Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/625

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ԱՎՍՏՐԱԼԻԱԿԱՆ ԱԼՊԵՐ (Australian Alps), բարձրավանդակ Ավստրալիայի հարավ–արևելքում, Ջրբաժան Մեծ լեռնաշղթայի ամենաբարձր մասը։


ԱՎՍՏՐԱԼԻԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐ, ավստրալիական բնիկների լեզուները։ Գիր չունեն և համարյա թե չեն ուսումնասիրված։ Հարուստ են թանձրացական և աղքատ՝ վերացական գաղափարներ արտահայտող բառերով։ Թույլ է խոսքի մասերի տարբերակումը, թվականների քանակը մեծ չէ (սովորաբար՝ մեկից հինգ, հազվադեպ՝ մի քանի տասնյակ)։ Ըստ հնչյունական և քերականական առանձնահատկությունների, բաժանվում են աշխարհագրական 5 խմբի՝ 1. Հյուսիսային Քիմբեռլիի, 2. Հարավ–արևելյան Ավստրալիայի, 3. Կենտրոնական Ավստրալիայի, 4. Հյուսիսային ու կենտրոնական Քվինսլենդի և 5. Նոր Հարավային Ուելսի։ Ամենից ավելի բարդ կառուցվածք ունեն Հյուսիսային Քիմբեռլիի լեզուները, որոնց բնորոշ են քերականական դասերը, չորս թիվը (եզակի, երկակի, եռակի, հոգնակի), բայի մեջ ենթակա ու խնդիր նշանակող դերանվանական մասնիկների ներմարմնավորումը։ Ա. լ–ին մասամբ հատուկ են էրգատիվ կառուցվածքը, օտարվող և չօտարվող պատկանելիության տարբերակումը, առաջին դեմքի ներառողական և բացառողական ձևերի առկայությունը («մենք քեզ հետ միասին», «մենք ձեզ հետ միասին» և «մենք առանց քեզ», «մենք առանց ձեզ»)։ Ա. լ–ից հայտնի են՝ արանտա, բուանդիկ, դիերի, լորիտյա, յունգար, վորորո, քուլին։


ԱՎՍՏՐԱԼԻԱԿԱՆ ՄԵԾ ԾՈՑ (Great Australian Bay), Հևդկակաե օվկիանոսի ծոցը Ավստրալիայի հարավային ափի մոտ, Պեյսլի և Բանկս հրվանդանների միջև։ Մակերեսը 484 հզ. կմ² է, խորությունը՝ մինչև 5080 մ։ Առաջացնում է Սպենսերի և Սենտ–Վինսենթ ծոցերը։ Ա. մ. ծ–ի արլ–ում գտնվում է Յորք թերակղզին և Կենգուրու կղզին։ Մակընթացությունները խառն են և համօրյա բնույթի, մինչև 3,6 մ բարձրությամբ։ Նավահանգիստներից են Ադելաիդան և Կինգսթոնը։


ԱՎՍՏՐԱԼԻԱԿԱՆ ՄԵՐԻՆՈՍ, նրբագեղմ, բրդամսատու ոչխարների ցեղ։ Ստեղծվել է Ավստրալիայում։ Որպես ելակետային ցեղեր օգտագործվել են Անգլիայից, Իսպանիայից և Գերմանիայից ներմուծված նրբագեղմ ոչխարները։ Հետագայում, ստացված ոչխարները տրամախաչվել են ֆրանս. ռամբուլիե և ամեր. վերմոնտների հետ։ Ա. մ. ունի ֆայն (նուրբ), մեդիում (միջին) և սթրոնգ (զորեղ) տիպերը, որոնք միմյանցից զանազանվում են մարմնի արտաքնակազմով (էքստերիեր) և բրդի որակով։ Ֆայն տիպը մաշկային ծալքեր չունի, բրդի որակը 70 և ավելի է։ Խոյերի կենդանի քաշը 70 կգ է, իսկ մաքիներինը՝ 35–40 կգ։ Մեդիում տիպն ունի 2–3 ծալք, բրդի որակը 64–66 է, կենդանի քաշը համապատասխանաբար՝ 75–85 կգ և 40–44 կգ։ Սթրոնգ տիպն ամենախոշորն է. խոյերի կենդանի քաշը 80–95 կգ է, մաքիներինը՝ 42–48 կգ։ Ա. մ–ի բոլոր տիպերի բուրդը երկար է և բարձր որակի։ Բրդի մաքուր ելքը 40–55% է։ Խոյերի միջին բրդատվությունը 9–10 կգ է (ամենաբարձրը՝ 20 կգ), մաքիներինը՝ 4–5 կգ (ամենաբարձրը՝ 10 կգ)։ Ավստրալիայի ոչխարների գլխաքանակի 80% նրբագեղմերն են։ Ա. մ–ները օգտագործվել են մի շարք երկրներում նրբագեղմ ցեղերի ստացման համար։ ՍՍՀՄ ներմուծվել է 1928–29-ին և որպես ելակետային ցեղ՝ օգտագործվել գրոզնենյան ոչխարի ցեղի ստացման համար։

ԱՎՍՏՐԱԼԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ (Commonwealth of Australia)։

Բովանդակություն.
I. Ընդհանուր տեղեկություններ
II. Պետական կարգը
III. Բնակչությունը
IV. Պատմական ակնարկ
V. Քաղաքական կուսակցությունները, արհմիությունները և հասարակական մյուս կազմակերպությունները
VI. Տնտեսա–աշխարհագրական ակնարկ
VII. Առողջապահությունը
VIII. Ժողովրդական կրթությունը
IX. Գիտությունը և գիտական հիմնարկությունները
X. Մամուլը, ռադիոն, հեռուստատեսությունը
XI. Գրականությունը
XII. Ճարտարապետությունը
XIII. Կերպարվեստը
XIV. Երաժշտությունը
XV. Թատրոնը
XVI. Կինոն
XVII. Հայերը Ա. Մ–ում

