատեսակ ջերմաստիճաններում և ճնշումների տակ գրավում է միևնույն ծավալը, որը 101325 ն/մ² (760 մմ սնդ. սյան) ճնշման տակ 0°C–ում 22,4136 մ³ է։ Մոլեկուլների թիվը 1 գմոլ նյութում կոչվում է Ավոգադրոյի թիվ։ 2. Միևնույն ջերմաստիճանում և ճնշման տակ տարբեր իդեալական գազերի խտություններն ուղիղ համեմատական են իրենց մոլեկուլային զանգվածներին։


ԱՎՉՅԱՆ Սուրեն Գևորգի (ծն.1904), հայ սովետական գրող, մշակութային գործիչ։ Ծնվել է հուլիսի 24-ին, Թիֆլիսում։ Սովորել է Ներսիսյան դպրոցում։ Առաջին բանաստեղծությունը տպագրել է 1923-ին, «Կարմիր ծիլեր»–ում։ Բանաստեղծություններից զատ գրել է պիեսներ, ուսումնասիրություններ հայ–վրացական մշակութային կապերի մասին։ Ա–ի պիեսներից Թբիլիսիում և այլուր բեմադրվել են «Սայաթ-Նովա»–ն, «Պըլը–Պուղի»–ն, «Քյոռ–օղլի»–ն և այլն։ Նրա «Վրաց–հայկական թատերական փոխհարաբերությունները» (1961, վրացերեն) աշխատությունն ընդգրկում է 2 ժողովուրդների թատրոնների պատմությունը՝անցյալ դարի կեսերից մինչև մեր օրերը։ Ա. հայերեն է թարգմանել Ա. Ղազբեգիի, Է. Նինոշվիլու, Կ. Գամսախուրդիայի և վրաց այլ գրողների երկերից, վրացերեն՝ Ղ. Աղայանի, Պ. Պռոշյանի, Հ. Պարոնյանի և ուրիշների ստեղծագործություններից։

Գրկ. Մխիթարյան Ա., Վրաստանի սովետահայ գրականությունը, Ե., 1966, էջ 161-64։


ԱՎՍԱՐԼՈՒ, մինչև 1960՝ գյուղ Հայկական ՍՍՀ Ղափանի շրջանում։ Ներկայումս ապաբնակեցված է։ Բնակիչները փոխադրվել են նույն շրջանի Մուսալլամ գյուղը։


ԱՎՍՏՐԱԼԻԱ (Australia, <լատ․ australis – հարավային), մայր ցամաք Հարավային կիսագնդում։ Տարածությունը 7631,5 հզ. կմ քառակուսի է, կղզիներով մոտ 7704,5 հզ. կմ²։ Գտնվում է հվ. լայնության 10°41՛ – 39°11՛–ի և արլ. երկայնության 113°05՛ – 153°34՛–ի միջև։ Ողողվում է Հնդկական օվկիանոսով և Խաղաղ օվկիանոսի ծովերով։ Ափերը թույլ են մասնատված։ Խոշոր ծոցերից են՝ Քարփենթարիայի ծոցը, Ավստրալիական Մեծ ծոցը, կղզիներից՝ Տասմանիան։ Միակ մեծ թերակղզին Քեյփ Յորքն է։ Հս–արլ. ափին զուգահեռ ձգվում է Մեծ Արգելախութը։