Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/636

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

իրենց ստեղծագործություններում բողոքել են անհատի ներքին և արտաքին կաշկանդումների դեմ։ XIX դ. կեսերից գրականության մեջ աստիճանաբար տիրապետող է դարձել քննադատական ռեալիզմը (Ա. Շտիֆտեր, «Գունավոր քարեր», 1853, Լ. Անցենգրուբեր, «Կիրխֆելդցի քահանան», 1870)։ Գյուղի կենցաղն է նկարագրել արձակագիր Պ. Ռոզեգերը։ XIX դ. 70-ական թթ. գրականության մեջ նկատելի են անկումային, հետադիմական գաղափարների արտահայտություններ։ Բերտսա ֆոն Զուտներր «Ցած դրեք զենքերդ» (1889) պացիֆիստական ստեղծագործության համար արժանացավ նոբելյան խաղաղության մրցանակի (առաջին կին մրցանակակիրը)։ Դրամատուրգ և քննադատ Հ. Բահրը «Նատուրալիզմի հաղթահարումը» (1891) աշխատությամբ սկզբնավորել է նոր գրական ուղղություններ՝ իմպրեսիոնիզմ և նեոռոմանտիզմ։ Նրան հետևել են Հ. ֆոն Հոֆմանսթալը, Ա. Շնիցլերը, Ռ. Մ. Ռիլկեն և ուրիշներ։ 1910–11-ին զարգացել է էքսպրեսիոնիստական ուղղությունը (Գ. Թրակլ, Ֆ. Վերֆել)։ Երկու համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակամիջոցում Ա–ի գրականության մեջ մեծ հաջողության է հասնում գեղարվեստական արձակը (Ս. Ցվայգի հումանիստական լավատեսությամբ տոգորված նովելները)։ Էքսպրեսիոնիզմից ռեալիզմի է անցել Ֆ. Վերֆելի ստեղծագործությունը («Մուսա լեռան քառասուն օրը» վեպը, 1934, որը նվիրված է առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ թուրք ջարդարարների դեմ մուսալեռցի հայերի ինքնապաշտպանական կռիվներին)։ Ֆաշիզմի կողմից Ա–ի օկուպացումը ծանր է անդրադարձել գրականության և նրա ներկայացուցիչների վրա։ Ֆաշիզմից ազատագրվելուց հետո ազգային գրականությունը իրենց երկերով հարստացրել են Է. Ֆիշերը, Ֆ. Չոկորը, Հ. ֆոն Դոդերերը, Է.Պրիսոերը, Ա. Մուրը և ուրիշներ։ 1950–60–ական թթ. առավել հայտնի գրողներից են արձակագիրներ Հ. Այզենրայխը, Ֆ. Գումլերը, Ֆ. Կայինը, բանաստեղծներ Ի. Բախմանը, Վ. Շմիդը և ուրիշներ։

XIII. Ճարտարապետությունը

Ա–ի ճարտարապետության վերելքը տեղի է ունեցել միջին դարերում. XI–XIII դդ. կառուցվել են ռոմանական ոճի բազիլիկներ Գուրկեում և Զեկաուում, մատուռներ, XIII–XV դդ.՝ գոթական ոճի երկուսից չորսնավանի եկեղեցիներ։ Հայտնի է Ս. Ստեֆանի մայր տաճարը Վիեննայում (XIV–XV դդ., հնագույն մասը՝ XIII դ. ռոմանական ոճի)։ Վերածնության դարաշրջանում Վիեննայի, Գրացի, Ինսբրուքի և այլ քաղաքների ամրոցները վերակառուցվել են թուրք. արշավանքներից պաշտպանվելու համար։ XVI–XVIII դդ. Ա–ում բարձր զարգացման է հասել բարոկկոյի ոճի ճարտարապետությունը (Ֆիշեր ֆոն Էռլախ, Հիլդերբրանդ և ուրիշներ)։ Հիասքանչ տաճարներ, պալատական շինություններ են կառուցվել Վիեննայում, Զալցբուրգում, Լինցում, Մելկում, որոնք աչքի են ընկնում ձևերի հարստությամբ, ազատ հատակագծով։ XIX դ. 1-ին կեսի ճարտարապետության մեջ իշխում էր կլասիցիզմը, 2-րդ կեսին՝ էկլեկտիկ ոճը, որը XX դ. սկզբին փոխարինվեց «մոդեռն» ոճով, կառուցվեցին բազմաթիվ հասարակական շենքեր՝ օպերայի, պառլամենտի, քաղաքապետարանի (Ռատուշա) և ժողովրդական թատրոնի շենքերը Վիեննայում։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծվեցին մի շարք ժամանակակից ոճով շինություններ (ճարտարապետներ՝ Ֆ. Շուստեր, 6. Ֆրանկ)։

