Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/624

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բնությունը։ Մակերևույթը. Ա–ի 95% հարթավայրային է (բարձրությունը՝ մինչև 600 մ)։ Գլխավոր լեռնագրական միավորներն են. 1. Արևմտա–Ավսարալիական սարահարթը (միջին բարձրությունը՝ 400–500 մ), որի արլ. եզրին բարձրանում են Մասգրեյվ և Մակդոնել լեռները, հս–ում՝ Քիմբեռլի զանգվածը, արմ–ում՝ Համերսլի լշ., իսկ հվ–արմ–ում՝ Դառլինգ լշ.։ Սարահարթի հյուսիսում և հարավում ավազային անապատներ են (Ավազային Մեծ անապատ, Վիկտորիա Մեծ անապատ), միջին մասում՝ Գիբսոնի քարային անապատը։ 2. Մեծ ջրբաժան Լեռնաշղթան (Կոսցյուշկո լ., 2230 մ, Ա–ի ամենաբարձր կետը)՝ բաղկացած միջին բարձրության հարթագագաթ, մեկուսացած լեռներից։ 3. Կենտրոնական դաշտավայրը (Առնհեմլենդ թերակղզուց մինչև Մուրեյի գետաբերանը)՝ մինչև 100 մ բարձրությամբ։ Դաշտավայրի հվ–արմ–ում առանձնանում են Ֆլինդերսի և Լոֆտիի լեռները։ Ա–ի ամենացածր վայրը Էյր լճի շրջանն է (բարձրությունը՝ 12 մ

Երկրաբանական կառուցվածքը և օգտակար հանածոները. Ա–ի մեծ մասը կազմում է մինչքեմբրյան ավստրալիական պլատֆորմը։ Նրան արլ–ից հարակցվում են հերցինյան ծալքա–բեկորային ստրուկտուրաները, որոնք առաջացրել են Ջրբաժան Մեծ լշ.։ Ա–ի միջին մասը ծալքավորվել է կալեդոնյան լեռնակազմությամբ։ Երրորդականի և անթրոպոգենի տեկտոնական շարժումները Ա. մեկուսացրել են Նոր Գվինեայից, Մալայան արշիպելագի արլ. կղզիներից և Տասմանիայից։ Ենթադրվում է, որ կավճի ժամանակաշրջանում Ա. անջատվել է Հարավային Աֆրիկայից և Հարավ–սւրևելյան Ասիայից, իսկ երրորդականի սկզբին Անտարկտիդայի միջոցով կապված է եղել Հարավային Ամերիկայի հետ։ Մակերևույթի երկարատև քայքայման և հարթնցմսւն պատճառով երրորդականի վերջում առաջացել է Ավստրալիական մեծ պենեպլենը՝ ընդարձակ հարթավայրերը՝ մնացորդային լեռներով։ Ա–ի մինչքեմբրյան հիմքը պարունակում է ոսկու (Արևմտյան Ա.), բազմամետաղների, ուրանի և բոքսիտների (Արևմտյան Քվինսլենդ ևն), իսկ պրոտերոզյան նստվածքային ապարները՝ երկաթի (Համերսլի լշ.) հանքեր։ Ա–ի արլ–ում, վերին–պալեոզոյան և ավելի երիտասարդ նստվածքներում, կան ածխի կուտակներ։ Վերջին տարիներին Ա–ի մի շարք շրջաններում (Արտեզյան Սեծ ավազան, Արևմտյան Ա., Վիկտորիայի ծովափ ևն) հայտնաբերվել են նաև նավթ և գազ։