I. Ընդհանուր տեղեկություններ

Պետություն Ազգերի բրիտանական համագործակցության կազմում։ Զբաղեցնում է Ավստրալիա մայր ցամաքը, Տասմանիա կղզին և հարակից մանր կղզիները (Ֆլինդերս, Քինգ, Կենգուրու ևն)։ Տարածությունը 7,7 մլն. կմ² է, բնակչությունը՝ 13 մլն. (31 դեկտ. 1971)։ Մայրաքաղաքը Կանբեռան է։ Ա. Մ–յան տիրույթներ են՝ Պապուա գաղութը, Նորֆոլկ, Կոկոսյան, Աշմոր, Կարտիե, Ծննդյան, Մաքոտրի, Հերդ և Մակդոնալդ կղզիները։ Ա. Մ. կառավարում է ՄԱԿ–ի խևամակալությաև ներքո գտնվող Նոր Գվինեա կղզու հս–արլ. մասը՝ հարակից կղզիներով։ Ա. Մ–յան բնության մասին տես Ավստրալիա հոդվածում։

Քարտեզը տես 624 էջից հետո՝ ներդիրում։

II. Պետական կարգը

Սահմանադրական միապետություն է, պետական կառուցվածքը՝ ֆեդերացիա։ Վարչականորեն բաժանված է 6 նահանգի և 2 տերիտորիայի։ Ա. Մ–յան յուրաքանչյուր նահանգ ունի սահմանադրություն, իշխանության և կառավարման մարմիններ։ Ա. Մ. դոմինիոնի իրավունքներով Ազգերի բրիտանական համագործակցության անդամ է։ Գործող սահմանադրությունն ընդունվել է 1900-ին։ Իրավաբանորեն պետության և գործադիր իշխանության ղեկավարը Մեծ Բրիտանիայի թագավորն է (1952-ից՝ Էլիզաբեթ II թագուհին), որին ներկայացնում է նրա նշանակած գեներալ–նահանգապետը։ Վերջինս նշանակում է խորհրդատու մարմին՝ ֆեդերալ գործադիր խորհուրդ, որը մինիստրների կաբինետի որոշումներին տալիս է նորմատիվ ակտերի ուժ։ Օրենսդիր իշխանությունն իրականացնում է պառլամենտը՝ կազմված թագավորից (կամ թագուհուց) և վերին (սենատ) ու ստորին (ներկայացուցիչների) պալատներից, որոնց ընդունած օրինագծերը ուժի մեջ են մտնում գեներալ–նահանգապետի հաստատումից հետո։ Ընտրական իրավունքից (ակտիվ և պասսիվ) օգտվում են 21 տարեկան դարձած ավստրալիական քաղաքացիները և բրիտանական հպատակները, որոնք Ա. Մ–ում ապրել են առնվազն 6 ամիս։ Դատական բարձրագույև ատյաևը Բարձր դատարանն է՝ բազմոլորտ ֆունկցիաներով (առաջին ատյանի դատարան, բարձրագույն ապելյացիոն դատարան, սահմանադրական դատարան ևն)։ Բարձր դատարանի անդամներին ցմահ նշանակում է գեներալ–նահանգապետը։

III. Բնակչությունը

Մինչև 1788-ը բաղկացած էր միայն բնիկներից (տես Ավստրալիացիներ). այժմ բնակչության 90% Բրիտանական կղզիներից եկած վերաբնակիչների սերունդներն են, որոնք կազմում են ավստրալիական ազգը։ Ա. Մ–ում կան նաև իտալացիների, գերմանացիների, հույների, հոլանդացիների, հրեաների, հայերի, չինացիների, ճապոնացիների փոքր խմբեր։ Տասմանիա կղզու բնիկներին՝ տասմանացիներին գաղութարարևերը ոչնչացրել են XIX դ. 1-ին կեսին։ Այժմ կղզու բնակչությունը հիմնականում անգլո–տասմանական ծագում ունեցող մետիսներն են։ Ա. Մ–յան բնակչությունը XX դ. սկզբին կազմում էր 3,8 մլն.։ Հետագա 65 տարիների ընթացքում այն եռապատկվել է։ Բնակչության տարեկան միջին աճը 1963–67-ին կազմել է 1,9%: Ըստ 1966-ի մարդահամարի, տնտեսապես ակտիվ բնակչությունը

Վարչական բաժանումը (1969)
Նահանգներ և տերիտորիաներ Տարած․
(հզ. կմ²)
Բնակչ.
(հզ. մարդ,
1970)
Վարչական կենտրոններ
Արևմտյան Ավստրալիա (Western Australia) 2527,6 991,3 Պերտ (Perth)
Հարավային Ավստրալիա (South Australia) 984,4 1169,3 Ադելաիդա (Adelaide)
Հյուսիսային տերիտորիա (Northern Territory) 1347,5 73,0 Դարվին (Darwin)
Նոր Հարավային Ուելս (New Southern Wales) 801,4 4595,4 Սիդնեյ (Sydney)
Վիկտորիա (Victoria) 227,6 3461,4 Մելբուռն (Melbourn)
Տասմանիա (Tasmania) 68,3 393,7 Հոբարթ (Hobart)
Քվինսլենդ (Qweensland) 1727,5 1810,0 Բրիզբեն (Brisbane)
Ֆեդերալ մայրաքաղաքի տերիտորիա (Australian Capital Territory) 2,4 136,3 Կանբեռա (Canberra)