XIV. Կերպարվեստը

Ա–ի տերիտորիայում գտնվել են նախնադարյան արվեստի բազմաթիվ նմուշներ. հին քարի դարի «Վիլլենդորֆի Վեներան»՝ սխեմատիկ ձևերով արձանիկը, նոր քարի դարի խեցեղեն, բրոնզի դարի գործիքներ, զենքեր, հալշտատյան և լատենյան՝ վաղ կելտական մշակույթի առարկաներ, հռոմեական տիրապետության շրջանի (մ. թ. ա. I դ. – մ. թ. V դ.) տեղական կերպարվեստի գործեր։ Պահպանվել են ռոմանական և գոթական ոճի բազմաթիվ հուշարձաններ։

Վերածննդի արվեստը Ա–ում կազմավորվեց XVI դ. (Վ. Հուրերի գեղանկարչությունն ու գրաֆիկան)։ Ա–ի արվեստը միջազգային նշանակության ստացավ բարոկկոյի դարաշրջանում (XVII–XVIII դդ.)։ ճարտարապետությանը համընթաց զարգացավ դեկորատիվ քանդակագործությունը (Բ. Պերմոզեր, Գ. Ռ. Դոններ, Ֆ. Կ. Մեսսերշմիդ), գեղանկարչությունը (Դ. Դրան, Պ. Թրոգեր, Ֆ. Ա. Մաուլբերչ), կահույքագործությունը, խեցեգործությունը (վիեննական ճենապակի 1718-ից)։ Դեպի կլասիցիզմ անցումը (XVIII դ. վերջին քառորդ) դրսևորվեց Ի. Բ. Լամպիի,Գ. Ֆ. Ֆյուգերի, Յ. Գրասսիի կատարած դիմանկարներում։ XIX դ. 1-ին կեսին գեղանկարչության ասպարեզում տիրապետում էր քնարականությամբ երանգավորված ռոմանտիզմը (Յ. Կոխի բնանկարները, նազովրեցիների հետևորդ Օ. Ֆյուբիխի նկարները, Մ. Շվինդի բանահյուսական թեմաներով կոմպոզիցիաները)։ Դարի կեսին հաստատվեց բիդերմայերի արվեստը (Պ. Կրաֆտի, Մ. Դաֆֆինգերի, Ֆ. Ամերլինգի, Ֆ. Վալդմյուլլերի, 8. Դանհաուզերի գեղանկարչությունը)։ XIX դ. 2-րդ կեսին գեղանկարչության ասպարեզում իշխում էր ռեալիզմը (Ա. Պետենկոֆեն, Ֆ. Դեֆրեգգեր, Է. Յա. Շինդլեր, Է. Յեթել, Կ. Շուխ և Կ. Մոլլ)։ 1897-ին Վիեննայում կազմավորվեց «Սեցեսիոն» գեղարվեստական միավորումը, որը դարձավ անզուսպ դեկորատիվային երևակայությամբ հագեցված «մոդեռն» ոճի օրրանը (ճարտարապետներ՝ Յ. Օլբրիխ, Օ. Վագներ, Յ. Հոֆման, գեղանկարիչ Գ. Կլիմտ, 1903-ին հիմնադրված «Վիեննական արհեստանոցների» իրերը)։ XX դ. սկզբին գեղանկարչության ու գրաֆիկայի բնագավառում հաստատուն տեղ գրավեցին սուբյեկտիվիզմն ու ֆանտաստիկան (Է. Շիլե, Ա. Կուբին), ապա էքսպրեսիոնիզմը (Օ. Կոկոշկա, Հ. Բյոկլ)։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աբստրակցիոնիզմի (քանդակագործ Ֆ. Վոտրուբա) և սյուրռեալիզմի (գեղանկարիչ Է. Ֆաքս) հետ միաժամանակ շարունակվում են ռեալիզմի հումանիստական ավանդույթները (Օ. Կոկոշկա, Յ. Դոբրովսկի)։