Կլիման հս–ում հասարակածային–մուսոնային է, շոգ և խոնավ ամառներով, կենտրոնում՝ արևադարձային, անապատային, հվ–ում՝ մերձարևադարձային։ Արլ. ափի կլիման ծովային արևադարձային է՝ տեղումների ամառային առավելագույնով։ Ա. համարյա ամբողջությամբ ընկած է ամառային 20°C, 28°C և ձմեռային 12°C, 20°C իզոթերմների սահմաններում : Ցամաքի մեջտեղով անցնում է Հարավային արևադարձը, որից հվ. առավելագույն ճնշման հողմաբաժան գոտին է։ Դրանից դեպի հասարակած փչում են չոր քամիները՝ հվ–արլ. պասատները, իսկ հակառակ կողմը՝ արմ. խոնավաբեր քամիները։ Ամռանը (դեկտեմբեր–փետրվար) Ա–ի վրա հաստատվում է Ավստրալիական մինիմումը։ Տարածության մոտ 70%–ի տարեկան միջին ջերմաստիճանը 20°C–ից բարձր է։ Առավելագույնը 53,1°C է (Քլոնքարի), նվազագույնը՝ ներքին շրջաններում՝ -4°C–ից -6°C, իսկ Ավստրալիական Ալպերում՝ -22°C։ Ձմռանը (հուլիս–օգոստոս) Ա–ի մեծ մասը տաք է, ամսական միջին ջերմաստիճանը 10°C–ից իջնում է միայն հվ–ում՝ Անտարկտիկայից ներխուժած սառը օդային զանգվածների պատճառով։ Ձյուն գալիս է մինչև Քվինսլենդի հվ. շրջանները։ Ա–ի տարածության 38% տարեկան ստանում է 250 մմ պակաս, հս. ափերը՝ մինչև 1500–1600 մմ, արլ. մերձափնյա մասը՝ մինչև 2000 մմ տեղումներ: Ամենաշատ տեղումները (2243 մմ) թափվում են Քեռնսամ, ամենաքիչը՝ անապատներում (մինչև 100–200 մմ

Ներքին ջրերով Ա. աղքատ է։ Տարածքի 7% պատկանում է խաղաղ օվկիանոսի ավազանին, 33%՝ Հնդկականի ավազանին, 60% զբաղեցնում են ներքին անհոսք շրջանները՝ հազվադեպ ժամանակավոր ջրահոսքերով («քրիկներ»)։ Մշտահոս գետեր քիչ կան։ Ա–ի ամենաջրառատ գետը մշտահոս Մուրեյն է՝ Դառլինգ և Մարամբիջի վտակներով։ Գետերն անեն անձրևային սնում և պոտենցիալ մեծ կարողություն, օգտագործվում են ոռոգման նպատակով։ Ա–ի հվ–արմ–ում կան մոտ 400 ժամանակավոր մանր լճեր։ Լճերից ամենամեծը Էյրն է։ Ա–ում ստորերկրյա ջրերի պաշարները շատ են և կենտրոնացած են 15 գլխավոր արտեզյան ավազաններում, որոնցից Արտեզյան Մեծ ավազանը (Կենտրոնական դաշտավայրում) ամենամեծն է (1736 հզ. կմ²) աշխարհում։

Հողերը. Ա–ի մեծ մասը զբաղեցնում են արևադարձային հողերը, հվ. լայնության 30°–ից հվ.՝ մերձարևադարձային հողերը, ներքին շրջաններում՝ արևադարձային և մերձարևադարձային անապատների պրիմիտիվ հողերը և կիսաամրացված ավազները, Արևմտա–Ավստրալիական սարահարթում՝ խճաքարային հողերը և ավազները, Կենտրոնական դաշտավայրում՝ ավազակավային և կավային, Կենտրոնական ավազանի լճերի շուրջը՝ աղակալած հողերը։ Դեպի հս., արմ. և արլ. անապատային պրիմիտիվ հողերը փոխարինվում են կիսաանապատային կարմրավուն–գորշ և սավաննաների կարմրագորշ ու կարմիր լատերիտային հողերով։ Մայր ցամաքի հս. և արլ. ծայրամասերում զարգացած են կարմրադեղին լատերիտային հողերը։ Ծայր հվ–արմ–ում հանդիպում են ռելիկտային կարմրահողեր և դեղնահողեր։ Ա–ի հողերը խիստ տուժում են մակերեսային ողողումից և էրոզիայից։