XV. Երաժշտությունը

Ա–ի երաժշտության ինքնատիպությունը պայմանավորված է երկրի բնակչության բազմազգ բնույթով և տարբեր երաժշտական մշակույթների (լատ., գերմ., հանգ., իտալ. ևն) ազդեցությամբ։ Վաղ միջնադարում Ա–ի ժողովրդական երաժշտության տարածողները թափառաշրջիկ երգիչներն ու շպիլմաններն էին, ապա վագանտները՝ փախստական վանականները, որոնք ստեղծում էին հակաեկեղեցական երգեր։ VIII–XIII դդ. երաժշտական արվեստի կազմավորմանը նպաստեցին մենաստանները։ XII–XIIIդդ. մշակվեց միննեզինգերների պոեզիան, որոնք իրենց ստեղծագործության մեջ հենվում էին ժողովրդական երգերի վրա։ XIV դ. վերջին հանդես են գալիս ժողովրդական բազմաձայնության առաջին նմուշները։ XV դ. Վիեննայում, Ինսբրուքում, Գրացում կազմակերպվեցին առաջին պալատական երգչախմբերը։ XV–XVI դդ. ֆլամանդացի Հ. Իզաակի և ուրիշների շնորհիվ Ա–ի երաժշտության մեջ ներդրվեցին բազմաձայնության նիդերլանդական սկզբունքները։ 1498-ին Վիեննայում հիմնադրվեց կայսերական կապելլան։ XVII–XVIII դդ. Վիեննայում ապրել և ստեղծագործել են իտալ. դպրոցի կոմպոզիտորներ Ա. Չեստին, Ա. Սալիերին և ուրիշևեր։ 1741-ին հիմնադրվեց «Բուրգթեատր»–ը, ուր բեմադրվեցին Ի. Ումլաուֆի և Կ. Դիտերսդորֆի զինգշպիլները։ XVIII դ. ավստր. ականավոր կոմպոզիտորներից է Ի. Ֆաքսը։ XVIII դ. կեսին կազմավորվում է, այսպես կոչված, հին վիեննական դպրոցը (Գ. Կ. Վագենզեյլ, Մ. Մոնն և ուրիշներ) և ավելի ուշ՝ վիեննական դասական դպրոցը, որի ներկայացուցիչներն էին Յ. Հայդնը, Վ. Մոցարտը և Վիեննայում ապրող գերմանացի կոմպոզիտոր Լ. Բեթհովենը։ Նրանց հարեց Ք. Վ. Գլյուկը։ Երաժշտական ռոմանտիզմը սկզբնավորվեց Ֆ. Շուբերտի ստեղծագործության մեջ (երգ, սիմֆոնիա, կամերային–անսամբլային երաժշտություն)։ XIX դ. 2-րդ կեսին որպես ուշ ռոմանտիկ հանդես եկավ կամերային վոկալ ժանրի վարպետ Հ. Վոլֆը։Այդ շրջանում ավստր. երաժշտական կյանքում մեծ դեր խաղացին Յ. Բրամսի ստեղծագործությունները։ Ա. վալսի հայրենիքն է (Յ. Լաններ, Յ. Շտրաուս հայր, Յ. Շտրաուս որդի)։

XIX դ. վերջին և XX դ. սկզբին վերածնվեց ավստր. սիմֆոնիզմը (Ա. Բրուքներ, Գ. Մահլեր)։ 1900-ական թթ. Ա–ում սկզբնավորվեց մոդեռնիստական նոր վիեննական դպրոցը (Ա. Շյոնբերգ, Ա. Վեբեռն, Ա. Բերգ)։ Ավստր. մոդեռնիստներից են նաև Ֆ. Շրեկերը և Է. Կշենեկը։

Ժամանակակից ավստրիական երաժշտության մեջ գոյակցում են տարբեր ուղղություններ և դպրոցներ։ Տարբեր ֆորմալիստական ուղղությունների ներկայացուցիչների (Հ. Ելինեկ, Հ. Է. Ապոստել և ուրիշներ) հետ համընթաց ստեղծագործում են նեոկլասիցիստները (Պ. Անգերեր, Կ. Շիսկե)։ Դասական ավանդույթները շարունակվում են Յ. Մարքսի, Ա. Ուլի, Օ. Զիգլի, Մ. Ռուբինի ռեալիստական ստեղծագործություններում։