Բուսականությունը. Ա–ի ֆլորան խիստ ինքնատիպ է (75%՝ էնդեմիկ) և առանձնացվում է որպես Ավստրալիական բուսաշխարհագրական մարզ, որի համար տիպիկ են էվկալիպտները և ակացիաները։ Բուսածածկն աղքատ է։ Մայր ցամաքի ծայրամասերը (բացի արմ–ից) ծածկված են խոնավ անտառներով, հս–արլ՝. մշտադալար արևադարձային, հվ–արլ. և հվ–արմ.՝ էվկալիպտի մերձարևադարձային անտառներով։ Դեպի ցամաքի խորքն անտառներին հաջորդում են արևադարձային և մերձարևադարձային նոսր անտառներն ու սավաննաները։ Աավաննսւներին բնորոշ են հացազգի խոտածածկույթը և առանձին կամ խմբերով հանդիպող ծառերը։ Շատ տարածված են ակացիան, «խոտածառը», «ծննդոց ծառը», կազուարինը։ Ա–ի յուրահատկությունն է թփուտային մացառուտների՝ սկրեբների տիրապետումը կիսաանապատներում և հացազգիներինը՝ անապատներում։ Մեծ նշանակություն ունեն բնական արոտները։ Ապրանքային նշանակություն ունեցող անտառները գրավում են Ա–ի 2%։

Կենդանական աշխարհը նույնպես ինքնատիպ է և առանձնացվում է Ավստրալիական կենդանա–աշխարհագրական մարզի մեջ որպես ենթամարզ։ Ֆաունան աչքի է ընկնում հնությամբ, սմբակավորների, գիշատիչների (բացի դինգո շնից, որն այստեղ բերվել է մարդու կողմից), պրիմատների բացակայությամբ։ Ա–ում պահպանվել են մեզոզոյի և երրորդականի ժամանակաշրջանի ֆաունայի ներկայացուցիչները, այդ թվում ամբողջ ցամաքում տարածված պարկավորները (որի ամենաբնորոշ ներկայացուցիչը կենգուրուն է)։ Շատ ավելի հին տեսակներից են ձվածին կաթնասուններ բադակտուցը և եխիդնան։ Եվրոպացիների կողմից այստեղ են բերվել մանր և խոշոր եղջերավոր անասուններ, ճագար։

Հայտնադործման և ուսումնասիրման պատմությունը. Ա. առաջինը հայտնագործել է հոլանդացի Վ. Յանսզոնը, ապա Լ. Տորեսը (1606)։ XVII դ. Ա–ի ափերի նոր հայտնագործությունները նույնպես կատարել են հոլանդացիները և այդ պատճառով մայր ցամաքը սկզբում անվանել են Նոր Հոլանդիա: 1642–43-ին Ա. Տասմանը շրջանաձև երթուղով անցավ Հնդկական և խաղաղ օվկիանոսները, հայտնագործեց Վան Դիմենի երկիրը (Տասմանիա) և Նոր Զելանդիան, 1644-ին հետախուզեց Ա–ի հս. և հս–արմ. ծովափը։ Ջ. Կուկը 1770-ին հայտնագործեց Ա–ի արլ. ափերը և անցավ Տորեսի նեղուցով։ 1788-ին Պորտ Ջեքսոն (ներկայիս՝ Սիդնեյ) խորշում ստեղծվեց անգլիական տաժանակրային գաղութ, որից հետո սկսվեցին Ա–ի ափերի հանութային ինտենսիվ աշխատանքները։ 1798-ին անգլիացի տեղագիր Ջ. Բասը հայտնագործեց Ա. Տասմանիայից անջատող նեղուցը, որը հետագայում կոչվեց նրա անունով։ Մ. Ֆլինդերսը (1798–1803) երեք արշավների ընթացքում անցավ ամբողջ Ա.։ Ա–ի բնակչության և տնտեսության մասին տես Ավստրալիական Միություն հոդվածում։

Պատկերազարդումը տես աղ. XXVII, 640–41 էջերի միջև՝ ներդիրում։

Գրկ. Физическая география частей света, под общ. ред. А. М. Рябчикова, М., 1963., Мухин Г. И., Австралия и Океания, М., 1967; Глазовская М. А., Почвенно-географический очерк Австралии, М., 1952; Свет Я. М., История открытия и исследования Австралии и Океании, М., 1966; The Australian environment, 2 ed., Melbourn, 1950; Sharp A., The Discovery of Austealia, Oxf., 1963.